ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարգիսը երազում է ապրել տաք ու ապահով բնակարանում

Գյումրեցի Օհանյանների բազմանդամ ընտանիքում խնդիրներն օր օրի ավելանում են, իսկ եկամուտները պակասում, անգամ չեն բավարարում օրվա հացի խնդիրը լուծել: 9 անձից բաղկացած ընտանիքը մնացել է 9-ամյա դստեր՝ Գայանեի հաշմանդամության 21.000 դրամ թոշակի և 55.000 դրամ ընտանեկան նպաստի հույսին:

Օհանյանների բնակարանը, որը գտնվում է «Վարդբաղ» թաղամասի ծայրամասում, վթարային շենքի 9-րդ հարկում, ամբողջովին խոնավության և բորբոսների մեջ է, քանի որ տանիքն ու պատերը քայքայվել են անձրևաջրերից: «Մի օր փլուզվելու է գլխներիս, մենք էլ մնանք տակը: Չգիտեմ՝ ինչ անել, հնարավորություն չունենք վերանորոգելու, հսկայական գումար է պետք,- «Շրջապատի» հետ զրույցում ասաց ընտանիքի մայրը՝ Մարգարիտա Օհանյանն ու պատմեց երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին,- խոնավության ու ցրտի պատճառով երկու տարի առաջ մահացավ 10 ամսական տղաս… ինչ ծնվել էր, մի օր տաք սենյակում չքնեց, ինչքան կարողանում էինք՝ այդքանով էինք ջեռուցում, բայց թոքաբորբ տարավ… չկարողացանք փրկել»:

Ընտանիքի հայրը՝ 49-ամյա Տիգրան Օհանյանը ևս առողջական խնդիրներ ունի. աչքի երկու վիրահատություն է տարել: «Ամուսինս հիմա էլ առողջական խնդիրներ ունի, բայց թոշակ չեն տալիս: Երբ առողջ էր, գոնե մի կերպ կարողանում էինք գոյատևել, շշեր էր հավաքում, ձմռան համար վառելիք, հիմա այդ ամենը մեծ դժվարությամբ է անում»,- ասում է տիկին Մարգարիտան:

19-ամյա դուստրը՝ Աղավնին, վարսավիրություն է սովորում, որպեսզի աշխատանք գտնի ու թեթևացնի ընտանիքի հոգսերը: 16-ամյա Արամն էլ սպորտով է զբաղվում: Անահիտը, Գայանեն ու Սարգիսն հաճախում են գիշերօթիկ հաստատություն: «Ոչ քնելու տեղ ունեն, ոչ էլ կարող եմ երեխաներիս նորմալ կերակրել, ստիպված գիշերօթիկ եմ ուղարկել, ուրիշ տարբերակ չունեի: Դժվար է, գիտեմ, գուցե մեղադրեն, բայց իմ երեխաների համար եմ արել, որ ապահով լինեն»,- ասաց մայրը:

Մեր այցելության ժամանակ նրանք տանն էին, պատմեցին գիշերօթիկում իրենց առօրյայի ու երազանքների մասին: Սարգիսը երազում է տանը ապրել, այն տանը, որը կլինի տաք ու ապահով. «Չեմ ուզում, որ մեր տունը քանդվի, պատերից քարեր թափվեն, ուզում եմ ծնողներիս հետ ապրել տաք տանը, ճիշտ է՝ գիշերօթիկում մեզ լավ են նայում, բայց ուզում եմ՝ բոլորս միասին լինենք»:

Ընտանիքը դիմել է քաղաքային իշխանությանը, խնդրել՝ գոնե օգնել բնակարանը վերանորոգել կամ սեփականաշնորհման խնդիրը լուծել, քանի որ մոտ 8 տարի ապրում են այս բնակարանում միայն համայնքի նախկին ղեկավարի կողմից տված բնակության իրավունքի սկզբունքով: Նախկին քաղաքապետն ընդառաջել է, և թույլ է տվել բնակվել այս շենքում, բայց չի բացառվում, որ ընտանիքը մի օր հայտնվի բաց երկնքի տակ: «Առաջ, մոտ 15 տարի ապրել եմ տնակում, որը մերը չէր: Հետո էդ տնակից դուրս եկանք, քանի որ տերը վերադարձել էր: Ես դիմեցի Վարդան Ղուկասյանին, որ տուն տան, ու մեզ տվեցին էս 3 սենյականոց բնակարանը: Բայց տունը օրդերով է, այսինքն՝ թույլ են տվել ժամանակավոր ապրել այստեղ, հիմա չեմ կարող անգամ սեփականաշնորհել, գումար չունեմ: Որպես բազմազավակ, մի անգամ մարզպետարանն է օգնել՝ 20 հազար դրամ տվել: Ես ոչ մեկին չեմ ուզում պարտադրել կամ ստիպել, կամ մեղադրել, միայն խնդրում եմ օգնեն՝ տունը վերանորոգենք ու սեփականաշնորհենք: Չեմ կարծում, որ մեզ ուրիշ բնակարան կտան, բայց հույս ունեմ, որ գոնե օգնողներ կլինեն»,- կիսվեց Մարգարիտա Օհանյանը:

Նշենք, որ այս ընտանիքը ևս բանկերում պարտքեր ունի, չեն կարողացել վճարել և գործը հասել է դատարան, որտեղից փոխանցել են, որ հնարավոր է՝ գույքի նկատմամբ կալանք կիրառվի:
«Ասում են, եթե չվճարենք, տունն էլ կարող են ձեռքիցս վերցնել: Ուրիշ գույք չունեմ, հայտնվել եմ անտանելի վիճակում… Թե ինչ է լինելու, չգիտեմ, միայն խնդրում եմ՝ եթե կարող են մարդիկ օգնեն»:

ԷԼԻԶԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