ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեւերի սեւերես քարոզչությունը սահմանափակվում է ֆեյսբուքյան տիրույթում

Լուսինե Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մշտապես սեփական ժողովրդին անտեսած և չարիքի աղբյուր ՀՀԿ-ն այսօր մտահոգ է ազգի մտահոգություններով. «Մտահո՞գ ես, ընտրիր հանրապետականին»: Նման կարգախոսի ընտրությունն արդեն վկայում է, որ Սերժի գրագիրը այս դեպքում էլ չի թերացել՝ տեղը տեղին ծաղրել է մտքի գիգանտներին:

Իրենց անփառունակ վախճանի վերջին շտրիխները գործի դրած կուսակցության «բարեհոգի անհաղթները» նախկինում ավելի քան դաժան էին, սարսափազդու, չհարմարվող, «բամփող», «չանա ջարդող», «հիտևին ձեռք տվող», բռնաբարող, ազգի վրա չարախնդացող, «ինչքան ուզող, էնքան խփող», չներող, ու թվում էր՝ ցինիզմի հսկա չափաբաժնի մեջ մոլորվածները այլևս հավերժ են, անպարտ և դրանցից ազատվելու միակ ելքը հայրենիքից հեռանալը կամ մեր մահն էր լինելու:

ՊադոշՌոբի տնկած սածիլները Սերժ Ազատիչի թիզուկես հովանու ներքո արմատակալեցին ու ժողովրդի ոտքերին փաթաթվելով՝ հասան կոկորդին:  Պարզվեց, որ մոլախոտի աներեսությունը որդեգրած խոտանը ամենևին էլ անհաղթ չէր, որքան որ թվում էր. իրենց ուժը կոլբայի ներսում էր, որտեղ իրենց աճեցրել էին, հետո բացել կափարիչն ու անխնա տարածել:

Մինչ ամենակարող «վերջին բոլշևիկը» Մարտի 1-ի դասերն էր հիշեցնում, ՀՀԿ-ի համաճարակը սավառնում էր՝ ապավինելով ցողունված վոժդի անպարտելիությանը:  Հեղափոխության համազգային ցնծությունը հեգնող բացիլներից շատերը «կորցրին» դեպի մայր կոլբա վերադարձի ճանապարհը, ցիրուցան եղան, իսկ առավել նվիրյալ-աներեսները լծվեցին նոր պայքարի՝ արդեն ժողովրդին սիրաշահողի, մտահոգություններով մտահոգվողի հիմար ու ծիծաղելի կերպարով:

Եվ ծնունդ տվեցին մի խղճուկ հոլովակի, որով մտահոգ ու անշնորհակալ սպիտակներիս հիշեցնում են մեր անցած 20 «փառահեղ» ՍԵՎ տարիները, որի համար մի կարգին շնորհակալ էլ չեղանք: Ազգին գեթ մեկ սպիտակ օր չպարգևած սևերը թշվառ հոլովակով փաստում են, որ իրենց միակ առաքելությունը մարդկանց մտահոգությունների հսկա փաթեթի մեջ թաղելն է եղել ու այսօր քարոզում են՝ ընտրիր, եթե մտահոգ ես: Ստացվում է, որ ազգովի պետք է միաձայն քվեարկենք մեր բազում մտահոգությունների հեղինակների օգտին, որովհետև չի գտնվի գեթ մեկը, որ կքած չէ մտահոգությունների անասելի բեռի տակ, աղոթենք, որ ողորման, ցույց տան դրանց լուծման տարբերակները, հակառակ դեպքում՝ անհուսությունից կվերանանք, ազգովի կջնջվենք աշխարհի երեսից:

Սևերի սևերես քարոզչությունը սահմանափակվում է ֆեյսբուքյան տիրույթում. հավանաբար կարծում են՝ եթե ֆեյսբուքը նպաստեց հեղափոխությանը, ուրեմն իրենց էլ կհաջողվի քարոզել, հաղթել: Քարոզարշավը փողոցային բնույթ չի ստանա՝ ծակուծուկերում կբամբասեն, սրբավայրերում մատաղ կանեն, ավելի վառ երևակայություն ունեցողներն էլ նոր հնարքներ կհորինեն՝ չեն խորշի, դռնեդուռ կընկնեն, կխնդրեն, կպաղատեն ընտրողին, թե՝ «Մի վախեցիր, գնա և ընտրիր»:

Դերվիշ բաբայի լեղին վախից ու զայրույթից հաստատ կճաքեր, եթե իմանար, թե մի օր Աշոտյանը խախտելու է իր հեղինակային իրավունքները, Աբու Հասանի մաշիկները ինքնակամ կկախվեին, եթե պարզվեր, որ ՀՀԿ-ն չոքեչոք ընտրողի դուռն է գնալու, «Մկների ժողովը» կլուծարվեր միայն այն ահից, թե ՀՀԿ-ն երազում է ընդդիմություն դառնալ:

Նազարների «հուժկու» քարոզարշավի «փառահեղ» վերջաբանին հաշված օրեր են մնացել ու իմ պես բազմահազար մտահոգներ շուտով կապացուցեն, որ մեր անթիվ-անհամար մտահոգությունների Թիվ 1 մտահոգությունը ՀՀԿ-ն է, որի մասին դառը ու սարսափելի հիշողությունները երկար են տանջելու, իսկ որպես 20-ամյա ընդդիմադիր՝ չեմ հանդուրժի, որ ընդդիմությունն էլ վարկաբեկվի ՀՀԿ-ի սև գործելաոճով:

Վստահ եմ, որ մի օր կազատվենք ձեր թողած ժառանգությունից՝ ահաբեկիչ տեսուչից մինչև ցանցի պետ, թաղային սանձարձակ ոստիկանից մինչև բաժնի պետ, դատական անսեռ կարգադրիչից մինչև պատվազուրկ դատավոր և այլն:

Թիվ ու հաշիվ չունեցող մտահոգություններ, որոնք մեզ բաժին հանեցիք՝ ձեր սև ձեռքով ու տառապեցինք՝ ձեր երեսից՝ Սև երեսից, ու ես՝ Սպիտակների բազմության ներկայացուցիչս, հույս ունեմ, որ ձեր ողորմելի գոյության մասին հնարավորինս շուտ կմոռանա ժողովուրդը. ժամանակը չի բուժում, այլ պարտադրում է գնահատել, պահպանել նորը, որին հասնելու համար կորցրինք մեր կյանքի լավագույն տարիները:

Սերունդները կմաքրեն այն խարանը, որի կրողը եղանք մենք՝ մեր կամքից անկախ, իսկ նրանց համար լինելու եք ամոթի ամենամեծ ՍԵՎ էջը, որը հայտնվելու է պատմության աղբարկղում:

Պիտակներ՝