ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

10 միլիոն՝ ջրհեղեղից տուժածներին, 4 միլիոն՝ կորոնավիրուսով հիվանդներին

Հուլիսի 13-ին Գյումրիում արտակարգ իրավիճակով պայմանավորված (հորդառատ անձրևի), Գյումրու ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկայացրեց այն իրավիճակը, որում հայտնվել են բազմաթիվ քաղաքացիներ՝ հորդառատ անձրևի, կարկտահարության հետևանքով առաջացած սառցե ջրհեղից. «Գիտեք, մի երևույթ տեղի ունեցավ Գյումրի քաղաքում, որն արտառոց էր բոլորի համար, շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն մեր պետության համար, այլ՝ ամբողջ աշխարհի։ Զարմանալի էր, որ կարող է հուլիս ամսին նման սառցաբեկորներ հայտնվեին Գյումրիում, որի պատճառով խցանվեց քաղաքը։ Շատ բարդ և դժվար էր այդ իրավիճակի մեջ կողմնորոշվել, որովհետև հիդրոմետ ծառայության տվյալներով՝ նման երևույթ չի եղել, որ մեկ ժամվա ընթացքում այնքան տեղումներ լինեն, որքան պետք է լիներ ամբողջ հուլիս ամսվա ընթացքում։ Փաստորեն, 46 միլիմետրի փոխարեն տեղացին 81 միլիմետր տեղումներ, ինչը, բնականաբար, մեծ հոսքեր ստեղծեց… 170 տարի նման դեպք չէր եղել։ Մարդը տունը նստած՝ ջուրը գալիս, նկուղն էր լցվում, էդպիսի հոսք մենք չենք տեսել, առաջին անգամ տեսանք։ Կարկուտը լցվեց մարդկանց տները՝ մահճակալները, անկողինը վեր էր հանել»:

10 միլիոն՝ ջրհեղեղից տուժածներին

Օրակարգում՝ ջրհեղեից տուժած բնակիչներին օգնելու հարցն էր: Քաղաքապետը հատուկ մատնանշեց Ավտոկայանի տնակային թաղամասը, որտեղ տնակների մոտ 80 տոկոսը հայտնվել էր ջրերի մեջ: Այս թաղամասից 84-ին նպատակահարմար են գտել օգնություն տրամադրել, 6 ընտանիքի կհատկացնեն բնակարաններ՝ բոլոր հարմարություններով՝ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի վերականգնած սոցիալական բնակարաններից։

Ըստ քաղաքապետի, իրենք ստացել են 120 դիմում, ևս 65 նոր դիմում էլ են ստացել, որոնք պետք է ուսումնասիրեն: Դրանց մեջ մտնում են տուժած 34 առանձնատուն, 12 բազմաբնակարան շենք, 11 տնակ, 5 մեքենա։ «Օբյեկտիվ կլինի գումար հատկացնել 3 մեքենայի, որոնք մխրճված էին սառույցների մեջ՝ կամուրջի տակ»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Նաև օրինակ բերեց, որ մարդիկ մահճակալ ու սառնարան են ուզել. «Հանձնաժողովները ուսումնասիրում են բոլոր դիմումները, այցելում են տներն ու տնակները, փաստացի նկարահանումներ կան արված. բայց կան դեպքեր, որ միացնում են սառնարանը՝ աշխատում է… Կամ մահճակալը կարելի է ներկել, թարմացնել… Օգնություն ցուցաբերելիս՝ օբյեկտիվ գնահատական պիտի տանք, որ մարդկանց չնեղացնենք,- ասաց քաղաքապետը, հավելելով, որ բազմաթիվ զանգեր է ստանում՝ օգնության ձեռք մեկնելու առաջարկով,- Հանրապետության նախագահն է զանգել, նախարար Պապիկյանը, «Կարմիր խաչն» է պատրաստակամություն հայտնել, նաև Եվրոպական բանկից են զանգահարել»:

