Ազգային մշակութային արժեքներ ստեղծողը պետք է պետական հովանավորության ներքո գտնվի ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Ազգային մշակութային արժեքներ ստեղծողը պետք է պետական հովանավորության ներքո գտնվի

Հարցազրույց Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

— Պարոն Կարապետյան, քանի գնում, այնքան վիրտուալ աշխարհն ավելի ու ավելի է կլանում անհատին, համաշխարհային սարդոստայնն ավելի ու ավելի լայնամասշտաբ է իր ցանցը գործում, և այս ֆոնին հետաքրքիր է իմանալ Ձեր՝ որպես ստեղծագործ մտքի հետ առնչվողի գնահատականը. այսօր ի՞նչ պատկեր ունենք ձևավորված՝ ինչպիսի՞ն է ընթերցասերը:

— Երդվյալ ընթերցասերը մնում է հավատարիմ, ինչ էլ, որ լինի, և որքան էլ Ձեր մատնանշածը ճշմարտացի է, այդուամենայնիվ, իրական ընթերցասերը գրքի հետ իր հաշտ հարաբերությունները չի խզի: Ուրիշ բան է, երբ կային ժամանակներ, որ գրքերը տպագրվում էին 5-10 հազար տպաքանակով, և մարդկանց մեծամասնությունը գիրք գնում էր, որպեսզի համալրեր անհատական գրադարանները՝ ետ չմնալով մեկը մյուսից: Մի մասի համար մատչելի չէր ավելի շքեղ կազմով հաստ գրքերը, որոնք ձեռք էին բերվում անգամ ընթերցանության հետ կապ չունեցողների կողմից, իսկ մի մասն էլ իրեն ամեն ինչից զրկում էր, որպեսզի բավարարեր ընթերցասիրության իր անհագ ծարավը: Հիմա, խոսելով այսօրվա մասին, ասեմ, որ մարզային գրադարանի հետ սերտ համագործակցության մեջ ենք, և հաճելիորեն զարմացած եմ, երբ իրենց կողմից տեղեկանում եմ, որ տարեց տարի ավելանում է ընթերցողների թիվը, և դա ոչ միայն տեխնիկական գրականության, այլ գեղարվեստական գրականության հանդեպ ունեցած հետաքրքրությամբ է պայմանավորված, հատակապես երիտասարդության շրջանում: Այս խոսքերիս զուգահեռ Ձեր դեմքին զարմանք նկատեցի, բայց հավատացեք՝ գրադարանը ոչ մի շահ չունի, որպեսզի այս տեղեկությունը ճոխացներ: Ներկայում էլ բավական մեծ թվով գրքեր են տպագրվում, որոնց մի մասը չգիտես ինչի՞ համար է, ում համար է: Եվ այս ֆոնին մնում է ընթերցողը կողմնորոշվի, թե ինչ է ուզում ընթերցել, ինչն իրեն կհագեցնի: Իմ օրինակով ասեմ. ասենք, տարվա մեջ շուրջ 100 գիրք եմ նվեր ստանում, ու պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ մոտ 60 տոկոսը չեմ ընթերցել: Իհարկե, թող տպավորությույն չստեղծվի, թե չեմ ընթերցում ինչ-ինչ պատճառներով, այլ լոկ այն, որ երբ բացում, առաջին մի քանի էջն ընթերցում եմ… մի կողմ եմ դնում: Մինչդեռ գրական արժեքներ կան, որոնք չենք կարողանում տպագրության հանձնել, որովհետև ֆինանսներ չկան:

— Մինչ ֆինանսական հնարավորություններից խոսելը, կուզենայի լսել Ձեր կարծիքը. ժամանակակից կյանքում ընթերցողն ի՞նչ է նախընտրում ընթերցել:

— Շատ ցածր է գիրք գնողի թվային ցուցիչը: Իսկ երբ որևէ միջոցառում, երեկույթ կամ շնորհանդես է լինում, շատերն են ուզում, որ գիրք ընծա ստանան, և դա անկախ այն բանից՝ այդ գիրքն իրենց նախասիրություններից է, տանում են՝ կարդալո՞ւ, թե՞ դնելու են այլ գրքերի կողքին՝ առանց առաջին էջը բացելու: Ես մի պարզ ճշմարտություն գիտեմ, որ բարձր գրականությունը միշտ էլ քչերին է հասու եղել: Անցյալ ժամանակներում լրիվ այլ էր մոտեցումները, կար մի ընդհանուր բանաձև, հասարակական պահանջ՝ դաստիարակության, կրթվածության: Ես իմ ամենասիրած գրքերից մի երկուսի մասին ասեմ. Մարկեսի՝ «Հարյուր տարվա մենությունը», «Նահապետի աշունը»: Կուզենայի, որ շատերը կարդային: Ի՞նչ էի անում. բացի այն, որ իմ անձնական գրադարանում ունեի այդ գրքերը, «Բուկինիստական»-ից գնում էի դրանց օրինակներից ու տալիս էի մարդկանց, որ կարդան: Այսինքն, հիմա, որ փետրվարի 19-ը «Գիրք նվիրելու օր» են հայտարարել, ես դա դեռ անցյալ ժամանակներում էի անում: Ես դա անում էի, որպեսզի մարդկանց մեջ ընթերցողի ճաշակ ձևավորեի, հետաքրքրություն առաջացնեի բարձրաճաշակի հանդեպ: Ես խորհուրդ էի տալիս. եթե փորձեք գոնե մի 30 էջ ընթերցել, ապա դա արդեն ձեր գիրքն է, ձեռքից ցած չեք դնի:

— Այսօր շատ գրողներ հնարավորություն չունեն իրենց գրքերն ինքնուրույն հրատարակել, հետո՝ վաճառել: Հիմնականում Մշակույթի նախարարության կամ հովանավորների աջակցությամբ է հնարավոր դարձել գրքի հրատարակումը: Բայց, ցավոք, պետական կառույցի ու գրողի միջև նմանատիպ հարաբերությունների կապն էլ կտրվեց՝ բարդացնելով իրավիճակը…

— Պիտի դարձյալ ամենացավոտ խնդրին անդրադառնամ՝ հայտարարելով, որ վերջին երկու տարիներին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ու մշակույթի նախկին նախարարի ձեռամբ դադարեցվել էր գրքերի տպագրության պետական աջակցությունը: Մենք՝ գրողներով, տարբեր հարթակներում տարբեր հոդվածներով հանդես եկանք, ճիշտ է, մտավորականները մեզ չմիացան, ու մենք մնացինք մենակ: Թեև, եթե կառավարությունը մի բան որոշում է, այլևս անիմաստ է դրա դեմ քայլեր ձեռնարկելը, ինչպես հիմա, երբ Մշակույթի նախարարությունը փակեցին, շատ մարդիկ ոտքի կանգնեցին, բայց ոչինչ չկարողացան անել: Ու հիմա չկա պետական աջակցություն, չկա հնարավորություն, մենք այս «նոր Հայաստան, նոր իրականություններում» նոր կառավարությանը ևս դիմեցինք, ու ոչ մի արձագանք չստացանք, մնացինք առանց աջակցության: Կամ ստացանք պատասխան, թե ֆինանսներ չկան, մինչդեռ վերջերս աղմուկ բարձրացրած  պարգևավճարների որոշ հատվածներում «աստղաբաշխական» թվերն իմանալով, ակամայից հարցնում ես. «Բա ասում էիք՝ փող չկա՜»…

— Եթե մտավորականները միանային ձեզ, միգուցե հնարավոր կլինե՞ր մի բան անել: Չնայած, ըստ իս, այսօր մտավորականության մեծ մասն ազատ չէ ու ակտիվ չի կարող լինել:

— Եթե մտածում եք, թե փողոց փակելով հնարավոր կլիներ այս հարցը կարգավորել՝ չեմ կարծում: Մտավորականի բողոքի համար կա տարբեր հարթակներ: Ես հոդվածներով եմ հանդես եկել, գոնե իմ սրտի խոսքն այդպես արտահայտելով ու բողոքիս ձայնը հասցնելով մինչև նախարար: Բայց ի՞նչ… Հիմա «Շիրակ» հեռուստաընկերությունը որոշեցին փակել, կարծում եք, բողոքելով բա՞ն կփոխվի:

— Այս դեպքում, Դուք ի՞նչ լուծումներ եք տեսնում:

— Ես ընթերցողին թիրախավորելու այլ գործողություն էի մշակել: Քանի որ շատերը գիրք չէին գնում ու բնավ տեղյակ չէին ժամանակակից գրողից, ու շատերը հեռուստատեսությունից են օգտվում, նույն «Շիրակ» ՀՌԸ-ի հետ մենք գրողների կյանքին ու գործունեությանը նվիրված թվով 12 ֆիլմ-էսսեներ նկարահանեցինք, ու պետք է ասեմ, որ բավական մեծ արձագանք ստացանք: Մենք վերջին երեք տարիներին Արարատ Մկրտումյանի անվան մրցանակ ենք սահմանել, ու տարեկան հաշվետու միջոցառմանը շատ լուրջ ժյուրիի կազմի ընտրությամբ շատ լուրջ ստեղծագործողներ ենք հայտնաբերել: Մինչդեռ, կան լուրջ ստեղագործողներ, արժեք ստեղծողներ, որոնց որ պետությունը պետք է առներ իր հովանավորության ներքո: Մշակույթի գործչի ստեղծագործությունը գնահատողը ոչ պակաս մշակույթի գործիչ պետք է լինի: Ես պատահական չնշեցի մեր «Գրողների միության» կողմից սահմանված Արարատ Մկրտումյանի անվան մրցանակաբաշխությունը, որի ժյուրին բավական բարձր մակարդակում գտնվող ստեղծագործողներ են: Դուք պատկերացրեք, մինչև 31 տարեկանների մեջ գտնում ես գանձեր, որոնց ստեղծածը պետք է որպես արժեք մնայուն դարձնես, իրենց հնարավորություն ընձեռնես ճանաչում ձեռք բերելու՝ որպես արժանի հեղինակներ: Նույնկերպ կարող էր մշակույթի նախարարությունը վարվել, բայց արեց այն, ինչ արեց, ու դրա համար էլ փակվեց…

— Պարոն Կարապետյան, տեսեք, Երևանի գրախանութները ծփում են ճոխ կազմերոով բազմանուն հեղինակների գրքերով, իսկ մարզայինները նման հնարավորություն չունեն, կամ եզակիներին է դա հաջողվում:

— Ես կկրկնվեմ, բայց գտնում եմ, որ ազգային, մշակութային արժեքներ ստեղծողը պետք է պետական հովանավորության ներքո գտնվի: Երևանում կա հրատարակիչ, որը նախարարության հետ խողովակ ունենալով, ընտրում է ում գործերն է հրատարակելու, շքեղ գրքեր են հրատարակում, կարողանում է ցանցային վաճառք կազմակերպել: Դա նրանց հաջողվել է, իսկ թե ինչպե՞ս, դա կարևոր չէ: Իսկ մենք մեր չունեցած հնարավորություններով փորձում ենք անել ավելին, որպեսզի ստեղծագործող ոգին չթևաթափվի, չհուսահատվի, փորձում ենք «զրո» միջոցով արդյունք գրանցել: Իսկ արդյունքն այն է, որ լուրջ ստեղծագործող սերունդ ենք հայտնաբերում, նրանց փայլելու արեալ դուրս բերում, մեր գրական «Եղեգան փող» թերթում ենք տպագրում գործերը… Մեր ունեցածն էլ այն է, ինչ ունենք:

— Այնուամենայնիվ մի «բայց» ուզում եմ նշել. որ ասում են՝ մենք ընթերցասեր ենք, ես մեզ համեմատում եմ այլազգիների հետ՝ ռուսների, ուկրաինացիների, անգլիացիների… Մենք, իրո՞ք, ընթերցասեր ենք:

— Նրանք սիրում են, իսկ մենք՝ պաշտում…

print
255