ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Պայթած անուրջների աշխարհը

Փոթորիկ էր ներսում, նյարդերը տեղի էին տալիս ու այդպիսի պահերին, որոնք հաճախ էին կրկնվում, իսկապես, անելիքը չէր իմանում: Ռազմաճակատում մեկուսանալ հնարավոր չէ` գուցե միայն անքուն գիշերներին: «Ես կապրե՞մ, կվերադառնա՞մ մորս մոտ… Ու այսքանից հետո, ես ինչպե՞ս եմ ապրելու, ապրելու` առանց ոտքերի». հոսպիտալացված վիրավոր զինվորների շուրթերից շարունակաբար լսվող նման խոսքերը հաճախակի էին սիրտը մորմոքում: Այդ զինվորներն աղիողորմ տեսք ունեին: Ինքը` նրանց վիրահատող բժիշկն էր: Ինքն էլ սպասող մայր ուներ, իսկ ի՞նչ է կատարվում իր մոր հոգում, երբ ինքն այստեղ` Աֆղանստանում է: Այո, այստեղ ոչ ոք իրեն ապահովագրված չի կարող զգալ: Արթուրը կասկած չուներ, որ այս կերպ ապրելով, ինքը դանդաղ, բայց անխուսափելիորեն սկսում է գժվել: Դիակներ, պայթյունից պատառոտված մարմիններ, որոնք կարել է պետք ու դեռ հայտնի չէ` զինվորը կապրի՞ վիրաբուժական միջամտությունից հետո, թե՞ ամբողջ կյանքում հաշմանդամ կմնա:

Այս խոհերը գլուխս էին սողոսկել դեռ երեկվանից` Գյումրու ռեստորաններից մեկում սգո հաց տալու արարողակարգի ժամանակ ծանոթիցս լսած պատմությունից: Հենց այն ժամանակ, երբ սեղանակիցներին, ինչպես ընդունված է նմանատիպ սեղանների շուրջ, մեռյալների հանգստության համար էր առաջարկվել բաժակները բարձրացնել, ծանոթս հիշել էր իր ընկերոջ ողբերգական ճակատագիրը: Չգիտեմ, երևի ազդել էր օղին: Թերևս ինքն էլ այդ ողբերգությունում սեփական մեղքի թեկուզ փոքրիկ, բայց իր բաժինն ուներ: Կարող էր, չէ՞, վերջում, երբ Արթուրն հուսալքության եզրն արդեն անցել էր, իր ունեցած տանը նրան տեղ տար: Չի արել` իմանալով, որ մարդը կործանվում է: Նախանձելի տղան կործանման ուղու վրա էր: «Ինչ խելացի տղա էր,- ափսոսանքով ասում էր զրուցակիցս` Եղիշը,- մեր մայլի ժողովուրդը սաղ իրան օրինակ կբերեին` ծնողներն իրանց երեխեքին դաստիարակելու համար մատով ցույց կուտային Արթուրին»:

Արթուրը` Եղիշի ընկերը, նույն բակից էին: Դպրոցում օրինակելի աշակերտ էր, գերազանցիկ: Սիրահարված էր նույն բակից մի աղջկա: Աղջիկն ուղղակի գժվում էր նրա համար, իսկ երբ Արթուրը ռուսաստանյան քաղաքներից մեկում իր ուժերով բժշկական ինստիտուտ ընդունվեց, «Հանաք բան չէ` անտեր տղա է, հեր չունի»,- համոզված ասացին հարևանները, իսկ դա արդեն աղջկա համար լիարժեք հպարտանալու առիթ էր: Նելլիի ցեխավիկ հայրը դեմ չէր նրանց ամուսնությանը. ո՞նց կլիներ մի հատ էլ դեմ լիներ փայլուն կարիերա սպասող փեսա ունենալուն: Բայց ճակատագիրն Արթուրին այլ ճանապարհ էր նախատեսել:

Ստացվեց այնպես, որ բժշկական ինստիտուտի շրջանավարտին գործուղմամբ ուղարկեցին Աֆղանստան` ինտերնացիոնալ պարտքի կատարման: «Դե, աղջկա հերն էլ մտածեց` թող իր պարտքը կատարի, իսկ ինքն աղջկան իր ընտրած փեսացու-թեկնածուին կտա: Որոշեց ու արեց: Իր պես մեկի ձեռքը տվեց»,- եղածն այսպես պատկերավորեց Եղիշն ու խնդրեց մյուսներից ծածուկ, արտահերթ խմել անդավաճան սիրո կենացը:

Աֆղանստանում պատերազմական դաժան օրերն հաջորդում էին մեկը մյուսին: Արթուրի համար բժշկական ծառայությունը մղձավանջ էր դարձել: Մի օր էլ սանիտարն Արթուրին իր ձեռքով փաթաթած գլանակ տվեց. «Ծխի՛ր, բժիշկ, հեշտ կլինի»: Թոքերը ներքաշած ծխի քուլան տարօրինակ համ ուներ: Սկզբում այդ համն ու հոտը զարմացրել էր Արթուրին, հետո լարված մարմինը թուլացել, գլխում ամեն ինչ դատարկվել ու թեթևացել էր: Զինվորների դալկացած դեմքերը, ջղաձիգ մարմինները լողացել, սահեցել էին ուղեղում ու կորսվել անորոշության մեջ: Այս կերպ Արթուրն առաջին անգամ հաղորդակցվեց «անուրջների աշխարհի հետ», որից, ինչպես ինստիտուտում էին դասավանդել նրան պրոֆեսորները, շատ դժվար է սեփական կամքով հրաժարվել:

Հոգեհացի մասնակից մեկը, որ նույնպես լսում էր այս պատմությունը, շշնջաց ականջիս. «Լսի, ի՞նչ կարծիքի ես, էս խմելն էլ է՞ նարկոտիկ»: Ուսերս թոթվեցի: Նա չհամակերպվեց չեզոքությանս հետ. «Լսի՛, լսի՛, նարկոտի՞կ է…»: Մեր կողքը նստած մյուսը, որ իր տեսքով ավելի շատ ինտելիգենտի էր նման, մեր զրույցի բովանդակությունից մոտավոր պատկերացում կազմած, պատերազմական թեմայով մի այլ հարց ուղղեց. «Այ, տես` Սերժ Սարգսյանը իբր թե, իր ասելով, հաղթանակներ է տոնում: Բայց մենակ` ընտրությունից-ընտրություն… Բա ինչո՞ւ չի կարողանում Ալիևի կլանի դեմ դիվանագիտական հաղթանակներ տոնել»: Միայն քաղաքականությունը չէր հերիքում այստեղ` էն էլ ինտելիգենտը ջրի երես նետեց: Չեմ ասում, թե ինձ համար հետաքրքիր չէր այդ թեման, բայց չուզեցի, որ դա շոշափվեր Արթուրի պատմության հետ: Ավելի հետաքրքիր էր իմանալ, թե  ինչպե՞ս կավարտվի այն: Իսկ ինտելիգենտն աչքը ճտեց. «Բայց, ախր, հաղթանակի նժարը մեր կողմն է»: Նրանից ազատվելու համար, համոզիչ ասացի. «Հա, հա, մեր կողմն է»:

Արթուրը տաղանդավոր բժիշկ էր, իր աշխատանքային պրակտիկայում շատերին էր փրկել անխուսափելի մահվանից, բայց սեփական կյանքը փրկել չհաջողվեց: Երեք տարի անց զորացրվեց ու վերադարձավ սովետմիություն` հայրենի Լենինական: Իր սիրելի Նելլին ամուսնացել էր: Ընկերներն օգնեցին աշխատանքի հարցում: Համաբուժարանում գործի անցավ: Թվում էր, թե այժմ կարելի էր ապրել բնականոն, մարդավայել կյանքով: Բայց Աֆղանստանը կառչել էր նրանից, չէր ուզում բաց թողնել: Հաճախ երազներում տեսնում էր այն մարտիկներին, որոնց չէր կարողացել փրկել:

Մոր ու տատի հետ էր ապրում: Աշխարհում իր համար ամենահարազատ մարդիկ էին նրանք: Ախտից ազատվելու համար տարվեց արևելյան բժշկությամբ, բայց թունավորված օրգանիզմը թմրանյութերից կախվածությանը դժվար էր դիմադրում: Իր հանդեպ մոր սերն էր որոշակիորեն զսպում նրա մղումները: Կարողացավ որոշ ժամանակ միայն ձգել`մղումներին չտրվել: Իսկ տատի մահվանից հետո, Արթուրը դարձյալ կամքի անզորության հորձանուտում հայտնվեց: Ու արդեն նաև ավելի ու ավելի մեծ չափաբաժիններ ընդունելու պահանջ էր առաջացել:

Հոգեհացի մասնակիցները խմեցին այն աշխարհում մարդկային հոգիների հանգստության համար…

…Այստեղ էր, որ ճակատագիրը Արթուրին փրկության հասավ: Ինչպես ինքն էր կարծում այն ժամանակ, Աստված իրեն հրեշտակի առաքեց` անիմաստ կյանքը դզել-փչելու համար: Այդ հրեշտակն Աստղիկն էր: Թե ինչ հմայքների շնորհիվ Աստղիկին հաջողվեց կախարդել նրան, պարզ չէր: Բայց մի բան հաստատ էր, իրեն` «դարավոր» թմրամոլին, կտրեց այդ մոլուցքից: Երևի միայն Աստղիկին էր հայտնի, թե ինչ միջոցներ էին պետք դրա գործադրման համար: Աստղիկը որդի ուներ նախկին ամուսնուց: Իր ասելով` որդին մնում էր այդ ամուսնու հետ բաժանումից իրեն մնացած դոմիկում:

Արթուրի մայրը տարիքն առած, հիվանդ կին էր ու օրեցօր հանգչում էր: Իսկ երբ նա հոգին ավանդեց, վիշտն անսփոփ ու անտանելի էր Արթուրի համար: Մոր թաղումից հետո Աստղիկը շիշը նրա առջև դրեց ու հաստատակամորեն ասաց. «Խմի՛, կթեթևանաս»: Արթուրն ապշած նրան էր նայում. «Բայց դու… Չէ՞ որ ինքդ չէիր ուզում…»: «Խմիր,- սփոփիչ հնչերանգով կրկնել էր կինը,- հիմա կարելի է»: Եվ այդուհետ նորից ծայր առան «խրախճանքի օրերը»: Մտքի պայծառացման հազվադեպ ժամերին նա նկատում էր, որ տան իրերը պակասում էին` «անկախ» իր կամքից: Ինքը հո՛ գիտեր, թե դրանք ուր են կորչում և ինչ պարբերականությամբ: Աստղիկը տեղափոխվել էր, իր ասելով, նախկին ամուսնու մահից հետո իրեն մնացած դոմիկում ապրելու, սակայն երբեմն այցելում էր նրան` խմիչք բերելու պատրվակով: Արթուրը ոչ մի տեղ չէր աշխատում ու ստիպված էր անհամբեր սպասել այդ երջանիկ օրերին: Մի օր էլ Աստղիկը եկավ կոստյումավոր, կոկիկ տեսք ունեցող երկու անծանոթների ուղեկցությամբ և ձեռքի տոպրակից երկու շիշ կոնյակ հանելով, դրեց սեղանին: Արթուրը վաղուց կոնյակի համը մոռացել էր: Խմեց, մարմնում հրե հեղուկի քնքուշ ջերմությունը երակների միջով վտակներ բացեց: Հաճույքի վայելման պահին անծանոթ տղամարդկանցից մեկը թղթապանակից ինչ-որ թղթեր հանեց ու դրեց նրա դիմաց: Պետք էր ստորագրել: Դե, ի՞նչ կա որ` կստորագրի: Իհարկե, չարժեր անգամ դրանց բովանդակությանը ծանոթանալ` ի՞նչ կարիք կա կոնյակի վայելքը փչացնել: Համ էլ էդ տղամարդն այնքան համակրելի էր թվացել: Երբ թղթերը ստորագրել էր, բավարարված այցելուները հեռացել էին:

Առավոտյան եկան ինչ-որ մարդիկ և նրան տանից դուրս քշեցին: Փողոցում արդեն հասկացավ, որ նախօրեին, երբ ինքն իր կայֆով էր, Աստղիկը, պարզ ասած, գլխին «շինել» էր` տունն իրենով արել: Երբ վերադարձավ հարազատ տուն, կասկածները ճշտելու, այն նույն տղամարդը, ով նախորդ օրն իրեն այնքան համակրելի էր թվացել, փոխում էր դռան փականը: Արթուրի զարմացական հայացքին ի պատասխան, դեմքի սառը արտահայտությամբ բացատրեց. «Էնքան լակելուն տվեցիր, որ չհասկըցար նույնիսկ, թե ինչ թղթեր ստորագրեցիր: Դու իմ տղին ես որդեգրել, հասկըցար, այ ե՛զ, ու տունդ իրան նվիրել… Ըմպես օր, հասկըցար չէ՞, թե ինչ է ըսածս… Գնա ըստեղից, դու էլ ըստեղ էնելու բան չունիս, բո՛մժ»: Հետո դարձյալ բառեր հետևեցին, որոնց Արթուրն արդեն ուղղակի նշանակություն տալու ուժ չուներ: Սրիկան գործնականորեն էր մտածել ու նորաթուխ բոմժին մնում էր գլխիկոր իջնել սանդղաշարով:  Շքամուտքից դուրս գալով, Արթուրը դեռ ծանրութեթև էր անում պատահածը: Ի՞նչ էր մնում: Երևի թե`սպասել և հուսալ: Ու սկսվեց Արթուրի բոմժային իրական կյանքը: Սպասել և հուսալու ժամանակն էլ ինքնախաբեություն էր թվում, այդ անօթևան կյանքը նա անկարող էր երկար տանել…

… Ծանոթս պատմեց, թե նրա դիակը գտել են քաղաքի աղբամաններից մեկի մոտ: Աղբահավաքներն են տեսել նրա ցեխակոլոլ դիակը` նախորդ օրը հորդառատ անձրև էր տեղացել: Ձեռքում գարեջրի դատարկ շիշ է եղել: Նրան նույնիսկ չեն նկատել մերձակա սեփական տների ապրողները: Նրանք, բնականաբար, իրենց կյանքն ունեն: Եվ դա միանգամայն տրամաբանական է: Էս աշխարհում` մեկով ավել, մեկով պակաս` ի՞նչը կփոխվի: Կարևորն այն է, որ իրենք ողջ լինեն: Առավել ևս`դոմիկներում ստիպված չեն կյանքը քարշ տալ միչև անվերջորեն խոստացվող բնակարանամուտի ժամկետի ավարտը: Խոստումներ տալը, ինչպես հայտնի է, պաշտոններում մնալու լավագույն օրակարգն է տարբեր տրամաչափի ղեկավարների համար:

Այս պատմությունը Եղիշից լսելուց հետո, մենք խոսեցինք մահվան երևույթի շուրջ. իրոք, ցավալի է, որ այս իրականությունում մեկին այս աշխարհում վիճակված է անտեր մեռնել, մյուսին` տերով, հայկական բարքերին պատշաճ… Իսկ սգո հանդիսությունը դեռ շարունակվում էր Գյումրու ռեստորաններից կամ, ինչպես ասում են`սգո սրահներից մեկում, որոնց գովազդները կարելի է ամեն օր դիտել տեղական հեռուստատեսային ալիքներով: Չէ՛, ես դեմ չեմ «սգո սրահների» գովազդին: Սնապարծության տոնավաճառն է ինձ երկմտանքի առիթ տալիս, թեև հասկանում եմ, որ սա էլ հուզականության ոլորտից է: Այդուհանդերձ, թող մնա ինչպես կա, թող գոյատևեն բոլոր այդ սրահները` մահն էլ է, չէ՞ , բիզնեսի աղբյուր մեր նորօրյա կյանքում: Թող գոյատևեն այդ սրահները, որքան դրանց ծառայությունների պահանջը կլինի:

Իսկ հանգուցյալը երկու հաջող կարիերա արած զավակների մայր էր, նրանք կարող էին իրենց թույլ տալ արարողակարգային ծախսերն հոգալ` «պրիստիժի» խնդիր էր: Թե չէ ի՞նչ կմտածեն իրենց պես կարիերիստ գործընկերները: Իսկ ես հետո, Ձորի մայլի վրա բարձրացող կամուրջը հատելով, տուն գնալու ճանապարհին, մտածում էի, թե քանի՞ համեստ, հիմա ընդունված է ասել`անապահով ընտանիքներ կան, որ գերադասում են իրենց խարխուլ, փչացած դոմիկներում ապրել, գոհանալ դրանով, քան թե դիմել ուրիշի բնակարանին տիրանալու խարդախությանը: Ուզեցի նրանց`բոլորին առերես ասել. «Վախեցեք դժբախտությունից, այն կարող է մի օր ձեր դուռը թակել»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