Այնքան սպասված հաղթանակ ⋆ «Շրջապատ»
ՍՊՈՐՏ

Այնքան սպասված հաղթանակ

30 տարի առաջ, հեռավոր 1987 թվականին լենինականցի բռնցքամարտիկ Մեխակ Ղազարյանը իտալական Թուրին քաղաքում դարձավ Եվրոպայի չեմպիոն: Փաստը ոգևորությամբ գնահատեցին խորհրդային մասնագետները, քանի որ այս մարզաձևում Եվրոպայի և աշխարհի չեմպիոնական տիտղոսների նվաճումը միշտ էլ բարդ է եղել: Ու այնքան բարդ, որ տարիներն անցնում էին, իսկ մենք արդեն սկսել էինք հաշտվել Գյումրու քաղաքապետարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանի անգերազանցելի նվաճման հետ: Սակայն, երբ 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մրցավարների կողմնապահության պատճառով 64 կգ քաշային  Հովհաննես Բաչկովը չմտավ կիսաեզրափակիչ փուլ, Մեխակ Ղազարյանը վստահաբար նկատեց, որ Հովհաննեսը կարող է ու պարտավոր է կրկնել իր նվաճումը:

Այս տարվա Եվրոպայի մեծահասակների առաջնությունը նախատեսված էր անցկացնել ուկրաինական Խարկով քաղաքում: Երբ Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սանը՝ իր անձնական մարզիչներ Ռուդիկ Մկրտչյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ, սկսել էր նախապատրաստական փուլը, Կարեն Ղազարյանը «Շրջապատի» հետ զրույցում նշել էր. «Մեծ վստահություն ունեմ, որ այս անգամ չենք ձախողվի, հաշվի ենք առել ամենափոքր մանրունքն անգամ»:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ  Դավիթ Թորոսյանը էլ նշել էր, որ հատկապես անհանգստանում է մրցավարական կողմնապահությունից: Սակայն այսպիսի խոսք կա՝ եթե մրցակիցներիցդ մի գլուխ բարձր ես, մրցավարները ոչինչ չեն կարողանա անել: Չեմ ուզում մանրամասնորեն խոսել մեր հավաքականի անդամների բոլոր մրցելույթների մասին, քանի որ նրանք ձախողվեցին ուկրաինական ռինգում: Ի դեպ, 91կգ քաշային ախուրյանցի Գուրգեն Հովհաննիսյանըի հայրը շատ զայրացած էր անարդար մրցավարությունից ու նշեց, որ նման պատասխանատու մրցաշարերում մրցավարներն իրենց դրսևորեցին ոչ արժանի կերպով: Դե, իսկ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը մրցավարությունը որակեց մեկ բառով՝ խայտառակ:

Իսկ այդ ընթացքում 64կգ քաշային կարգը ներկայացնող մեր համաքաղաքացին հանգիստ ու առանց ավելորդ լարվածության սկսեց իր հաղթարշավը: 1/8 եզրափակչում Հովհաննեսին դիմակայեց մոլդովացի Դիմիտրի Գալագոտը: Առանց չարչարանքի, Բաչկովը շատ արագ ապացուցեց իր գերակայությունը մրցակցի նկատմամբ ու դուրս եկավ հաջորդ փուլ: Այստեղ նրան սպասում էր բավականին ուժեղ հունգարացի Ռիչկար Կովաչը: Նորից իրեն բնորոշ մարտավարական ձեռագրով մեր Հովհաննեսը վստահ հաղթանակի հասավ ու առնվազն ապահովեց բրոնզե մրցանակ: Կիսաեզրափակում Հովհաննեսի հակառակորդը Լեհաստանի պատվիրակ Մաթիուշ Պոլսկին էր: Պայքար կար, սակայն մեծ էր Բաչկովի առավելությունը՝ հատկապես վերջին ռաունդում և մրցավարները միաձայն ընդունեցին գյումրեցի բռնցքամարտիկի գերակայությունը՝ 5-0:

Եզրափակիչ մենամարտից առաջ բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տալիս էին անգլիացի Լյուկ Մակքորմակին: Այս անգամ ևս Հովհաննես Բաչկովը մեծ ինքնավստահությամբ անցկացրեց վճռական մենամարտն ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մրցավարները գուցե որոշակի հավասար դիմակայության պարագայում նախապատվությունը տային անգլիացուն, բայց Հովհաննեսն իր փայլուն մենամարտով հաղթեց նաև մրցավարներին: Ու նորից արձանագրվեց 5-0 արդյունքը: Մեծ, ցնցող, ֆանտաստիկ ու այնքան սպասված հաղթանակ:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մեծ ոգևորություն էր տիրում: Ուշ գիշերով Գյումրու պատկառելի պատվիրակություն էր հավաքվել ու բոլորն անհամբեր սպասում էին մեր հերոսի ժամանմանը: Վերջապես ականատեսն ենք դառնում այնքան սպասված պահին: Հովհաննեսը՝ ժպտալով բոլորին ցույց է տալիս իր ոսկե մեդալը ու խոսում իր շուրջը խմբված ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Ի դեպ, նա գրկել էր իր փոքրիկ որդուն՝ Սերգեյին:

— Նախ շնորհակալություն բոլորին, ովքեր եկել են ինձ դիմավորելու: Ամեն անգամ, երբ ռինգ էի դուրս գալիս, զգում էի մեր ժողովրդի աջակցությունը: Գիտակցում էի, որ այս հաղթանակն, իսկապես, կուրախացնի մեր ազգին: Ու չէի պատկերացնում, որ այսպիսին կլինի ընդունելությունը: Սա ինձ համար շատ կարևոր է ու պարտավորեցնող: Փորձելու եմ շարունակական դարձնել հաղթանակներս ու չբավարարվել այս մեկով, քանի որ նմանատիպ ընդունելությունը մեծ ներշնչանք է: Նաև պատիվ, որ այսպիսի ջերմ ընդունելության եմ արժանանում իմ երկրում»,- ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոնը:

Բոլորն ուրախ էին: Իսկ անձամբ ինձ համար շարքային աշխատանքային պարտականություն էր: Գիտեի, որ Բաչկովն ունի մեծ ներուժ ու ընդունակ է մեծ արդյունքների: Ախորժակն ուտելիս է բացվում: Եթե հոկտեմբերին Հովհաննեսը լինի հրաշալի մարզավիճակում, ինչպես հիմա, կարծում եմ Գյումրի-Լենինականի սպորտային տարեգրությունում նա նոր փառավոր էջ կգրի: Ոչ մի գյումրեցու երբեք չի հաջողվել բռնցքամարտում նվաճել աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը:

ՍԱՄՎԵԼ  ԱՂԱՆՅԱՆ

print
919