ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Բասենի մեծ ու փոքր խնդիրները

Հարցազրույց Բասեն համայնքի համայնքապետ ՌՈՄԱՆ ՀԱՄԱՅԱԿՅԱՆԻ հետ:

Պարոն Համայակյան, Շիրակի մարզում այս տարի երաշտին հաջորդեց աննախադեպ կարկտահարությունը, որից մարզի գյուղական համայնքները բերքի մեծ կորուստ ունեցան, մասնավորապես, Բասեն համայնքն ունեցավ մինչև 100 տոկոս բերքի կորուստ, բերքահավաք ընդհանրապես չիրականացվեց։ Ինչպե՞ս է հաղթահարում բասենցին այս խնդիրը և սրանից բխող ի՞նչ խնդիրներ են ծառացել գյուղացու առջև։

— Իսկապես, գյուղատնտեսական տարին աննախադեպ էր: Հունիսի 4-ի և հունիսի 27-ի կարկտահարությունների հետևանքով ցանքատարածությունները 100 տոկոսով վնասվեցին՝ մոտ 1200 հեկտար: Բասենում մշակվում են հիմնականում հացահատիկային մշակաբույսեր (ցորեն գարի),  վարելահողերը լինելով անջրդի՝ բավականին բերրի են և գյուղացին միջինում սպասում էր 30 ցենտներ բերք: Հաշվի առնելով, որ գյուղացիական տնտեսությունները աշխատանքները կազմակերպում են վարկերի ներգրավմամբ, կարող եմ ասել՝ այս տարի տնտեսությունները կրկնակի են վնասվել՝ մի կողմից ոչ մի եկամուտ, մյուս կողմից՝ վարկեր ու պարտքերը: Բասենցու առջև ծառացած խնդիրներից է նաև այս տարվա աշնանացան ցորենի ցանքը, ցորենի սերմնացուի պակաս կա, իսկ շուկայում ցորենը թանկացել է մոտ 50 տոկոսով, որն էլ իր հերթին մեծ ֆինանսական բեռ է գյուղացիական տնտեսությունների համար: Գյուղացին ստիպված է լինելու կամ նոր վարկեր վերցնել կամ հողը չմշակել:

Ձեր նշած խնդրից բացի, ի՞նչ խնդիրներ ունի գյուղական համայնքը։

— Հիմնական խնդիրներից է ոռոգման ջրի բացակայությունը: Նախկինում գործող ոռոգման համակարգը ԽՍՀՄ փլուզումից հետո ավերվել է և անհրաժեշտ է նոր ոռոգման համակարգ անցկացնել, ինչը հնարավորություն կտա բարձրարժեք մշակաբույսեր մշակել: Խնդիրներից է նաև օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող մոտ 7կմ երկարությամբ 200մմ տրամաչափով ասբեստյա խողովակաշարի փոխարինումը: Մասնագետների պնդմամբ՝ ասբեստյա խողովակներով մատակարարված ջուրը վտանգավոր է առողջության համար, ուստի կարևոր է այս խնդրի լուծման տարբերակ գտնելը: Համայնքի մշակույթի տունը երկրաշարժից հետո մատնվել է անուշադրության և երբեմնի գույքով ու տեխնիկայով հագեցած կառույցն այսօր ունի կապիտալ վերանորոգման կարիք: Վերանորոգման արդյունքում կունենանք համապատասխան պայմաններ` երիտասարդների զբաղվածությունը, մշակութային և սպորտային խմբակների գործունեությունը կազմակերպելու համար: Կարևոր է նաև գազամատակարարման հարցը. համայնքը գազաֆիկացված չէ և չի էլ եղել, չնայած գազի խողովակաշարը համայնքից 2կմ հեռավորության վրա է:

Տեղյակ եմ, որ գյուղն ունի խմելու ջրի խնդիր, ի՞նչ է արվել ու արվում այս ուղղությամբ։

