ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Արեւի նման աղջիկը

Զարմանում եմ այն աղջիկների վրա, ովքեր «հանուն սիրո» կորցնում են իրենց «ես»-ը: Միևնույն ժամանակ առավել զարմանում այն տղաների վարմունքից, ովքեր իրենց սիրած աղջկա հետ ամուսնանում են՝ հետո նրան «վերադաստիարակելու» նախապայմանով:

Երբ մեկին հարցնես, թե ինչու է սիրում մյուսին, կսկսի թվարկել այն հատկանիշները, որոնք դուր են եկել իր սիրած էակի մեջ: Բայց, թե ինչ է լինում այդ սիրո հետ, երբ, ասենք, զույգն ամուսնանում է, այդպես էլ չեմ կարող ընկալել. ինչո՞ւ են փորձում իրար վրա ազդեցություն գործել, բնավորության գծեր փոխել, իրենց սովորություններին համապատասխանեցնել: Չէ՞ որ մինչ այդ սիրել են, որովհետև, ասենք, աղջիկը «խենթուկ» է եղել, երգել է սիրել, երեխայի նման թռվռալ է սիրել, կոկետություն է արել, չգիտեմ ինչպիսին է եղել՝ և դու նրան սիրահարվել ես այդ տեսքով:

Մի ընկերուհի ունեմ, ով այնքան լի է կյանքով, այնպես էմոցիոնալ է, որ բոլորին կարող էր գերել իր ծիծաղով ու էներգետիկայով: Ես էլ, մյուս ընկերուհիներն էլ նրան շատ էինք սիրում: Նա միշտ հոգատար վերաբերմունք էր ցուցաբերում յուրաքանչյուրիս, օրինակ՝ եթե մեկն ու մեկիս դեմքին ժպիտ չէր նկատում, սկսում էր այնպիսի կատակներ անել, որ բոլորս ծիծաղից մեռնում էինք… Իսկ նա միշտ ժպտում էր:

Մի օր նրա մեջ փոփոխություններ նկատեցինք: Մի տեսակ անտարբեր էր դարձել բոլորիս հանդեպ: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը: Ասաց. «Եթե ես չփոխվեմ, ընկերս ինձ կթողնի»: Զարմանքից, էլ չեմ ասում՝ ափսոսանքից քար կտրեցինք. «Ո՞նց թե, մի՞թե Էլյան պիտի փոխվի, ինչո՞ւ, որ ի՞նչ: Բայց նա ախր շատ լավն է, ինչո՞ւ պիտի փոխվի»:

Էլյան դարձավ անճանաչելի. համարյա ամեն օր աչքերին արցունքներ էին՝ հատկապես ընկերոջ հետ հեռախոսազրույցներից հետո: Նա, որ մեզ պարտադրում էր ժպիտով մոտենալ կյանքի դժվարություններին, այլևս չէր ժպտում: Ընկերուհիներով փորձեցինք խոսել հետը, համոզել, որ նրան այդպիսի ընկեր պետք չէ, որը չգիտես՝ նախանձո՞ւմ, թե՞ խանդում է, որ իր գեղեցկուհի ընկերուհին արևի պես ժպտում է: Էլյան պատասխանեց, որ անչափ սիրում է նրան ու պատրաստ է հանուն նրա փոխվել: Մենք փորուփոշման, կոտրված ետ կանգնեցինք մեր հետագա անելիք քայլերի մտադրությունից:

Ինչ ասեմ՝ ամուսնացան: 6 ամիս էլ չէր անցել, իմացանք, որ բաժանվել է: Գնացինք իրենց տուն: Մի տեսակ հյուծված ու ընկճված էր, թեպետ պահպանվել էր գեղեցկությունը: Մեզ տեսնելով՝ ուրախ գրկախառնվեց: Ասաց, որ հիմար է եղել, որ մեզ չի լսել, իսկ իրեն սերն էր կուրացրել ու ինքը ժամանակին չէր նկատել, որ իսկական դահիճի հետ է ուզեցել կյանքը կապել: Պատմեց, թե ինչ դաժան օրեր է անցկացրել ամուսնու հետ: Վերջինս սադիստի նման հաճույք է ստացել Էլյայի տառապանքներից: Համբերության բաժակը լցվել է և հեռացել է:

Մեր Էլյան վերադարձել է կյանք: Նա մեր կողքին արևի նման լույս է տալիս, ժպտում է, ստիպում մեզ ևս ժպտալ, ապրել: Բայց հոգում ծանր նստվածք ունի, ես հո իրեն շատ լավ գիտեմ. չստացված կյանք՝ սա է իր բեռը: Էլյային ավանդապահ քաղաքներում չեն սիրում, քանզի ավանդույթները հաճախ վառում են ազատ ճախրողներին:

Էլյա ջան, երբեք չհանձնվես, թույլ չտաս, որ քեզ ընկճեն, կոտրեն: Մենք քո կողքին ենք: Հիշիր, ոչինչ այսպես չի մնա:

Քո ընկերուհի


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք:

print
1,615