ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տուրիզմի զարգացման համար պետք է մարդկանց մոտիվացնել

Տուրիզմի զարգացման մասին Հայաստանում ինտենսիվ խոսակցություն սկսվեց մոտ 3 տարի առաջ: Համապատասխան գործողությունները ևս համարյա թե սկիզբ առան ու սրընթաց առաջ անցան այդ ընթացքում, այն է՝ հյուրանոցների ու հյուրատների, հոսթելների կառուցում ու վերակառուցում, ինքնատիպ, կրեատիվ սրճարանների, ռեստորանների բացում, տուր-օպերատորների աճ: Թե որքանով է հաջողվել տուրիզմը զարգացնել, արդյո՞ք հնարավոր է դարձել մեր երկիրը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար, և ամենակարևորը՝ արդյո՞ք մեզ հաջողել է լուծել ենթակառուցվածքների խնդիրը, դեռ հարցեր են, որոնք բազմաթիվ ու բազմատեսակ լսարանների քննարկումների առարկա են: Սակայն մի կարևոր հանգամանք պետք է նշել. արդյո՞ք մեր հասարակության «աչքը սովորեց» զբոսաշրջիկ տեսնելուն (այստեղ երևի հիշենք, թե մենք ինչ ռեակցիա ենք դրսևորում, երբ տեսնում ենք մաշկի այլ գույն ունեցող, այլազգի տարազով մարդկանց նկատմամբ):

«Երկխոսության մեդիա կենտրոնում» հերթական քննարկումն էր` «Տուրիզմի հեռանկարները Շիրակի մարզում» թեմայով: Բանախոսներն էին՝ «ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի» համակարգող Արման Վալեսյանը, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Արսեն Վարդանյանը, «Տիգրան Տուր» զբոսաշրջային ընկերության նախագահ, ՇՊՀ աշխարհագրության ամբիոնի վարիչ Լևոն Մարտիրոսյանը, PR մասնագետ Լիզա Գասպարյանը և ՇՄ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը:

«Շատ կարևոր է, թե ինչպիսի խնդիրներ ու բացթողումներ են եղել արձանագրված, կամ ակտուալ չեն եղել անցած տարիներին, ու թե մեր օրերում ավելացող մարդկային հոսքերին զուգընթաց ինչպիսի՞ մարտահրավերներ են առաջացել,- ասում է Արսեն Վարդանյանը:- Մեր մարզում ենթակառուցվածքները քիչ թե շատ, ձևավորվում են Գյումրիում ու Գյումրիի շուրջ, իսկ գյուղական համայնքների զարգացումն ուշադրությունից դուրս է: Բացի այս, զբոսաշրջությունը միանշանակ պետք է կապել բիզնեսի զարգացման հետ՝ ներդրումային ծրագրերի խթանում, կարևոր ենթակառուցվածքների հզորացում, նաև բոլոր ռեսուրսների բացահայտում և օգտագործում»:

Լևոն Մարտիրոսյանը ևս գտնում է, որ ռեսուրսների օգտագործումը կարևոր է, միայն թե՝ որքանո՞վ են դրանք գնահատված: Այսինքն՝ գնահատվող ռեսուրսը համեմատության մեջ է դրվում այլ տարածաշրջանների ու երկրների ռեսուրսների հետ: «Մեր քաղաքի ու տարածաշրջանի համար այդ ռեսուրսները գնահատված չեն: Շիրակի մարզի, Գյումրիի համար հատկանշական է միակողմանի զբոսաշրջային վեկտորի զարգացումը. դա պատմամշակութային ուղղությունն է, ինչը շատ վատ է: Դա սահմանափակ է, և այդ պատկերն ամբողջ հանրապետությունում է: Բացի այս, բոլորովին գնահատված չէ ձմեռային զբոսաշրջության հետ կապված ռեսուրսները: Մեզ մոտ հիմնական հոսքը ամառային ամիսներին է: Սա զգալի գիտական աշխատանք է պահանջում: Եվ այս ու մնացյալ ռեսուրսները գնահատելով, մենք կկարողանանք հոսքերն ավելացնել»:

«Հայտնի է, որ զբոսաշրջության զարգացումը ենթադրում է փոքր ու միջին բիզնեսի զարգացում,- ասում է Կարեն Բադիշյանը,- ճիշտ է, որ մենք ունենք խնդիր՝ ռեսուրսների բացահայտման ու գնահատման: Նաև հարց է, թե այն ռեսուրսները, որոնք արդեն գնահատված են եղել, ի՞նչ չափով ու ինչպե՞ս են մատուցվում: Մենք ունենք խնդիրներ որոշակի տեղերում, որ չեն մատուցվում ու ճիշտ չեն ներկայացվում: Քայլեր կատարվում են, ուսումնասիրություններ անում ենք և ներկայացնում ենք: Տեսեք, մենք, այո, ունենք պատմաճարտարապետական մի շարք շինություններ, կոթողներ, սակայն համայնքն այստեղ եկամուտներ չի ստանում, մարդկային հոսքեր լինում են, բայց համայնքը դրանից չի շահում: Կոնկրետ միջազգային տարբեր ֆոնդային ներդրումներ են անհրաժեշտ, որպեսզի խթանենք և բնակչությունն ու համայնքը մասնակից լինեն: Կարևոր է համայնք-պետություն-մասնավոր հատված շղթայական կապը: Եթե համեմատական տանենք տուրիզմի և զարգացվածության միջև, մենք կտեսնենք, որ դրական տեղաշարժեր կան, 3 տարվա կտրվածքով գրեթե 10-12 տոկոս աճ ունենք: Աճի միտումն հաշվի առնելով, մենք նկատում ենք փոքր ու միջին բիզնեսի և, ընդհանրապես, ծառայություն մատուցող ընկերությունների զարգացում, զարգացման հնարավորություն, ինչն էլ կբերի համայնքի զարգացման»:

Լիզա Գասպարյանը նկատում է, որ բոլոր բանախոսներն էլ համակարծիք են՝ եղել են ռեսուրսներ, որոնք չեն բացահայտվել, չեն գնահատվել կամ բացահայտումից ու գնահատումից հետո բավարար չեն օգտագործվել: «Շատ երկար ժամանակահատված մենք մեր երկիրը՝ հատկապես Գյումրին ու մարզը, «ՓիԱռ»-ելու, տեղեկություն տարածելու հնարավորությունը բաց ենք թողել, ավելին, կարծես դա կարևոր չի եղել: Շատ բան կախված է եղել անհատներից, որոնք լուրջ դերակատարություն են ունեցել, որպեսզի մեր քաղաքը տարբեր հարթակներում ավելի ճանաչելի դարձնեն: Բայց պետական մակարդակով ևս խթանման անհրաժեշտություն կա: Մենք յուրահատուկ «պրոդուկտ» ունենք, որը կարող ենք գեղեցիկ «վաճառել», բայց անգամ տեղում՝ մենք այդքան տեղյակ չենք: Լրջագույն աշխատանք պիտի տարվի, որպեսզի Գյումրին ու մարզն է՛լ ավելի ճանաչելի դարձվի, որ զարգացվի թե՛ արտագնա, թե՛ ներգնա տուրիզմը: Պետական զբոսաշրջային կոմիտեին մեր հղած հարցադրումներին պատասխան ենք ստացել, թե ընդհանուր երկրի գովազդման մեջ ներառվում է նաև Գյումրին, սակայն ես նաև որպես լրագրող, պետք է նշեմ, որ Գյումրին առանձնապես շեշտադրված չէ, տեսանյութեր են նկարահանվում, որտեղ Հայաստանի մյուս մարզերը, տեսարժան վայրերը, համտեսները ներառված են, իսկ Գյումրին մի քանի ակնթարթով է ներկայացված: Կարծում եմ, մենք ինքներս տեղերում պետք է ռեստարտ լինենք, ու տեղական բյուջեն հնարավորություն ընձեռնի Գյումրին գովազդելու համար»:

Գյուղական տուրիզմի զարգացման մասին Արման Վալեսյանը ներկայացրեց, որ այն սկսվել է 2016-ից, որի համար տրամադրվել է 3 մլն դոլար. «Նպատակն էր՝ գյուղական համայնքներում ստեղծել աշխատատեղեր՝ օգտագործելով տուրիզմի պոտենցիալը: Ծրագիրն ուներ 3 հիմնական կոմպոնենտ՝ ինվենտարիզացիա, այն է՝ հետազոտվել են Հայաստանի բոլոր գյուղերը, ավելին ասեմ, հայտնաբերվել են գյուղեր, որոնք նշված չեն քարտեզում, հետազոտվել են բոլոր ռեսուրսները՝ պատմամշակութային, կյանքի ընթացքում ձևավորված, և մի շարք այլ գործոններ են հաշվի առնվել: Մյուս կոմպոնենտը՝ դիվերսիֆիկացիան էր: Ուսումնասիրությունները բերում են նրան, որ հայտնաբերում ես այն տեղը, որը պիտի ծառայի տուրիստին, տուրիզմին, բայց մեր ուսումնասիրությունները բերեցին նրան, որ մենք տեղերն հայտնաբերեցինք, բայց մարդը չկար. այսինքն, կարող է ունենաս ռեսուրս, բայց այդ ռեսուրսը հրամցնողը չկա: Մեր մոտ խնդիրը մարդն է: Պետք է մարդկանց մոտիվացնել, որ գործունեություն սկսեն: Գաղափարներ են պետք. մենք պատրաստ էինք ֆինանսավորել, սակայն ներկայացված 80 ծրագրից հազիվ 14 ընտրվեց: Մարդիկ սովոր են գրանտային ծրագրեր անել, բայց փոխվել են ժամանակները, պետք է մտածել աշխատելու մասին: Պետք չէ նոր հեծանիվ հորինել, այլ պետք է տեսնել՝ ի՞նչ կա աշխարհում, ու ինտեգրել տեղում»:

Բանախոսները եկան ընդհանուր եզրահանգման, որ ինովացիոն գաղափարների անհրաժեշտություն կա, որ ենթակառուցվածքները զարգացնելը որպես մարտահրավեր՝ դաշտ է նետված, և ամենակարևորը, մարդիկ են պակասում, ովքեր շարժիչ ուժ կհանդիսանան՝ տուրիզմի զարգացման կրեատիվ գաղափարներն իրագործելու համար: