ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ռայներ Ա. Օտտո. «Հուսով եմ՝ մեր աշխատանքն  ընդօրինակելի մոդել կծառայի»

Հարցազրույց «Ֆյուր Արմենիեն» հասարակական կազմակերպության  ներկայացուցիչ, Գյումրիում «Բեռլին ԱՐՏ հոթելի» համահիմնադիր ՌԱՅՆԵՐ Ա. ՕՏՏՈՅԻ հետ:

Պարոն Օտտո, թերևս մեկ զրույցի շրջանակում հնարավոր չի լինի պատմել, ներկայացնել կառույցի անցած ուղին և քանի որ Ձեզ հետ սա մեր առաջին հարցազրույցն է, ապա պիտի խնդրեմ մի փոքր դրվագով անցյալին անդրադառնալ:

— Շատ երկար պատմություն է, և այն կարճ պատմելն անհնար է: Մենք շատ երկար ճանապարհ ենք անցել՝ հասնելով այնտեղ, որտեղ հիմա ենք: Մեր անցած ուղին զուգահեռվել է Հայաստանի Հանրապետության անկախացման ու զարգացման հետ, ավելին, երբ մենք սկսեցինք, Հայաստանը դեռ Խորհրդային հանրապետություն էր: Ու մենք էլ, նրա հետ անցանք բոլոր վայրիվերումները: Այն, ինչին հասել ենք, այստեղ աշխատող հարգանքի արժանի թիմի շնորհիվ է, որը մեծ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ է աշխատել տարիներ շարունակ: «Կարմիր խաչի» հումանիտար ծրագրերից հետո (որը, բնականաբար, ավարտին էր հասնելու, քանի որ կառույցը աշխատում է աղետի գոտիներում), մենք մտածեցինք՝ ի՞նչ անել, տեղում գումար աշխատելու և սոցիալական ծրագրերին օժանդակելու համար: Ինչ խոսք, աշխատանքի ընթացքում փոփոխվում են ծրագրերը, զարգացման ուղղությունները: Եթե նախկինում օգնության առանձին-առանձին ծրագրեր էինք իրականացնում, հիմա փորձում ենք կառուցվածքային փոփոխություններով զարգանալ: Ինչ նկատի ունեմ կառուցվածքային փոփոխություն ասելով. օրինակ՝ գյուղական վայրերում կյանքի պայմանները բարելավելը, աշխատատեղեր ստեղծելը: 1989-2011թթ. ես հանդես էի գալիս որպես գերմանական «Բեռլինի Կարմիր խաչ» կազմակերպության ներկայացուցիչ, սակայն 2012թ-ին, երբ «Կարմիր խաչը» դադարեցրեց իր առաքելությունն այս տարածաշրջանում, մենք որոշեցինք հիմնել մի միություն հենց Բեռլինում, որն իր վրա կվերցներ «Կարմիր խաչի» ամբողջ գործունեությունը, համագործակցությունն ու ծրագրերի շարունակականության ապահովումը: Այսպես հիմնվեց «Ֆյուր Արմենիեն» միությունը:


Իսկ ովքե՞ր են ընդգրկված միությունում:

— Միությունը ՀԿ է, որի կազմում մարդիկ են, ովքեր որևէ կերպ առնչություն են ունեցել Հայաստանի հետ:

Անշուշտ, պետք է գովեստի խոսքեր ուղղեմ պարոն Օտտոյին, քանզի, եթե նա այն տարիներին ի պաշտոնե էր Հայաստանին օգնության ձեռք մեկնում, ապա հիմա ամեն ինչ անում է, որպեսզի շարունակեն աշխատանքներն այստեղ:

— Ես, փաստորեն, արդեն 20 տարի է, ինչ ոչ պաշտոնե «Հայաստանի համար» ծրագրերում եմ ընդգրկված, այսպես ասած՝ հոգով էլ եմ այստեղ:

Բազմաթիվ ծրագրեր եք իրականացրել, այս պահին ի՞նչ նոր ծրագիր ունեք:

