Ամեն օր մեկը գալիս է, ասում է՝ ծախե ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամեն օր մեկը գալիս է, ասում է՝ ծախե

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում, մասնավորապես, Ռուսթավելի փողոցում, իրականացվում են շինարարական աշխատանքներ: Բայց որքան մոտենում է շինաշխատանքների ավարտման ժամկետը, այնքան բնակիչներն ավելի են մտահոգվում: Բանն այն է, որ նրանք այդպես էլ չեն հասկանում, թե ինչի՞ համար պետք է իրենք վաճառեն իրենց բնակարանները, տարածքում ի՞նչ պետք է կառուցվի և, ո՞վ է սահմանել բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը:

«Շրջապատի» հետ զրույցում բնակիչները դժգոհություն հայտնեցին, որ իրենք հայտնվել են անորոշ վիճակում: Արդեն մի քանի օր է՝ անհայտ գնորդներ են հայտնվել, թակում են իրենց դռներն ու մտքներին անցած գումարն առաջարկում՝ բնակարանը գնելու համար: Ներկայացնում ենք նրանց բողոքները:

«Ամեն օր մեկը գալիս է, ասում՝ մեկ քառակուսին 100 դոլարով ենք առնելու: Սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ են ուզում, չեն բացատրում, որ նորմալ բան հասկանանք: Ի՞նչ են ուզում սարքեն, ինչո՞ւ են առնում մեր տները, իրե՞նք են իրենց արդար քրտինքով ձեռք բերել այս բնակարանները, որ մի բան էլ ուզում են ջրի գնով առնեն: Ինչ էլ առաջարկեն, միևնույն է, չենք համաձայնվելու»:

«Սա Գյումրին է, Երևան չէ, Հյուսիսային պողոտան չէ, որ գալիս, ասում են, թե 8000 դոլար կտանք: Հետո ես ի՞նչ պիտի առնեմ էդ գումարով, պատերի տա՞կը ապրեմ… Մի հատ թող առնեն, տեսնեմ էլի: Դոմիկ էլ չեն տա, բայց մեծ-մեծ բաներից կխոսան, հիմա իմ տունը լավն է, թե վատը, էս է, ինձ  համար ապրելու տեղ է: Ու թող չասեն, թե տների մեծ մասը շարքից ելած է, խոնավ է կամ նման մի բան… Մեզ ձեռք է տալիս, ապրում ենք ու երբեք իրենցից ոչ մի բան չենք խնդրել»:

«Մեզ թող չստիպեն, որ ծայրահեղ քայլերի գնանք, թող ոչ մեկը մոտ չգա իմ տանն ու ինչ-որ առաջարկներ անի, թե չէ՝ կվառեմ, ես էլ մեջը կմնամ: Էդ գումարով ես ի՞նչ պիտի առնեմ… Կդառնանք բոմժ, առանց այն էլ այս երկրում դարձել ենք այդպիսին: Մեզ համար ի՞նչ է արել պետությունը, ի՞նչ օգուտ ենք ստացել, թող ոչ մեկը չգա ու իրա սրտի ուզած գինը չառաջարկի, չեմ վաճառում ու վե՛րջ… Վարչապետ չէ, թող նախագահ լինի»:

«Բուլդոզերը կդնեմ, կքանդեմ, ես էլ տակը կմնամ ու իրանց տուն չեմ տա, իրա՞նք են սարքել իմ տունս, իրա՞նք են տունս տուն դարձրել, որ երեխեքս նորմալ տան մեջ մեծանան, իրա՞նք են ամուսնուս թև ու թիկունք եղել, որ տունս կառուցվի, որ աղետից հետո մեր անկյունն ունենանք: Թող էրթան գրողի ծոցը, թող գործարան բացեն՝ մարդիկ աշխատին, թե չէ իրանց տուրիզմով գուզեն մենակ իրանց գրպանը լցնեն»:

«Ամենքիս տունը տարիների ընթացքում է քիչ թե շատ տուն դարձել՝ մեկինս փոքր, մեկինս՝ մեծ, բայց դա չի նշանակում, որ պետք է վրեքովս անցնին ու ստիպեն իրանց ծախենք տներս: Բայց չենք ծախե»:

«Եթե կուզեն, թող սաղիս տների արտաքին տեսքերը սարքեն՝ իրանց հին ոճը պահեն, բայց մեզնից տուն չուզեն»:

Ի սկզբանե պատասխանատուները վստահեցրել էին, որ  տները վաճառելուց բացի, մեկ այլ տարբերակ էլ կա, դրանք երկարաժամկետ վարձակալության հանձնելը: Բնակիչներն այս տարբերակին ևս համաձայն չեն: Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ թե՛ կառավարությունը, թե՛ քաղաքային իշխանությունը չեն պատրաստվում կտրուկ քայլերի դիմել և ստիպել բնակչին վաճառել կամ վարձակալության հանձնել բնակարանները: Երբ հերթը հասնի բնակարանների խնդրին, բնակիչն ինքը հոժարակամ կվաճառի բնակարանը՝ ձեռնտու առաջարկի դեպքում:

ԷԼԻԶԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ

print
1,784