Ամեն մեկը յուրովի ինչ-որ ժամանակահատված խելագարվեց ու հետո վերադարձավ ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Ամեն մեկը յուրովի ինչ-որ ժամանակահատված խելագարվեց ու հետո վերադարձավ

30 տարի առաջ… Հիշողությունների այն կետը, որտեղից մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ ու հետո… Այնտեղից հետո մրմուռ ու կսկիծ, չսպիացող վերք է, որ ամեն պատահած պահի ցավեցնում է, կոկորդդ սեղմում… Ականջներիդ մեջ քաոս է, չդադարող հեկեկոց, աչքերիդ առաջ արյունը սառեցնող պատկերներ, որոնք մերթընդմերթ կինոժապավենի պես պտտվում են, պտտվում են… Մի պահ փորձում ես կանգնեցնել, բայց անզոր ես, ու թուլացած թևերդ ընկնում են: Անզորությունից ձեռքերդ երկինք ես պարզում ու հարցնում Երկնային Տիրոջը՝ «ԻՆՉՈ՞ւ»: Պատասխան չգտնելով՝ համակերպվում ես եղածի հետ ու… այդ կետից ոմանք հավերժի ճամփորդն են, իսկ ոմանք նորից են սկսում ապրել: Միգուցե ժամանակը բուժում է ցավը, բայց «Շրջապատի» այս շարքը փորձ է՝ վերհիշելու ցավն ու այն բուժելու ճանապարհ գտնել:



Պատմում է «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամի գործադիր տնօրեն ԱՐՄԻՆԵ ԳՄՅՈՒՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

30 տարի առաջ ու մեկ քայլ առաջ

… դա Լենինականն էր՝ սովորական, բնականոն ընթացքով զարգացող քաղաք, արդյունաբերական, կրթական, արվեստ, մշակույթ: Շատ բնորոշ շեշտադրված կողմեր ունեցող բնակչությամբ քաղաք, բավականին ճկուն, ուշիմ, միևնույն ժամանակ, շեշտադրումներով, որոնց հետ չնայած ես միշտ էլ համամիտ չեմ եղել, սիրահարված էին քաղաքին ու իրենց, որը երբեմն նաև յուրահատուկ պածենկոտության էր վերածվում… Հետաքրքիր քաղաք, հումորով, սոցիալական վերահսկման լուրջ համակարգով. յուրաքանչյուր հարևան գիտեր շենքի մյուս բնակիչների պատմությունն ու կենցաղավարությունը, մեկը մյուսով շատ հետաքրքրված, որը մի քիչ պրովինցիային էր բնորոշ, չնայած այն բանին, որ շուրջ 240 հազար ու ավել բնակչություն ուներ, բայց ինչ-որ բան կար, որը դեռ մինչ հիմա է պահպանվել, թեպետ հիմա բնակչությունը զգալի նվազել է ու փոխվել:

Ես Լենինականի նկատմամբ ուրիշ հայացք ունեմ: Այն մարդիկ, որոնք մի քանի սերունդ ապրել են Ալեքսանդրապոլ-Գյումրի-Լենինականում, դա բնակչության մի խումբ է եղել, իրենք իրենց բնիկներ են համարել՝ գյումրեցիներ, ու այդ ինքնավստահությամբ ու ինչ-որ չափով պարծենկոտությամբ, նաև շատ աչքաբաց: Նաև այն ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով են Լենինականում հայտնվել, իրենք ուրիշ վերաբերմունք, մեկ ուրիշ ընկալում ունեն Լենինականի նկատմամբ: Ես հենց այս երկրորդ հատվածի մեջ եմ մտնում, որովհետև սերում եմ Արևմտյան Հայաստանից, գաղթականի թոռ եմ:

Բայց ցավով պետք է ասեմ, որ այսօր Լենինականը չկա: Սա ինքնաբուխ խոստովանություն է, ու դրա հետ պետք է հաշտվել: Լենինականը կա մեր գլխում, մեր մտքում: 30 տարի առաջ Լենինականը դեռ կար, դրանից հետո էլ շուրջ 10 տարի էլ կար, բայց վերջին 10-ամյակի ընթացքում ասես վերջին շունչն էր տալիս… Երկրաշարժը նրան ագոնիկ վիճակի մեջ էր գցել, այդ հոգեվարքային վիճակն ավարտվեց ու Լենինականն էլ չեղավ: Ու դա ինձ համար շատ տխուր է: Լենինականի այդ շերտը՝ և՛ ճարտարապետությունից, և՛ մարդկանց մտածողությունից, և՛ հիշողություններից կամաց-կամաց ինչ-որ ձևով դուրս է գալիս, մնում է այն չափով, որ չափով դեռ մարդիկ կուզենան, որ պահպանվի: Լենինական փնտրելը դժվար գործ է: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Այն մշակույթով ու հետաքրքիր ձևով ձևավորված, բավական ակտիվ քաղաքն այսօր չկա, այսօր կա Գյումրին: Ես դժվարությամբ եմ գտնում Լենինականը, և դա ոչ թե նրա համար, որ իմ հասակակիցներից շատերն այստեղ չեն, ես այն ժամանակ երիտասարդ եմ եղել, ամեն ինչի ականատեսն եմ եղել, մասնագիտություն ունեի, պատրաստվածություն ունեի… Երևի սրա շուրջ դեռ էլի պիտի մտորեմ, թե ինչու ինքնաբուխ ասում եմ՝ Լենինականն այսօր չկա: Երբեմն զրուցում ես մարդու հետ, ում մոտ կարող ես խոսել, բացվել, և հիմա հասատուն ասում եմ իմ կարծիքը:

Ալեքսանդրապոլն ավելի շատ կա, քան Լենինականը: Տեսեք ինչ շեշտադրում կա հին քաղաքի վրա: Իսկ 30 տարի առաջ ու մի քայլ առաջ քաղաքը լրիվ ուրիշ քաղաք էր…

 

Մահը պտտվում էր քաղաքում

Դեկտեմբերի 7-ին՝ մինչ աղետի պահը, քաղաքը դեռ Լենինականն էր: Իսկ հենց այդ պահից սկսված դա միայն աղետ չէր, ուրիշ այլ բան էր, մեծ հարցականներով… Որքան էլ մարդկանց մոտ պաշտպանական մեխանիզմներն էին աշխատում, ապրելու ցանկություն, պայքար էր, բայց մահն էր ռեալ մուտք գործել քաղաք: Ժողովուրդը հոգեկան ոլորտի բոլոր հետևանքներով, պոստտրավմատիկ ստրես էր ապրում, որն այդ պահին էր… Ամեն մեկը յուրովի ինչ-որ ժամանակահատված խելագարվեց ու հետո ետ վերադարձավ: Ռեակտիվ փսիխոզի երևույթ տեղի ունեցավ, հետո պիտի կամաց-կամաց վերադառնային իրականություն: Իսկ թե ինչպիսին էր այդ իրականությունը, դա արդեն այլ թեմա էր:

Ես Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղում ռուսերենի և անգլերենի ուսուցչուհի էի: Երբ աղետն եղավ, այն դպրոցում, որտեղ աշխատում էի՝ փլվեց… Ու ավարտվեց… Մի կերպ փլատակներից դուրս գալով, մի կերպ հասա Լենինական, ու անցա այն ողջ ահռելի հոգեվարքի միջով, ինչպես շատերն անցան, բոլոր առումներով՝ ֆիզիկական, շինարարական, հոգեբանական, բարոյական, բոլոր առումներով հոգեվարք էր: Կզարմանաք, բայց ես չեմ ուզենա այս պահին վերապրել երկրաշարժի պատճառած հոգեկան ապրումները:

Դրանից հետո էլ այնպիսի փոփոխություններ տեղի ունեցան՝ հասարակական, քաղաքական. չանցած 2-3 տարի, հասարակարգը փլուզվեց, Ղարաբաղյան շարժումն արդեն իսկ ապացուցում, գուժում էր, որ հզոր ու հիմնավոր փոփոխություններ են տեղի ունենալու: 3-4 տարվա ընթացքում այնքան բան տեղի ունեցավ, որ իր վերքերից դեռ չբուժված քաղաքում, Թատերական հրապարակում դարձյալ դագաղներ էին շարվում՝ Ղարաբաղյան պատերազմի զոհերին էին բերում, և քաղաքը նաև դա պիտի սգար:

Հիմա քաղաքը էն սգացող քաղաքը չէ, ոնց որ սուգը նվազել է, ինքը փորձում է հիշել, հուշ պահել: Համարյա թե դուրս է եկել ակտիվ սգի վիճակից, երկրաշարժը կարծես դուրս է եկել մարդկանց պատմություններից, դրա ապացույցն է մեզ մոտ այցելած մարդկանց զրույցները: Ես կփաստեմ, որ դա տարիքային հստակ բաժանում ունի. 45 տարեկան և «+»-ների մոտ ավելի հաճախ ես հանդիպում երկրաշարժին, արդեն սերունդների հստակ փոփոխության խնդիր կա: Եվ նշածս տարիքայինների մոտ կյանքի հստակ բաժանում կա՝ առաջ և հետո: Այս սերունդն ունի մեկ այլ հասարակարգում ապրելու, այն ժամանակվա Լենինականում ապրելու փորձառություն, աղետը տեսնելու, աղետի պատճառած քաղաքի ու հոգեվարքի մեջ գտնվող մարդկային ողբերգություններ տեսնելու, հետևանքները կրելու կյանքի անցումային փուլ:

Երկրաշարժը կոնկրետ ընտանիքների պատմության մեջ է, երբ ընտանիքը դեռ սգում է կորուստը: Երկրաշարժ տեսածն ու ապրածը դեռ չի ազատվել այն ստրեսների հետևանքներից, որի միջով անցել է, այնպիսի հոգեկան ապրումների հետևանքներ են կրում, որից հետո կարծես լույսը չի երևում, հույսը չկա, թե մի ինչ-որ ժամանակահատված դեռ կգա կայունություն:

Եղան շփոթմունքների ժամանակահատվածներ՝ իշխանափոխություն՝ և՛ միջազգային, և՛ տեղական, և՛ տարածքային, և՛ ներքին ու մարդկանց փոփոխություններ: Ես մի անգամ հաշվեցի, հենց Գյումրիի հետ կապված, 9 ուժեղ իրադարձություններ շարունակաբար ցնցումներ էին պատճառում, որից մեկը բուն աղետն էր: Լենինականն այլևս չկա, որովհետև բնակչության կեսից ավելին չկա. աղետն իր հերթին մարդկային կյանքեր խլեց, իսկ արտագաղթը դրա շարունակությունն էր: Իսկ Լենինական եկան բնակություն հաստատելու հարևան տարածաշրջանի բնակիչները:

Երկրաշարժի հարցն՝ իր օրով ու պատմությամբ, եկավ այն պահը, որ փորձ արվեց ջնջել. աշխատանքային օր է, ով ուզում է, թող գնա սգալու, ով ոչ՝ թող աշխատի… Դա այս նոր քաղաքի բավական դժվար, տխուր ու երկար պատմությունն է, երբ այդ օրն իսկապես կարելի է կանգնել, հիշել, սգալ: Արժեզրկելու պրոցեսն է, որ 10 տարի անց, արդեն 20 տարի ասում են՝ դե ինչ, էլ հերիք է, ինչքան սգացիք… Սուգը պրոցես է, և մարդիկ ապրում են այդ հիշողություններով: Դե թող ասեն՝ Եղեռնն անցել է… Քանի դեռ կա միջսերնդային փոխանցում, ապա մի օրում չեն ոչնչացնի այն: Իմպերատիվ պարտադրանք չէ՝ վերջ տալ սգալուն:

