ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն ժողովուրդն ու երկիրը, ում պատմությունը կեղծված է, ապագա չունի

Հարցազրույց Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻ հետ:

Պարոն Մուսինյան, շուտով Մարտի 1-ն էՆախորդ 10 տարիներին Հայ ազգային կոնգրեսը Մարտի 1-ին կազմակերպում էր զոհերի հիշատակը հարգելու երթ: Հնչում էին նաև «Բացահայտեք Մարտի 1-ի մեղավորներին», «Դատապարտում ենք», «Մարդասպանները դեռ ազատության մեջ են» պահանջներ: Սակայն Հայաստանում, այսպես ասած, իրավիճակ է փոխվել, այս անգամ Մարտի 1-ին ի՞նչ է սպասվում:

— Այս տարի, երբ Մարտի 1-ի ոճրագործության իրական մեղավորներին բացահայտելու հարցում հսկայական ճեղքում է արձանագրվել, առաջին անգամ մենք զոհերի հիշատակը կհարգենք որոշակի ներքին խաղաղությամբ, որը կամբողջանա միայն գործի լիակատար բացահայտումից ու բոլոր մեղավորներին բանտարկված տեսնելուց հետո։

Ձեր գնահատմամբ, ի՞նչ ունենք «Մարտի 1-ի գործ»-ով: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ը բացահայտված է, հիմնական մեղադրյալ Քոչարյանը կալանքի տակ, բայց հասարակությանը դեռ լիովին ներկայացված չէ ողջ իրականությունը:

— Որքանով տեղյակ ենք, բացի Ռոբերտ Քոչարյանից, գործում մեղադրյալի կարգավիճակով ներգրավված են նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դրսից հայացքով՝ քննչական խումբն ակտիվ աշխատում է գործի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեզ համար մարտիմեկյան հանցագործությունների բացահայտումը կարևորագույն առաջնահերթություն է և մենք աչալրջորեն հետևելու ենք այս հարցին առնչվող բոլոր զարգացումներին։

Տարիներ շարունակ նախկին իշխանությունների կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի խեղաթյուրվեր պատմական իրողությունները: Իրենց ձեռքի տակ գտնվող մեդիա ռեսուրսով, որը բավականին մեծ թիվ է կազմում, որքան հնարավոր է սևացրեցին ու կեղծեցին փաստերը: Ի՞նչ կասեք, ինչպե՞ս մաքրել պատմությունը կեղծիքից և, արդյո՞ք դա հնարավոր է կարճ ժամանակահատվածում:

— Մի քանի օր առաջ այս կարևորագույն հարցի վերաբերյալ արտահայտվել եմ սոցցանցերում։ Այն ժողովուրդն ու երկիրը, ում պատմությունը կեղծված է, ապագա չունի։ Չի կարող որևէ  հասարակություն հենվել կենսունակ արժեհամակարգի վրա, եթե նրա պատմությունը լի է ստով ու կեղծիքով։ Այս հարցում առանցքային դերն իշխանությանն է. մաքրել, զատել իրականն ու հավաստին՝ կեղծիքից ու ստից։ Մենք մեր ուժերի ներածին չափով պայքարել ենք այս վտանգավոր երևույթի դեմ և հիմա էլ պատրաստ ենք նվիրվել այդ գործին։ Բայց, կրկնում եմ, հիմնական դերն իշխանությանն է:

Երբ համացանցում կամ որոշ ԶԼՄներում ժամանակ առ ժամանակ հնչում են քննադատություններ Լևոն ՏերՊետրոսյանի հասցեին, կամ անցումային, պատերազմական ու հաղթական տարիները որակվում են որպես «մթի ու ցրտի», «կորսված մանկության» տարիներ, Առաջին նախագահի կողմնակիցները փաստարկներով հակադարձում են այդ մեղադրանքներին: Շատերին էլ թվում է, թե դա ինքնապաշտպանական ռեակցիա է, որ «լևոնականները» հակադարձում են: Այս հավերժ թվացող պայքարի եզրագիծը որտե՞ղ է

— … Քանի դեռ չեն մերկացվել բոլոր կեղծիքներն ու նրանց հեղինակներն ու հովանավորները։ Ես չեմ խոսում բանից անտեղյակ քաղաքացիների մասին, իրենց մեղադրելու չէ։ Նրանք «զոհն» են շուրջ 20 տարի տևած, ստով ու կեղծիքով ողողված քարոզչական տեռորի։ Իսկ նրանք, ովքեր այս կեղծիքները տարածում են գիտակցաբար, դրանց դեմ փաստերով պայքարելու ենք, քանի դեռ վերջնականապես ջախջախված չեն։

print
847