Բռնությամբ, վախեցնելով ու կաշառքով ընտրելու տարբերակներ չկան ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բռնությամբ, վախեցնելով ու կաշառքով ընտրելու տարբերակներ չկան

Հարցազրույց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻ հետ:

— Պարոն Սինանյան, ապրիլի 4-ին Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններն են, և Դուք հավակնություն եք ներկայացրել նախ քաղաքային խորհրդի անդամ, ապա նաև քաղաքապետ դառնալու: Քաղաքապետի ընտրությունները Գլենդելում այլ կերպ են կազմակերպվում: Կմանրամասնեք՝ ինչո՞վ է այն տարբերվում հայաստանյան ընտրություններից:

— Որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ՝ իմ 4 տարվա ժամկետը լրանում է. կամ պետք է փորձեմ վերընտրվել, կամ չմասնակցեմ ընտրություններին: Որոշել եմ վերընտրվել: Դրանից հետո արդեն առաջ է գալիս քաղաքապետ դառնալու հարցը, որը որոշում է նորընտիր քաղաքային խորհուրդը՝ ներքին քվեարկությամբ: Մանրամասնեմ. Գլենդելի քաղաքային խորհուրդը բաղկացած է 5 անձից, և նրանք են կառավարում քաղաքը: Քաղաքային խորհուրդը բաժանված է 2 մասի, և ամեն երկու տարին մեկ 2 կամ 3 պաշտոն ենթակա է ընտրության: Այսինքն՝ 2015թ. քաղաքային խորհրդի 2 անդամի ժամկետը լրացավ, և այդ 2 թափուր տեղի համար ընտրություններ կազմակերպվեցին: Հիմա 3 անձանց ընտրության հերթն է, այն մարդկանց, որոնք 2013թ-ին էին ընտրվել: Դրանից հետո արդեն վերակազմավորված 5 հոգանոց քաղաքային խորհուրդը որոշում է, թե իրենցից որ մեկին է ընտրում քաղաքապետ:

— Քաղաքային խորհրդի անդամ դառնալու համար այս պահին ովքե՞ր են մրցակցում միմյանց հետ:
— Հայազգի 4 թեկնածու ունենք, որոնցից 2-ը գործող քաղաքային խորհրդի անդամներ են, այդ թվում՝ ես: Իսկ ոչ հայազգի 6 թեկնածու կա: Նրանք տարբեր մարդիկ են՝ մեկն, օրինակ՝ ամերիկյան բանակի թոշակառու գեներալ-մայոր է, մեկը ապահովագրության փաթեթ վաճառող է, մեկը՝ ուսուցիչ, նաև մի հայ հեռուստահաղորդավար թեկնածու ունենք, մեքենաների վաճառքով զբաղվող անձ կա, ով ևս հայազգի է: Տարբեր անցյալ ու մասնագիտություն ունեցող մարդիկ են: Ցանկացած մարդ կարող է մասնակցել ընտրություններին, միակ պահանջն այն է, որ պիտի ԱՄՆ քաղաքացի լինի:

— Ո՞րն է Գլենդելում ընտրությունների առանձնահատկությունը: Եթե զուգահեռներ անցկացնենք հայաստանյան իրականության հետ, ինչո՞վ են դրանք տարբերվում իրարից:

— Տարբերությունն այն է, որ ընտրությունները տեղի են ունենում ժողովրդավարական սկզբունքներից ելնելով, այսինքն՝ մարդիկ այստեղ քվեարկում են իրենց ցանկությամբ: Բռնությամբ, վախեցնելով ու կաշառքով ընտրելու տարբերակներ չկան: Այն անձը, ով կարող է ամենաշատ ֆինանսներ հանգանակել կամ շատ գումար կուտակել իր նախընտրական հաշվեհամարում, ինչն օրինական է և ընտրական գործընթացի մի մասն է կազմում, բնական է, ավելի մեծ շանս ունի հաղթելու: Բայց գումար կուտակելն ուղղակիորեն կապ ունի նաև այդ մարդու համբավի հետ: Մարդիկ գումար են տրամադրում, որովհետև վստահում են, հույսեր են կապում այդ անձի հետ: Լինում են դեպքեր, որ մարդիկ այնքան հարուստ են, որ որևէ օգնության կարիք չեն ունենում: Ֆինանսները մեր ընտրություններում ընդամենը այս դերն են կատարում:

— Հիմա ինչո՞ւ եք ուզում նորից դառնալ քաղաքային խորհրդի անդամ, նաև քաղաքապետ: Ի՞նչ եք ուզում փոխել Գլենդելում:

