Աստված զավակներիս երկար կյանք տա ⋆ «Շրջապատ»
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Աստված զավակներիս երկար կյանք տա

Աստված հեռուն պահե անգամ թշնամիներիս… մենակությունից… Ո՞ւմ է պետք ծեր ու միայնակ մարդը… եթե զավակներիդ պետք չես, ուրեմն էլ ո՞ւմն ես պետք:

Որքանով ինձ հիշում եմ՝ աշխատում եմ: Պատերազմից հետո, երբ 5 տարեկան էի, մեծ եղբայրներիս հետևից վազում էի ամենուրեք, ուր իրենք էին գնում՝ աշխատելու, որ մեկ-երկու կոպեկ տուն բերեին՝ հաց գնելու համար: Նրանց կողքին էլ սովորեցի աշխատասիրություն ու ամեն տեսակի գործ ինձ համար դժվարություն չէր: Եղբայրներս ամուսնացան, ընտանիք կազմեցին, երեխաներ ունեցան, ես դեռ չէի մտածում այդ մասին: Արդեն 30 տարեկան էի: Վերջիվերջո, ես էլ ընտանիք կազմեցի: Իմ հալալ քրտինքով տուն կառուցեցի, մեր ընտանիքին՝ ծնողներիս հետ միասին տեղափոխեցի լուսավոր ու ընդարձակ տուն, որի ամեն մի քարն իմ ձեռքով էի դրել:

Երկու դուստր ու մեկ որդի ունեցանք: Սովետի փլուզումն ու երկրաշարժի բերած ավերումները մեր ընտանիքին շրջանցեց. մենք դարձյալ ապրում էինք մեր սեփական տանը, որն այնքան ամուր էր, որ անգամ ճաք չտվեց: Միայն հոգևոր արժեքներ էին կորսվել, հարազատ մարդկանց տարել մեր կյանքից, բայց ոչ իմ ընտանիքից… Փառք Տիրոջը: Ինչպես մինչ երկրաշարժը, այնպես էլ հետո, ես գնում էի խոպան, ինչպես հիմա են ասում՝ արտագնա աշխատանքի: Լավ գումար էի աշխատում, այնպես որ զավակներս երբևէ ոչ մի բանից զուրկ չապրեցին: Նրանց ուսման տվեցի, ամեն հարցով օգնում էի, թիկունքներին կանգնած էի: Պարտավոր էի, պարտական էի… իմն են, իմ կյանքն են ու իմ միսն ու արյունը:

Մի 20 տարի առաջ առողջությունս վատացավ, ստիպված վերադարձա ու այլևս դուրս գնալու մասին խոսք լինել չէր կարող: Զավակներս արդեն հասուն մարդիկ էին, ամուսնացած: Միշտ մեզ այցելում էին, ուրախացնում իրենց զավակներով ու երեխաների հաջողոություններով: Մի անգամ մտածեցի. ինչ լավ է, կյանքում կրած դժվարությունների ու զրկանքների փոխհատուցումը երջանիկ ծերությունն է… ծերանում էինք, բնականաբար: Ու ծնողի՝ Աստծուց երախտապարտ լինելը՝ լավ զավակներն են:

Երևի ես իմ բախտին նախանձեցի, աչքով տվեցի… Կինս հանկարծամահ եղավ: Ես կարծես որբացա, անտեր դարձա… Բայց չգիտեի, որ նաև «ոչ պիտանի» մարդ դարձա…

5 տարի է՝ զավակներիս չեմ տեսել: Լավ, ասենք, թե Հայաստանում չեն, ամեն մեկը աշխարհի մի անկյունում ծվարել են, շատ պարզ պատճառով՝ գործ չկա, սաղ ծախեցին, հայրենիքի հետ կապը կտրեցին ու գնացին անհայտի ճամփեն բռնած: Երբ իմացա, որ որդիս խնդիրներ ունի, իմ հալալ քրտինքով, քար առ քար շարած տունս ծախեցի, որ գումար ուղարկեմ՝ իր հարցերը կարգավորի: Իմ համար մի տնակ գնեցի ու տեղավորվեցի… իմ ինչի՞ն է պետք մեծ ու լուսավոր տունը, երբ այն դատարկ է:

Բայց մի՞թե ես՝ իրենց հայրը, մեղավոր եմ, որ մեր կյանքն այսքան ոչինչ չարժե, որ զավակներս էս վերջին 3 տարում մեկ տող, մեկ լուր անգամ իրենց ծեր հորը չեն ուղարկում: Մի՞թե ես այդքան վատ ծնող եմ եղել իրենց համար, մի՞թե ես այդպես եմ վարվել նրանց հետ, որ հիմա նրանք ինձ «փոխհատուցում» են:

Ճշտել եմ, Փառք Տիրոջը, զավակներս ողջ, առողջ են: Աստված տա՝ մինչև կյանքի մայրամուտ ցավ ու կորուստ չունենան: Ու խնդրում եմ Աստծուց՝ ոչ մեկն հանկարծ իմ օրիս չմնա… միայնակ, անտեր, ու հայտնի չէ՝ սովա՞ծ, մրսա՞ծ… Էլ հաց կիսել չեմ ուզում. ինչի՞ համար:

ԳԱՌՆԻԿ


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք:

print

1,252