ՀՈՒՇԵՐ

«Սեւ կարդինալի» հուշերը

«Լեբեդ» տեղափոխվելու համար առանձնապես նախապատրաստվելու կարիք չկար. մի զույգ հնամաշ հողաթափեր, ատամի խոզանակ, օճառ, սրբիչ, ծխախոտ և լուցկի: Հագիս հնամաշ, ավելի ճիշտ` հալից ընկած շորեր էին:

Դռան ետևից լսվեց հսկիչի ձայնը. «Հե՜յ, «Լեբեդից» հրավեր ունես, այնտեղ քեզ են սպասում»: Ասում էր և ինքնագոհ ծիծաղում: Իսկ իմ սրտից կարծես մի մեծ քար էր կախված: Տխուր էին նաև տղաները: Նրանք գիտեին, որ այդ նույնը ամեն րոպե կարող էր իրենց հետ պատահել: Մենք հասկանում ու ցավում էինք իրար: Իսկ «կարմիր մեքենան» անում էր իր սև գործը: Առջևում թե ի՞նչ փորձություններ պիտի գային գլխիս, միայն Աստծուն էր հայտնի, ու մեկ էլ կարող էի միայն կռահել: Լավ բան, հաստատ, չէր սպասվում: Բայց մի բան հստակ հասկանում էի. ինչ էլ լիներ, պետք է դիմանայի, հոգեպես չկոտրվեի և ամենակարևորը` մաքուր դուրս գայի:

Քայլում էի հսկիչներից առաջ՝ դիտմամբ ուրախ երգ երգելով: Նրանք ապշած իրար մեջ խոսում էին. «Սա մտածում է, թե իրեն հանգստի տուն ենք տեղափոխում», մյուսն էլ, թե. «Կամ էլ ծալը պակաս է»: Ես կտրուկ կանգ առա, շուռ եկա նրանց կողմն ու ասացի. «Ես գիտեմ, թե ուր եմ գնում: Ուղեղիս ծալքերն էլ լավ դարսված են, քանի որ ձեզ նմաններին հաճույք չեմ պատճառում»: Հսկիչներից մեկը նեղսրտելով պատասխանեց. «Գիտես մեր սրտո՞վ է, որ նման տեղ ենք աշխատում: Գործ է, ի՞նչ անենք»:

Հասանք: Դուռը ծանր տնքալով բացվեց: Ուղեկցող-հսկիչներն ինձ հանձնելով հերթապահին, արագ հեռացան: Ու այդ վայրկյանից ես հայտնվեցի մի ուրիշ աշխարհում, որն ավելի ճիշտ բնորոշելու համար, կանվանեի` դժոխք: Մութ էր, խավար, խոնավ գետնի բույրը կախված էր օդում, մարդիկ ևս խունացած էին, մի տեսակ բորբոսնած: Հերթապահն ինձ հրելով, ուղղություն ցույց տվեց: Հագիս «ընտիր» շորերը հանեցին, փոխարինեցին «ընտիրագույնով»: Տարան N20 խցի մոտ, ներս հրեցին ու «հաջող հանգստություն» մաղթեցին:

Ընկնելով ներս, ծանր դուռը ճռռոցով փակվեց հետևիցս: Ոչինչ չէի տեսնում, կարծես գերեզմանի մեջ լինեի: Կամաց-կամաց աչքերս վարժվեցին խավարին: Հայացքով անցա խցի համայնապատկերի վրայով. 3-ը մոտ 1,5 մետրի վրա, բարձրությունը՝ 4մ: Պատերը աղով շաղախված սվաղով էր պատված, որպեսզի մշտապես խոնավ լինի: Մարդաբոյից բարձր, առանց ապակու մի փոքրիկ պատուհան կար: Իբր ջեռուցման խողովակ էր խցով անցնում, մոտ երկու մատի հաստությամբ, այն էլ 1 մետր բարձրության վրա էր: Նույնիսկ դա էր հաշվարկով արված. որպեսզի մեջքով տաքանալու հնարավորություն չլինի: Հատակը, կարելի է ասել, ոչ թե խոնավ էր, այլ` թաց: Մահճակալը պատի վրա էր շուռ տված, այն միայն հսկիչի կողմից երկաթյա ձողը քաշելու դեպքում կարելի կլիներ իջեցնել:

