Աշխատաշուկայում զբոսավարի, խոհարարի, մատուցողի պահանջարկ կա ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Աշխատաշուկայում զբոսավարի, խոհարարի, մատուցողի պահանջարկ կա

Հարցազրույց ՀՀ Զբաղվածության պետական գործակալության Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար ԱՄԱԼՅԱ ԱԴԱՄՅԱՆԻ հետ:

Նախքան զրույցը

Տիկին Ադամյանի մոտ սպասում էի, որպեսզի այցելուին ընդուներ-ճանապարհեր: Մայր ու աղջիկ էին եկել: Մայրը կլիներ մոտ 55, իսկ աղջիկը՝ 22 տարեկան: Ինչ-որ խնդիր էր առաջացել նպաստ համակարգում, երևի տեղեկանք էին վերցնելու: Տիկին Ադամյանը մանրամասն բացատրեց, թե ինչու պետք է 3 ամիս սպասեն, ինչն է խնդիրը, և այլն: Այցելուները դժգոհեցին, թե այդքան չեն կարող սպասել, որ իրենց խիստ անհրաժեշտ է նպաստ ստանալը, քանի որ դպրոցական երեխա ունեն: Տիկին Ադամյանն էլ առաջարկեց նրանց աշխատանքի տեղավորել կարի արտադրամասում: Անհաղորդ դադար… Տիկին Ադամյանը կրկին աշխատանքի առաջարկն ու պայմանները նկարագրեց, ասաց, որ հիմա նման աշխատանքի պահանջ շատ կա: Դարձյալ նույն դադարը… Տիկին Ադամյանը տիկնոջն ուղղակի հարցրեց, թե ինչու չի ուզում աշխատել: Տիկինը պատճառաբանեց, որ մի աչքը լավ չի տեսնում, ձեռքն էլ թույլ է: «Այդ դեպքում դու համաձայնի՝ գնա աշխատի»,- դիմեց աղջկան: Աղջկա ուղղությամբ ես էլ նայեցի, ինձ էլ էր հետաքրքիր, թե ինչու չեն համաձայնում առաջարկված աշխատանքին… Չէ, էլի նույն անհաղորդ դադարն էր: Տիկին Ադամյանն էլ ասաց. «Դե ուրեմն գնացեք, ու երեք ամիս սպասեք, որովհետև այդպես է կարգը: Չեմ հասկանում, ձեզ համար 20 հազար դրամ նպաստն ավելի շահեկան է, քան պարբերաբար 50 հազար աշխատավարձ ստանա՞լը»: Այցելու տիկնայք դուրս եկան կաբինետից: Մտորումների մեջ ընկնելու դադարի հերթը մերն էր… Ասել կուզեմ, ուրեմն, այն, որ ասում են՝ ԳՈՐԾ ԿԱ՝ շատ էլ ճիշտ են ասում, ԳՈՐԾ ԿԱ, ուղղակի աշխատելու ցանկություն ունեցողներ չկան:




Զրույց

— Տիկին Ադամյան, բնականաբար, հարցադրումներս վերաբերելու են գործազրկությանը, աշխատաշուկայի պահանջներին, զբաղվածության պետական ծրագրերին…

— Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեր ծրագրերում գրեթե փոփոխություններ չեն եղել: Այն ծրագրերը, որոնք սկիզբ են առել նախորդ տարվա հուլիսից, այս տարի ևս շարունակվելու են: Ինչ վերաբերում է ցուցանիշներին, պետք է ասեմ, որ նախորդ տարվա համեմատ, որոշակի չափով աշխատանք փնտրողների թիվն է կրճատվել՝ մոտ 500 հոգով, բայց այդ թվերն ամեն ամիս փոփոխվում են: Վերջին մի քանի տարիներին համարյա նույն ցուցանիշն է պահպանվում: Բայց զբաղվածության մեր ակտիվ ծրագրերի շրջանակում բավական աճել են աշխատանքի տեղավորման քանակը, և սա ուրախալի է: Զգալիորեն ակտիվացել են գործատուների հետ մեր համագործակցությունը, գործատուների քանակն է աճել: Ներկա պահին մենք աշխատատեղ ունեցող 10 և ավելի գործատուների մոտ այցելություններ ենք կատարում, ճշգրտումներ մտցնում, թե ինչպիսի աշխատանքի պահանջարկ կա: Սա, կարելի է ասել, նաև վարչապետի հանձնարարականն է, որն իրականացվում է ամբողջ հանրապետությունում: Սա նաև լավ հնարավորություն է, որ նոր գործատուներ ենք հայտնաբերում ու ընդգրկում: Պետք է ասեմ, որ նրանց կողմից ևս կա հետաքրքրություն:

