Բալասանյանն ասել է՝ մեր բալանսում չէ ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Բալասանյանն ասել է՝ մեր բալանսում չէ

Անձրեւային եղանակների մեկնարկին զուգահեռ Գյումրու Գործարանային 2ա հանրակացարանի շենքը, ինչպես միշտ, հայտնվել է անձրևաջրերի մեջ: 3-րդ աստիճանի վթարային աստիճան ունեցող չորս հարկանի կառույցը չունի տանիք: Անձրևաջրերը 4-րդ հարկից հասնում են 1-ին հարկ:

«Անձրևաջրերը կլցվին տուն, անկողինը աջ ու ձախ ենք տանում, որ վրան ջուր չլցվի: Երբ գիշերն անձրև է գալիս, էրեխեքին արթնացնում եմ, որ ջուրը վրեքը չլցվի: Անձրևը կուգա թե չէ՝ սելավը տան միջով կանցնի»,- ասում է հանրակացարանի բնակիչ Վարդուհի Գալստյանը:

Այս հանրակացարանում բնակվում է 9 ընտանիք: Շենքը զուրկ է կոմունալ հարմարություններից, չունի ջրահեռացման համակարգ, իսկ խմելու ջուր բնակիչները բերում են հարևան առանձնատների բակերից, թեև նշում են, որ շենքը ջրի կարիք չունի, քանի որ 4-րդ հարկում դույլեր ու կաթսաներ են դրված՝ անձրևաջրերի համար:

Հանրակացարանում ապաստանած բնակիչներից ոմանք ունեն անօթևանի կարգավիճակ: 88-ի երկրաշարժից հետո փոխհատուցում պետությունից չեն ստացել: Նշում են, որ ֆինանսական խնդիրներով պայմանավորված, չեն կարողանում նույնիսկ վարձակալական հիմունքներով ապրել: «Նույնիսկ շունն այստեղ չի ապրի: Ես 3-րդ կագի հաշմանդամ եմ, բրոնխներով հիվանդ եմ, ստանում եմ 16 հազար դրամ թոշակ, էդ փողով որտե՞ղ գնամ՝ տուն վարձեմ: Թոշակով վարձ տա՞մ, հաց առնի՞մ, կոմունալ մուծե՞մ, ի՞նչ անեմ»,- ասում է հանրակացարանի մեկ այլ բնակիչ՝ Սիլվա Համբարձումյանը:

Հանրակացարանում առկա են նաև առնետներ, որոնք պարբերաբար վնասվածքներ են հասցնում անչափահաս երեխաներին: «Կռիսները գիշերը երեխայի ականջը կրծել էին: Տունը լրիվ թակարդ է դրած: Ամեն գիշեր զարթուն կմնամ, կվախենամ քնիմ, որ հանկարծ կռիսները նորից էրեխեքի վրա չելնին»,- ասում է Վարդուհի Գալստյանը:

Ըստ բնակիչների, իրենք խնդրի մասին տեղեկացրել են Շիրակի մարզպետարանին և Գյումրու քաղաքապետարանին, բայց հուսադրող պատասխան չեն ստացել: «Դիմել ենք մարզպետարան, քաղաքապետարան, բայց ասել են, որ մեր բալանսի մեջ չէ: Սամվել Բալասանյանն ասել է, որ քաղաքապետարանի հետ կապ չունի: Էս շենքը պատկանում է Երևանի ռադիոզավոդին, եղել է էդ գործարանի հանրակացարանը: Դրա համար էլ քաղաքապետարանից մեզ տեր չեն էղնի»,- ասում է Սիլվա Համբարձումյանը:

Հ.Գ. Գյումրու քաղաքապետարանից տեղեկացանք, որ հանրակացարանի այս շենքը պատկանում է մասնավոր ընկերության: Քաղաքապետարանը փորձում է այն գնել եւ դարձնել համայնքի սեփականությունը՝ հետագա գործողություններ կատարելու համար:

ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

print
991