Ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններն առաջին տեղն են գրավում ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններն առաջին տեղն են գրավում

Սրտի անխափան աշխատանքն ու արյունատար անոթների նորմալ գործունեությունը, կարելի է ասել, առողջության գրավականն են: Եթե անոթային համակարգում խանգարումներ են առաջ գալիս, ապա առաջանում են տարբեր հիվանդություններ: Հաշվի առնելով մեր կենսակերպը՝ ժամերով համակարգիչների դեմ նստակյաց աշխատանք, կամ՝ օրվա բացարձակ մեծ մասը ոտքի վրա մնալը, խաթարված էկոլոգիան, մարդկությունից անպակաս սթրեսն ու վատ սովորությունները հանդիսանում են անոթային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառները: Արյունատար անոթների ախտահարումները մեր դարի ամենավտանգավոր հիվանդություններից են, որոնք հաճախ զրկում են մարդուն շարժվելու կարողությունից:

Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, անոթային վիրաբույժ ՍՈՒՐԵՆ ԹՈՍՈՒՆՅԱՆԻ հետ:

Բժիշկ, արդեն չեմ հարցնի ու չեմ սպասի, որ Դուք փաստեք, թե որքան են տարածված ստորին վերջույթների անոթային ախտահարումները, քանզի ոչ մասնագետ աչքերով ամեն երրորդ կնոջ մոտ նկատելի են անոթների արտահայտված կամ թեկուզ հազիվ նշմարելի վնասվածքներ:

— Այո, ես կփաստեմ, որ այդպես է. ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններն առաջին տեղն են գրավում՝ հիվանդացության և մահվան առումով: Ու այնպես չէ, որ տարիների ընթացքում տոկոսը պակասում է, այլ՝ հակառակը… Տղամարդկանց մոտ գերակշռում է զարկերակային համակարգի հիվանդությունները՝ սրտի իշեմիկ հիանդությունը, զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումը, դիաբետիկ անգեոպատիաները: Իսկ կանանց մոտ գերակշռում է երակային համակարգի հիվանդությունները՝  կապված հղիության, ծննդաբերության հետ…

Նաև ավելորդ քաշի

— Այո, ավելորդ քաշն այդ թվում բերում է ստորին վերջույթների, երակների վարիկոզ լայնացման, ուշ փուլերում նաև առաջանում են տրոֆիկ խոցեր, վարիկոզ էկզեմա, թրոմբոֆլեբիտներ:

Չեմ կարող չհարցնել. անոթները մարդու ողջ օրգան համակարգում են առկա, սակայն ավելի հաճախ խոսում ենք ստորին վերջույթների անոթների ախտահարումից:

— Ճիշտ հարց եք տալիս: Ամբողջ կենդանական աշխարհում ստորին վարիկոզ հիվանդությունները միայն մարդկանց մոտ է, դա կապված է մարդու ուղղաձիգ կեցվածքից: Վերջույթներում արյան հոսքը պետք է դիմագրավի գրավիտացիոն ճնշմանը, և այդ ճնշումը հաղթահարելով նոր կարող է հասնել սիրտ: Այդ պատճառով ստորին վերջույթներում միշտ առաջանում են երակային գերճնշման պատկերներ, և այդ գերճնշումը տարիների ընթացքում կարող է բերել ստորին վերջույթների կանգային այտուցների և երակների վարիկոզ այտուցման:

Այն, որ նշմարելի է ոտքերին, դա արդեն երակների վնասվա՞ծք է:

— Համարյա այդպես է, երակների վարիկոզ լայնացման հետևանքով մազանոթային ցանցի այտուցվածություն և, երբ փոքր լայնացած մազանոթը պայթում է, արդեն առաջ է գալիս արյան զեղումներ՝ հեմատոմաներ, և արդեն այն երևում է:

Այդպես արտահայտված է, որովհետև ենթամաշկային հատվածո՞ւմ է գտնվում:

— Հեմատոմաներ լինում են ցանկացած հյուսվածքում, բայց մեզ տեսանելի են, բնականաբար, ենթամաշկային երակների արյունազեղումները. անմիջապես մաշկի տակ է լցվում արյունը: Բայց հեմատոմաներ լինում են նաև ներքին օրգաններում, որոնք ավելի վտանգավոր են, որոնք տեսանելի կլինեն լուրջ հետազոտությունների ժամանակ:

Իրո՞ք կենսակերպն անոթային հիվանդության պատճառահետևանք է:

— Կենսակերպը շատ մեծ նշանակություն ունի, նաև ժառանգական նախատրամադրվածությունը մեծ դեր ունի: Բոլորն էլ ինչ-որ աշխատանքով զբաղված են, ոտքերը գործածության մեջ են, բայց ոչ բոլորի մոտ է առաջանում երակների լայնացում: Ընդհանրապես, մի քանի գործոններ կան, որոնք բերում են ստորին վերջույթների ախտահարման. մեկը ժառանգական նախատրամադրվածությունն է, հետո կենսակերպն է, թե օրվա մեջ քանի ժամ է ոտքի վրա, որքանն է պասսիվ, որքանը շարժման մեջ: Մեր կարծիքով, երկար ժամանակ պասսիվ կամ երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալը բերում է կանգունության, մկանների ոչ բավարար աշխատանքը բերում է կանգերի: Այնպես որ, եթե ռեգուլյար ակտիվ շարժում ապահովվի, ապա այդքան բարդացումներից զերծ կլինենք:

Երակների լայնացման բուժման համար բազմաթիվ տնային բուժումների բաղադրատոմսեր են տարածված համացանցում, դրանք ընդունելի՞ են:

— Կան պրեպարատներ, որոնք բուսական ծագման են, որոնք էլ ազդում են երակի պատի էլաստիկության բարձրացմանը: Հետևող հարցը, թե որոշակի սննդակարգը դեր ունի՞ հիվանդության կանխարգելման կամ բուժման մեջ՝ ունի: Սակայն այստեղ պետք է նշեմ դոզավորության աստիճանը: Մարդը չի կարող կոնկրետ այնպիսի դոզայով սնունդ ընդունել, որը դրական ազդեցություն կարող է թողնել երակների, անոթների վրա: Այդիսկ պատճառով, բժշկի խորհուրդը՝ դեղերի ընդունման տեսակետով, դա արդեն մասնագիտորեն դոզավորված դեղերի չափի մասին է խոսում: Իսկ արտաքին ազդեցության բուժման նպատակին ծառայող խորհուրդները՝ պոմիդորի հյութ, չգիտեմ ինչ, դրանք բոլորն էլ, այո, նախնական շրջանում հնարավոր է, որոշակի ազդեցություն թողնում են, սակայն բարդությունների պարագայում, չէի ասի, թե նպատակահարմար են: Անոթների բուժման համար նախատեսված պրեպարատները դժվար են թափանցում ստամոքսա-աղիքային տրակտով և նույնն էլ պիտի ասեմ տեղային քսուկների մասին, որոնք նույնպես ակտիվ չեն ներթափանցում և ուղղակի ազդում անոթների վրա, այլ դրանք ընդամենը ժամանակավոր հանգստացնում են ցավը: Ճիշտը բժշկի խորհրդով ընդունվող դեղաչափն է:

Դուք մասնագիտությամբ անոթային վիրաբույժ եք. բնական է, որ պետք է խոսեմ վիրաբուժական միջամտություններից, նաև գիտեմ, որ շատ բարդ վիրահատությունների շարքին է դասվում:

— Այո, Գյումրիում անոթային վիրահատություններ միշտ էլ կատարվել են: Ես 2009թ-ից եմ այստեղ: Բարդ անոթային վիրահատություններ կատարելու համար անհրաժեշտ է լուրջ աշխատանքային թիմ, ցավոք, քիչ են մասնագետները: Նրանց, ում պատրաստել էինք, հեռացել են երկրից:

Ժամանակակից տեխնոլոգիաների սրընթաց զարգացումն անգամ հատել է ֆանտազիայի սահմանը. վիրաբուժական միջամտությունից զատ, լազերային, նանո տեխնոլոգիաների միջոցով անոթները բուժելը հասե՞լ է մեր երկիր:

— Ե՛վ հասել է, և՛ բավական բարձր մակարդակով բարդ վիրահատություններ են իրականացվում: Այսօր բաց վիրահատություններն աստիճանաբար գնում են փոքր ինվազիվ միջամտությունների, անոթային վիրահատությունների դեպքում՝ առավել ևս: Այսօր սրտի անոթների խցանման դեպքում մոտ 80 տոկոս վիրահատություններն արվում են էնդովասկուլյար մեթոդով, դրանք այն վիրահատություններն են, որոնք մենք կոչում ենք զոնդավորում՝ կորոնարոգրաֆիա, էնդովասկուլյար միջամտություններ՝ ստենտավորում, պրոտեզավորում, որպեսզի արյան հոսքը կարգավորեն: Բայց, ցավոք, սրանք շատ բարդ ու թանկ վիրահատություններ են, պետությունը չի աջակցում, իսկ հիվանդանոցն էլ ի վիճակի չի լինի ամենը ապահովել: Անոթային վիրաբուժության փոքր գործիքակազմը 3-4 հազար եվրո է կազմում, ինքներդ հաշվեք, թե որքան թանկ կարժենա փակ ցիկլ ապահովելը: Իսկ լազերային միջամտություն, մոտ 5 տարի է՝ այստեղ կատարում ենք, ես այն իմ միջոցներով եմ ձեռք բերել:

Զրուցեց՝ Ս.ՄԵԽԱԿՅԱՆԸ

print
451