Ամբողջ կյանքում մահվան հաշվեքարտը գրպանում պահպանած ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Ամբողջ կյանքում մահվան հաշվեքարտը գրպանում պահպանած

Հզոր ինտուիցիայով օժտված անհատի` իրենց անծանոթ մարդկանց մտքերը կռահելու ունակության մասին ասում են, թե երբեմն հասնում է մինչև 80 տոկոս ճշգրտության: Նրանք հասնում են մարդու էության թափանցման խորը շերտերը, բայց նրանցից ոմանց մոտ չի կարելի բացառել նաև հավանականության գործոնը: Նրանց շարքում կան, իհարկե, բախտախնդիրներ, ովքեր իրենց գուշակությամբ յուրահատուկ խաղի մեջ են մտնում միամիտ, դյուրահավատ մարդկանց հետ: Ու միայն բացառիկներն են, որ իրենց շնորհով ժամանակին հռչակվել են: Օրինակ` ՎոլՖ Մեսսինգի ցուցադրած արդյունքները պայծառատեսության ոլորտում ժամանակին հրաշքի տպավորություն են գործել: Վերջինիս ունակություններից օգտվել են անգամ Ստալինը, Բերիան, Խրուշչովը: Նրա անբնական թվացող ունակությունները գնահատել է նաև Հիտլերը:

Ես ճանաչում էի մի մարդու, ով տարիներ առաջ անձամբ ներկա է գտնվել Մեսսինգի սեանսներից մեկին, և մի առիթով պատմել է այդ մասին: 1970-ականներին Մեսսինգը ելույթ է ունեցել Լենինականի «Սպայի տան» դահլիճում: Զրուցակիցս այն ժամանակ 18 տարեկան է եղել. «Ելույթի տոմսը 1 ռուբլի 20 կոպեկ էր: Մեր ազգականը` նոմենկլատուրային կոմունիստ պաշտոնյա, հաջողացրել էր տոմս ճարել ու ինձ նվիրել` դրանով պարգևելով բացառիկ մարդու ելույթը տեսնելու հնարավորություն: Մեսսինգը մոտենում էր մարդկանց ու գուշակում, թե ինչ իրեր են գտնվում գրպաններում: Կարդում էր այդ պահին նրանց գլխում ծագած մտքերը: Նրա օգնականը` մի երիտասարդ կին, մեկընդմեջ ներկայացնում էր Մեսսինգի կյանքից ուշագրավ դեպքեր: Օրինակ, երբ պատանի հասակում Մեսսինգը «մահացել» է, իսկ մահը անվիճարկելի էր համարվել բժիշկների կողմից, նա, այնուհանդերձ, «որոշել» է արթնանալ այդ լեթարգիական կամ անհասկանալի քնից: Բժիշկներն ապշահար են եղել»:

Մեկ այլ դեպք էլ` երբ պատանի Մեսսինգը տատի գյուղ էր ուղևորվել գնացքով, հսկիչը մոտեցել է նրան և պահանջել, որ ցույց տա տոմսը: Որտեղի՞ց երեխային տոմս: Նա վախվորած ձեռքը տարել էր գրպանը և այնտեղից դուրս բերել պատահական թուղթ, որի վրա ոչ մի գրառում չի եղել: Հսկիչը զննել է թուղթը և, ասես իսկական տոմս ճանաչած լինելով, այն վերադարձրել էր պատանուն: Պատանի Մեսսինգին` իր հետ կատարված այս երկու դիպվածներն հուշել էին, որ ինքն արտառոց օժտվածության տեր է, ինչի մասին ինքը մինչ այդ պատկերացում չի ունեցել: Մեսսինգի օգնականը հանդիսականներին տեղեկացրել է նաև, որ նա ամբողջ կյանքում գրպանում է պահել այդ թղթի կտորն ու իր մահվան մասին հիվանդանոցի տված հաշվեքարտը:

Մարդիկ սովորաբար անբացատրելիի, անմեկնաբանելիի նկատմամբ առանձնակի վերաբերմունք ունեն և միշտ հիանում են, երբ դրանք հրամցվում են հենց իրենց աչքի առաջ ու ոչ թե զուտ պատմողական լեգենդների միջոցով, թեև շատ դեպքերում դա էլ է նրանց հաճույք պարգևում:

Դահլիճի հանդիսականներին Մեսսինգն առաջարկել է որևէ գրառում կատարել, իսկ նրանցից յուրաքանչյուրի զարկերակը շոշափելուց հետո, խոստացել բացահայտել գրության բովանդակությունը: Այդ տարիներին Լենինականում «Գեբելս» մականունով տաքսիստ է եղել: Նա հայտնի էր իր հայհոյական բառապաշարով: Մի խոսքով, բոլորը գիտեին, որ հայհոյախոս է Գեբելսը: Նա մոտեցել է Մեսսինգին ու թևը մեկնել նրան: Մեսսինգը շոշափել է նրա զարկերակն ու ասել. «Ինչպե՞ս չեք ամաչում, երիտասարդ»: «Գեբելսին» պարզ դարձավ, որ նա կռահել էր, թե ինչ է գրված թղթին: Իհարկե, այս անգամ էլ «Գեբելսի» երևակայությունը հայհոյանքից հեռու չէր գնացել: Նա ամաչկոտ կախել է գլուխն ու հեռացել:

Մեսսինգը դահլիճում մի կնոջ է նկատել ու անվրեպ ասել, թե նա այդ պահին ահավոր գլխացավ ունի, ապա հուսադրել, որ մի քանի րոպե անց գլխացավը կանցնի: Մի քանի րոպեից այդ կինն իսկապես խոստովանել է, որ ցավ այլևս չի զգում: «Էլի բաներ կատարվեցին այդ օրը դահլիճում, որոնք այժմ հուշերիս մեջ չեն պահպանվել,-մեր զրույցի ավարտին ասաց ծանոթս,- պարզապես ուզեցի հիշել այդ երեկոն, որի մասին հիմա հիշատակումներ չեմ լսում: Այնինչ իրականությունն այն է, որ մեծ հրաշագործն եղել է Լենինականում: Դա պատահել է յոթանասունականներին»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,595