Բաժանություն էր հարկավոր, որպեսզի զգացմունքները քննության ենթարկվեին ⋆ «Շրջապատ»
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Բաժանություն էր հարկավոր, որպեսզի զգացմունքները քննության ենթարկվեին

Մենք 8 ընկերներ էինք: Մեր ընկերությունը դեռ մանկության տարիներից է սկսվել: Այնքան չարաճճի էինք, որ մեզ «բանդա» էին անվանում: Բայց, քանի որ բոլորս էլ լավ էինք սովորում, մեր արարքների համար չէին պատժում: Դպրոցն ավարտելուց հետո բոլորս ընդունվեցինք տարբեր ինստիտուտներ: Ուսումնառության տարիներին, արձակուրդներին, տոնական օրերին մեր «բանդան» հավաքվում էր:

Չնայած բոլորս մտերիմ էինք, բայց ես ու Ա.-ն կարծես հոգեպես ավելի մոտ էինք: Միասին կիսվում էինք ամեն ինչ: Մեկ-մեկ մնացածն արտահայտվում էին, թե՝ «դե, խոստովանեք, հաստատ իրար սիրում եք»: Բայց երկուսս էլ խրտնում էինք նման խոսակցությունից ու ասում. «ոչ, մենք լավ ընկերներ ենք… բոլորիս պես»: Ա.-ն ամեն նման խոսակցությունից հետո հարկ էր համարում առանձին ինձ հետ խոսել, բացատրվել, որ ես հանկարծ սրտիս մոտ չընդունեմ նման խոսակցությունները: Բայց ես ծանր չէի տանում, ուղղակի, քանի որ մեր մեջ, իրոք, բան չկար, չէի ուզենա, որ իզուր խոսակցություններ շրջանառվեին, մանավանդ, ես գիտեի՝ Ա.-ն սիրում էր ուրիշ աղջկա:

Ա.-ն հաճախ էր դիմում իմ օգնությանը, որպեսզի ես՝ որպես աղջիկ, նրան ուղղություն ցույց տամ, կազմակերպեմ իր և ընկերուհու հանդիպումները, ճաշակով նվեր ընտրեմ ընկերուհու համար, ռոմանտիկ իրավիճակներ ստեղծեմ… Այդքանից հետո, բնականաբար, ինձ համար տհաճ էր, որ հանկարծ մեր մասին այլ բաներ խոսեին:

Մի օր Ա.-ն եկավ մեր տուն՝ շատ տխուր էր: Դու մի ասա, ընկերուհուն ամուսնացնում էին, նա էլ չգիտեր ինչ աներ: Ասացի՝ «փախցրա»: Հրաժարվեց, թե՝ «էս ո՞ր դարն է՝ աղջիկ փախցնեմ»: Ասածս չլսեց, ձեռքից բաց թողեց: Իսկ եթե ճիշտը խոսենք, ապա իմ կարծիքով, եթե աղջիկը չուզեր, չէր ամուսնանա, քանի որ, իրոք, մենք արդեն այն ժամանակները չենք, որ մեր ծնողները՝ մեր կյանքի կարևոր հարցի լուծումն իրենց վրա վերցնեն:

Անցան ամիսներ: Մի օր էլ Ա.-ն հայտնեց, որ մեկնում է Մոսկվա՝ հարազատների մոտ: Ընկերներով հավաքվեցինք, ճանապարհ դրեցինք: Երբ նրա ինքնաթիռը օդ բարձրացավ, սրտիս մեջ մի տեսակ ծանրություն զգացի…

Հետագա օրերն ինձ համար ահավոր դանդաղ սկսեցին անցնել, չէի հասկանում, թե ինձ հետ ինչ է կատարվում: Նրա մեկնելուց հետո ասես կյանքը կորցրել էր գույները, ինձ ամեն ինչ գորշ էր թվում: Չէի հասկանում, թե սրտումս ինչ է փոխվել… Փոխվե՞լ… Մի՞թե ես նրան սիրում էի… ու վաղուց: Մեկնելուց երեք օր անց զանգեց, ասաց. «Ես իզուր եկա: Ես այդտեղ իմ կյանքն եմ թողել»: Երկար զրուցեցինք, բայց նա ինձ ավելին չասեց, ուղղակի խոսում էր կարոտից, ընկերներից: Մենք ամեն օր շփվում էինք՝ «Ֆեյսբուքով», բայց այն մեր կարոտը չէր լրացնում…

Մոտ երեք ամիս էր անցել: Մի օր, առավոտ շուտ, արթնացա դռան զանգից… Ա.-ն էր՝ մի մեծ ծաղկեփունջ ձեռքին: Ասես չնկատելով մայրիկիս ներկայությունը, ասաց. «Մի՞թե մեզ բաժանություն էր հարկավոր, որպեսզի մեր զգացմունքները քննության ենթարկվեին… »: Մայրս հուզմունքից աչքերն էր սրբում, իսկ ես զարմացած էի: Ներս հրավիրեցի: Ծաղիկները ծաղկամանում տեղավորեցի: Զգացվում էր օդում կախված լարվածությունը: Մայրս մեզ մենակ թողեց: Ա.-ն անհամբեր սպասում էր իմ արձագանքին, բայց ես լռում էի: Չդիմացավ, մոտեցավ, բռնեց ուսերիցս, ուշադիր նայեց աչքերիս մեջ…

— Ուզում ես տեսնել, թե որքան եմ քեզ կարոտե՞լ,- հարցրեցի ես:

— Ոչ որպես ընկեր: Ուզում եմ տեսնել, թե քո աչքերն ինձ ինչ կասեն… Նրանք ինձ երբեք չեն ստել:

Ես կարոտով փաթաթվեցի Ա.-ին: «Դու մի ասա, ես էլ քեզ եմ սիրել այսքան ժամանակ ու չեմ հասկացել»:

Ս.


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք:

print
1,723