ՀՈՒՇԵՐ

«Սեւ կարդինալի» հուշերը

Ցարական Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ստոլիպինի անունը կրող վագոնը ծանրաբեռնված էր. յուրաքանչյուր խցում 5 հոգու փոխարեն 15 հոգի էինք: Պատկերացրեք, նման վիճակում մի քանի օր ճանապարհ էինք գնալու, մինչև կհասնեինք Կոմի: Մենք գտնվում էինք ներքին զորքերի զինվորների խիստ հսկողության տակ: Ասեմ, որ այդ տարիներին ներքին զորքեր էին զորակոչում հիմնականում անգրագետներին ու տկարամիտներին, որոնք բացի հրամաններ կատարելուց, ոչնչի ունակ չէին: Նրանք ջանում էին ամեն կերպ տանջել ու նվաստացնել կալանավորներին: Բացի այդ, չէին մոռանում նաև իրենց օգուտի մասին. վաճառում էին ամեն ինչ՝ օդեկոլոնից սկսած մինչև օղի ու սիգարետ, նույնիսկ 50 ռուբլով աղջիկներ էին «մատակարարում» խցեր: Այո, դրանք սովետական զինվորներն էին, որոնց վրա մի ամբողջ ինստիտուտ էր աշխատում: Այդ տականքները հրամանի դեպքում կարող էին նաև իրենց հարազատ ծնողին էլ գնդակահարել և ինքնագոհություն զգալ՝ հրամանը ճիշտ կատարելու համար: Ահա թե ինչպիսին էին սովետական ներքին զորքերի զինվորները:

Երկու օր տանջվելուց հետո վերջապես հասանք «Վեսլյանա» կոչվող ավանը, որտեղ գտնվում էր տեղաբաշխման բանտը: Մի քանի օրից ինձ՝ 15 հոգու հետ ուղարկեցին «Չինյա-վորիկ» գյուղակը, որտեղ գտնվում էր խիստ ռեժիմի գաղութը: Ի դեպ, այդ գյուղակում է ծնվել սովետական էստրադայի աստղ Վալերի Լեոնտևը: Ավտոմատներով զինված զինվորները մեզ հասցրեցին գաղութ, և մինչև պետը կընդուներ՝ ստիպված էինք կարանտինի փոխարեն «շիզոյում» մնալ (դա, այսպես ասած, գաղութային «կարցերն» է): Իսկ «շիզո» նշանակում է «շտրաֆնոյ իզոլյատոր»: Այստեղ նստած էին գաղութի ադմինիստրացիայի կողմից պատժվածները: Իսկ ՊԿՏ կոչվող խցերում (помещение камерного типа) նստած էին գաղութի հեղինակությունները, այդ թվում՝ օրենքով գողերը:

Շուտով մեզ տարան գաղութ: Այնտեղ կային 1700 դատապարտյալ, որից 200-ը, այսպես ասած, կարմիր թևկապներով «ակտիվիստներն» էին: Նրաք սիգարետի, թեյի կամ մի համով բան ուտելու համար, գերազանց կատարում էին իրենց «նվիրական» գործը. այսինքն՝ հետևում էին կալանավորներին ու նույնիսկ մի փոքր խախտում նկատելու դեպքում, անմիջապես տեղյակ էին պահում գաղութի ադմինիստրացիային և կալանավորին ուղեկցում հերթապահ մաս՝ «շիզոյում» փակելու համար: Գաղութի պետի տեղակալ, փոխգնդապետ Բաշկինը ղեկավարում էր ռեժիմային և օպերատիվ համակարգը, ինչպես նաև ՍՎՊ-ն (совет внутренного порядка): Նա ՍՎՊ-ի անդամներին տվել էր բացառիկ լիազորություններ՝ գաղութի կարգ ու կանոնն ապահովելու համար: Սրանք նույնիսկ հետևում էին հսկիչներին ու սպաներին և նրանց ամեն մի քայլի մասին անմիջապես զեկուցում էին Բաշկինին: Այդ ՍՎՊ համակարգը ստեղծվել էր 1961 թվականին՝ Նիկիտա Խրուշչովի համաձայնությամբ: Նպատակը մեկն էր՝ տոտալ հսկողության տակ պահել կալանավորներին ու գաղութի աշխատակիցներին, ինչպես նաև, պետք եղած դեպքում իրար դեմ հանել կալանավորներին:

Մինչ գաղութի իրադարձություններին իմ մասնակցության մասին գրելը, մի քանի խոսքով ասեմ օրենքով գողերի մասին: «Օրենքով գող» հասկացողությունը լույս աշխարհ է եկել1920-ական թվականների սկզբներին՝ ՎՉԿ-ի նախագահ Ձերժինսկու և նրա տեղակալ Մենժինսկու ջանքերով՝ հետզհետե աճող և միլիոնների հասնող կալանավորներին հենց կալանավորների միջոցով իրենց հսկողության տակ պահելու և իրենց ենթարկելու համար: Սկզբնական շրջանում դա իրեն արդարացնում էր, բայց կամաց-կամաց իրենց իսկ սրած բիզը սկսեց իրենց ծակել: Այնպես որ, գողական կյանքն իր բոլոր դրսևորումներով հենց սոցիալիզմի ծնունդ է և ոչ մի կապիտալիստական երկրում նման բան չի եղել ու չի էլ կարող լինել: Հետագայում, իրական կյանքում, ձևավորվեց «ճիշտ» հասկացողությունը՝ հղկած ու հստակեցված ճշտի և արդարության հիմքի վրա: Արդեն 50-60-ական թվականներին ձևավորվեց «օրենքով գող» բառի բուն իմաստն ու նշանակությունը: Այսինքն՝ օրենքով գողն այն անձնավորությունն է, որն օժտված է մարդկային բոլոր լավագույն հատկանիշներով և ապրում ու շարժվում է ճշտի, արդարության, մարդասիրության հիմքի վրա ձևավորված օրենքներով: Եվ զարմանալի չէր, որ կալանավայրերում հասարակ մարդկանց կոմունիստական մարդակերական հակումներից պահպանում էին միայն օրենքով գողերը:

Այժմ պատմեմ, թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան գաղութում, երբ մեր էտապը մտավ զոն: Հերթապահ մասի մոտ մեզ շրջապատեցին կարմիր թևկապավորները՝ ինքնավստահ, լկտի ժպիտներով: Նրանք ամենավերջին հայհոյանքներով ու սպառնալիքներով մեզ զգուշացնում և վախեցնում էին մեր հետագա վարքագծի առումով: Առաջարկում էին նաև միանալ իրենց: Ես զոնում հանդիպեցի հայերի: Ծանոթացա լենինականցի «Բոշի մայլից» Գագիկ Պ.-ի հետ: Նրան խնդրեցի, որ ինձ տանի «զոն նայողի» մոտ՝ մարդ, որին վստահված էր հոգալ մնացած 1500 կալանավորների հոգսերը: Ներկայացա: Ծանոթացանք: Սկսեցի հարցուփորձ անել կարևոր հարցերի և ընդհանուր մթնոլորտի մասին: Մեր զրույցի ժամանակ ներս լցվեցին ՍՎՊ-ի անդամները ու, կարծես ի ցույց նորեկներիս, սկսեցին իրենց սանձարձակ գործողությունները: Մեկին կպնում էին մահճակալին նստելու համար, մյուսին՝ շապիկի վերևի կոճակը չկոճկելու համար, երրորդին՝ իբր իրենց թարս նայելու համար: Հետն էլ անցկացնում էին խուզարկություն՝ կպնելով գրեթե ամեն ինչի: Ես հազիվ էի զսպում ինձ, շունչս կտրվում էր, մարմինս դողում: Նման բան լսել էի, բայց դեռ սեփական աչքերով չէի տեսել: Պատկերացնո՞ւմ եք, հենց կալանավորները ստորություն և վայրագություն էին անում այլ կալանավորների նկատմամբ: Անելով իրենց սև գործը, այդ տականքները վերջապես հեռացան՝ իրենց հետ տանելով մի երկու հոգու: Ես և «զոն նայողը» շարունակեցինք մեր զրույցը: Ազգանունը Շոստակով էր, մականունը՝ «Շոստակ»: Մոսկվայից էր: 7 ամսից ազատվելու էր: Երևի դրա համար էլ վախենում էր դիմակայել «ակտիվիստներին»: Չնայած, նա արդեն հինգ տարի գաղութում էր, բայց ինչպես հասկացա, առաջ էլ ոչ մի դիմադրություն ցույց չի տվել: Ես նրան ասացի. «Եթե հասարակ մարդիկ վախենում են դուրս գալ թևկապավորների դեմ՝ դա ուրիշ է, իսկ եթե «զոն նայողն» է վախենում, ուրեմն, ըստ ճշտի, պետք է հրաժարվի իր կարգավիճակից և այն հանձնի նրան, ով դեռ երկար պատժաչափ ունի և չի վախենում: Միայն այդպես կարելի է 1500 հոգու հոգս հոգալ»: «Շոստակը» նեղացավ այդ խոսքերից ու ասաց. «Բոլորը միայն ասում են, բայց ռեալ գործ անող չկա»: Ես հասկացա, որ  հարկավոր էր նրանից հեռու մնալ:

Ես առանձնացա և ինչ որ պետք էր գրեցի «քսիվ» կոչվածի մեջ, որ ուղարկեմ «շիզո»՝ գողերին: Լավ տղաները որոշ բաներ բերեցին, որ «քսիվի» հետ ուղարկեմ: «Շիզոյի» հետ կապը մեկն էր` ճաշ տանողը: Դա Տոլյա անունով մի երիտասարդ էր: Նա համաձայնեց այդ գործը վերցնել իր վրա: Սակայն երեկոյան վերադարձավ ու ասաց, որ միայն «քսիվն» է կարողացել տեղ հասցնել, իսկ մնացածը թևկապավորների խումբը՝ իրենց ղեկավարի՝ Վլադիմիր Վեդենինի ղեկավարությամբ խուզարկել ու վերցրել են:

Հիմա պատմեմ, թե ով էր Վեդենին կոչված տականքը: Ծնվել էր Կրասնոդարում, մոտ 2 մետրանոց, 100 կիլոգրամանոց աժդահա էր, սեռական թեքումով՝ արվամոլ: Դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման՝ ՌԴ քրեական օրենսգրքի 108 հոդվածի 2-րդ մասով: Պատժի 10 տարին արդեն կրել էր, մնացել էր մեկ տարի: Մինչև գաղութում հայտնվելը, նա 3 տարի նստել էր Զլոտաուստի բանտում և եղել օպեր մասի աշխատողների ակտիվ օգնականը: Ռուսաստանի բանտերում կային «պրես խատա» կոչվող խցեր, որտեղ մարդկանց ծեծում էին, խոշտանգում, նվաստացնում ու, այսպես ասած, «փչացնում»: Հենց նման «պրես խատաներից» մեկում էլ գործել է Վեդենինը՝ իր ոհմակով, և կատարել օպեր մասի բոլոր հանձնարարությունները: Նույն «գործը» նա շարունակում էր Չինյա-որիկի գաղութում: Այս ամենը ես իմացա Բոշի մայլի Գագոյից, որի ոտքերը դեռ Զլոտաուստում կոտրել էր Վեդենինը: Երկար մտորումներից հետո, ի վերջո, հասկացա, որ եկել է հարմար պահը՝ «արդարացնելու» իմ նստելը: Համ էլ վերջ կդնեի Վեդենինի չարագործություններին: Օր-օրի ինքս ինձ տրամադրում էի, որ պետք է սպանեմ այդ նողկանքին: Ու, եթե մտածում էի այդ մասին պարզ ուղեղով ու Աստված միտքս չէր փոխում, ուրեմն դա Բարձրյալի կամքն էր, ուրեմն այդպես էլ պետք է լինի: Շատերն ինձ քննադատում էին, թե ջահել եմ, մեղք եմ, բայց ես մինչ օրս էլ չեմ փոշմանել կատարվածից:

Ես մտովի կազմում էի Վեդենինին սպանելու ծրագիրը: Իսկ երբ իմացա, որ Վեդենինի զոհը եղել է կրասնոդարցի հայ աղջիկ, վրեժս էլ ավելի խորացավ: Բացի այդ, որոշել էի դրան բոլորի աչքերի առաջ սատկացնել, որպեսզի բոլորը տեսնեին ու հասկանային, որ դրա նմանների վերջն այդպես է լինելու: Ձեռք բերեցի երկու դանակ: Առավոտյան ժամը 10-ին մոտեցա հերթապահ մասի մասնաշենքին, որի կողքին գործում էր թևկապավորների շտաբը: Մարդ ուղարկեցի, որ կանչեն Վեդենինին: Քիչ անց նա ինքնավստահ քայլերով դուրս եկավ: Երբ մոտեցավ ինձ, գրպանիցս սիգարետ հանեցի և լուցկի խնդրեցի: Վեդենինը ձեռքը տարավ գրպանը: Հենց այդ պահին աջ ձեռքիս թևքի միջից դուրս քաշեցի դանակը ու մխրճեցի ուղիղ կոկորդի մեջ: Երկրորդ դանակը պետք չեկավ: Նա խռխռալով չոքեց ոտքերիս առաջ ու անասնական հայացքը հառեց վրաս: Նայելով նրա աչքերի մեջ ես հայհոյեցի ու ասացի.

— Սա արածներիդ համար՝ բոլորի կողմից:

Մի քանի վայրկյանից նա սատկեց: Հայացքս շրջեցի դեպի հերթապահ մասի կողմը: Դռների մոտ կանգնած էին երկու հսկիչ, մեկ սպա, երկու թևկապավոր և բուժ. մասի բուժքույրերից մեկը: Բոլորը քարացած էին: Թևկապավորները երբ ուշքի եկան, անմիջապես շրջվեցին ու փախան: Իսկ ես հանգիստ քայլերով գնացի գաղութի կողմը՝ «զոն նայողի» մոտ, մի երկու խոսք նրան ասելու, որ հակառակ նրա կարծիքի, կան մարդիկ, ովքեր գործ են անում, ոչ թե խոսում:

Հետո իմ կամքով մտա ադմինիստրացիայի շենք: Երբ դանակը ձեռքիս  մտա շենք, անսպասելիությունից բոլորը, այդ թվում նաև գաղութի պետը, քարացած էին: Դանակը նետեցի պետի ոտքերի տակ ու ասացի.

— Ձեր գլխավոր շանն ուղարկեցի այն աշխարհ, որ մարդիկ հանգիստ ապրեն: Իսկ հիմա տարեք ինձ, ես գոհ եմ իմ արածից:

Համոզված էի, որ ցավ պատճառեցի միայն մի մարդու, փոխգնդապետ Բաշկինին: Մնացածը, այդ թվում պետն ու ադմինիստրացիայի կազմը, ներքուստ ուրախ էին կատարվածի համար և միգուցե սրտի խորքում խղճում էին ինձ: Ուրախ էին նույնիսկ օպեր-մասի աշխատակիցները: Նրանցից մեկը բուժ. մասից դուրս եկավ և հայտնեց. «Սոբակա զդոխլա»: Ես հասկացա, որ իմ միակ հակառակորդը Բաշկինն է և, եթե նա այդ պահին իրեն խելամտորեն չպահեր, ապա հաստատ կգնար Վեդենինի ետևից: Բայց նա իմ ագրեսիվ պահվածքից զգաց վտանգը ու իրեն հանգիստ պահեց: Ինձ ուղարկեցին մենախուց:

Գողերն իմանալով կատարվածի մասին՝ հանդիմանեցին ինձ, նկատի ունենալով, որ դեռ ջահել էի և պետք չէր գնալ այդ քայլին, այսինքն՝ սպանության: Իսկ ես համոզված էի, որ ճիշտ գործ եմ կատարել: Արդյունքը երկար սպասեցնել չտվեց. 24 ժամվա ընթացքում զինվորները բոլոր թևկապավորներին հանեցին գաղութից, լցրեցին մեքենաները ու տեղափոխեցին տեղաբաշխման կետ: Չինյա-որիկի գաղութը միանգամից մաքրվեց 200 տականքներից: Մարդիկ սկսեցին ազատ շունչ քաշել, ուրախ էին, որ ազատվեցին սրիկաներից, իսկ շատերն ափսոսում էին ինձ: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում մարդիկ հատուկ գալիս էին ինձ տեսակցության և իրենց շնորհակալությունն էին հայտնում: Գոհ էին թե կալանավորները, թե հսկիչ-սպայական կազմը:

(շարունակությունը հաջորդ էջում)

Պիտակներ՝