— Խմելու ջրի խնդիրը հիմնականում կապված է ոռոգման ջրի բացակայության հետ: Տնամերձ հողամասերը բնակիչները ոռոգում են խմելու ջրով, որն էլ որոշ թաղամասերում ջրի սակավության պատճառն է: Սակայն ուզում եմ նշել, որ ջրի քանակը կբավարարի ամբողջ համայնքի կարիքները: Այս տարի կատարվել են ջրագծերի վերանորոգման աշխատանքներ, հին երկաթյա խողովակները փոխվել են պոլիէթիլենային խողովակներով, լուծվել է նաև մի թաղամասի ջրամատակարարման հարցը, անցկացվել է նոր խողովակաշար` 700 գծամետր երկարությամբ: Հաջորդ տարի նախատեսում ենք սարի տեղամասում նոր ջրաղբյուր միացնել գյուղը սնուցող խողովակաշարին, որը հնարավորություն կտա օրվա կարգավորիչ ջրամբարում կուտակել ավելի շատ քանակությամբ ջուր: Այնպես որ՝ հույս ունեմ, որ ամբողջությամբ խմելու ջրի խնդիրը կլուծվի: Դոնորների և համայնքի միջոցներով կփոխարինվի նաև ՕԿՋ-ն սնուցող ասբեստյա խողովակաշարը:

Բացի խնդիրներից գյուղն ունի նաև ձեռքբերումներ, կմանրամասնե՞ք:

— Այս տարի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում սկսել ենք մանկապարտեզի կտուրի և երկրորդ հարկի մի հատվածի վերանորոգման աշխատանքները, հաշվի առնելով այն փաստը, որ տարածքի փոքր լինելու պատճառով մանկապարտեզահասակ երեխաներից ոչ բոլորն էին կարողանում հաճախել մանկապարտեզ: Սուբվենցին ծրագրին զուգահեռ, երկրորդ հարկի մի հատվածում էլ համայնքի համաֆինանսավորմամբ և «Դեպի Հայք» հիմնադրամի միջոցներով սկսվեց երկրորդ հարկի մյուս հատվածի վերանորոգման աշխատանքները: Մանկապարտեզի գույքը հին էր դեռևս 1986 թվականից ու անհրաժեշտություն կար թարմացնելու: Դիմեցինք «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ին ու պատասխանը չուշացավ: «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ի և բարերար Լիլիթ Կարապետյանի հովանավորությամբ մանկապարտեզի համար ձեռք բերվեց 60 երեխայի համար նախատեսված մահճակալ, սեղան, աթոռ, պահարան և օրթոպեդիկ ներքնակներ: Արդեն կա պայմանավորվածություն՝ բարերարի միջոցներով ձեռք բերել անկողնային պարագաներ 90 երեխայի համար: Հետագայում նախատեսում ենք մանկապարտեզի կտուրին տեղադրել ֆոտովոլտային կայան՝ 15կվտ հզորությամբ, որը հնարավորություն կտա կազմակերպել ջեռուցումը և մասամբ էլ կփոխհատուցի փողոցային լուսավորության ծախսը: Խնայված միջոցները կուղղվեն համայնքային զարգացման այլ ծրագրերի:

Ինչ աջակցություն  է պետք գյուղացուն, որ կարողանա ինքնուրույն ապրել ու արարել սեփական հողի վրա։

— Սեփական հողի վրա ապրելու և արարելու համար նախ անհրաժեշտ է պետության աջակցությունը, անհրաժեշտ է վերանայել վարկային քաղաքականությունը, բարելավել բիզնես միջավայրը, ստեղծել գյուղատնտեսական շուկաներ, կազմակերպել գյուղատնտեսության ապահովագրություն, ենթակառուցվածքների արդիականացում և թարմացում, ոռոգման ցանցի ընդլայնում, գյուղատնտեսությունում նորարարական տեխնոլոգիաների ներդրում:

Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

print
2,294