«Սա լավ առիթ է Հայաստան այցելելու ու հայերին ճանաչելու համար» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Սա լավ առիթ է Հայաստան այցելելու ու հայերին ճանաչելու համար»

Հարցազրույց հնդիկ կինոդերասան ԿԱՐԱՆ ԱՋԱՅ ՄԵՀՐԱՆԻ հետ:

Մոդել, դերասան Կարան Աջայ Մեհրանին հայ հեռուստադիտողը ճանաչում է «Star Plus»-ի «Ինչ կոչել այս հարաբերությունները» (2009-16թթ.) հնդկական ամենաերկար սերիալից (2432 սերիա), որտեղ մարմնավորել է Նաիտիկի կերպարը: Նկարահանվել է բազմաթիվ գովազդային հոլովակներում: Մասնագիտությամբ նորաձևության դիզայներ է:

Կարան, ինչպե՞ս սկսվեց Ձեր դերասանի կարիերան:

— Դերասանական կարիերան սկսել եմ մոտ 15 տարի առաջ: Ես Մումբայ եմ եկել Դելիից: Սկզբում աշխատում էի նկարահանող խմբում: Այդ ընթացքում ծանոթացա բազմաթիվ կինոաստղերի և հայտնի ռեժիսորների հետ: Չորս ֆիլմերում աշխատել եմ որպես ռեժիսորի օգնական: Այնուհետև դերեր ստացա… այդպես եղավ իմ մուտքը կինոինդուստրիա:

Ի՞նչ սցենարներ եք նախընտրում՝ իրակա՞ն, թե հորինված:

— Ինձ համար դա այդքան էլ կարևոր չէ, բայց հորինված շոուներ շատ եմ սիրում: Սիրում եմ այնպիսի սցենարներ, որտեղ կարող եմ բացահայտել իմ՝ որպես դերասանի, թույլ կամ ուժեղ կողմերը: Ես ամեն տեսակի բան էլ կարող եմ փորձել, եթե այն ինձ դուր գա:

Ձեր կերտած կերպարնե՞րն են Ձեզ նման, թե՞ Դուք նրանց:

— Այն կերպարը, որին երկար ժամանակ կերտել եմ, գնալով արդեն ինձ էր նմանվում (Նաիտիկ): Այդ կերպարի մեջ ես իմ շարժուձևն էի դրել, բայց իրականում այդ կերպարը նման էր ինձ: Ու ինձ համար հեշտ էր, որովհետև իրականում ինքս ինձ էի խաղում:

Ներկայում ինչոր նախագծում ներգրավվա՞ծ եք:

— Դեռ ոչ: Անցած տարի ավարտեցինք «ռեալիթի շոուի» նկարահանումները, դրանից հետո, մարտի վերջերին նկարահանվել եմ մինի սերիալում: Հետո մենք բալիկ ունեցանք, երեխան արդեն մեկ ամսական է, երեխայով զբաղվելու համար դադար վերցրեցի, բայց շուտով արդեն պատրաստ կլինեմ նկարահանումներին:

Ձեր խորհուրդը երիտասարդ դերասաններին. ինչպես հասնել իրենց երազանքներին:

— Կան բազմաթիվ միջոցներ և տարբերակներ՝ երազանքներին հասնելու համար, ու դա ոչ միայն դերասանական ոլորտին է վերաբերում: Իմ խորհուրդն է՝ որքան հնարավոր է շատ մասնակցել քասթինգներին, իրենց վրա շատ աշխատել, և ամեն ինչ լավ կլինի: Երբ ես նոր էի սկսում, ինձ համար շատ դժվար էր, բայց հիմա ես երջանիկ եմ:

Հայտնի է, որ հնդկական կինոինդուստրիան հիմնականում ներքին սպառման համար է, այդպե՞ս է:

— Ոչ, համաձայն չեմ: Ես տեղյակ եմ, որ ամեբողջ աշխարով մեկ նայում են: Բանն այն է, որ մեր օրերում ամեն ինչ արագ գլոբալացվում է: Օրինակ՝ այստեղ անթիվ հոլիվուդյան ֆիլմեր են ցուցադրվում, մարդիկ հեռուստացույց շատ են նայում: Այնպես չէ, որ հնդկական ֆիլմերը միայն տեղացիների համար է: Ես, օրինակ, գիտեմ, որ իմ մասնակցությամբ ֆիլմերը դիտել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում… Մարդիկ մոտեցել են ինձ ու ասել, որ տեսել են իմ այս կամ այն ֆիլմը: Այս ամենը միավորում է տարբեր ազգերի մարդկանց:

Նկարահանումներից դուրս, ինչպիսի՞ն է Ձեր առօրյան:

— Քանզի հիմա զբաղված չեմ նկարահանումներում, փորձում եմ ինձ հետևել (ծիծաղում է),  տանեցիների հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, կամ, ուղղակի, ինչ-որ բան նայել հեռուստացույցով: Եվ, քանի որ երեխա ենք ունեցել, հիմնականում ամբողջ օրը նրանով ենք զբաղված:

Ձեզ համար ո՞րն է առաջնային՝ փողը, փառքը, թե՞ մեծ զգացմունքը, ներքին հոգեվիճակը:

— Փողը և փառքն այսօր կան, վաղը՝ չկան: Կարևորը ինքդ քեզ հետ ներդաշնակության մեջ լինելն է: Ես վայելում եմ կյանքը և երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ ունեմ: Փողն անհրաժեշտ է կյանքը կարգավորելու համար, փառքը՝ ինքնահաստատվելու, բայց Մարդ լինելն առաջնայինն է:

Կպատմե՞ք Ձեր սիրո պատմությունը:

— Ես և կինս՝ Նիշան, հանդիպել ենք նկարահանման հրապարակում: Հետո այնպես ստացվեց, որ մեկնեցինք ԱՄՆ՝ նկարահանումների: Այնտեղ մենք դարձանք լավ ընկերներ ու, երբ վերադարձանք Հնդկաստան, սկսեցինք ժամադրվել, հանդիպել: Նա այդ ժամանակ Հնդկաստանում հայտնի մոդել էր, իսկ ես դեռ նոր էի դերասանական փորձեր անում: Ու 2009 թվականին, սեպտեմբերին՝ ծննդյանս օրը, ես տեսախցիկների ու ԶԼՄ-ների ներկայությամբ նրան սեր խոստովանեցի, ասացի, որ մի օր մենք հաստատ կամուսնանանք: Ու այդպես էլ եղավ՝ 2012-ին ամուսնացանք: Նա ինձ ընտրեց այն ժամանակ, երբ ես այնքան էլ հայտնի չէի: Դա սեր կկոչեք, թե մարդու ներաշխարհի վեհություն՝ կամքը ձերն է: Ես կնոջս պաշտում եմ հենց այդտեղից սկսած: Մենք շատ մտերիմ ենք, ամեն ինչ միասին քննարկում ենք, նա ինձ շատ է օգնում:

Օտար մշակույթներով և ավանդույթներով հետաքրքրվո՞ւմ եք:

— Իհարկե: Ես շատ երկրներում եմ եղել, համարյա բոլոր մայրցամաքներում, հետաքրքրված եմ տարբեր ազգերի մշակույթներով, փորձում եմ հասկանալ՝ ինչքանով ենք նման ու տարբեր, նիստուկացը, սնունդը, մշակույթը…

Հայաստանի մասին ինչոր բան գիտե՞ք:

— Անկեղծ ասած՝ շատ բան չգիտեմ… Բայց, իհարկե, կուզենամ Հայաստանն էլ իմ համար բացահայտել, և՝ տեղյակ լինելով, որ Հայաստանում շատ են երկրպագում հնդկական կինոն ու մշակույթը, սա ևս մեծ առիթ է Հայաստան այցելելու ու հայերին ճանաչելու համար: Գիտեմ նաև Ձեր՝ հայ-հնդկական մշակութային ու սպորտային հարաբերություններին խթանելու էնտուզիազմի մասին, և ուրեմն էլ ավելի կուզենամ մասնակիցը լինել:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
3,096