Աբրիս. «Աշխատում եմ օգուտ տալ մարդկանց, ոչ թե ապարդյուն ապրել» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Աբրիս. «Աշխատում եմ օգուտ տալ մարդկանց, ոչ թե ապարդյուն ապրել»

Թե ե՞րբ եկավ նկարելու շնորհի բացահայտումը, Աբրահամ Իսրայելյանը, ում Գյումրիում շատերն Աբրիս անվամբ են ճանաչում, չի էլ հիշում: Ասում է միայն, թե դա շատ փոքր տարիքում էր: Նա էլ սովորականի պես, հաճախել է նկարչական դպրոց: Այդ տարիներին էր` սովետական ժամանակներում, երբ նրա մանկական նկարները ցուցադրվեցին հանրապետական ցուցահանդեսում:

Ջրաներկով էր սիրում աշխատել: Իր ասելով, այդ նկարչությունը պահանջում էր մեծ համբերատարություն, կենտրոնացում, որովհետև, բացատրում է, երբ վրձնախաղը տվել ես սպիտակ թղթին, այն այլևս հնարավոր չէ ջնջել` պատկերը կյանք է ստանում, դառնում է օրգանիզմ: Ու նկարը սկսում է իր անջնջելի, նրբերանգային խաղով կյանքը: Ասում է, թե գուաշը գույնի վրա նոր գույն ավելացնելու, այն ծածկելու հնարավորություն է տալիս: Նրանով կարող ես պատկերը փոփոխման ենթարկել, իսկ ջրաներկը ստիպում է յուրաքանչյուր գույնը նկարին հանձնելիս, վերջնական որոշմամբ դա անել` առանց սխալվելու իրավունքի: Այլապես` նկարը կարող է չստացվել:

Հետո մի ժամանակ եկավ Աբրիսի կյանքում, դա մինչև 8-րդ դասարանն էր, երբ կարծես մոռացավ, որ ինքը տիրապետում է նկարելու արվեստին: «Շատ ծույլ էի, չէի սիրում սովորել, ատում էի բոլոր առարկաները, բացի ֆիզիկայից: Ատում էի քիմիան, մաթեմատիկան անտանելի էր իր թվերով, պատմությունը` թվականներ մտապահելու պահանջով: Գյումրու 2-րդ ռուսական դպրոցում էի սովորում: Դասատուներն էլ նախատում էին դրա համար: Ասում էին, թե արի մի քիչ սովորի, որ կարողանանք թվանշան դնենք քեզ: Ծուլությունս թույլ չէր տալիս սովորել, ես էլ դասերին խզբզանքով էի զբաղվում: Կիթառ էի նկարում: Մեկ էլ` երգել էի սիրում: Էն ժամանակ մոդա էր «Բիթլզը», սիրում էի նրանց երգերը»: Այդ ժամանակ էր, երբ Աբրիսը գիտակցեց, որ երաժշտական ընդունակություններ ունի: Բացի, իհարկե, նկարել կարողանալուց: «Սկաբելկին Սերգեյ ունեինք քաղաքում` համադասարանցիներ էինք, նրա հետ էի կիթառ նվագում, կիթառով միասին շրջում էինք քաղաքում, նվագում տարբեր երաժշտական խմբերում, բարձր դասարաններում «կոպիա» էինք անում` «Բիթլզին», «Ռոլինգ սթոունզին»: Սերգեյի ծնողներն ունևոր էին` իրեն «Տորնադո» կիթառ էին նվիրել, իսկ դա այն ժամանակ 400 ռուբլի արժեր: Քիչ փող չէր` սովետական աշխատավորի երեք ամսվա ռոճիկը: Հրավիրում էին խմբերում նվագելու: Սովորում էի տարբեր տեղերում ու կարճ ժամանակով, բայց ոչինչ կիսատ չմնաց մեջս: Միայն Գյումրու գեղարվեստի ուսումնարանի ավարտական վկայական ունեմ, բայց այն ժամանակ այդ ուսումնարանը մեծ հեղինակություն ուներ` զիլ բան էր, ինստիտուտին հավասար էր, լավ էին սովորեցնում ուսուցիչները»:

Մայրն ամուսնալուծված էր, ընտանեկան պայմանները լավ չէին, կյանքը բարվոք չէր: Եղբայրը, քույրը, ինքը ստիպված էին մի քանի տեղ աշխատել: Ինչպես ասում է` «ոտի կանգնեցին», բանակ գնաց, եկավ ու մեկ տարի անց ամուսնացավ: Մինչ երկրաշարժը Գեղագիտական կենտրոնի «Զանգակ» մանկական երգչախմբի համար երաժշտություն էր գրում, երգեր գործիքավորում: «Զանգակում» իր դուստրը ֆլեյտա էր նվագում, երգում էր: Հոր կարծիքով` տաղանդավոր երեխա էր: Երկրաշարժին զոհվեց: Այնուհետ երկու զավակ ունեցավ: Կյանքը շարունակվեց:

Գնահատվելը նկարչի համար նաև իր հանապազօրյա հացը վաստակելու միջոց է, ուստի Աբրիսի հետ զրույցի ընթացքում, հարցնում եմ, թե այդ առումով ինչպե՞ս են իր գործերն ընթանում: «Կաշխատեի, նկարիչ էի… Էն ժամանակ նկարչի համար միշտ էլ տեղ կար, թվային տեխնիկան դեռ չկար, ու նկարիչների գործը պահանջված էր: Երկրաշարժից հետո բիզնեսն էր նոր-նոր զարգանում, շատերը առևտրի կրպականեր էին դրել, դրանք սիրունացնելու համար, նկարներ էի անում վրաները: Մի իրավաբան կար, անունը չտամ, պապիրոս կծախեր, ես էլ իմ գործն էի անում` նկարում էի: Այն ժամանակ`չգիտես որտեղից, նորահայտ հարուստներ էին եկել եղանակ փոխելու: Իրենց նկարներն էին պատվիրում` թագավորական շորերով, իրենց սիրածների նկարները: Ես էլ նկարում ու հմտանում էի իմ գործում: Դժգոհ չեմ մնացել այդպիսի պատվերներ կատարելով: Փողը մանր-մունր գալիս էր, նորմալ ապրում էի, լավ էլ ապրում էի դոմիկում` 25 տարի»:

Հարցնում եմ, թե դոմիկում 25 տարի ապրելու լավը ո՞րն է: Իր ասելով, պարզվում է, որ դա միանգամայն հնարավոր է: Հնարավոր է դառնում, որովհետև կարողանում ես ստեղծագործելու բերկրանքից չկտրվել. «Ստեղծագործում էի, մշտապես մասնակցում Նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներին: 2006, ապա 2010 թվականներին ցուցահանդես եմ ունեցել Ֆրանսիայում, տասնյակ նկարներ են վաճառվել այնտեղ: Սիրում եմ աբստրակցիոնիզմը նկարչության մեջ, բայց պետք եկած ժամանակ` ռեալիստ եմ»:

Հիշում է «Փյունիկ» հաշմանդամների միությունում ծավալած իր հասարակական գործունեությունը, քաղաքային «Կումայրի» թերթում աշխատած տարիները, երբ ծաղրանկարներ էր անում «թեժ» թեմաներով հոդվածների համար: «Մեր կյանքին առնչվող ռեալ երևույթներն էի նկարում, դրանք իրենց ռեալիզմով այսօր էլ հրատապությունը չեն կորցրել, որովհետև այն նեգատիվը, որ այն տարիներին կար մեր կյանքում, այսօր էլ կա, չի մնացել անցյալում»: Գրքեր է սիրում նկարազարդել, դա իր ընթերցասիրությունից է գալիս: Բայց չի սիրում ռուս գրականությունը, Դոստոևսկու «Ապուշը», օրինակ, չի կարողացել մինչև վերջ կարդալ: Ռուսական կենցաղի նկարագրությունն իրեն դուր չի գալիս: Ասում է. «Չգիտեմ, թե դրանցից ինչ հոտ եմ առնում: Այդպիսի մարդ կա, չէ՞, նստում ես հետը խոսելու, չես իմանում նրա անունն ինչ դնես: Լավ, ասենք` «սիմուչկա ուտող»: Ինքը քեզ հետ վատ չի վարվել, սիրուն է գուցե նաև, բայց չես հավանում նրան»:

Աբրահամ Իսրայելյանն այժմ էլ շարունակում է աշխատել Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու ստորաբաժանումում: Գտնում է, որ անչափ կարևոր է, որպեսզի նկարիչն աղքատ չապրի, կարողանա մտածել, երևակայությանը ներշնչանք հաղորդել, ներկի ու վրձնի պակաս չունենա, ինչը ևս կարևոր է մեր օրերում, որովհետև դրանք թանկ արժեն: «Երբ նկարիչը մտածում է` նե՞րկ առնի, թե՞ ուտելիք, այդ ժամանակ նկարիչը դադարում է այդպիսին լինելուց: Դա առաջներում էր, երբ ասում էին` «սոված նկարիչ» ու պարծենում դրանով: Կարծես նկարչի սոված լինելը նրա համար պատվավոր կոչում էր: Այդպիսի բան լինել չի կարող: Նկարչի համար շատ հաճելի է, երբ կան իր արվեստը գնահատողներ, ու նրանք պատրաստ են իրենից նկարներ գնել: Ի վերջո, նկարչի ստեղծած ապրանքն էլ իր նկարներն են: Աշխատում եմ այնպես ապրել, որ մարդկանց իմ գործերով օգուտ տամ, հացս վաստակեմ, կարողանամ ապարդյուն չապրել»,- համոզմունքն այսպես է ձևակերպում նկարիչ Աբրիսը:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
2,413