Երկրաշարժը ոտքից գլուխ կեղտոտված է սպեկուլյացիոն պատմություններով, այն միանշանակ երևույթ չէ, այն ունի բազմաշերտություն. հոգեկան, հոգեբանական, բարոյական, ֆիզիկական դրսևորումներ: Տեսեք, բնակարանների մասով. սա մի ողջ սպեկուլյատիվ շարան է: Հետևում եղել է և՛ կոռուպցիա, և՛ կլանային կաշառակերության համակարգ, որը երկրաշարժից հետոյի թողած ծանր հետևանքներն են: Երկրաշարժից հետո քաղաքի վերակառուցման ու գլխավոր հատակագծի հետ կապված խախտումներն էլ են շատ եղել: Լենինականը քանդվեց, այդպիսի զգացում է, որովհետև ավերումից հետո քաղաքից դուրս թաղամասեր կառուցվեցին, նոր քաղաք կառուցվեց, այ, դա նոր Գյումրին էր, իսկ Լենինականը, որը հին քաղաքն էր, նեգլետի մեջ ընկավ, այսինքն՝ արհամարհվեց, մնաց, ու երկար ժամանակով՝ և՛ պատմական, և՛ մշակութային, և՛ արդյունաբերական առումով: Ամբողջ պրոցեսն հենց դրա համար էլ հիշեցնում է երկարատև հոգեվարք: Մենք բոլորովին անպատրաստ ենք եղել աղետին արձագանքելու… Տա Աստված, որ այլևս չտեսնի մեր ազգն ու մնացածը նման բան, և հուսամ, որ հիմա ավելի պրոֆեսիոնալ են դարձել և մեծ ուշադրություն են դարձնում:

 

Հոգեբանությունը զրոյական մակարդակում էր

Այն ոլոտը, որում ես եմ աշխատում՝ հոգեբանական, այն ժամանակ զրոյական վիճակում էր, որովհետև մենք Սովետական համակարգում էինք ապրում, և մենք երջանիկ հասարակարգ ունեինք, գոնե այդպիսին էր պրոպագանդան: Հոգեբանական կենտրոն Հայաստանում առաջինն այստեղ է ստեղծվել: Դրանք 2-3 տարբեր միսիաներ էին, որ եկել էին մեզ օգնելու: Եվ 89-ի դեկտեմբերի 1-ից մինչ այսօր ես «Բժիշկներ առանց սահմանի» (MSF) կառույցի շարունակողն եմ: Որպես թարգմանիչ էի MSF-ում, նաև օտարազգի շինարակական կառույցների մոտ: Այդպես եմ ծանոթացել իմ ամուսնու՝ Լեո Գմյուրի հետ, նրա թարգմանիչն էի: Նույն այդ MSF-ը դիագնոստիկում սարքավորումներ էր բերել, նաև ծննդատան ու ավստրիական հիվանդանոցներում, որտեղ աշխատում էին, ես նրանց որպես թարգմանիչ ուղեկցում էի: Եվ 1989թ. ապրիլից MSF-ը սկսել էր հոգեբանական օգնություն ցուցաբերել: Շատերը չեն ընդունում իմ ասածները, բայց ես կկրկնվեմ. մեծերը զբաղված էին հաց, ապրուստ, գոյության միջոց հայթայթելով, և երեխաներն անտեսված էին, ճիշտ է, նրանց կերակրում էին, տաքացնում էին, բայց նրանք մոռացված էին, պետք է լուռ մեծանային ծանր սգի մեջ: Երբ ֆրանսիացիները բացեցին հոգեբանական կենտրոնը, ես խնդրեցի միանալ իրենց: Իսկ առկա հոգեբաններն ընդամենը տեսաբաններ էին, պրակտիկան բացակայում էր: Այդպիսով ես մնացի այս ոլորտում, վերապատրաստվեցի ու կարողացա շարունակական աշխատանքային գործունեություն ծավալել:

print
1,288