Այսուհետ «արտոնյալ» վարորդները չեն կարողանա իրենց «լավ զգալ» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Այսուհետ «արտոնյալ» վարորդները չեն կարողանա իրենց «լավ զգալ»

Շիրակի մարզպետարանում հերթական Հանրային հաշվետվողականության հարթակն էր: Այս անգամ քննարկվում էր Շիրակի մարզում ճանապարհային ոստիկանության աշխատանքը: Նախ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը բարձր ու արդյունավետ գնահատեց Հանրային հաշվետվողականության հարթակի գործունեությունը. «Որպես մարզային իշխանություններ, այս հարթակը մենք հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների ու թեմաների քննարկման համար ենք նախատեսել, ուրախ եմ, որ մեր ձեռնարկն ավելի ու ավելի է իր նպատակին ծառայում, հուսամ կծավալվի շահագրգիռ երկխոսություն և հասարակության համար կարևոր տեղեկություններ կհրապարակվեն, ինչպես նաև կլինեն պարզաբանումներ»:

Շիրակի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Գրիգորյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է հանցագործությունների թիվը: Եթե 2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 282 հանցագործություն, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 393: Կաշառք տալ-ստանալու 38 դեպք է արձանագրվել, ըստ նրա, նախորդ տարի նման դեպքեր չեն ունեցել: Պետական կամ հասարակական գույքի հափշտակության՝ բնակարանային գողությունների և սեփական ունեցվածքի գողության աճ է արձանագրվել՝ մոտ 35 դեպք: Նշեց, որ հատկապես այս ուղղությամբ լայնածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացվում. «Ունենք բնակարանային գողեր, որոնք արդեն կալանքի տակ են, ունենք գործեր, որոնք դեռ ընթացքի մեջ են: Բացի այդ, հանրապետության ոստիկանապետի ցուցումով, իրականացվում է մեծածավալ պրոֆիլակտիկ աշխատանքներ: Այսինքն, ոստիկանական մեծ թվով ուժեր դուրս են գալիս գիշերային հերթապահության: Ցերեկային ժամերին ունենք երկհերթ ծառայություն՝ և՛ քաղաքի, և՛ մարզի տարածքում»:

Մինչ այլ հարցերին անցնելը, դարձյալ խոսվեց Գյումրու փողոցային շինաշխատանքներից, փոսերից ու հողաթմբերից, ճանապարհների ու մայթերի անանցանելիությունից: Հույս հայտնեցին, որ կտարվեն նաև ճանապարհային նշանների, գծանշումների աշխատանքներ: Պարոն Գրիգորյանն օրինակով նշեց. «Այսօր քաղաքում «Կանգառ» նշանը բացակայում է և, եթե ոստիկանը կանգնեցնի վարորդին, որը «Կանգառ» նշանի բացակայությամբ է կանգ առել, ապա դա խնդրահարույց է, քանզի վարորդը, չնայած այն բանին, որ շատ լավ հասկանում է ճանապարհային երթևեկության կանոններից, բայց կարող է պատճառաբանել, թե որտեղ է «Կանգառ» արգելող նշանը, որ ինքը խախտում է կատարել»:

Գործարար Ցոլակ Չադրյանը բարձրաձայնեց 2 կարևոր հարց. արտոնյալ վարորդներ, որոնք «ճաշի մեջ ընկած ճանճի նման» փչացնում են ընդհանուր պատկերը՝ կատաղի արագությամբ անցնելով քաղաքի փողոցներով: Նշեց, որ կար ժամանակ, երբ, այսպես ասած, «ոսկե երիտասարդություն» կար քաղաքում, որոնք պաշտոնյա հայրիկների որդիներն էին ու անարգել անում էին այն, ինչն իրենց սրտովն էր, ավելին, կային խոսակցություններ, թե ամեն ամիս վճարում էին ինչ-որ պաշտոնյաների, որ իրենց որդիներն ազատ վերուվար անեն քաղաքով: «Ես խնդրում եմ այս հարցին լրջագույնս ուշադրություն դարձնեք: Մենք այնքան չենք նեղվում քաղաքի ճանապարհներից, քանի որ գիտենք, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, որքան նշածս խնդիրներից… Խնդիրներ կան, որ միջոցների հետ կապված չեն, այլ՝ ցանկության։ Իմ կարծիքով, պետավտոտեսուչի ու պարեկապահակային ծառայության աշխատակիցների հետ կապը կտրված է։ Շատ հաճախ կանգնել, հարցրել եմ՝ ի՞նչն է պատճառը, որ այս մեքենան բոլորիս ներկայությամբ հրապարակի մեջ պտտվում է։ Ի՞նչն է պատճառը, որ չեք ֆիքսում, կապ տալիս, թե եկեք, այս մարդուն կարգի հրավիրեք։ Ասում են՝ մինչև հանում ենք մեր հեռախոսը, փորձում ենք ֆիքսել, ինքը գնում է»,- ասաց Ցոլակ Չադրյանը։ Իսկ երկրորդ խնդիրը, ըստ Ցոլակ Չադրյանի, քաղաքի տարբեր հատվածներում ու փողոցներում մեքենաների ջարդոններին էր վերաբերում, ինչը խաթարում է քաղաքի տեսքը:

Գործարարին պատասխանեց ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը. «Վստահեցնում եմ, որ Շիրակի մարզում չկա արտոնյալ վարորդ, չկա մեկը, որ լինի մեր կողմից արտոնված՝ սա մեկ: Երկրորդ. Ճանապարհային երթևեկությունը Շիրակի մարզում սպասարկում է թվով 44 ճանապարհային ոստիկան՝ հրամանատարների գլխավորությամբ։ Մենք ներկայում ունենք և՛ կադրերի խնդիր, և՛ քաղաքացիներն էլ իրենց մասով պետք է մեզ օգնեն։ Մենք ի զորու չենք ամեն խաչմերուկի, ամեն փողոցի վրա կարգախմբեր կանգնեցնել։ Մենք հրապարակում մշտապես կարգախումբ ունենում ենք՝ երեկոյան ժամերից մինչև առավոտ։ Նույնը Սայաթ-Նովա փողոցին է վերաբերում: Ճիշտ է, չեմ բացառում, որ կարող են լինել վարորդներ, որոնք չգիտեմ ինչ արագությամբ, ինչ ձևով կփորձեն խախտել, բայց նրանք արժանանում են մեր կողմից կոշտ վերաբերմունքի։ Մենք ի սկզբանե մեր աշխատաոճը դրեցինք ներողամտության վրա, քաղաքացիներին փորձելով համոզել, խնդրել, որպեսզի չխախտեն, բավարարվում էինք զգուշացմամբ, բայց դա որոշ մարդիկ ընդունեցին որպես թուլություն։ Հիմա փոխել ենք մեր ոճը. զանցանք ներկայացնող խախտումը մեր կողմից արձանագրվում է: Իսկ ինչ վերաբերում է խոտանված մեքենաներին, կամ նրանք, որոնք օգտագործվում են ինչ-ինչ գյուղատնտեսական նկատառումներով, ապա կուզենայի համայնքային իշխանությունը ներկա լիներ, նրանց հետ այս հարցը քննարկեինք»։

Աշոտ Գրիգորյանն էլ պարզաբանեց, թե եղել է դեպք, երբ Հաղթանակի պողոտայի աղբարկղի կողքը բերել, մեքենայի կմախք են գցել, իսկ փոխքաղաքապետն էլ իրենց է զանգել, թե ո՞ւմն է, ինչը ծիծաղելի է: «Գյումրիում կա մի մեծ խնդիր. ոչ մի խաչմերուկում, ոչ մի հրապարակում չունենք տեսախցիկ: 20 օր առաջ Շիրակի մարզպետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ կապված տեսախցիկների հետ: Այսօր միայն մենք կարողացանք Վարդանանց հրապարակում տեղադրել 4 տեսախցիկ, որոնցից մեկը գիշերային ժամերին ֆիքսում է բոլոր պետհամարանիշները, և այս ամենը նայվում է օն-լայն՝ «Կումայրի» բաժնում։ Եթե տեսախցիկներ լինեին, ապա մեր աշխատանքի արդյունավետությունն առավել բարձր կլիներ: Համեմատենք Երևանի հետ. այնտեղ գիտե՞ք ինչու է կանոնավոր, որովհետև և՛ պարկեշտ մարդը, և՛ կարգազանցը գիտեն, որ դա նկարահանվում է, իսկ այստեղ չկա, այդ իսկ պատճառով կարգազանցն իրեն լավ է զգում՝ արագացնելով մենքենայի ընթացքը»։

Հարց հնչեց, որ շատերն իրենց մեքենաները կանգնեցնում են մայթերին: Ոստիկանության ներկայացուցիչներն էլ կես կատակ-կես լուրջ ասացին՝ Գյումրիում ասես դա հիվանդություն է… Համ էլ՝ ո՞ւր է մայթեր: Բայց փաստեցին, որ «Մուշ» և «Կումայրի» բաժիններում առաջին եռամսյակին համատեղ կազմել են 120 խախտման արձանագրություն:

Լրագրողները հարց բարձրացրեցին Խաղաղության օղակի՝ «Խարիսխ» սրճարանի մոտ մեքենաների կայանման մասին, որի պատճառով փակվում է թե՛ մեքենաների, թե՛ անցորդների տեսադաշտը, նաև քաոսային վիճակ է շուկայի տարածքում: «Շրջապատը» մատնանշեց նաև Սայաթ-Նովա փողոցի՝ երկու հատվածներում մեքենաների կայանման պատճառով փողոցի ծանրաբեռնվածությունը, տեսադաշտի բացակայությունը, թատրոնին հարակից՝ «Շախմատի դպրոցի» հատվածում մեքենաների խտությունը, վարորդների անփույթ կայանումը և այլն:

Ոստիկանության ներկայացուցիչները խոստացան այսուհետ առավել քան ուշադիր լինել բարձրացված խնդիրներին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանը հարցեր հնչեցրեց. քաղաքով անցե՞լ են, տեսե՞լ են փողոցի մեջտեղում հողաթմբերը. «ՃՈ-ի գործառույթը ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելն է, իսկ այդ հողակույտերը, քաղաքի կենտրոնական փողոցներում էապես խաթարում են անվտանգությունը՝ ոչ միայն քաղաքացիների, այլ նաև երթևեկության։ Տեսե՞լ եք դա, արձանագրե՞լ եք, թե ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրում, կամ կրե՞լ է, թե՞ ոչ: Խնդրում եմ գրառեք մեր հարցերը, որպեսզի մեր հանրային քննարկումը չվերածվի միայն ասել-խոսելուն, այլ հստակ պատասխաններ թող տրվեն: Կա խնդիր, այս խնդիրն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է: Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել Ձեր կողմից՝ ապահովելու քանդված փողոցներում մարդկանց և երթևեկության անվտանգությունը: Շատ դպրոցներ, շատ մանկապարտեզներ, շատ ուսումնական հաստատություններ զրկված են ճանապարհային նշանների կահավորման տարրական պայմաններից, այդ թվում զեբրաներն են, երթևեկության արգելափակման նշաններն են, ուշադրության նշաններն են: Ճանապարհների քանդման պատճառով քանի՞ մարդ է վնասվածք ստացել, քանի՞ ճանապարհային վթար է եղել: Այս ամբողջ ընթացքում քանի՞ վարչական, քանի՞ քրեական գործ է կազմվել՝ ճանապարհների քանդման, փոսերի պատճառով»։

Վաչե Մալաքյանը պարզաբանեց, որ ճանապարհային նշանները, գծանշանները, ճանապարհների հետագա շահագործումը, փոսերի վերացումը դրված է համայնքապետարանի վրա։ «Մենք պարբերաբար հանդիպում ենք, քննարկումներ ունենում ենք։ Ներկա պահին ճանապարհային ցանցի հիմնանորոգում է տեղի ունենում։ Ճանապարհային ոստիկանությունը ճանապարհային շինարարության հետ, ճանապարհային նշանների, զեբրաների, գծանշումների հետ կապված ոչ մի գործառույթ չունի»։ Ներկաների մոտ հարց ծագեց, թե, եթե ամենը դրվում է համայնքապետարանի վրա, ապա վարորդներից բռնագանձվող տուգանքներն էլ Գյումրու բյուջե չեն գնում, որքանո՞վ դա արդարացի է, որ փողոցների կահավորման հարցերը դրվում են հենց համայնքի վրա:

Հեռուստաօպերատոր Արթուր Մելիքյանը խոսեց քաղաքային տրանսպորտի որոշ վարորդների պահվածքից՝ սկսած «100-ոց քիլլերներ» ուղևոր փախցնելուց, «կամիկաձե» լինելուց, հագուկապից, լսած երաժշտությունից, ծխելուց ու հեռախոսով խոսելուց, վերջացրած կատաղի ընթացքը, ուղևորին կոպտելը և այլն։ ՃՈ պատասխանատուներն իրենց հերթին քննադատաբար խոսեցին «Գազելների» վարորդների աշխատանքի կազմակերպումից, միևնույն ժամանակ խոստացան խստացնել աշխատանքը:

Քննարկման վերջում «Շրջապատը» հետաքրքրվեց՝ կազմվե՞լ է ճանապարհային քարտեզ, թե բեռնատարները քաղաաքի որ հատվածներով պետք է երթևեկեն, և արդյո՞ք ճանապարհների կառուցմանը զուգահեռ մտածել են հեծանվորդների համար նախատեսված ուղիներ ունենալ: Կրկին պատասխանեցին, թե դա համայնքապետարանի գործառույթն է, իրենց նախագծում պետք է լիներ… Բայց, կարծես չկա:

print
581