Դեռ մեկ ժամ էլ չէր անցել, ես արդեն սկսեցի մրսել, այն դեպքում, երբ դրսում ամառ էր: «Ի՞նչ կլինի աշնանը, կամ ձմռանը»,- անցավ մտքովս: Չգիտեմ որքան ժամանակ էր անցել, մրսելուց ատամ-ատամի էի տալիս: Թե՛ կատաղության, թե՛ անելանելիության, թե՛ միայնության, թե՛ հուսահատության զգացմունքներ էին պատել ինձ: Բայց հասկանում էի, որ այդպիսի մտքերով ավելի շուտ կկործանվեմ, կկոտրվեմ, կխելագարվեմ, իսկ դա ինձ հետ չպետք է պատահեր: Մտովի ինձ հոգեբանորեն դաստիարակում էի. չկոտրվել, չճնշվել, դիմանալ: Սննդի առումով չէի էլ անհանգստանում, այն տրվում էր ըստ նորմայի: Իսկ դժվարը մինչև մեկ ամիսն էր, հետո ստամոքսը ձգվում է, փոքրանում, ավելի ուշ` ավելի փոքրանում, և քիչ քանակի սնունդը լրիվ կբավականացնի: Դժվարը միայն սկիզբն է, իսկ ես արդեն վստահ էի, որ պատվով կանցնեմ այդ սկիզբը: Միակ «թշնամին», որ կարծես անհաղթահարելի էր, դա ցուրտն էր: Բայց դրա դեմ էլ հնար գտա. սկսեցի ֆիզիկական վարժություններ անել, թռթռալ, պտտվել: Գիտեի, որ խախտում անեմ, չանեմ, միևնույն է, «պրոֆիլակտիկայի» համար մի քանի անգամ կծեծեն, տարվա մեջ 4-6 անգամ 15 օրով «շիզո» կտան, ինչն, ի դեպ, չէր մտնում պատժաչափի մեջ, այսինքն` մի քանի ամիս կգումարվեր եղածին:

Ռեժիմային կարգով՝ ժամը 21.00-ին քուն, առավոտյան ժամը 05.00-ին վերկաց էր: Երեկոյան, եթե ներքնակ ծառայող լաթը նորմալ փռես ու ծածկոցը վրադ քաշես, չես կարողանա քնել` բարակ է, և ցուրտը չի թողնի քնել: Ստիպված լայնքով էի փռում` կեսը մեջքիս տակ, իսկ մյուս կեսով կուչուձիգ եկած ծածկվում: Միևնույն է` կարծես քնելն ու արթնանալը 5-10 րոպե էին տևում, մանավանդ, որ առավոտյան արթնացնող մահակի ձայնը ուղեղիդ մեջ էր գամվում: Քնի պահանջը առայժմ միակ բանն էր, որ դեռ չէի կարողանում հաշտվել: Բաղնիքը 10 օրը մեկ էր: Հագուստը հանում ես խցում, մերկ վազում բաղնիք, մի դռնից մտնում ես ու մյուսից պետք է դուրս գաս, 3 րոպե է տրված, պիտի հասցնես օճառվել, մաքրվել, եթե չհասցնես, կապ չունի, մահակի «օգնությամբ» դուրս ես ցատկում: Վազքով դեպի խուց, այնտեղ էլ սրբվում, հագնվում ես:

Խցում պետքարան չկա: Թիթեղյա աման էր դրա համար նախատեսված: Առավոտյան պետք է դուրս վազեիր, տանեիր թափեիր հատկացված փոսում: Ջուր օրվա մեջ մեկ բաժակ էին տալիս, առավոտյան էլ` եռացրած կոչվածը: Աղը ամիսը մեկ անգամ, թեյի գդալով: Նիհարելը սկսվում է 20-րդ օրից, ամսե-ամիս լղարում ես, մնում է կաշիդ ու ոսկորներդ: Ուժերի պակասն էլ չի թողնում, որ դիմադրես ցրտին: Բժշկի մոտ այցելություն թույլատրվում էր միայն այն դեպքում, երբ արդեն մահամերձ ես: Օդ շնչելու համար, ըստ հերթափոխի ցանկության, հանում էին 10-15 րոպեով:

Այսպես էլ անցնում էին օրերը` միապաղաղ ու մեռելային: Իսկ ծեծի հաճախականությունը, եթե ես կարծում էի, թե կախված է տվյալ հերթափոխի ցանկությունից, ապա պարզ դարձավ, որ նման ցանկություն բոլոր հերթափոխերն էլ ունեին: Չգիտեմ, նրանց ստիպում էին, թե սեփական նախաձեռնությամբ էին շարժվում, բայց որ զինվորները կալանավորների վրա բոքսի պարապմունք էին անցկացնում, դա փաստ էր: Եթե հարվածները հաջող էին ստացվում, բավարարված հրճվում էին, խփում էին այնքան, մինչև գետնին հավասարվեիր: Ի դեպ, այդ զինվորների մեջ հայեր էլ կային, նույնիսկ մեկը Լենինականից էր, բայց դա ոչ մի նշանակություն չուներ: Մի խոսքով, ինչպես ուզում, ստորացնում էին մարդկանց: Ով սովին չէր դիմանում, ըստ ցանկության հանում էին միջանցք, գետնին ճաշ էին լցնում ու «հյուրասիրում»: Մարդը վրա էր պրծնում սննդին, իսկ ստոր արարած հսկիչները բավականություն էին ստանում` մարդկանց անասունի վերածելով:

