Աշխատասիրությունն է բոլոր հաղթանակների գրավականը ⋆ «Շրջապատ»
ՄՇԱԿՈՒՅԹ

Աշխատասիրությունն է բոլոր հաղթանակների գրավականը

«Գոհարներ» պարային համույթը 5 տարեկան է:

Առաջին հայացքից դժվար է տարբերել պարուսույցին պարող-պարուհիներից։ Փորձասենյակում լարված աշխատանքային մթնոլորտ է։ Նոր ծնված ու արդեն տարիների պատմություն ունեցող բեմադրություններ, պատասխանատվության տագնապ ու աշխատասիրությամբ արդարացվող վստահություն… «Գոհարներ» պարային համույթը պատրաստվում է հոբելյանական մենահամերգի՝ նվիրված համույթի հիմնադրման 5-ամյակին։

Հայոց պարարվեստի բազմամյա պատմության մեջ թիվն, անշուշտ, փոքր է, բայց հենց ճանապարհի սկիզբն է, որ կանխորոշում է հետագա ընթացքը, դառնում հիմք ու երաշխիք՝ ապագայի համար ու կերտում պատմություն՝ տասնամյակների կենսագրությամբ։

Աննային ճանաչողներին թե հարցնես՝ ո՞րն է նրա համար ամենաբնութագրական բառն ու հաջողության գրավականը, կասեն՝ աշխատասիրությունը։ Ինքը՝ Աննան, իր հաջողության հիմքում դնում է նաև կամքն ու համարձակությունը. հենց այստեղ է, որ ակամա տեսնում ես  5-ամյա «Գոհարների» հետագա ճանապարհը։

Աննան պարասենյակ մտավ մոտավորապես այն տարիքում, որքան հիմա իր ղեկավարած համույթն է։ Կյանքի ճանապարհն իրեն կապեց պարարվեստին նախ որպես պարուհի, հետո որպես պարուսույց։ Տարիների ընթացքում կուտակված հույզերը, ապրումներն ու զգացողությունները մեկը մյուսի հետևից դարձան բեմադրություններ ու կազմեցին «Գոհարների» պարացանկը՝ հայի ու հայկականի նկատմամբ անթաքույց սիրով ու հիացումով՝ Ադանայից մինչև Շուշի, Արցախից մինչև Մուշ ենթագիտակցական ընկալումների ընդգրկմամբ։

Բեմադրությունների մասին պատմելիս աչքերն են մատնում ոգևորության չափը, հետո արդեն ապրված զգացողությունների մասին են վկայում ընտրված երաժշտությունը, էսքիզից հագուստի վերակերպվող գծանկարները, փորձասենյակի քրտնաջան աշխատանքն ու անբացատրելի նվիրումը։

— Բեմադրություններս միշտ չէ, որ ընկալվում են. երբեմն իմ պատկերացրածն ավելի խորն է, քան հնարավոր է լինում բացատրել, բայց կարևորը մեր արվեստում նաև անտարբեր չթողնելն է։ Բաց եմ և՛ քննադատությունների, և՛ խորհուրդների առաջ։ Փառք Աստծո, խանգարող ընկերներ չունեմ, փորձի փոխանակման հարթակներ կան, մենք էլ պատրաստ ենք սովորել ու կատարելագործվել։ Ի վերջո, պարուսույց կոչումը, այդ մենք չէ, որ պիտի տանք ինքներս մեզ, այլ պիտի հասնենք այնտեղ, որ մեր գործը գնահատողներն, ի վերջո, մեզ պարուսույց անվանեն,- անկեղծանում է Աննան ու հրավիրում մենահամերգին, վստահեցնում է՝ օգոստոսի 26-ին ինքն ու գոհարցիները կգոհացնեն Գյումրու մարզամշակութային կենտրոնի դահլիճում հավաքված հանդիսատեսին։

Հրավերն ընդունում եմ, Աննային՝ հրաժեշտ տալիս հաճելի զարմացած. այս քաղաքի ֆենոմենը եղել և մնում է գործը սիրող նվիրյալների մեջ…

ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆ

print
4,381