Ակսակալները կայացրին իրենց դատավճիռը... մահապատիժ ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակսակալները կայացրին իրենց դատավճիռը… մահապատիժ

Խղճի ազատությունը մարդու իրավունքի միջազգայնորեն ճանաչված դրույթներից մեկն է, ու դա ամրագրված էր անգամ աթեիզմը որպես հիմնական գաղափարախոսություն թելադրող ԽՍՀՄ սահմանադրությունում: Խորհրդային պետությունում բոլոր ազգերի ներկայացուցիչները կարող էին դավանել իրենց կրոնը, բայց դա, ինչպես ասում են, չէր խրախուսվում պետության կողմից, այն պարզ պատճառով, որ պրոլետարիատի առաջնորդը կրոնին իր բնութագիրն էր տվել. այն թմրամիջոց է ժողովրդի համար:

Ետխորհրդային տարիներին իրավիճակն այլ էր` բոլորն ազատ էին իրենց դավանանքի ընտրության հարցում: Մարդիկ կարող էին դավանել այն կրոնը, որն իր էությանն ավելի մոտ էր: Ընդհուպ նաև այն, որը սեփական ազգի գիտակցության մեջ նստած էր իբրև թշնամական կրոն: Ասենք` մահմեդականի համար մահացու մեղք է կրոնափոխ լինելով, ընդունել քրիստոնեությունը: Բայց իրականությունն այն է, որ նույնիսկ անկախ այն սպառնալիքից, որ դավանափոխն աններելիորեն իր ազգության մեջ դավաճանի խարանին կարժանանա, այդպիսի երևույթներ լինում են:

Դավանափոխության այդպիսի մի պատմություն օրերս իմացա, երբ պատահմամբ ծանոթացա ազգությամբ չեչեն Թեմուրի Ցաթիաշվիլիի հետ, երբ նա մի առիթով այցելել էր Գյումրի: Թեմուրի Ցաթիաշվիլին ծնվել է Վրաստանի Կախեթի շրջանում, որտեղ դարերով չեչեններ են բնակվում: Իսկ ազգանունը վրացականի նմանություն ունի, որովհետև, ասում է, թե խորհրդային տարիներին Վրաստանում ներքին պարտադրանք է եղել այլ ազգությունների պատկանող ժողովուրդներին իրենց պապենական ազգանուններին վրացական «հնչողություն» տալ: Մահմեդական Թեմուրին 38 տարեկան է, չորս զավակների հայր, ներկայում նրա ընտանիքն ապրում է Թբիլիսիում: Արդեն 20 տարի է, ինչ նա քրիստոնեություն է ընդունել` խորապես գիտակցելով, թե դա ինչպիսի ատելությամբ կընդունվի, իսկ ավելի շուտ` չի ընդունվի իր ազգակիցների կողմից:

Գյուղում գաղտնի չես պահի այսպիսի արտառոց դեպքը, իսկ մյուս կողմից Թեմուրին ինքն էլ չի թաքցրել դա: «Մեզ մոտ, երբ հանցանք են գործում, ընդունված չէ, որ  մարդիկ իրավապահ մարմիններին դիմեն` բոլոր հարցերը լուծվում է համայնքի ավագների` ակսակալների հավաքի ժամանակ,- ասում է նա,- իմ «հանցանքի» պատիժն էլ պետք է որոշեին ակսակալները: Նրանք կայացրին իրենց դատավճիռը` մահապատիժ: Ուս ես ստիպված էի գյուղից հեռանալ: Երկու ամիս շարունակ, 20կմ ճանապարհ կտրելով, գալիս էի մեր տուն, բայց հայրս ինձ շեմից վռնդում էր: Հետո նա համաձայնեց ինձ ներել մի պայմանով, եթե ես ներքուստ քրիստոնյա մնամ, բայց չհայտարարեմ այդ մասին ամենուր: Ես դա խոստացա նրան: Բայց ինչպե՞ս կարող է քրիստոնյան ապրել` առանց Ավետարանի խոսքը տարածելու: Կարողացա ընդամենը երեք ամիս զսպել ինձ, որ չխոսեմ: Կարճ ասած` խոստմանս տերը չեղա, անհնար էր ծածուկ քրիստոնյա լինել: Բայց, միևնույն է, հայրս բարի գտնվեց իմ հանդեպ: Գիտե՞ք, այսպես է մեր ադաթը` երբ ակսակալները մահվան վճիռ են կայացնում մեկի նկատմամբ, նրանք պետք է ստանան ծնողի համաձայնությունը: Հայրս չտվեց իր համաձայնությունը»:

Թե ինչպես Թեմուրին ընդունեց քրիստոնեությունը, այսպես է նկարագրում. «Ես համոզված եմ, որ աշխարհի վրա ապրող ցանկացած մարդ, երբ կանգնի Աստծո առջև, պետք է անկեղծ լինի: Մի անգամ ես դիմեցի Արարչին, ում անվանում էի Ալլահ: Ասացի, որ իմ լավ ընկերները քրիստոնյա են, մի՞թե այն պատճառով միայն, որ նրանք քրիստոնյա են, պետք է դժոխք գնան, ինչո՞ւ է այդպես: Ասացի՝ նրանք լավ մարդիկ են և արժան չեն դրան: Երբ ես լսում էի նրանց քրիստոնեական զրույցները, հասկանում էի, որ նրանք ճիշտ են ասում, իսկ մահմեդականները` այլ բան, ու մտածեցի, թե ուրեմն որտե՞ղ է ճշմարտությունը: Չէ՞ որ այն պետք է միակը լինի: Եվ ես Աստծուն ուղղված իմ աղոթքում խնդրեցի, որ ինձ ճշմարիտ ուղի ցույց տա: Երբ ծնկաչոք աղոթում էի, այդ պահին մարմնովս մեկ գետնին փռվեցի: Չէի հասկանում, թե ի՞նչ է կատարվում հետս: Այնուհետև ինձ տեսիլք եկավ. սար էր` գագաթին երեք խաչ: Մեջտեղում` մեծ, երկուսը` փոքր: Եվ ես լսեցի` Հիսուս Քրիստոսը ճշմարիտ կյանքն է, որ տանում է առ Աստված: Քաղցր, աներկրային ձայնն ինձ ասաց. «Ես քեզ սիրում եմ»: Ես, որ ամբողջ կյանքումս երկյուղել եմ Աստծուց, համոզված եղել, որ Նա պատժող Աստված է, հասկացա, որ բնավ այդպես չէ` Նա բարի է: Երբ ես խաղաղվեցի, իմ բանականությունը ամբողջովին փոխվեց: Ես, որ մինչ այդ Իսլամի նկատմամբ ոչ մի կասկածներ չունեի, այժմ համոզվեցի, որ Քրիստոսն է ճշմարիտը: Իմ կյանքը դրանից հետո փոխվեց»:

Քրիստոնեությունն ընդունելուց հետո, Թեմուրին որոշել է դառնալ նահատակ. «Ես այնպես էի վարվում, որ թույլ տամ ինձ սպանեն ազգակիցներս, բայց Աստված ինձ փրկում էր մահից: Այնուհետև հասկացա, որ Աստծուն կենդանի եմ պետք, որպեսզի վկայեմ Նրա հանդեպ իմ սերը, որպեսզի ծառայեմ Նրա համար: Ես ապրում եմ այնպես, որ իմ կյանքի ամեն վայրկյանով ծառայեմ Աստծուն»:

Նա պատմում է նաև, որ ի տարբերություն իր ազգի մյուս անդամների, իրեն թշնամաբար չէր վերաբերվում հորեղբոր որդին: «Էությամբ շատ բարի մարդ էր, ինձ իրենց տուն էր հրավիրում, սեղան էր գցում, պատվում: Ես ամաչում էի, սեղանին չէի մոտենում, իսկ նա նախատում էր՝ ասելով, թե իրեն չեմ հարգում: Հետո այնպես եղավ, որ նրան վրացիները «քաշեցին», ու նա ստիպված էր բանտում անցկացնել մի քանի տարի: Իսկ երբ դուրս եկավ, աշխատանք չէին տալիս՝ պատճառաբանելով, թե դատվածություն ունի: Ու նրա մեջ արթնացավ գազանը, հորն ասաց. «Վերջ, գնում եմ Ալլահի ետևից», ու գնաց վահաբիստ դառավ: Հիմա մարդ է սպանում: Ցավում եմ նրա համար: Ես նրան չեմ արդարացնում, բայց պետք չէ մարդուն ատելությամբ շրջապատել: Ամեն մարդ չէ, որ կարող է համբերատար լինել»:

Իսկ, թե ի՞նչ է կարծում Թեմուրին ներկայիս Չեչնիայի մասին, որտեղ տարիներ առաջ ռուսների դեմ անզիջում պատերազմում էին իր հայրենակիցները, իսկ այժմ խաղաղություն է հաստատվել գործող նախագահ Ռամզան Կադիրովի ջանքերով, ասաց. «Կարծում եմ, որ երբեմն, որպեսզի ժողովուրդը փրկվի, պետք է հպարտությունը մի կողմ դնել, խոնարհել գլուխը: Տվյալ դեպքում` նա գլուխը խոնարհեց, որպեսզի ժողովուրդը խաղաղ ապրի: Իմ երեք եղբայրներն էլ, լինելով Վրաստանի քաղաքացիներ, այն տարիներին երբևէ մտադրություն չեն ունեցել մեկնել Չեչնիա և մասնակցել այդ պատերազմին»:

Թեմուրին իրեն երջանիկ ամուսին ու հայր է համարում: Գոհանում է Աստծո տված շնորհով ու այն խաղաղությամբ, որը տիրում է իրենց ընտանիքում: Իսկ ինձ մի պահ թվում է, որ նրա հայրը մի ժամանակ ակսակալների` որդուն սպանելու արձակած վճռին դեմ է գնացել նաև այն պատճառով, որ ոչ միայն անչափ սիրելի զավակին կկորցներ, այլև, ինչպես իրենց կարգն է, մահապատիժը ստիպված կլիներ իրականացնել Թեմուրիի եղբայրներից մեկը:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
2,331