Ակնաբուժությունը պետպատվերից հանված չէ ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակնաբուժությունը պետպատվերից հանված չէ

«Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արտյոմ Դիլանյանն ահազանգել է «Շրջապատին», որ իր աչքը կուրությունից փրկելու համար իրեն ֆինանսական միջոցներ են հարկավոր: Ըստ նրա, մի աչքը 3 տոկոս տեսողություն ունի: Տեսողության այս չնչին տոկոսն հնարավոր է պահպանել Երևանի «Մալայանի անվան ակնաբուժական» կենտրոնի» միջամտության շնորհիվ:

«Ես ունեցել եմ աչքի տեսողական լուրջ խնդիր: Վերջերս զգացել եմ, որ վիճակն ավելի է վատանում: Դիմեցի «Գյումրի» բժշկական կենտրոն: Այստեղ հետազոտվելուց հետո ինձ ասացին, որ աչքի եղջերաթաղանթի լուրջ մաշվածություն ունեմ, անհրաժեշտ է շտապ դիմել «Մալայանի ակնաբուժական կենտրոն»: Այնտեղ էլ ծառայությունը վճարովի է: Թեև ես առաջին կարգի հաշմանդամ եմ, սակայն ինձ ասել են, որ ակնաբուժությունը ՀՀ-ում պետպատվեր չունի: Մարդիկ կան, ովքեր չեն կարողանում տեղաշարժվել, սակայն ես կգերադասեմ լինել սայլակին գամված, բայց ունենալ նորմալ տեսողություն»,- մեզ հետ զրույցում ասաց Ա.Դիլանյանը:

Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունուն:

«Ակնաբուժությունը պետպատվերից հանած չէ, պարզապես «Մալայանի կենտրոնը» պետպատվեր չունի: Իր պոլիկլինիկայից թող ուղեգիր տանի՝ Երևանի 8-րդ հիվանդանոցում բուժվելու համար, այնտեղ պետպատվեր կա»,- խորհուրդ տվեց Մեսրոպ Բզնունին:

Վերջինս հավելեց, որ սեպտեմբերից «Գյումրի» ԲԿ-ում  «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում կրկին աչքերի անվճար  վիրահատություններ են իրականացվելու: Ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ովքեր ունեն հաշմանդամության կարգ, ինչպես նաև կարիքավորության միավոր:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print
407