— Կենտրոնի հետ համագործակցող Ձեր նշած 10 և ավելի գործատուները հների՞ց են, թե՞ նոր աշխատատեղ ստեղծողներն են:

— Հատկապես հներն են, որոնք կայացած են, ընդլայնում են իրենց բիզնեսը կամ չընդլայնվելով, պահպանում են ունեցած աշխատատեղերը: Ներկա պայմաններում շարունակել բիզնեսը և պահպանելը նույնպես ողջունելի է:

— Նախորդ տարիներին, Ձեր կենտրոնում գրանցած աշխատանք փնտրողների թիվը տատանվել է 9-11 հազարի սահմաններում: Հետաքրքիր է, իրականում, ասենք Գյումրիում, որքա՞ն է գործազուրկների իրական թիվը: Որովհետև հաճախ կրկնում ենք՝ գործազրկության ցուցանիշը բարձր է, բայց ֆիքսված թիվ չունենք: Կա՞ այնպիսի գործիքակազմ, որով հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել, որ, ասենք 100 հազար բնակչության այսքան տոկոսը չի աշխատում:

— Դա վիճակագրություն է, որը մենք կարող ենք դիմողների թվով եզրակացություն անել: Թե բնակչության տնտեսապես ակտիվը ինչ մաս է կազմում, որոնք չունենալով աշխատանք, նաև չեն դիմում մեզ, մենք չենք կարող ճշգրիտ թիվ ասել: Երևի նման վիճակագրություն իրականացրած կլինեն միջազգային կազմակերպությունները կամ հասարակական կազմակերպությունները: Բայց թվային ցուցանիշով, որը մենք ունենք՝ 13.541 աշխատանք փնտրող, կարելի է շեշտել, որ արդեն իսկ մեծ թիվ է կազմում և, թե որքանը չեն դիմում մեր կենտրոն, դա արդեն անհայտ է: Դիմողների մեջ կան մարդիկ, որոնք 10 տարի չեն աշխատել, ու հիմա դիմել են, ինձ էլ է հետաքրքիր, թե ինչու այս տարիների ընթացքում աշխատանք չի փնտրել: Եվ պատճառները տարբեր են լինում, սկսած երեխա ունենալուց, վերաջացրած բազմաթիվ խնդիրներ: Իսկ հիմա դիմում են՝ ակնկալիքով, քանի որ կան ծրագրեր, որոնք հնարավորություն կտան մարդկանց զբաղվածություն ձեռք բերել, ինքնազբաղվածություն ապահովել:

— Որքան գիտեմ, հիմա այն «խայծը» չկա, որի համար նախկինում գրանցվում էին, խոսքը գործազրկության դիմաց նպաստ ստանալուն է վերաբերում:

— 2014թ-ից գործազրկության նպաստ համակարգը հանվեց: 1992-2014թթ. եղել է նման ծրագիր, և մեզ էլ միշտ թվացել է, թե դիմելիության պատճառ դա է հանդիսացել, բայց երբ 2014-ից այն դուրս եկավ, ապա գործազրկության ցուցանիշը չնվազեց, էլ չեմ ասում, որ որոշակի տարիքային խումբ ավելացավ, նկատի ունեմ երիտասարդությանը: Եվ դա մեզ ապացուցեց, որ այդուամենայնիվ, մարդիկ աշխատանք փնտրողներ են: Իսկ երիտասարդների համար իրականացվող ծրագրերը, օրինակ՝ պրակտիկան, որը նորավարտ երիտասարդին հնարավորություն է տալիս մասնագիտական պրակտիկա անցնել՝ ըստ մասնագիտության, դա նրանց հնարավորություն տվեց աշխատանքային փորձ ունենալու: Ու շատ դեպքերում գործատուների մոտ 3 ամիս կազմակերպվող աշխատանքային պրակտիկան հնարավորություն է տվել շատերին հիմնական աշխատանք գտնելու: Եվ սա մեծ խթան հանդիսացավ, որ վերջին 5 տարիներին դիմելիությունը երիտասարդության շրջանում բարձրացավ: Բացի այդ, խթանիչ ծրագրեր ունենք նաև մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերի համար. մինչ այժմ ծրագիր էր իրականացվում մասնագիտություն ունեցող, բայց աշխատանքային փորձ չունեցողների համար, իսկ հիմա արդեն նաև նրանց համար է, ովքեր մասնագիտություն չունեն, բայց 6 ամիս մասնագիտական ուսուցմամբ գործատուի մոտ կարող են պրակտիկա անցնել, ընթացքում նրանց կրթաթոշակ է վճարվում նվազագույն ամսեկան աշխատավարձի չափով, իսկ դա արդեն բավական գումար է:

— Կարծես նման ծրագրեր եվրոպական երկրներում էր իրականացվում:

— Այո, հիմա շատ ծրագրեր միջազգային փորձերից է վերցված: Եվ ուրախալի է, որ այսօր շատ երիտասարդ մայրեր են դիմում, ովքեր առաջին անգամ են մուտք գործում աշխատաշուկա: Տեսեք, այս կատեգորիան ևս դուրս էր մնացել մեր կենտրոնի տեսադաշտից: Մեր ծրագրերը հիմնականում զբաղվածություն, ինքնազբաղվածություն, ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրեր են:

— Ինքնազբաղվածության ծրագրեր ասելով, ի՞նչ նկատի ունեք. ընտանեկան բիզնե՞ս…

— Մինչև 1 միլիոն դրամ է նախատեսվում ինքնազվաբածության ծրագրում ընդգրկվածին, ինչը կարող է հնարավորություն տալ սեփական ձեռնարկություն հիմնելու, բայց նախքան այդ մեր կողմից գնահատում է իրականացվում, ապա նոր աջակցություն տրամադրվում: Ծրագիր ունենք, որը հնարավորություն է տալիս զբաղվելու անասնապահությամբ, ինչը ոչ միայն գյուղական, նաև քաղաքային համայնքում կարող է իրականացվել:

— Իսկ զբաղվածության ծրագրերում աշխատանք փնտրողներն ավելի շատ կանա՞յք են, թե՞… Քանզի հայտնի է, որ տղամարդկանց մի որոշ հատված արտագնա աշխատանքի է մեկնում:

— Մեր ունեցած տվյալների բազայի վրա հենվելով, կասեմ, որ 70%-ը կանայք են: Իսկ աշխատանքի տեղավորման ցուցանիշներում գրեթե հավասար են՝ 51/49 հարաբերակցությամբ:

— Ներկա պահին ինչպիսի՞ մասնագիտությունների պահանջարկ ունեք:

— Ներկա պահին մասնագիտական ուսուցողական ծրագրեր ենք իրականացնում՝ ելնելով աշխատաշուկայի պահանջներից՝ զբոսավարի, դայակի, կարողների…

— Եվ, երևի ելնելով այն իրողությունից, որ Գյումրիում արդեն քայլ քայլի վրա հյուրանոցներ, սրճարաններ են բացվում, նաև հյուրանոցային աշխատակիցների և մատուցողների, այո՞:

— Շատ ճիշտ նկատեցիք, նաև խոհարարների, մատուցողների շատ պահանջարկ ունենք, նաև վաճառողների: Մատուցողների խնդիրը մեր տարածքի համար խնդիր է, ելնելով մենթալիտետից: Կարող է գնան Երևանում մատուցող աշխատեն, բայց Գյումրիում՝ ոչ: Բայց, իհարկե, ժամանակները փոխվում են, երիտասարդները նոր շունչ են հաղորդում, իրենք կոտրում են կարծրատիպեր: Նաև ծրագրեր ունենք հաշմանդամների համար, առաջնահերթություն տալիս ենք այս խմբին, եղած թափուր աշխատատեղերում փորձում ենք գործատուի հետ համագործակցել, և այս խոցելի խավի համար զբաղվածություն ապահովել: Մենք պետական ծրագիր վաղուց ունենք, և ամեն ինչ կանենք, որպեսզի իրենց համար աշխատանքային միջավայր ու աշխատատեղ ապահովենք:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
3,031