«Բարաթներ տվեք, բա-րաթ-ներ» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Բարաթներ տվեք, բա-րաթ-ներ»

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը փողոցաշինական խնդիրներով իր մոտ էր հրավիրել ենթակառուցվածքների՝ կապի, գազի, էլցանցի, ջրի, «Կումայրի վերածնունդ պատմական կենտրոնի վերանորոգման» հիմնադրամի, քաղաքի գոտիավորմամբ զբաղվող «Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամի պատասխանատուներին։

Քաղաքապետը պահանջատիրոջ դիրքերից հորդորում էր կառույցներին՝ արագացնել իրենց հանձնարարված գործառույթները: Նա ներկայացրեց, որ գազի անցկացման նախագծերը պատրաստ են, մնում է «Վեոլիա ջրի» պարտավորությունները կատարվեն, ու քանի դեռ նրանց կողմից աշխատանքները չեն սկսվել, հնարավոր չէ շարունակելը: Սաստեց, որ «Վեոլիա ջրից» խոստացել են նախագծերը ներկայացնել, այդ թվում ջրահեռացման նախագիծը, բայց դեռ չեն ներկայացրել: Շեշտեց, որ այս խորհրդակցությունն արձանագրվում է և այն ներկայացվելու է վարչապետին: Քաղաքապետն ասաց, որ արդեն ունեն Շիրազի փողոցի նախագծա-նախահաշվային փաստաթուղթը, «Սահակյանշինից» ստացել են նաև գումարային տվյալները, թե որքան է անհրաժեշտ Շիրազի փողոցի շինաշխատանքների համար: «Մարտի 1-ին, եթե անգամ ձմեռ լինի, մենք պետք է սկսենք, որովհետև չենք հասցնի, մեր խնդիրն այն է, որ դեկտեմբերի 7-ին կարողանանք այդ փողոցները լրիվ վերականգնված տեսնել՝ իրենց կահավորանքով, արտաքին տեսքով, լուսավորությամբ։ Մեր վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։ Հիմա այս ամեն ինչը գրեք ձեր մոտ, սա վերջնական պայմանավորված խոսակցություն է կառավարության հետ: Ըստ ֆինանսավորման՝ դուք եք անելու ձեր բոլոր հաշվարկներով նախագծա-նախահաշվային աշխատանքները, և գումարը տրամադրվելու է, դա ղեկավարելու է պարոն Մարտիրոսյանը՝ վարչապետի առաջին ու գլխավոր խորհրդականը։ Իհարկե, ընդհանուր կառավարումը դրվել է քաղաքապետի և քաղաքապետարանի թիմի վրա, և մենք պատրաստ ենք այդ ամեն ինչին, բայց էսօրվա դրությամբ պետք է կարողանաք այդ աշխատանքները, ֆինանսավորումը, մյուսը, մյուսը, ըստ ժամանակացույցի տեղավորվել»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Քաղաքապետը նաև նշեց, որ Հակոբյան փողոցը վերանորոգվելու է քաղաքապետարանի ուժերով, նախագիծն արդեն ունեն, հաջորդ տարում կարող են արդեն շինաշխատանքների իրականացման համար մրցույթ հայտարարել: Իսկ Ջիվանու, Վարպետաց, Ղորղանյան փողոցները՝ «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) տրամադրած վարկի միջոցով են իրականացվելու։ Ճարտարապետական ոճը պահպանվելու է, փողոցը՝ վերաշարվելու է: ՎԶԵԲ-ի ծրագրով առաջին մրցույթն հայտարարված է՝ Կոմիտաս փողոցի շինարարությանն է վերաբերում, իսկ 2-րդ փուլով հայտարարվելու է այս 4 փողոցների մրցույթը:

Քաղաքապետը դարձյալ նշեց, որ սա վերջին համատեղ խորհրդակցությունն է, սրանից հետո առանձին աշխատանքային հանդիպումներ են լինելու. «Եթե որևէ մեկը ժամանակացույց խախտեց… Դուք եք համապատասխան տեղեկանք ներկայացնելու, թե այս խորհրդակցության արդյունքում երբ եք վերջնական անելու ձեր աշխատնքները՝ նշելով սկիզբն ու վերջը: Բարաթներ տվեք ձեր կողմից, որ, եթե հանկարծ ուշանան աշխատանքները, պատասխանատվությունը մենք չկրենք: Ես եմ պատասխանատու…»:

