Արբաազ Խան. «Երբեմն մարդիկ բաժանվում են, եւ դա նորմալ է» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Արբաազ Խան. «Երբեմն մարդիկ բաժանվում են, եւ դա նորմալ է»

Հարցազրույց Բոլիվուդի կինոդերասան ԱՐԲԱԱԶ ԽԱՆԻ հետ:

Արբաազ Խան. դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր: Ծնվել է 1967թ. օգոստոսի 4-ին՝ բոլիվուդյան կինոինդուստրիայի հայտնի ընտանիքում. հայրը՝ Սալիմ Խանը՝ սցենարիստ է, մայրը՝ Սուշիլա Չարակը՝ նկարչուհի, եղբայրները՝ Սալմանը և Սոհաիլը, ևս հայտնի դերասաններ են, քույրը՝ Ալվիրան, կինոպրոդյուսեր: Արբաազի հետևորդների թիվը «Թվիթերում» այս պահին 1,42 միլիոն է, «Ինսթագրամի» պաշտոնական էջում՝ 600 հազար:

Արբաազ, Ձեր կենսագրությունը ուսումնասիրելիս նկատեցի, որ առաջին անգամ նկարահանվել եք 28 տարեկան հասակումԱսել է թե՝ մինչ այդ չէի՞ք ուզել դերասան դառնալ:

— Իմ կարիերան սկսվեց 1996-ին: Այո, այն սկսվեց մի քիչ ուշ, բայց, ինչպես ասում են՝ հայտնվեցի ճիշտ ֆիլմում, ճիշտ ժամանակին: Առաջին ֆիլմը «Ճաք»-ն էր:

Հնդկաստանում շատերն են փորձում մուտք գործել Բոլիվուդ, բայց քչերին է հաջողվում: Ձեր հայրը՝ Սալիմ Խան Ջին, հայտնի սցենարիստ է, նա ինչոր կերպ աջակցե՞լ է, որ Դուք ու Ձեր եղբայրները ոչ միայն հայտնվեք Բոլիվուդում, այլև ստանաք գլխավոր դերեր:

— Իմ հայրը ինձ ու եղբայրներիս միշտ ոգեշնչել է և իր դերակատարումն է ունեցել իմ՝ կինոաշխարհում հատնվելու երազանքին հասնելու մեջ: Մեծացել եմ մի տան մեջ, որտեղ երկրպագուները գալիս էին հայրիկիս հետ ծանոթանալու: Ես տեսել եմ շատ հայտնի մարդկանց ու ինքս ուզում էի հայտնվել ֆիլմինդուստրիայի մեջ, կապ չունի՝ որպես դերասան, ռեժիսոր, թե պրոդյուսեր:

Ֆիլմերում Դուք հիմնականում մարմնավորում եք բացասական կերպարներ: Ի՞նչ է, Ձեզ համար հոգեհարազա՞տ են «վատ տղաների» դերերը, թե՞ ռեժիսորներն են կարծում, որ այն Ձեզ մոտ ավելի լավ  է ստացվում:

— Այո, ճիշտ եք նկատել, իմ կարիերայում ես հիմնականում մարմնավորել եմ բացասական կերպարներ: Այնպես ստացվեց, որ իմ առաջին ֆիլմում խաղացի հենց բացասական հերոսի դերում, բայց թե՛ ֆիլմը, թե՛ հերոսը շատ լավ ընդունվեց հասարակության կողմից: Դրանից հետո ռեժիսորները սկսեցին առաջարկել հիմնականում բացասական կերպարներ: Ու գիտեք ինչ, «կերպարանափոխվելու», այլ ֆիլմերում դրական հերոսների դերերում խաղալու համար ինձանից երկար ժամանակ պահանջվեց:

Շատ ֆիլմերում Դուք հանդես եք գալիս Ձեր եղբայրների հետ: Հետաքրքիր է, լինո՞ւմ են դեպքեր, որ նկարահանման հրապարակում վիճեք

— Շատ հեշտ է նրանց հետ՝ ինչպես իրական կյանքում, այնպես էլ նկարահանման հրապարակում: Մենք շատ լավ հասկանում ենք իրար, ու բոլոր ֆիլմերը, որտեղ նկարահանվել ենք միասին, միշտ դրական արձագանքներ են ստացել հանրության կողմից: Մարդիկ սիրում են մեր համատեղ աշխատանքները: Մենք օգնում ենք իրար, աջակցում ու, ընդհանրապես, կինոհրապարակում ասես տանը լինենք:

Դուք միլիոնավոր երկրպագուներ ունեք՝ ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ կյանքում ` նկատի ունեմ համացանցում: Ինչպե՞ս եք շփվում նրանց հետ, հատկապես երկրպագուհիների հետ: Ավելի շատ ինքնագիր են խնդրո՞ւմ, թե՞ սելֆի:

— (Ծիծաղում է): Ես իմ բոլոր երկրպագուների հետ էլ շատ լավ եմ շփվում: Ես գնահատում եմ նրանց սերն իմ հանդեպ: Ու ինքս հարգանք եմ ցուցաբերում նրանց նկատմամբ: Որոշ ժամանակ առաջ մոդայիկ էր երկրպագուների համար մակագրելը, բայց այժմ ոչ ոք չի խնդրում ստորագրություն, բոլորը սելֆի են ուզում: Նախկինում մարդիկ մոտենում էին գրքերով, թուղթ-գրիչով, պաստառներով ու խնդրում ստորագրություն, հիմա ամեն ինչ փոխվել է. հիմա սելֆին ավելի կարևոր է:

Ի՞նչ հոբբիներ ունեք:

— Աիրում եմ երաժշտություն լսել, գիրք կարդալ, ֆիլմ դիտել, ընտանիքիս և ընկերներիս հետ ժամանակ անցկանցել:

Կարո՞ղ ենք խոսել Ձեր անձնական կյանքից… 18 տարի համատեղ կյանք, ապա բաժանություն… (Արբաազ Խանի նախկին կինը՝ Մալայկա Աուրորան, նույնպես դերասանուհի է,- հեղ.):

-… Երբեմն մարդիկ բաժանվում են, և դա նորմալ է: Այնուամենայնիվ, ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ իմ նախկին կնոջ հետ, մենք ընկերներ ենք, մենք ընդհանուր երեխա ունենք, և երկուսս էլ մասնակցում ենք նրա դաստիարակության գործին: Մենք հարգում ենք իրար, ինչն ամենակարևորն է:

Կուզենայի՞ք, որ Ձեր որդին՝ Արհանը, ևս դերասան դառնար, թե՞ նրան այլ կարիերա եք նախատեսում:

— Գիտեք, ես այնպիսի հայր եմ, որ չեմ ստիպի իմ երեխային անի այն, ինչ չի ուզում: Ինչ մասնագիտություն էլ ընտրի, կարևորը որակյալ մասնագետ դառնալն է: Եթե կարծում է, որ լավ դերասան կդառնա, թող դառնա, ես նրան կաջակցեմ: Բայց, եթե դառնալու է դերասան զուտ այն պատճառով, որ իր պապիկը, հայրը, հորեղբայրները կամ մայրն այդ ոլորտից են, ուրեմն պետք չէ: Ինքը թող որոշի, իսկ ինձ մնում է միայն աջակցել:

— Տարբեր երկրներում բազմաթիվ հյուրախաղերի եք եղել: Որտեղի՞ց առավել վառ հիշողություններ են պահպանվել:

— Ավելի շատ վառ տպավորություններ ունեմ  Լոնդոնից, Նյու-Յորքից: Դուբայը, Ավստրալիան, Սինգապուրն այն վայրերն են, ուր կրկին կուզենայի այցելել:

Հայաստանի մասին գիտե՞ք ինչոր բան, կուզենա՞ք մեր երկիր ևս այցելել:

— Այո, ես գիտեմ Հայաստանի մասին ու, իհարկե, կուզենայի այցելել, ուղղակի զբաղված եմ, պետք է ժամանակս հարմարեցնեմ:

Ներկայում ինչոր ֆիլմի նկարահանման մեջ ներգրավվա՞ծ եք:

— Այո, հենց նոր եմ վերջացրել երեք ֆիլմի նկարահանումները, մնում է սպասել պրեմիերաներին: Շուտով նորից կսկսվեն նոր ֆիլմի նկարահանումները:

Ս. ՄԵԽԱԿՅԱՆ

print

2,320