Ս.Բալասանյանը նշեց, որ, եթե քաղաքն իր ուժերով գլուխ չհանի իրավիճակից, այդ դեպքում կդիմեն կառավարության օգնությանը։ Ասաց, որ բազմաբնակարան շենքերին 50 միլիոն դրամ սուբվենցիա են հատկացրել, օգնություն հայցող 3 դիմում էլ կա հասարակական կառույցներից. Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնին, «Մեղվիկ» համայնքային զարգացման հիմնադրամ ՀԿ-ին և Գրողների միության Գյումրու մասնաճյուղին՝ յուրաքանչյուրին 100.000-ական դրամի չափով:

Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը զեկուցեց. «Քանի որ մենք որոշել ենք համայնքի տուժած բնակիչներին որոշակի օգնություն ցուցաբերել և մեր բյուջեի «Օգնություններ» հոդվածում այդքան գումար չունեինք, այդ իսկ պատճառով չծախսված գումարներից տեղաշարժ ենք տալու «Օգնություն» հոդվածին։ Այս դեպքում կկարողանանք մինչև 200 հազար դրամ մեկ բնակչին գումար տրամադրել, օգնությունը ցուցաբերել հանձնաժողովի կողմից ներկայացված ցուցակներով։ Դրա համար առայժմ նախատեսում ենք 10 միլիոն դրամ։ Ինչպես գիտեք, բյուջեն, որ հաստատվեց, մենք բյուջեով ներկայացուցչական ծախսերի գումար ենք նախատեսել, դա քաղաքապետի ֆոնդն է, որը պիտի հիմնականում ծախսվի նվիրատվությունների, հյուրասիրությունների համար, բայց, քանի որ քաղաքապետն այդ ծախսերը հիմնականում անձնական ֆոնդից է անում և այդ գումարից մենք ունենք տնտեսում, քաղաքապետը գտավ, որ այդ գումարից 2 միլիոն դրամն առանձնացնենք օգնությունների համար»։

4 միլիոն՝ կորոնավիրուսով մեկուսացվածներին

Ավագանու նիստի օրակարգի մյուս հարցը կորոնավիրուսով հիվանդ ինքնամեկուսացած քաղաքացիներին պետական միջոցներով սնունդ տրամադրելուն էր վերաբերում: Տիկին Ջիլավյանը զեկուցեց, որ կառավարությունից 4 մլն դրամ դրամաշնորհ են ստացել, որպեսզի մեկուսացվածներին ապահովեն սնունդով: Սնունդը բաժանում է քաղաքապետարանի առևտրի բաժինը՝ ըստ բուժհաստատությունների ներկայացրած ցուցակների:

Ավագանու անդամ Արմենուհի Մխիթարյանը խոսք խնդրեց. «Շատ լավ է, որ գումարը տրամադրվում է սնունդ բաժանելու համար։ Նշանակում է՝ մարդիկ, որոնք մեկուսացած են, տանից դուրս չպիտի գան, տան շեմին ստանալու են այդ սնունդը, բայց ահազանգեր կան, որ 58 թաղամասում շատ հիվանդ մարդիկ խանութներից օգտվում են։ Հարևանները շատ լավ տեղյակ են, և ոչ մի կանոնի չեն հետևում, չգիտեմ ինչպես է լուծվելու այդ հարցը և վիրուսը շատ, շատ մեծ տարածում է գտել արդեն»։

«Այդ հարցերով քաղաքապետարանը չի զբաղվում: Ցուցակները տվել են, մենք էլ այդ ցուցակով,  ընդամենը պարետի ցուցումով սնունդը տանում ենք, առանց շփվելու՝ դռան տակից կամ պատուհանից անձնագիրն ուզում ենք, նկարում, հետ ենք վերադարձնում: Մենք չունենք լիազորություն, որ պարզենք, թե տվյալ մեկուսացված քաղաքացին խանութ գնում է, թե ոչ»,- պատասխանեց Լենա Ջիլավյանը:

