«Այսօրվա տոկոսադրույքները համապատասխանում են այսօրվա տնտեսական իրավիճակին» ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Այսօրվա տոկոսադրույքները համապատասխանում են այսօրվա տնտեսական իրավիճակին»

Երբ սկսվեց նոր ուսումնական տարին, Շիրակի մարզի 24 դպրոցների աշակերտներին հաճելի անակնկալ էր սպասվում. նրանք արդեն ապահովված էին ժամանակակից կրթության պահանջներին համահունչ համակարգչային դասասենյակներով: Իսկ նման անակնկալ մատուցել էր Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ): Բանկերը՝ համատեղ ջանքերով, Շիրակի մարզի 24 դպրոցների համակարգչային դասասենյակները վերանորոգեցին, տրամադրեցին ավելի քան 150 համակարգիչ՝ իրենց համակարգչային սեղաններով և աթոռներով, ինչպես նաև էլեկտրոնային գրադարաններ:

Անցած շաբաթ ՀԲՄ անդամները Շիրակի մարզպետարանում հանդիպեցին Շիրակի մարզպետի և հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Մարզպետը շնորհակալություն հայտնեց՝ հատ առ հատ նշելով, թե որ դպրոցներին է աջակցություն տրվել: ՀԲՄ նախագահ Արտակ Հանեսյանը ներկայացրեց, որ տարեսկզբին հանդիպել են Շիրակի մարզպետի հետ, քննարկվել էր ծրագիրը, ապա ծրագրին մասնակցել են գրեթե բոլոր 16  բանկերը. «Նման ծրագրերը լինելու են շարունակական: Մենք Շիրակի մարզում դեռ անելիքներ շատ ունենք, մանավանդ վարկավորման ուղղությամբ՝ թե՛ բիզնեսի, թե՛ սպառողական վարկերի առումով: Նշեմ, որ Շիրակի մարզում գործում է 12 բանկ՝ 37 մասնաճյուղով: Մոտ ապագայում և՛ Կենտրոնական բանկի, և՛ ՀԲՄ-ի կողմից կմշակվեն համապատասխան ծրագրեր՝ հասարակության ֆինանսական կրթվածությունը բարձրացնելու ուղղությամբ: Այստեղ շատ կարևոր է դպրոցների, ուսուցիչների դերը, և մենք պատրաստ ենք համապատասխան սեմինարներ կազմակերպել նրանց համար»:

Հանդիպումից հետո նախատեսված էր ասուլիս, սակայն այն չկայացավ: Սակայն «Շրջապատը» զրուցեց Հայաստանի բանկերի միության նախագահ ԱՐՏԱԿ ՀԱՆԵՍՅԱՆԻ հետ:

Պարոն Հանեսյան, Ամանորին ընդառաջ միշտ այսպես է եղել. արտարժույթի գինը բավականին տատանվել է, դոլարի գինը բարձրացել է, իսկ ռուբլու գինը նվազել: Ինչպիսի՞ կանխատեսումներ կան այս տարվա համար:

— Բանկերը չեն սիրում արտարժույթի փոխարժեքի վերաբերյալ որևէ կանխատեսում անել, միևնույն ժամանակ, գտնում եմ, որ դա ճիշտ էլ չէ, քանզի կարծես հասարակությանը տրամադրություններ ենք փոխանցում, սպասումներ ձևավորում, սա որպես ՀԲՄ նախագահ: Որպես անհատ, կարող եմ ասել, որ կտրուկ տատանումների, փոփոխությունների սպասումներ չունենք, լինելու է սահուն: Իհարկե, սեզոնայնության տեսանկյունից, ելնելով, որ տարվա վերջ է, միշտ էլ մի փոքր ճնշում լինում է փոխարժեքի վրա: Բայց դա ոչ մի արտառոց երևույթի հետ կապ չունի:

Հատկապես ռուբլու հետ կապված մի դիտարկում անեմ. բոլորիս հայտնի է, որ Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներն իրենց ընտանիքներին գումարներ են ուղարկում՝ Ամանորը դիմավորելու համար, այս պարագայում ռուբլին արհեստականորե՞ն է արժեզրկվում, որպեսզի բանկերը գերշահույթ ստանան, ֆինանսական խաղե՞ր են:

— Ոչ, ֆինանսական խաղ չէ, բայց այո, Ձեր ասածը կա՝ ռուբլու փոխարժեքը նվազում է, սակայն Ձեր ենթադրություններում մի փոքր սխալվում եք, դա կապված չէ բանկերի գերշահույթ ապահովելու հետ, այլ նորմալ երևույթ է: Երբ տոների շեմին տրանսֆերտների թիվն աճում է, այսինքն մեր հայրենակիցները գումարներ են փոխանցում իրենց հարազատներին, որն էլ պետք է լինում դրամի վերածել, ապա շատ շարժի դեպքում ստացվում է, որ կուրսը փոփոխության է ենթարկվում: Բացի այդ, ռուբլու տատանվող կուրսը կապված է լինում նաև հենց Ռուսաստանի տնտեսական իրավիճակից. այնտեղի ռուբլի-դոլար տատանողականությունը միանշանակ ազդում է այստեղի դրամի փոխարժեքի տատանումների վրա:

Իսկ վարկերի հետ կապված. արդյո՞ք չեք գտնում, որ վարկային տոկոսադրույքները բավականին բարձր են:

— Վերջին մեկ տարվա ընթացքում բոլոր վարկատեսակների գծով տոկոսադրույքները բավականին նվազել են: Տոկոսադրույքների սահմանման գործընթացում կա լուրջ տնտեսական հիմնավորումներ: Կարող եմ ասել, որ այսօրվա տոկոսադրույքները լիովին համապատասխանում են այսօրվա տնտեսական իրավիճակին, և իմ գնահատմամբ, ամենևին էլ բարձր չեն:

Սակայն թույլ տվեք նկատել, որ եվրոպական բանկերում մեր տոկոսադրույքներից ավելի ցածր տոկոսներ են գործում, այն դեպքում, երբ մեր ստացած աշխատավարձերն ու շահույթները տասնապատիկ անգամ զիջում են եվրոպականին

— Իսկ Եվրոպայի և Հայաստանի տնտեսություններն համեմատելի՞ են, իհարկե՝ ոչ: Եվրոպայում ավանդների դիմաց վճարվող տոկոսադրույքները Հայաստանում նույն ավանդների դիմաց վճարվող տոկոսադրույքները համեմատելի՞ են, իհարկե՝ ոչ, անգամներով ավելի ցածր է այնտեղ: Տեսեք, միշտ ասում են, սպառողական վարկերի տոկոսադրույքներն Հայաստանում շատ բարձր են: Իսկ Դուք գիտե՞ք, որ Միացյալ Նահանգներում վարկային քարտերի տոկոսադրույքները միջինում տատանվում են 18 տոկոս, դոլարով, կա և 14, և մինչև 24:

Հա, բայց մեզ մոտ էլ են նույն տոկոսադրույքները:

— Այո, բայց Միացյալ նահանգները և Հայաստանը տնտեսության առումով, զարգացվածության առումով չես կարողանա, չէ՞, համեմատել, բայց տոկոսադրույքներն համադրելի են: Սա ամենևին չի նշանակում, որ մենք չենք փորձելու տոկոսադրույքներն ավելի մատչելի դարձնել: Եթե տոկոսադրույքներն էլ չկարողանանք իջեցնել, ապա այլ պայմաններով կբարելավենք պայմանները, միգուցե ժամկետները երկարացնենք, սպասարկման որակը բարձրացնենք, մենք ևս շահագրգռված ենք, որ հնարավորինս շատ վարկեր տրամադրենք: Դա է մեր հիմնական եկամտի աղբյուրը:

Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի տոկոսների ու ժամկետների բարելավում արվեց: Ի՞նչ կասեք, հնարավոր չէ՞, որպեսզի ոչ երիտասարդ ընտանիքի համար ևս մեղմ քաղաքականություն մշակվի:

— Եթե վարկառուն իվիճակի է վարձ վճարելու, նրա եկամուտն օրինական է, եկամտահարկ է վճարում, այս դեպքում հիփոթեքային վարկ վերցնելով քաղաքացին փոխհատուցվում է եկամտային հարկի հետվերադարձումով: 8-8,5 տոկոսով՝ դոլարով, 11 տոկոսով՝ դրամային հիփոթեքային վարկային գիծ է մշակված, 20 տարի ժամկետով. ի՞նչ կասեք, սա հարմարավետ պայմաններ չե՞ն:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
349