Ի դեպ, բարաթ տալ-առնելը վարչապետից է «մոդա» դարձել: Դեռևս փետրվարին, երբ առաջին անգամ հայտարարեց Գյումրու զարգացման ծրագրերի մասին, իր խոսքում ասաց, որ բարաթ չի կարող ներկայացնել, թե երբ կավարտեն աշխատանքները: Երևի իր մոտ անցկացրած խորհրդակցության ժամանակ քաղաքապետից է բարաթ ուզել, քաղաքապետն էլ՝ ենթակառուցվածքներից պահանջեց:

Շիրազի փողոցի մասով նշվեց, որ դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել՝ մայթերը բազալտի շերտո՞վ անել, թե քաղաքապետարանի առաջարկով՝ գունավոր սալիկներով: Բայց քաղաքապետը հակված է գունավոր սալիկներ շարել: Նա նշեց, որ Շիրազի փողոցում չեն լինի բարձր լույսեր, ինչպես Ռուսթավելի փողոցում։ Իսկ ասֆալտը կարմիր է լինելու: Նա դիմեց «Վեոլիա ջրին», որ վերջիններս ամբողջական անեն իրենց աշխատանքները, որպեսզի հետագայում հանկարծ քանդելու հարկ չլինի, քանի որ կարմիր ասֆալտ այլևս չեն կարողանա ճարել: Պատասխանատուների բերանից «խոսք քաշեց», որ մինչև հունվարի 20-ը վերջնական նախագիծ կներկայացնեն: Ապա անդրադարձավ գազի, էլցանցի, կապի պատասխանատուներին, վերահաստատելով պահանջվող բարաթով ներկայացնել հստակ ժամանակացույցը, նրանց էլ մինչև հունվարի 20-ը ժամանակ տվեց: Ճաննախագծից պահանջեց ընդհանուր 5 փողոցների մասով նախագիծը տալ, որ ամբողջական փաթեթ լինի:

Էլցանցին ու կապին քաղաքապետը ազատ «ֆրոնտ» տվեց, որ հանգիստ սկսեն իրենց աշխատանքները՝ սկսելով Շիրազի փողոցի աջ մայթից կամ ամբողջական, եթե պետք լինի, ձյունն էլ եկած լինի, աշխատանքային խումբ կուղարկի՝ ձներից մաքրելու, թեկուզ գիշերով: Նախնական սկսելու ժամկետ բարաթով նշեց դեկտեմբերի 10-ը:

Խորհրդակցության ընթացքում գոտիավորման «Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամի տնօրեն Լենա Մուրադյանի կարմիր ասֆալտի մասով առարկությանը, թե՝ թող մոխրագույն լինի, ինչի՞ կարմիր, քաղաքապետը կես կատակ-կես լուրջ հակադարձեց. «Շատ մի մտահոգվեք՝ ընթացքում մոխրագույն կդառնա»։

«Կումայրի վերածնունդ պատմական կենտրոնի վերականգնման» հիմնադրամի ներկայացուցիչ Սյուզան Ազոյանը ներկայացրեց, որ կահավորանքը՝ ծաղկամաններից, նստարաններից սկսած, վերջացրած աղբամաններով, զոնինգի կառույցի հետ միասին պատրաստել են փաստաթուղթը, որտեղ մանրամասն ներկայացրած է՝ նույնն են լինելու պատմական կենտրոնի բոլոր փողոցների համար, որպեսզի պահպանվի տվյալ գոտու ամբողջականությունը, լինի նույն ձեռագիրը։

Այսպիսով, 2018-ի մարտից սկսվելու են Շիրազի փողոցի հիմնանորոգումը և հարակից 4 փողոցների ու նրբանցքների շինաշխատանքները: Ավարտական ժամանակացույց ընդունվել է 2018թ. դեկտեմբերի 7-ը:

print

1,271