— Տեսեք, մի պահ է գալիս, որ փազլի հավաքման ընթացքի պես, պետք է հավաքես ամենն իրար հետ, ինչպես խոհարարն է բաղադրիչները համատեղում, որ ստանա և մատուցի համեղ ու գեղեցիկ ձևավորված ճաշատեսակը: Եվ հիմա եղած ծրագրերը, գաղափարները պետք է ի մի բերելով զարգացման ճիշտ ընթացք մշակել:

Բարեգործական ծրագրերն իրականացնելը մեծ կառույցի հետ, բնականաբար, այլ է, ապա որպես առանձին միություն, կառույց ինչպե՞ս է հաջողվում աշխատանքները:

— Այո, այն ժամանակ իմ թիկունքին մեծ կազմակերպություն էր, և ես պետք է կատարեի ի պաշտոնե աշխատանքներ, իսկ հիմա ես պետք է զբաղվեմ թե՛ ֆինանսների հայթայթմամբ, թե՛ կազմակերպչական աշխատանքներով, թե՛ հարկային և այլ գործառույթներով: Սա մեծ պատասխանատվություն է:

Գոհացնո՞ւմ է այն ամենը, ինչին այստեղ հասել եք:

— Որպես անձ, ես իմ հանդեպ շատ պահանջկոտ եմ և ինձ համար մի այսպիսի եզրույթի եմ հանգել. «Ավելի շատ կարող էի անել, քան արել եմ»… Մեր շարժիչ նշանաբանն է:

Ինչպիսի՞ խնդիրներ կան ներկայում, որոնք կուզենայիք բարձրաձայնել:

— Այս 32 տարիներին ներկա լինելով Հայաստանում, ամեն ինչից տեղյակ եմ, ես ուզում եմ, որ երկիրը դուրս գա ճգնաժամից, կայունության շրջան մտնի, ժողովրդավարության ընթացքով ընթանա: Ցանկալի է, որ երկիրը ուղղագիծ և առողջ քաղաքականություն ունենա: Ինչ վերաբերում  է կոնկրետ մեր գործունեությանը, ապա միակ խնդիրն այս ընթացքում զբոսաշրջիկների հոսքն է, որը կրճատվել է համավարակի, նաև՝ պատերազմական ընթացքի հետևանքով: Առողջապահական ճիշտ քաղաքականություն վարելն է հիմա կարևորվում, պատվաստման գործընթացները ճիշտ կազմակերպելը: Հայաստանն իրավունք չունի այս հարցում թերանալու, ի վերջո, պատերազմում այդքան զոհ ունեցավ, COVID19-ի պատճառով իրավունք չունի այդքան մարդ կորցնելու:

Հետաքրքիր է, Դուք, որպես զարգացած երկրի քաղաքացի, Հայաստանի ո՞ր, ինչպիսի՞ գրավչություններն առաջնային կդիտարկեք, որը գրավական կլինի զբոսաշրջիկ բերելու համար:

— Ես գտնում եմ, որ պետությունը պետք է ներդրումներ ունենա այս գործում: Արևմտյան Եվրոպայի մարդկանց ուղեղներում Հայաստանը չկա. մինչև հիմա Հայաստանը շփոթում են Ալբանիայի, Ռումինիայի հետ: Հայաստանը մեծ աշխատանքներ պետք է կատարի՝ երկիրը ներկայացնելու համար, զբոսաշրջությանն առնչվող կառույցները պետք է մեծ ջանքեր գործադրեն, լրացնելու շատ բացեր կան: Մենք հիմա փորձում ենք այս հարցերով զբաղվել, սակայն կառավարությունն ինքն էլ անելիք ունի: Ամփոփելով մեր զրույցը, վերադառնալով մեր հյուրանոցին, ուզում եմ խոսել մեր հաջողության պատմությունից. մենք ունենք ֆանտաստիկ աշխատող թիմ, ստեղծել ենք աշխատատեղեր, պարտաճանաչ հարկատու ենք, սպառող ենք, անհաշվելի սոցիալական ծրագրեր ենք իրականացրել. 25 տարվա մեջ՝ շուրջ 1,5-2 միլիոն եվրոյի ծրագրեր են եղել: Հուսով եմ՝ մեր աշխատանքն  ընդօրինակելի մոդել կծառայի: