Աստղեր, ովքեր ժամանակին բոմժ են եղել ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աստղեր, ովքեր ժամանակին բոմժ են եղել

Կարծում ենք` գաղտնիք չէ, որ Հայաստանում այս կամ այն բնագավառում (հատկապես շոու-բիզնեսում) հաջող կարիերա ստեղծելու համար, պետք է կամ շատ փող ունենաս, կամ՝ հարուստ պապա, կամ՝ իշխանավոր քեռի, կամ էլ ժամանակին «ջոկես», թե քամին որ կողմից է փչում ու հայտնվես ճիշտ տեղում:  Իսկ ահա Հոլիվուդում պատկերը մի քիչ այլ է: Այնտեղ պարտադիր չէ թոթոլ թիկունք ունենալը: Պարտադիր է՝ տաղանդի առկայությունը: Հոլիվուդյան աստղերից շատերը նույնիսկ տուն չեն ունեցել, հազիվ են հայթայթել օրվա հացը, բայց մի օր հայտնվել են Օլիմպոսի գագաթին:

Օրինակ՝ Հոլլի Բերրին: Նա պատմել է, որ մինչ դերասանուհի դառնալը, այնքան աղքատ է եղել, որ ամիսներով ապրել է անօթևանների, իմա` բոմժերի կացարանում: «Երբ լրացավ 21-ամյակս, որոշեցի դերասանուհի դառնալ: Ինչքան փող ունեի հավաքած, վերցրեցի ու տեղափոխվեցի Չիկագո: Փողերս շատ շուտ պրծան: Ծնողներս էլ հրաժարվեցին ինձ օգնել՝ հայտարարելով, թե արդեն չափահաս եմ ու պետք է ինքնուրույն կյանքով ապրեմ: Ստիպված էի վարձածս տունը հանձնել ու տեղափոխվել բոմժերի մոտ»:

Ջիմ Կերրին դեռ մանկուց շատ լավ գիտեր, թե ինչ է աղքատությունը: Իրենից բացի, ընտանիքում ևս երեք երեխա կար: Ծնողները մշտապես ֆինանսական դժվարությունների մեջ էին ու հաճախակի տեղից տեղ էին տեղափոխվում: Ջիմը ստիպված էր ցածր վարձատրվող աշխատանքներ կատարել, որպեսզի ինքն էլ իր լուման ներդներ ընտանիքի գոյատևման համար: Ու մի օր, երբ հայրը կորցրեց աշխատանքը, նրանք տեղափոխվեցին ապրելու ավտոֆուրգոնի մեջ, հետո` վրանի, հետո` ամուսնացած քրոջ սկեսրանց ցախատանը: Կերրին որոշել էր դառնալ հանրաճանաչ մարդ ու խնդիր էր դրել ցանկացած գնով հասնել իր նպատակին: Թե ինչ դժվարությունների ու զրկանքների միջով է անցել արդեն միլիոնատեր դարձած աշխարհահռչակ դերասանը, երևի միայն Աստծուն է հայտնի:

Իսկ ահա Դենիել Կրեյգը (վերջին Ջեյմս Բոնդը) խոստովանել է, որ երիտասարդ տարիքում ինքը տուն չի ունեցել և գիշերներն անցկացրել է այգու նստարանին:

Աշխարհահռչակ Չարլի Չապլինը ևս հոր մահից հետո ստիպված է եղել փողոցում քնել: Չապլինի մանկությունն անցել է աղքատության, սովի ու միայնության մեջ:

Հանրահայտ «Նիրվանա» ռոք-համույթի ոչ պակաս հանրահայտ կիթառահար և երգիչ Կուրտ Կոբեյնը, ով արդեն հանդերձյալ աշխարհում է, իր երկրային կյանքի ընթացքում բազմակի անգամ է հայտնվել անօթևանի կարգավիճակում: Ապրել է կամուրջի տակ, շենքերի մուտքերում, կայարանների սպասասրահներում, նույնիսկ փողոց նետած արկղերի մեջ:

Օրինակները շատ են, բոլորին թվարկել անհնար է, բայց փաստն այն է, շատ ու շատ աշխարհահռչակ մարդիկ նախկինում եղել են աղքատ ու անտուն, սակայն օրերից մի օր հռչակ են ձեռք բերել, դարձել միլիոնատեր ու դեռ միլիոնավոր դոլարներով էլ հարկեր են վճարում:

print
870