Ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահի այցը Գյումրի ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահի այցը Գյումրի

Վլադիմիր Կվիչինսկի

Գյումրու թիվ 30 դպրոցի մարզադահլիճում մեծահասակ, պատանի ու դեռահաս սաների հետ եզակի սեմինար պարապմունք անցկացրեց ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 8-րդ դան որակավորում ունեցող, ազգությամբ լեհ Վլադիմիր Կվիչինսկին: Նա չթաքցրեց իր բավարարվածությունը երեխաների հետ շփվելիս ու ընդգծեց, որ մեծ էներգիա է ստացել սեմինարների ընթացքում: Ի դեպ, սա 4-րդ սեմինար պարապմունքն էր Հայաստանում: «Թեև կարատեի ու, ընդհանրապես, արևելյան մարտարվեստների հայրենիքը Ճապոնիան է, սակայն այս մարզաձևերը գնալով ավելի մեծ աշխարհագրական տիրույթներ են ընդգրկում: Կարևորն ավանդական կարատեի մասսայականացումն է և այստեղ շատ մեծ է Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 5-րդ դան, սենսեյ Սուրեն Մաթևոսյանի դերը: Հայաստանին ծանոթ եմ արդեն 12 տարի: Ունեք շատ լավ մարզիկներ, որոնք իրենց լավագույն կողմերով են դրսևորել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Կարևորում եմ այսպիսի սեմինար պարապմունքները, քանի որ այն նպաստում է սաների արագ աճին: Ձեր երեխաներից շատ մեծ էներգիա ու բավարարվածություն եմ ստացել ու կարևոր է, որ նրանք յուրացնում են իմ ասածները,- «Շրջապատի» հետ զրույցում նշեց Վլադիմիր Կվիչինսկին:

Սեմինար պարապմունքների նախաձեռնողը Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 5-րդ դան Սուրեն Մաթևոսյանն է:

– Ամեն տարի ունենում ենք նման սեմինար պարապմունքներ, որն անցկացնում է ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահը: Այս տարի սեմինարներ եղան երկու օր Երևանում, մեկ օր՝ Վանաձորում և ահա, ինչպես տեսնում եք՝ Գյումրիում: Սեմինարի նպատակն է՝  ավանդական կարատեն ճիշտ մեկնաբանվի ամբողջ Հայաստանով մեկ, իսկ պարապմունքների շնորհիվ մենք՝ մարզիչներս ու մարզիկները, կարողանանք բարձրացնել մեր վարպետության աստիճանը, – նշեց Հայաստանի ֆեդերացիայի նախագահը:

Ավանդական կարատեի մարզային կառույցի նախագահ, սև գոտի 3-րդ դան որակավորում ունեցող Կարեն Հովհաննիսյանը համոզված է, որ այսպիսի դասընթացի շնորհիվ գյումրեցի կարատեիստներն ավելի արագ կաճեն հավաքականի մակարդակով:

Քանի որ առջևում մինչև 14 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է Լեհաստանում, իսկ 14-ից բարձր տարիքի մարզիկների համար՝ Ռումինիայում, մեր սաների համար շատ կարևոր էր այն գիտելիքների պաշարը, որը նրանք ստացան սեմինարի ընթացքում:

Վլադիմիր Կվիչինսկուն հյուրընկալեց նաև ՀԱՕԿ-ի Շիրակի մարզային ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանը: Նա խոսեց այցի կարևորության մասին՝ շեշտելով մի հանգամանք. թեև այս մարզաձևն օլիմպիական չէ, այդուհանդերձ, իրենք խտրականություն չեն դնում մարզաձևերին աջակցելու խնդրում ու պատրաստ են սատարել ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է մարզաձևերի մասսայականացմանն ու զարգացմանը: Վլադիմիր Կվիչինսկին իր հերթին նշեց, որ խոստումնալից սաները Գյումրիում շատ են ու վստահ է, որ մոտ ապագայում նրանք կարդարացնեն իրենց ուսուցիչների սպասելիքները: Արմեն Բադեյանը շնորհակալություն հայտնելով Վլադիմիր Կվիչինսկուն՝ իրենց գրասենյակ այցելելու համար, հուշանվերով պարգևատրեց ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահին:

Եվս մեկ հետաքրքիր հանդիպման ականատեսը դարձավ Գյումրին: Ծնողները մեծ ոգևորությամբ հետևեցին իրենց զավակների մարզումներին, իսկ տեղի մասնագետները հիացան Վլադիմիր Կվիչինսկու ցուցադրական տարրերից:

ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆ

print
1,153