«Անասնաֆերման» էքսպերիմենտալ ընթերցմամբ ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Անասնաֆերման» էքսպերիմենտալ ընթերցմամբ

Արտուշ Միքայելյանը սովորում է ԵԿԹՊԻ Գյումրու մասնաճյուղի երրորդ կուրսում: Նա ընտրել է ռեժիսորի մասնագիտությունը ու համոզված է, որ ճիշտ ընտրություն է կատարել:

Երբ էքսպերիմենտալ արվեստանոցի իր ղեկավարին՝ Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանին, ապագա ռեժիսորն հայտնեց, որ ինքը ցանկանում է Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» վիպակի մոտիվներով նախադիպլոմային ներկայացում բեմադրել, վերջինս զարմացավ ու անմիջապես հարցրեց, թե հեշտ չէ՞ր լինի բովանդակային և գաղափարական առումով փոքրիշատե դյուրին գործ բեմադրել: Այնուամենայնիվ, Օրվելի այս վիպակը խորը մետաֆորային իմաստ ունի և թե՛ բեմականացման, թե՛ բեմադրման առումով, բավական բարդ է. «Այսինքն բացատրեց, որ այսպիսի խրթին գործ բեմադրելու ընթացքում ես կարող եմ որպես ապագա ռեժիսոր, հիասթափություններ ապրել»,- պատմում է Արտուշ Միքայելյանը: Բայց ինքն իրենն է պնդել ու համառորեն խնդրել, որ ղեկավարը վստահի: Լյուդվիգ Հարությունյանը տեղի է տվել, ու այժմ Արտուշն աշխատում է իր նախընտրած թեմայի բեմադրման վրա: Անձամբ շատ է կարևորում թեման, որովհետև այն մեր օրերում էլ չի կորցրել այժմեականությունը: Մի խոսքով` հավերժական թեմա է:

«Օրվելի այս ստեղծագործությունը «հակաուտոպիա» է, նախազգուշացում հասարակության բոլոր շերտերին, որպեսզի անտարբեր չլինեն իրենց շուրջը տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, այլապես կարող են անշրջելի փաստերի առջև կանգնել: Ինչպես վիպակում է նկարագրված, օրինակ, հայտնվել տոտալ ռեժիմի մամլիչի ներքո, կորցնելով սեփական դեմքը, ձայնը, մարդկային արժանապատվությունը»,- ասում է Արտուշ Միքայելյանը:

Ալեն Գինզբերգն այս թեմայով երաժշտական երկ է գրել, որ ժամանակին հնչել է աշխարհահռչակ «Փինկ ֆլոյդ» ռոկ խմբի կատարմամբ: Ներկայացման երաժշտական ձևավորումն էլ հիմնված կլինի հենց դրա վրա: Իսկ քանի որ Օրվելի վիպակի հերոսները անասուններ են, Արտուշը որոշել է, որ նրանք, բացի իրենց մարդկային նախատիպերին հատուկ տեսակներից, կկրեն նաև իրենց կենդանական նույնակերպության բնազդներն ու առանձնահատկությունները: «Դա, իհարկե, հեշտ չի լինի վերարտադրել բեմում, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ… Խոզը պետք է «համոզի», որ խոզ է, ոչխարը` ոչխար, էշը` էշ, և այլն: Ասենք այսպես` Նապոլեոնը խոզ է, իսկ նախատիպն հանդիսանում է Իոսիֆ Ստալինը, ուրեմն այստեղ դերասանը ներդաշնակորեն պետք է ցուցադրի երկուսին մեկտեղ այնպես, որպեսզի կերպարային երկու երանգներն էլ ներկա լինեն իր խաղում: Նույնկերպ` բանվոր-ձի, ոստիկան-շուն, էշ-մտավորական և այլ կերպարներում: Դերասանների համար, ինքնին, սա բարդ աշխատանք է, բայց փորձում ենք հնարավորինս այդ խնիրներին լուծում գտնել»,- ասում է նա:

Մյուս կողմից, քանի որ վիպակում ներկայացված կերպարները բավական շատ են, խնդիր առաջացավ ոչ միայն այլ կուրսերից ուսանողների ներգրավել ներկայացման մեջ, այլև բեմականացման տարբերակում գործող անձանց «հաստիքների» կրճատում անել: Ինչպես դա արվեց, մասնավորապես, Մովսեսի դեպքում: Մովսեսը հոգևորականությանն է ներկյացնում, ռեժիսորը չէր ուզենա, որ նրա կերպարը բեմադրությունում բացակայեր, բայց այդպես ստացվեց:

Օրվելի գրական երկը պատմական ժամանակահատվածի դիտանկյունով տեսնելու համար ապագա ռեժիսորն հնարավորինս ուսումնասիրել է փաստագրական նյութեր: Բեմական համոզիչ կերպարներ և իրավիճակներ ներկայացնելու համար պարտադիր պետք էր ծանոթանալ 1917 թվականի հեղափոխության, ստալինյան ռեժիմի շրջանի դեպքերին և դրանցում իրենց ազդեցությունը թողած դեմքերի գործունեությանը: Ինչո՞ւ չէ, պետք էր տեղյակ լինել նաև անգլիացի գրող Օրվելի կենսագրությանը՝ հասկանալու համար, թե ի՞նչն էր դրդել նրան այդպիսի վիպակ գրել: «Նա ամբողջ կյանքում հակաֆաշիստական գործունեություն է ծավալել, Իսպանիայում կռվել է ֆաշիստական ռեժիմի դեմ: Նա, ըստ էության, դեմ է եղել բոլոր բռնապետական ռեժիմներին` որտեղ էլ դրանք փորձեին հաղթանակ տոնել: Ինքը մտավորական լինելով, տեսեք, թե իր հակաուտոպիայում Բենիամին էշին, որը մտավորականի անասնական կերպն է ներկայացնում ռեժիմի պայմաններում, ինչպիսի հեգնանքով է պատկերել. գլխիկոր, լուռ, իր կենդանական գոյության հետ համակերպված: Ըստ էության, Օրվելը ցույց է տվել, թե ինչպիսին չպիտի լինի մտավորականը»:

Ներկայում շարունակվում են «Անասնաֆերմայի» բեմադրական աշխատանքները: Իսկ թե Արտուշ Միքայելյանին ու թիմին որքանո՞վ կհաջողվի իր սպասած արդյունքին հասնել, ցույց կտա ժամանակը: Նա պատրաստվում է ներկայացումն ավարտին հասցնել մայիս-հունիս ամիսներին: Այնուհանդերձ, կարևորը ձգտումն է, ինչն այս մտածող երիտասարդի դեպքում, ցանկալի կլիներ, որ հուսախաբ չաներ:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,762