ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցումային արդարադատություն, վեթինգ, լյուստրացիա…

«Երկխոսությունների մեդիա կենտրոնում» «Դատական համակարգի ճգնաժամն ու անցումային արդարադատության անհրաժեշտությունը» քննարկումն էր, որի բանախոսներն էին փաստաբաններ Սուսաննա Մխիթարյանը, Հայկ Հարությունյանը, «Քաղաքացու պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակի համակարգող Կարապետ Մխչյանը և Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մարզային մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:

Բնականաբար, հասարակության ուշադրության կենտրոնում հայտնված թեմաները՝ Անցումային արդարադատությունը, օտարահունչ՝ վեթինգը և այլն, տարբեր հարթակներում լուրջ քննարկման թեմա է դարձել, և շատ կարևոր է հասարակությանը բացատրել, թե ինչ են նշանակում անցումային արդարադատությունը, վեթինգը, ո՞րն է նպատակը, որոնք են իրականացման գործիքակազմերը, ի՞նչ արդյունքներ պետք է ակնկալել, և որքանո՞վ է պահանջված այն մեր երկրում:

Հայկ Հարությունյանը նախ մեկնաբանեց, թե ինչ է իրենից ներկայացնում անցումային արդարադատությունը. «Անցումային արդարադատությունն ինքն իրենով լայն հասկացություն է, բայց կփորձեմ ամփոփ ներկայացնել մեր երկրում տիրող իրավիճակն ու վարչապետի հայտարարած վեթինգի մասին: Վեթինգը թարգմանաբար նշանակում է «զտում»: Այսինքն՝ զտում անբարեխիղճ աշխատողներից, իսկ այս պարագայում, քանի որ դատական համակարգում ճգնաժամ է, այն անբարեխիղճ դատավորներին է վերաբերում, և ցանկությունը մեծ է համակարգը մաքրելու: Վեթինգ գործիքը 4 բաղադրիչներ ունի. առաջին հերթին կձևավորվի հանձնաժողով, կձևավորվի վեթինգի իրականացման ընթացակարգ: Պետք է ստուգվի դատավորների մասնագիտական կոմպետենտությունը, ապա՝ հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, այն է՝ ֆինանսական միջոցները, ինչքի ձեռքբերումը և այլն: Երրորդ՝ պետք է ստուգել դատավորների էթիկայի, վարվելաձևի կանոնները, ինչ խախտումներ են ունեցել և ունեն: Եվ չորրոդ՝ կոռուպցիոն ռիսկերը. թե տվյալ դատավորները կապվա՞ծ են որևէ կոռուպցիոն գործարքներով, ի՞նչ անձանց հետ: Շատ կարևոր է, որ ձևավորվող հանձնաժողովն ինքն այս նշված բաղադրիչները պարունակի՝ և՛ լինեն մասնագետ, և՛ լինեն կոմպետենտ, և՛ կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախված չլինեն: Վեթինգի արդյուքնում ոչ թե դատավորը պետք է ապացուցի, որ ինքն անմեղ է, այլ հանձնաժողովը պիտի հիմնավորի դատավորի այս կամ այն կետում մեղավորությունը: Սա ոչ թե քրեական և այլ գործերի վերաբացում է ենթադրում, այլ վերաբերում է կոնկրետ դատավորների անձերին, վարվելակերպերին»:

Սուսաննա Մխիթարյանը նշեց, որ անցումային արդարադատությունը լայն հասկացություն է, և այն միայն դատական համակարգին չի վերաբերում, այլ ամբողջ իրավական համակարգին՝ դատարան, ոստիկանություն, քաղծառայողներ. «Արդարադատություն իրականացնելու համար կարող է կիրառվել նաև վեթինգ, որը ներկայացրեց Հայկը: Անցումային արդարադատություն ասելը միգուցե հեշտ է, բայց իրականացնելը բավականին բարդ է ու ժամանակատար: Շատ երկրներում է նման պրակտիկա իրականացվել: Մեր երկրում արդեն իսկ սկսվել էր այն. հիշեք կոռուպցիոն գործերի բացահայտումները, որը դրական արդյունք է տվել: Սակայն գլոբալ առումով, անցումային արդարադատություն իրականացնելու համար բավականին մեծ ծախսեր են պահանջվում, մեծ հանրային բնագավառ է ընդգրկելու, և դեռևս մեխանիզմները պատրաստ չեն, և հարց է, թե ինչ  եղանակով է իրականացվելու, որտեղից է սկսվելու: Այսօր թիրախում դատավորներն են: Այո, ճիշտ է, որ դատարաններն իրենց տեղում չեն եղել, որ հասարակության մոտ վստահությունը կորցրել են, մի քանի ոչ բարոյական դատավորների պատճառով իրենք իրենց վարկաբեկել են: Դեմ չեմ, որ հենց դատարաններից էլ սկսվի: Բայց, մյուս կողմից, ես չգիտեմ՝ կո՞ղմ եմ, որ անցումային արդարադատություն սկսվի, որովհետև այն մեծ սկանդալների կհանգեցնի: Բայց այն, որ օրենքով ու Սահմանադրությամբ, դատարանն է իրականացնում արդարադատություն, սա է կարևոր. ոստիկանությունը բացահայտում է, քննչականը մեղադրանք է առաջադրում, և դատարանն արդարադատություն է իրականացնում, և արդարության վերականգնողը դատարանն է: Սրա համար եմ ասում, որ կողմ եմ դատարանները մաքրվեն, զտվեն, բայց մեխանիզմները դեռևս պարզ չեն: Շրջանառվում են վեթինգ, լյուստրացիա… սա դեռ հասկանալի չէ մեզ համար, որովհետև պրակտիկա չի եղել: Ես ուզում եմ պատկերացնել, թե ովքեր են լինելու այն «անմեղները», որ պետք է բացահայտեն «մեղավորներին»: Նման խնդիրներ կան: Եվ այդ բեռը կարծես հասարակական կառույցների, քաղհասարակության ուսերին է դրվում, մտածելով, որ նրանք ավելի առողջ են, կեղտոտված չեն, քան պետական այլ մարմիններ: Մի բան էլ. եթե անցյալում բաներ են եղել, ապա դա համակարգի սխալն էլ է եղել: Եթե վերադասը թալանող է եղել, ապա ստորադասին ինչպե՞ս հարցնես՝ ինչու ես թալանել: Վերադասն է ստորադասից պահանջել»:

«Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, հանրության կողմից կա վստահություն գործադիր և օրենսդիր իշխանությունների հանդեպ, բայց նույնը չի կարելի ասել արդարադատություն իրականացնող իշխանության մասին,- կարծիք հայտնեց Կարապետ Մխչյանը:- Եվ սա խոսում է այն մասին, որ դատավարական համակարգում կան լուրջ խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն: Իսկ մյուս կողմն էլ այն է, որ դատարաններն ինչ-ինչ թելերով կապված են եղել նախկին իշխանությունների հետ, ծանոթ-բարեկամական, բիզնես կապերով, և դա որոշակի կաշկանդվածություն է առաջացրել՝ որոշումներ կայացնելիս: Հայաստանի Հանրապետության անունից կայացված վճիռները Մարդու իրավունքների եվրոպական դատարաններից ետ են վերադառնում 180 աստիճանով շրջված՝ ՀՀ-ի դեմ և սա խնդիր է: Այո, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ովքեր են այն դատավորները, որոնք ՀՀ-ի անունից վճիռներ են կայացնում, որոշ դեպքերում վարկաբեկում երկրի վարկանիշը: Դատարանները, դատավորները մեկ տարի ժամանակ են ունեցել, որ անկաշկանդ ու լիարժեք գործեն, իրականացնեն արդարադատություն, սակայն խնդիրները դեռևս մնում են, շանսը բաց են թողել, և դրա համար էլ օրենսդիր ու գործադիր իշխանությունների կողմից պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկվեն, դա կլինի սահմանադրական բարեփոխումների, դատաիրավական համակարգի բարեփոխումների, թե վիրահատական միջոցներով, որպեսզի հանրության վստահությունը վերականգնվի նաև 3-րդ իշանության նկատմամբ»:

Սեյրան Մարտիրոսյանն ասաց, որ կա հասարակության վստահության վերականգնման խնդիր՝ նախևառաջ արդարադատություն իրականացնող համակարգի հանդեպ, իսկ անցումայինը հուշում է, թե երբ է դա կիրառվում. «Չեմ ընդունում ներկայիս իշխանությունների ձևակերպումներն ու արդարացումները, թե տվել էինք շանս, քանզի անատոմիան այնպիսին է, որ շանս չպետք է տրվի: Մեր կազմակերպություն դիմած մարդկանց երբ ասում ես, թե ձեր հարցը կլուծվի դատարանում, դիմեք դատարան, մարդիկ ասում են՝ «Վայ, միայն թե՝ ոչ դատարան»: Դա արդեն խոսում է հասարակության վերաբերմունքի մասին: Խնդիրը ոչ թե մի քանի անբարեխիղճ դատավորներին է վերաբերում, այլ համակարգին: Բոլորիս է հայտնի, որ որոշակի չակերտավոր չափանիշներ են եղել, որպեսզի համապատասխանես դատավոր աշխատելու համար, և դրանք չեն վերաբերել պրոֆեսիոնալիզմին, սկզբունքայնությանը, այլ ուղղակի կապ են ունեցել նրանց քավոր-սանիկական հարաբերությունների հետ, թիկունքով է պայմանավորված եղել, էլ չեմ ասում գրպանի պարունակությամբ: Լավ է՝ ուշացած քայլ արվի, քան չարվի: Անցումային արդարադատությունը ենթադրում է նաև հիբրիդային լուծումներ, ենթադրում է այդ ոլորտի միջազգային փորձագետների ներգրավում, ենթադրում է քաղաքացիական հասարակության լայն ընդգրկում, ենթադրում է նաև բացի դատարանականից՝ արտադատարանական համակարգի կիրառումը: Սա անցումայինի մյուս լավ կողմն է: Եթե նախկինում ահռելի ծավալի հանցագործություններ են տեղի ունեցել, և դրանք համակարգային բնույթ են կրել, հնարավոր չէ բոլորին դատել, նստեցնել, հետևաբար շատ հստակ պետք է ճամփաբաժին գծվի, թե որ դեպքում ինչպես է պատիժ կիրառվելու, որ դեպքում է փոխհատուցում կիրառվելու, և որ դեպքում է քրեական պատիժ հասնում»:

Բանախոսներն, ընդհանուր առմամբ, միակարծիք էին, որ անցումային արդարադատության նպատակը մեկն է՝ Սահմանադրությամբ սահմանված նպատակների իրականացում, որն անընդմեջ խախտվել է  տարբեր ատյանների կողմից: Անհրաժեշտ է բարեփոխումներ մտցնել համակարգում և սահմանադրությամբ օրենքները կիրառել: Սակայն, իհարկե, հանցավորների նկատմամբ կլինի պատժիչ մեթոդներ:

Անդրադարձ եղավ նաև Ռոբերտ Քոչարյանի դատական գործին, որը, հարցադրողի կարծիքով, պետք է իրականացվեր անցումային արդարադատության շրջանակներում, իսկ ըստ բանախոսների, այն յուրատեսակ լակմուս հանդիսացավ, որպեսզի ըմբռնենք, որ Հայաստանում կա անցումային արդարադատություն իրականացնելու հիմքեր և անհրաժեշտություն:

Մյուս հարցը, որին անդրադարձան, այն էր, որ եթե դատավորները հրաժարական տան, արդյո՞ք փոխարինողների ռեսուրս կա: Հայկ Հարությունյանը մեկնաբանեց, որ նախկին համակարգը թույլ չի տվել, որպեսզի մասնագետն առանց խնամի-բարեկամ, թիկունքի ու փողի հնարավորությունների դատավոր աշխատեր: Իսկ տիկին Մխիթարյանի տեսակետով, այս պահին էլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ունի դատավորների պահանջ, և թափուր տեղերը չեն համալրվում:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ Dialogue Media Center

print
301