ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Պետք է վերջապես ընդունել մի պարզ ճշմարտություն. դիմել լսել մասնագետին, ընդունել մասնագետի խորհուրդները»

Հարցազրույց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Բժիշկ, ըստ խոսակցությունների, կառավարությունն ուզում է «Գյումրի» բժշկական կենտրոնին միացնել թե՛ «Գյումրու ծննդատունը», թե՛ պաթոլոգաանատոմիականը, թե՛ Ուռուցքաբանական դիսպանսերըԻհարկե, առաջին երկուսը կմնան իրենց շենքերում, իսկ դիսպանսերի մի մասը կտեղափոխվի կենտրոն:

— Խնդիրը բոլորովին այն չէ, որ այդ հիվանդանոցները կենտրոնին միացնեն, այլ այդ հիվանդանոցների խնդիրներն են բազմաշերտ: Բայց, օրինակ, «Գյումրու ծննդատունն» ինքն է ցանկություն հայտնել միավորվելու մեզ հետ: Իսկ մյուսների մասով կառավարությունն ընդամենը փորձում է լուծումներ գտնել և, բոլոր դեպքերում, որոշողը բացառապես նա է: Այս պահին այդ մասին խոսելը վաղ եմ համարում:

— «Գյումրի» բժշկական կենտրոնը հանդիսանալով բազմապրոֆիլ հիվանդանոց, չէր կարող անմասն մնալ համավարակից, չնայած այն հիվանդանոցների թվում չէր, որոնք հատուկ covid-19-ի համար վերապրոֆիլավորվեցին, ինչպես, օրինակ, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը»: Եվ պետությունը վերջապես ստանձնեց Գյումրու ԲԿում տրիաժի՝ միջանկյալ բաժանմունքի ֆինանսավորումը։

— «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը» բազմապրոֆիլ չէր, ջերմություն, հազ, թոքաբորբ ունեցող հիվանդներին մեր մոտ էին բերում, և մենք իրավունք չունեինք չընդունել հիվանդին: Մեր ուժերով ստեղծել էինք միջանկյալ հատված, որպեսզի մինչև թեստի պատասխան ստանալը, կարողանայինք հիվանդին օգնություն ցուցաբերել՝ չվտանգելով այլ հիվանդների առողջությունը: Իսկ դրական թեստի պատասխան ստանալուց անմիջապես հետո տեղափոխում էինք կամ Ինֆեկցիոն, կամ երևանյան կլինիկաներ: Այն, ինչ մենք գնում էինք մեր ուժերով, այժմ պետությունն ինքը կհատկացնի։ Բժշկական կենտրոնն ի վիճակի չէր այդ քանակի գնումներ կատարել տրիաժ բաժանմունքի համար։

Բայց չէ՞ որ պետությունը հրահանգել է, որպեսզի հիվանդն առաջնային օղակով նախ անցնի թեստավորում:

— Այ, շատ ճիշտ ասացիք՝ առաջնային օղակ: Պետք է դիմեն պոլիկլինիկա, թեստավորում անցնեն, որտեղից հետո ուղղորդվեն կամ մեր հիվանդանոց, կամ Ինֆեկցիոն: Սակայն այդ չդիմելը, ուշ դիմելը, նաև… Մենք երկու լուրջ խնդիր ունենք, որոնց պետք է անդրադառնալ և հորդորել քաղաքացիներին, որ այդպես չվարվեն. մեկն այն է, որ չգիտես ինչու, մի որոշ շրջանակ ամաչում է, որ վարակվել է covid-ով, չեն բարձրաձայնում, մանավանդ, երբ նախնական շրջանում կարող է և անսիմպտոմ են, սակայն չեն պահպանում մեկուսացման կանոնները ու պատճառ են դառնում հարևան-բարեկամի վարակման: Ու կան մարդիկ էլ, որ սպասում են կամ տնային բուժում իրականացնում, ու սա բերում է հիվանդության բարդացման: Հենց նման կոմպլեքսները, կամ կանոններին չենթարկվելու բնավորությունն էլ բերեց համաճարակի բարձր ցուցանիշների:

