Ադրենալին` ստվերում չապրելու համար ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրենալին` ստվերում չապրելու համար

Աղբահանությունը քաղաքի խնամվածության, նրան, ըստ իս, ինչ-որ առումով` «պարֆյումերիկ» թարմություն տալու իմաստն ունի: Ուստի, մի տեսակ գոհանում եմ, երբ Գյումրիում քայլելիս, նկատում եմ դատարկված աղբամաններ: Միշտ մտածում եմ` թող քաղաքը մաքուր լինի: Ապա «գլոբալիզացնում» եմ մտահայեցումս ու հանգում այն մտքին, թե կուզենայի մեր երկրում քաղաքական կուրսն էլ աղբազերծված լիներ: Օրինակ`թող թերասացություն լիներ մեր հայտնի գործիչների խոսքերում, քան թե գիտակցված սուտ քաղաքական խաղեր, խոստումների ուրացում, որ դարձյալ աղբային ոլորտից է: Պերմանենտ իշխանություն ունենալն ու անձի պաշտամունքով առաջնորդվելն էլ որոշակիորեն հավասարազոր է կուտակված «աղբը» չթափելու «կամակոր» երևույթին, թեև ենթակա է փաթեթավորման ու հեռացման: Իսկ այսպես` եթե քաղաքական կուրսի մեջ գերադասելի է ամեն ինչ «անթափոն վերարտադրության» հանգեցնելը, դա արդեն հեռու է քաղաքական կոկիկության չափանիշներից:

Պետք չէ նաև կոկիկության թվացողությունը շփոթել քաղաքական կոկետության հետ, և դա դեռ քիչ է` այդ շփոթմունքը որպես «սահուն» պարտադրանք, հրամցնել ուրիշներին: Չի կարելի պերմանենտ կառավարելը անփոխարինելիության «գաղափարական» սկուտեղով մատուցել ու համտեսողին հավաստիացնել, թե այն զուտ հայկական խոհանոցի «խորտիկ» է: Ո՞վ իմանա, գուցե այն իր մեջ թունաքիմիկատներ է պարունակում, ինչը վնասակար է հայ մարդու համար, ուստի բնական կլիներ շուտափույթ ազատվել դրանից, քանի որ դրա տեղն աղբամանն է: Նաև, կարծում եմ, որ քչերը դեմ կլինեին «հայկական» քաղաքական խոհանոցի` մեզ համար հակացուցված «բաղադրատոմսերից» ազատվելուց:

Երբ ՀՀԿ անդամներից լրագրողներն հետաքրքրվում են, թե վերջապես 2018 թվականին ո՞ւմ է վստահվելու երկրի վարչապետի պաշտոնը, նրանք չեն կոնկրետացնում, պատասխանում են, թե դա կախված կլինի գերագույն մարմնի որոշումից: Եթե ԳՄ-ն շատ հորդորի, խնդրի, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, իսկ նա էլ տեղի տա` այդպես էլ կլինի: Իսկ եթե Սերժ Սարգսյանը որոշի, որ այդ պաշտոնը գործող վարչապետ Կարեն Կարապետյանին է վստահելու, ուրեմն` այդկերպ կլինի: Չէ՞ որ հանրապետականները «Տիտանիկ» կոչվող նավի անձնակազմը լինելու բոլոր հավակնություններն ունեն, որովհետև ՀՀԿ-ն էլ վստահ է, որ այսօրվա ու վաղվա քաղաքական տիտանն է մնալու, իսկ նավի ղեկապետը` Սերժ Սարգսյանը: Իսկ ղեկապետի ոչ վաղ անցյալում, նոր Սահմանադրության հանրաքվեի գաղափարը շրջանառության մեջ դնելուց առաջ, իր` պետական առանցքային ոչ մի պաշտոնի չհավակնելու խոստումը «հեչ»-ացվո՞ւմ է: Սա՞ է ցուցանում ՀՀԿ-ի որոշելիք աղերս-պաղատանքների` Սերժ Սարգսյանին ուղղված տարբերակի հավանականությունը:

Լավ, ասենք մյուս տարբերակն էլ կա, որպեսզի ղեկապետն իր խոսքից ետ չկանգնի, այսինքն` ըստ խորհրդարանական վերջին բառամթերումների, նրա պաշտոնական այդ հայտարարությունը չհամարվի բստըրածին կամ եթերամետ, նա վարչապետի պաշտոնը վստահաբար հանձնում է Կարեն Կարապետյանին, բայց տրամաբանական հարց է ծագում, թե դա ի՞նչ կփոխի: Պարզից էլ պարզ է, ենթատեքստում կստացվի այնպես, որ կառավարության «կուրսղեկը» դարձյալ կմնա երկրի արդեն չանցողիկ նախագահը, որ նույնն է, թե` ՀՀԿ հավերժ նախագահը: Վարչապետի ներկայիս պահվածքն էլ, այս պարագայում նման է «մինչև եկող տարի` սպասեմ ստացվող ազդակների» վիճակին, չնայած պաշտոնում մնալու ներքուստ «դրայվոտ» ցանկությանը, որն առերևույթ մեղմ ելևէջումներով է միայն դրսևորում: Քաղաքական կոռեկտությունը բավարարում է նրան կռահել, որ «վեր-վերի» պարելն այս դեպքում անհամատեղելի է:

Ակամա հիշեցի Լոլիտայի աներկյուղ երանգով հնչող երգը, երբ ասում է, թե խոսքեր պետք չեն և խուճապ պետք չէ, քանի որ սա իր վերջին օրն է «Տիտանիկի» վրա: Ոտնամաններն ընթացքում հանելով` ասես օվկիանոսը ծնկներից հետ է, Լոլիտան էնքան հավեսով է երգում, որ քեզ` «Տիտանիկի» ուղևոր պատկերացնողիդ էլ, ադրենալինով ապրելու ներշնչանք է բերում: Իսկ ադրենալինը երբեմն ավելորդ չէ կյանքում: Այն երբեմն դրդում է անել այն, որ այլ պարագայում դժվար թե անեիր: Հասկանալի է, որ յուրաքանչյուրս էլ կյանքի «ետնախորշերում» ունենք մեր` այս կամ այն վարմունքից մնացած «աղբահետքը», որի մաքրմանը` կախված կյանքի մեր վերաիմաստավորումից, մի օր ինքներս մեզ ստիպելու ենք ձեռնամուխ լինել, չէ՞ որ սանիտարական տեսանկյունից, այդկերպ մենք կազատենք ուրիշներին դրա հետ շփվելու անհեթեթ, անիմաստ ու չպատճառաբանված պատահականությունից: Եվ ինչո՞ւ ոչ`այդպիսով ծանր բեռ գցած կլինենք մեր ուսերից:

Լուսանկարում պատկերված աղբատար մեքենայի անվադողը հենց աղբարկղերի մոտ էր խրվել ցեխի մեջ: Բայց դա դեռ խորտակում չէր, վիճակը շտկելը դժվար չէր: Վարորդն էլ հասկանալով, որ ավելորդ է այսպիսի վիճակում մեքենային «տանջելը», որոշել էր հանգիստ թողնել ու սպասել հիմնարկից ուղարկված օգնությանը: Հետաքրքիրն այն էր, որ աղբն արդեն բարձած էր ու այլ բան չէր մնում, եթե ոչ օգնության սպասելը: Երևի նաև բարձած աղբի ծանրությունն էր նպաստել մեքենայի խրվելուն: Ես, երբ ականատես եղա այս վիճակին, մտածեցի, որ օգնությունը չի ուշանա: Այդպես էլ եղավ, երբ որոշ ժամանակ անց նույն ճանապարհով ետ էի դառնում, հուրախություն ինձ, տեսա, որ աղբատարն արդեն այնտեղ չէր: Դե, լավ է, մտածեցի, լավ է, որ մեքենան ստիպված չի եղել «գիշերել» այսպիսի տհաճ վայրում` օգնությունը, բարեբախտաբար, հասել է ու մնում է երևակայել` ոչ շատ ուշացումով:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,088