Երեք տարվա ընթացքում մոտ մեկ տասնյակ կալանավորներ խելագարվեցին, 20-30 մարդ մահացավ ցրտից ու ծեծից: Երբեք չեմ մոռանա հարևան խցի օչամչիրցի Նիկոլայ անունով երիտասարդին. ծնկի եկած, գլուխը պատին հենած, սառել կպել էր պատին: Իսկ հսկիչը, որը դռան անցքից նայելով, մտածել էր, թե քնել է` կարգը խախտելու համար զեկուցագիր էր գրել վրան… Նիկոլայի դիակը մի կերպ պոկելով պատից, տարան…

Սկսվեց գորբաչովյան ժամանակաշրջանը: 1985թ. հունվար ամիսն էր: Հերթապահները սովորականի պես ծեծում էին կալանավորներին: Ընդհանրապես, անկախ ամեն ինչից, ներքին հասկացողություն կար, որ երբևէ չպետք է հայհոյանք անեին կալանավորների հասցեին, քանի որ դա կհամարվեր վիրավորանք ու դա արդեն «պրեդել» էր, և ոչ մեկը «օտվիչա» չէ իր արարքների համար: Մի օր էդ նորակոչիկ հերթապահներից մեկն ինձ հայհոյեց: Ես կատաղորեն հարձակվեցի նրա վրա, երկու ձեռքով բռնեցի կոկորդից և ատամներով պլոկեցի քիթը: Մյուս հերթապահները մահակներով հարձակվեցին վրաս ու մի կերպ ձեռքիցս «խլեցին» իրենց ընկերոջը: Բուժ. անձնակազմն ինձ տեղափոխեց հիվանդանոց: Կոտրվել էին ձեռքս ու կողոսկորներս, ճակատային մասում նույնպես կոտրվածք ունեի և, բնականաբար, ուղեղի ցնցում էի ստացել: Տաս ամիս պառկեցի հիվանդանոցում, որից 4 ամիսը անշարժ վիճակում: Ասեմ, որ գորբաչովյան փոփոխություններն արդեն զգացվում էր. մեզ սկսել էին որոշ չափով լավ վերաբերվել: Դուրս գրեցին, բուժման մնացած մասը գաղութում պիտի անցկացնեի: Սակայն դեռ չգիտեի, թե «Լեբեդում» ինչ վճռի պիտի հանդիպեմ: Ներկայացա պետին: Նա, առանց զարմանքը թաքցնելու, հարցերց.

— Այսքան ժամանակ ո՞նց ես դիմացել տանջանքներին:

Պատասխանեցի.

— Մարդու էությունն այնպիսին է, որ պետք է ամեն ինչի դիմանա: Եվ նա, ով ունի բարոյական դաստիարակություն, նրա համար ֆիզիկական տանջանքները ոչինչ են:

Գնդապետը ժպտալով ասաց.

— Գնա, գնա, տղա, ափսոս, որ այդպես է ստացվել: Բայց հիմա ժամանակները փոխվել են: Մի վախենա, գնա խուց, հանգիստ ապրիր, սթափվիր, մինչև ազատվես:

Այն ամիսները, որոնք գաղութում չէի անցկացրել, այլ` հոսպիտալում, գնդապետ Լեբեդի և վարչության բժշկի միջնորդությամբ կարճվեց:

Գաղութում ինձ դիմավորեցին ինչպես հարություն առած հանգուցյալի: Ե՛վ զարմացած էին, և՛ ուրախացած: Ըստ իրենց տեղեկությունների, ես պետք է մեռած լինեի: Բիչիկոն ինձ իր կողքին տեղավորեց (երկու տարի կողք-կողքի անցկացրինք): Ծերունի «Կոբան» հիվանդացավ, տեղափոխեցին կենտրոնական հիվանդանոց:

Ըստ օրենքի, բանտային խիստ ռեժիմի տակ պետք է նստեիր պատժաչափի մեկ երրորդը, հետո արդեն կտեղափոխեին բաց ռեժիմ: Բայց, եթե ընթացքում նույնիսկ թեթև նկատողություն էիր ստանում, ապա թույլ չէին տալիս բաց ռեժիմ տեղափոխվել: Իսկ դա նշանակում էր, որ ես 15 տարին պիտի անցկացնեի գաղութի պատերի մեջ: Մեկ-մեկ էր միայն հաջողվում դուրս գալ խցից, այն էլ երբ բարակը ծանրաբեռնվում էր: 1989թ-ին, երբ արդեն 12 տարի նստել էի, հաջողվեց վերջապես տեղափոխվել բաց ռեժիմ:

(շարունակությունը հաջորդ էջում)

Պիտակներ՝