Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն ամենաակտիվն է եղել ⋆ «Շրջապատ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն ամենաակտիվն է եղել

Ավարտվեցին ազգային ժողովի 6-րդ գումարման 4 նստաշրջանները: Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորների գործունեությունը դիտարկվել և վերլուծվել է անկախ և պաշտոնական մոնիթորինգներով:

Ըստ մոնիթորինգների արդյունքների, մարզի ամենաակտիվ պատգամավորը Վարդևան Գրիգորյանն է, ով ամենաշատ ելույթներ, հարցեր և նախաձեռնություններ է ունեցել, պարտաճանաչությամբ և բացակայությունների ամենացածր թվով նույնպես առաջատարն է:

Պատգամավորի գործունեության ընթացքում Շիրակի մարզն իր խնդիրներով միշտ եղել է ուշադրության կենտրոնում: Նա անդրադարձել է թանկացումներին, հարկային խստացումներին, աղետի գոտու հիմնախնդիրներին, մասնավորապես, անօթևանության խնդրին, Գյումրու վթարային շենքերին, աշխատատեղերի հիմնախնդրին, ոռոգման ջրի սակագնի նվազեցմանը, Շիրակի մարզի մի շարք գյուղերի դպրոցների անմխիթար վիճակին, խմելու ջրի, ճանապարհների և բազում կարևոր այլ հարցերի:
Ներկայացնում ենք Վարդևան Գրիգորյանի հաշվետվությունն ամբողջությամբ:

«Անցած 4 նստաշրջաններում իմ ղեկավարած մշտական հանձնաժողովն աշխատել է արդյունավետ և ծանրաբեռնված` օգտվելով խորհրդարանական և հանձնաժողովական աշխատանքի բոլոր գործիքներից:

Հանձնաժողովում քննարկվածներից ամբողջությամբ ընդունվել են 24 նախագծերի փաթեթներ, որոնց մեջ կատարվել են ընդհանուր առմամբ 64 օրենքների փոփոխություններ: Նախագծերի մեծ մասում հանձնաժողովի կողմից արվել են առաջարկություններ, որոնք ընդգրկվել են օրենքների նախագծերում:

Առաջարկություններ են արվել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Պետական շինարարության և տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման հանձնաժողովի և Ագրարային քաղաքականության, բնական պաշարների և բնապահպանության մշտական հանձնաժողովի կողմից ուղարկված մոդելային օրենքների մեջ և ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր առաջարկություններն ամբողջությամբ ընդգրկվել են օրենքների նախագծերում:

Կարևորում եմ «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի փոփոխությունը, որը, ճիշտ է, բնապահպանները քննադատեցին, սակայն արդյունքում երաշտի տարում հնարավորություն ընձեռնվեց ջրի դեֆիցիտը մեղմել և հազարավոր հողօգտագործողներ վայելեցին սեփական աշխատանքի պտուղները:

Կարևոր եմ համարում «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ինչի արդյունքում մենք հնարավորություն կունենանք անդամակցելու Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանը և այդ առումով կունենանք նոր հնարավորություններ և արտոնություններ:
Փոփոխություններ արվեցին «Սննդամթերքի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին» և հարակից օրենքներում, որոնց արդյունքում սահմանվեց սպանդանոցային պարտադիր մորթը, ինչն, ըստ էության, կերաշխավորի առողջ և անվտանգ մսամթերքի օգտագործումը բնակչության կողմից:

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքին մեր տված հավանության շնորհիվ մինչև 2021 թվականը սահմանամերձ համայնքների բնակիչները կշարունակեն օգտվել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի դիմաց վճարումների արտոնություններից:

Արժանահիշատակ են հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները և աշխատանքային քննարկումները, որոնց թեման էր Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհներից, անտառային հրդեհներից և «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հետո ստեղծված իրավիճակը և ձեռնարկվող քայլերը:

«ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները», «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ պարտադրա՞նք, թե՞ այլընտրանք» և Սևանա լճի հիմնախնդիրները թեմաներով խորհրդարանական լսումների քննարկումները եղել են շահագրգիռ, ակտիվ, պատգամավորները և քաղհասարակության ներկայացուցիչները հանդես են եկել հարցադրումներով:

Հանձնաժողովն արտագնա խորհրդակցություններ է կազմակերպել Դիլիջանի խոշորացված համայնքում, Շիրակի և Վայոց Ձորի մարզերում:

Հանձնաժողովն ամփոփեց տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների բյուջետային ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշների մշակման ընթացիկ տարվա աշխատանքները: Այստեղ նույնպես հանձնաժողովի անդամները հայեցողական դիրք չեն գրավել, այլ ակտիվ մասնակցել են այդ ցուցանիշների քննարկմանը: Ամփոփեցինք նաև 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները, տվեցինք գնահատականներ:

Որպես պատգամավոր՝ հեղինակել եմ մեկ, համահեղինակել 5 օրենսդրական նախաձեռնություններ»:

print
3,479