Մյուս խնդիրն այն է, որ վերջերս շատ են հանդիպել դեպքեր, երբ կորոնավիրուսով հիվանդները փորձում են տնային բուժում իրականացնել: Դիմում են ծանոթների, ովքեր հիվանդացած են եղել covid-ով, կամ հակառակը՝ ովքեր անցել են այդ ուղին, իրենք են փորձում «դեղատոմս դուրս գրել» նոր հիվանդացածներին, նույնիսկ որոշ բժիշկներ են նման փորձ արել. ասում են, ինչ դեղեր են օգտագործել, անգամ դեղատներում են խորհրդակցում… Հետո կա մի որոշ շրջանակ, որ ինչ-որ լաբորատոր անալիզների պատասխաններով՝ ոչ թեստավորումով, բուժում են իրականացնում: Սակայն պետք է վերջապես ընդունել մի պարզ ճշմարտություն. դիմել մասնագետի, լսել մասնագետին, ընդունել մասնագետի խորհուրդները: Եվ ստացվում է այն, որ հիվանդի վիճակը ծանրանում է և ուշացումով են դիմում ԲԿ: Երբ մենք թեստավորում ենք, կարող է թեստը բացասական ցույց տալ… Ու հիվանդը մեր մոտ թոքային ախտահարությամբ պառկում է, ընթացքում կարող է վիճակը ծանրանալ, հետո, մի որոշ ժամանակ անց թեստ վերցնենք ու պարզվի, որ covid ունի… Դրա համար երբեմն մարդիկ ավելորդ խոսում են, թե «մեր հիվանդը երեկ լավ էր, այս կամ այն հիվանդանոցում սխալ բուժեցին՝ վիճակը ծանրացավ, մահացավ»… Դուք չեք պատկերացնում, թե ինչ շատ են բացասական թեստավորումով թոքաբորբով հիվանդները, հնարավոր է, որ այս վիրուսային շրջանն է պատճառը:

Բժիշկ, միգուցե մարդիկ հիվանդանոց չեն դիմում, որովհետև ԿՏն, թանկ է, ճիշտ է

— Չեմ հակադրվում, սակայն գիտեմ մարդկանց էլ, որ իվիճակի են, գումարի խնդիր չունեն, բայց էլի ուշացումով են դիմում:

Կներեք, ասում են, որ թեստերը ճիշտը ցույց չեն տալիս, դա՞ է պատճառը:

— Տեսեք, այս վիրուսի հետ կապված կարևոր է, թե երբ են թեստը հանձնում, որ օրը, որ էտապում, կամ դեղեր ընդունած լինի, կամ բերանը ողողած լինի, կամ հաց կերած լինի… Լինում է, որ բկանցքում է ախտահարված լինում, հետո այն իջնում է թոքեր՝ ախտահարում այդ միջավայրը: Եվ կարող է բկանցքից ՊՇՌ թեստ վերցնելուց այն բացասական ցույց տա: Հետո վիրուսը թոքերից կարող է նորից բարձրանալ բկանցք: Կամ անսիմպտոմ քաղաքացին կարող է պոլիկլինիկա դիմի, բայց իրեն չթեստավորեն, քանի որ առաջնային օղակում թեստավորում են սիմպտոմներ ունեցող հիվանդներին: Ահա թե ինչ դեպքեր են լինում, երբ թեստը տարբեր օրերում տարբեր է ցույց տվել: Ամբողջ աշխարհում էլ սա լինում է:

Բժշկական կենտրոնում գործում է նաև վճարովի թեստավորման կետ: Մարդիկ դիմո՞ւմ են:

— Դիմում են: Մենք համագործակցություն ձեռք բերեցինք երևանյան ընկերության հետ, որն հատուկ թեստավորման վճարովի ծառայություններ է մատուցում: Գյումրու բժշկական կենտրոնի բակում գործում է թեստավորման տաղավարը: Թեստի հավաստագիր է տրվում՝ ստացված արդյունքի վերաբերյալ:

Ընդհանրապես, մարդիկ էլ կան, որոնց հետաքրքիր է, թե իրենք ինչ վիրուսներ են կրել, կամ կասկած ունեն՝ covid-19-ով վարակված եղել ու միգուցե անսիմպտոմ անցկացրած են եղել: Կան «Ռապիդ» արագ թեստեր, որ մարդն ուզում է շատ արագ ունենալ տեղեկություն, անցնում է թեստավորում և սերտիֆիկատ ստանում: Թեստավորման արժեքը 13 հազար դրամ է:

Եվ նորություն էլ ունենք, դարձյալ երևանյան ընկերություններից մեկի հետ արդեն ներդնում ենք ՊՇՌ վճարովի ծառայությունը. թեստավորումը հնարավոր է տնային պայմաններում անցկացնել: Կրկնեմ՝ մեր մոտ ստացիոնար բուժում անցնող հիվանդներն անվճար են անցնում, իսկ մարդիկ, ովքեր տանն են ուզում թեստավորվել, իրենց համար սա վճարովի ծառայություն է. 20 հազար դրամ թեստի և վճարում կա տնային այցի համար:

Ճի՞շտ է, որ մեր իմացած «ավանդական գրիպ» համարյա չկա:

— Ոչ թե չկա, այլ հակահամաճարակային կանոնների պահպանման շնորհիվ այն նվազել է: Եթե առաջ գրիպով հիվանդին տուն չէին ուղարկում, չէին մեկուսացնում, հազարից մեկն էր պահպանում սոցիալական հեռավորություն, հիմա ոչ միայն ըստ ցանկության է, այլ պարտադիր է, ու դա է, որ տպավորություն է թողել, թե իբր Ձեր ասած «ավանդական գրիպն» համարյա չկա:

Պիտակներ՝