Քաղաքապետն էլ հորդորեց, որ մեկուսացված քաղաքացիները դուրս չգան իրենց բնակարաններից, այլ զանգեն և տեղյակ պահեն, թե ինչի կարիք ունեն. «Ես ինքս ամեն ինչ կանեմ, որ որևէ բանի կարիք չունենան, միայն թե մնան տանը, դուրս չգան, խանութ կամ մի այլ տեղ չգնան, չտարածեն վիրուսը, իրավիճակն ավելի չբարդացնեն, դուք էլ բոլորին հորոդորեք»:

«Սքայ Գյումրի» ծրագիր

Ավագանին համաձայնություն տվեց «ԱՐՄՈՆ» ՍՊԸ-ի կողմից «Սքայ Գյումրի» ծրագրի իրականացմանը: Հիշեցնենք, որ ծնունդով գյումրեցի ու 15 տարի Աֆրիկայում գործունեություն ծավալած Խաչատուր Սարգսյանն է նախագծի հեղինակը։ «Արմոն» ընկերությունը մշակել է Գյումրիի զարգացման ավելի քան 500 միլիոնի ներդրումային ծրագիր։ Նախագծի զարդը  լինելու է օդային շարժակազմը՝ 25 կիլոմետր երկարությամբ օդային երթուղիներով։ Նախատեսվում է նաև Բուլվարային թաղամասում կառուցել էկոթաղամաս՝ մոտ 2000 բնակչի համար, իր դպրոցով, մանկապարտեզով, էսթետիկ կենտրոնով։ Նախատեսվում է հիմնել ալիքային լողավազան, թենիսի կորտեր, փակ ֆիթնես ակումբներ։ Օդային երթուղին անցնելու է քաղաքի ծայրամասային թաղամասերով, որ համաչափ զարգացում ապահովի: Կլինեն 14-15 կայարաններ, որտեղ կլինեն և՛ առևտրային կենտրոններ, և՛ հանգստի գոտիներ։ Գետնից 6-10 մետր բարձրությամբ ու մինչև 150կմ/ժ արագությամբ, թեթև շարժակազմով օդային տրանսպորտը միմյանց կկապի 50 մետրից մինչև 2 կմ հեռավորությամբ կայարանները, որոնցից յուրաքանչյուրն արդեն իր վիրտուալ անունն ունի։ Օրինակ՝ մեկնարկը կտրվի օդանավակայանի «Թռիչք» կայարանից, հաջորդը Մսի կոմբինատն է՝ «Վերածնունդ» կայարան, հետո՝ հրուշակեղենի ֆաբրիկան՝ «Էկո-թաղ»։ Լճում «Հանդիպում» անվամբ կայարանն է նախատեսվել, Սլաբոդկայում՝ «Հին քաղաք», Մայր Հայաստանում՝ «Հայրենիք», Մուշ թաղամասում՝ «Հզոր», Անիում՝ «Վեհ», Շատրվաններում՝ «Սեր», մաքսատանը՝ «Վարպետ», կայարանում՝ «Ուղի», Նորավան թաղամասում՝ «Հավատք» ու Կոմիտասում՝ «Տաղանդ» կայարանները:

Քաղաքապետն ասաց, որ շուրջ 60 հեկտար հողամաս է պահանջվում: Որոշ մասը կտրվի վարձակալությամբ, որոշը՝ անվարձահատույց օգտագործման, մի մասն էլ՝ սեփականության իրավունքով: Նաև հավելեց, որ աշխատանքային փորձ ունեն, և պետք է այս ամենը ֆիքսվի իրավաբանորեն գրագետ կազմված փաստաթղթերով. «Էն խոսքի նման, լավ ծրագիր է, բայց հըլը պարզ չէ, թե մեզ որտեղ են ուզում քցած լինել»,- կատակեց քաղաքապետը: