Ամեն գնով հետ բերել լենինականյան բարի ավանդույթները ⋆ «Շրջապատ»
ՍՊՈՐՏ

Ամեն գնով հետ բերել լենինականյան բարի ավանդույթները

1980-90-ական թվականներին Լենինականը մականորդուհիների հիանալի թիմ ուներ, որը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, մասնակցում էր ԽՍՀՄ 1-ին խմբի առաջնությանը: Երանելի ժամանակներ էին, քանի որ մեր հանրապետությունը ներկայացնելու պատիվը նման հզոր առաջնությունում հենց մեր քաղաքի թիմին էր վստահված: Այն տարիներին չկար ֆինանսական դժվարություն հասկացությունը և մեր մականորդուհիները կանոնավոր շփվում էին ռուսական, ուկրաինական, մերձբալթյան և այլ հանրապետությունների դպրոցների հետ: Այսօր իրավիճակն առավել քան բարդ է: ՀՀ մականախաղի ֆեդերացիան անցկացնելու է հանրապետության աղջիկների առաջնությունը, որին մասնակցելու են ընդամենը 5 թիմ: Չկան գումարներ, չկան փոխադրամիջոցներ՝ մրցավայր հասնելու համար, մարզումային դժվարություններն էլ բավականաչափ շատ են, քանի որ մականախաղը թանկ հաճույք է: Միայն այն փաստը, որ դարպասապահի հանդերձանքն արժի 500 եվրո՝ մեր խոսքերի վկայությունն է:

Գյումրու համալիր մարզադպրոցի մականախաղի աղջիկների թիմը սկսել է նոր մրցաշրջանի մարզումային գործընթացը: Ինչպես տեղեկացրեց մարզիչ Անահիտ Իսպիրյանը, թիմն ապրում է սերնդափոխություն և առայժմ հիմնական կազմի խաղացողներ կարելի համարել թիմի ավագ Սեդա Իսպիրյանին, Գայանե Տարախչյանին, Լուսինե և Կարինե Գևորգյան քույրերին, Քրիստինե Սարոյանին և Էլիզա Մանուկյանին:

«Շրջապատը» ներկա գտնվեց մարզումներից մեկին: Նախկինում ճանաչված մականորդուհի, Լենինականի «այն» թիմի լավագույն խաղացողներից մեկը՝ Անահիտ Իսպիրյանը, այսօր աշխատում է մեծ ձգտումով: Թիմը ձմեռային ամիսներին մարզվում է Գյումրու համալիր մարզադպրոցի մարզադահլիճում, իսկ ամռանը տեղափոխվում է կանաչ տարածք: Ցավոք, մականախաղի մարզադաշտի մասին Գյումրին միայն կարող է երազել, բայց դա չի խանգարում ժամանակացույցով նախատեսված մարզումային փուլն արդյունավետ խազմակերպելու համար: Ավելին, մարզադպրոցի տնօրեն Ալեքսանդր Կիրակոսյանը նպատակադրվել է ևս մեկ աղջիկների թիմ ստեղծել Վահրամաբերդում:

— Մեզանից ինչ որ կախված է՝ անում ենք: Քանի որ նախորդ առաջնությունում բավարարվել ենք արծաթե մրցանակով, ամեն ինչ անելու ենք այս մրցաշրջանում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանանալու համար: Մեծ հավանականությամբ այս առաջնությանը մենք հանդես կգանք երկու թիմով: Երկու թիմով առաջնությանը կմասնակցի նաև Վանաձորը, իսկ մեկ թիմով՝ Հրազդանը: Երևանը, ամանայն հավանականությամբ, այս առաջնությունում թիմ չի ներկայացնի,- ասաց Անահիտ Իսպիրյանը:

Առայժմ մեր քաղաքի աղջիկների թիմը չի կարող մտածել միջազգային մրցաշարերի մասին: Իսկ ահա հրազդանցիներին հանրապետական ֆեդերացիան հնարավորություն ընձեռեց մասնակցվելու Վրաստանի միջազգային մրցաշարին:

— Մենք, ուղղակի, երազում ենք այդպիսի հնարավորության մասին: Սակայն, անկախ ամեն ինչից, մեր աղջիկները շարունակում են մարզվել: Այս պահին ունենք ձգձգված ու դժվարին սերնդափոխության շրջան: Փառք Աստծո, հիմա կարծես թե ամուր կանգնած ենք ոտքի վրա: Հայաստանի այս տարվա առաջնությունը ցույց կտա մեր արածն ու չարածը: Հուսով եմ՝ կունենանք ցանկալի արդյունքներ,- նշեց Ալեքսանդր Կիրակոսյանը:

Մականախաղն առայժմ իր վարկանիշով հեռու է ֆուտբոլից, բասկետբոլից, որոշակիրոեն իր մասսայականությամբ զիջում է ֆուտզալին, վոլեյբոլին ու հանդբոլին: Այնուամենայնիվ, երբ տեսնում ենք երեխաների մարզումները, անմիջապես երկրորդական պլան է մղվում այսպիսի համեմատությունը: Սպասենք Հայաստանի առաջնությանը: «Շրջապատն» իր ուշադրության կենտրոնում կպահի թիմին: Հուսանք, որ մեր աղջիկները կկարողանան վաստակել առաջնության հաղթողի ոսկե մեդալները: Դա կլիներ հաճելի հետդարձ դեպի խորհրդային հաղթական ժամանակահատված:

ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆ

print
729