— Նպատակս նույնն է՝ շարունակել հասարակական գործունեությունս, որովհետև դա երևի արդեն ոսկորներիս մեջ է մտել: Նոր գործընթացներ են այստեղ տեղի ունենում, որոնց մեծ մասի սկիզբը ես եմ դրել: Օրինակ՝ ժամանակակից տրանսպորտի ստեղծումը Գլենդելում: Մինչ այդ որևէ մեկը հասարակական տրանսպորտից չէր խոսում, իսկ հիմա քաղաքային խորհրդի բոլոր անդամները սկսել են միահամուռ հետաքրքրվել այդ խնդրով: Մենք վերականգնել ենք տրամվայի գծերը, որոնք բարբարոսաբար 50-ական թվականներին ոչնչացրել էին, ինչպես 2000-ականների սկզբում արեցին Հայաստանում: Փորձում ենք գնացքի ռելսերի վրա աշխատող համակարգերի միջոցով Գլենդելը կապել Լոս-Անջելեսի հետ: Մենք նաև ունենք լուրջ ֆինանսական մարտահրավերներ՝ պետական կառույցների աշխատակիցներին վճարվող թոշակների տեսքով: ժամանակին մարդիկ մեծ թոշկաներ են ստացել ու հիմա մենք կքել ենք այդ թոշակների բեռի տակ: Քաղաքապետարանին պատկանող կառույցների նախկին աշխատակիցներին քաղաքի կողմից տրվող թոշակային համակարգի մասին է խոսքը, երբ վերջին 50-60 տարվա ընթացքում թոշակի անցած մարդկանց մենք շարունակում ենք իրենց աշխատավարձի 70-80 տոկոսը վճարել: Սա քաղաքի համար մեծ ֆինանսական բեռ է և փորձում ենք այդ համակարգն ինչ-որ չափով փոխել:

Այլ խնդիրներ էլ ունենք. որոշ դատական գործընթացներ են տեղի ունենում, որոշ քաղաքացիներ քաղաքապետարանին դատի են տվել քաղաքի սահմանադրության խախտման համար, և հաղթել են դատը: Օրինակ, այդ մի հաղթանակի արդյունքում քաղաքապետարանը 57 մլն դոլար պարտք է քաղաքացիներին՝ էլեկտրականության համար գանձված ավելցուկ գումարների համար: Մեկ այլ կարևոր խնդիր ևս ունենք. բնակարանների: Բնակարանների վարձերի գները մեծ արագությամբ թանկանում են: Ճիշտ է, բնակարանների թանկացումը քաղաքի հաջողության նշանն է, այսինքն՝ Գլենդելը ցանկալի տեղ է, մարդիկ ուզում են գալ և այստեղ բնակվել: Բայց ես հիմա փորձում եմ ֆինանսներ ուղղել մատչելի բնակարանների ստեղծման ուղությամբ, որպեսզի կարողանանք այդ բեռը թեթևացնել:

— Դա ենթադրում է նոր բնակարանների կառուցո՞ւմ:

— Նոր բնակարանների կառուցում, նաև քաղաքապետարանի միջոցներով եղած շենքերի ձեռքբերում, որը հետո մատչելի գներով տրամադրվելու է սոցիալապես անապահով խավերին:

— Ապրիլի 2-ի Աժ ընտրություններում սփյուռքից դիտորդների պատվիրակություն է գալիս Հայաստան: Նպատակը ժողովրդավարական, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելն է: Ի՞նչ եք կարծում, նրանք կկարողանա՞ն ազդել քաղաքական գործընթացներին:

— Ես ողջունում եմ այդ այցը, այն հիմնավորված է: Անհնար է հերքել, որ Հայաստանում ընտրությունները, մեղմ ասած, տեղի են ունենում անառողջ մթնոլորտում: Արդյո՞ք կկարողանան որևէ փոփոխություն մտցնել այս ընտրական գործընթացում, դժվարանում եմ ասել: Եթե Գլենդելում ընտրությունները չլինեին հայաստանյան ընտրություններից 2 օր հետո, ես էլ սիրով կգայի ու կմասնակցեի որպես դիտորդ:

— Ընտրակաշառք՝ ամենատարբեր դրսևորումներով: Հայաստանում ի՜նչ ասես չեն խոստանում ընտրողներին: Գլենդելում ընտրազանգվածին ինչպե՞ս են համոզում իրենց ընտրել, ընտրողի քվեն ինչպե՞ս են ստանում:

— Երկու ձևով կարող են քվե ստանալ. մեկն իմ մոտեցումն է, երբ ազնիվ ձևով ներկայացնում ես իրավիճակը, մարտահրավերները և առաջարկում լուծումները: Կա մեկ այլ մոտեցում ևս. մարդիկ, մանավանդ նորերը, անհեթեթ խոստումներ են տալիս, բոլորին մատչելի բնակարաններ են խոստանում ու հիմնականում դրա վրա են հիմնվում՝ փորձելով մարդկանց մոլորեցնել, եթե չասենք՝ խաբել: Սա անպատասխանատու մոտեցում է, որովհետև, եթե նույնիսկ կարողանան նման խոստումներ տալով ընտրվել, հետո ի՞նչ են անելու, ո՞նց են կարողանալու խոստումները կատարել, էլ չեմ ասում խոցելի խավի հիասթափության մասին: Պատկերացրեք՝ ինչ հիասթափություն են նրանք ապրելու, երբ այդ խոստումները չիրագործվեն:

— Եվ վերջում, Գյումրի-Գլենդել համագործակցությունը՝ որպես քույր քաղաքներ, ի՞նչ փուլում է: Ի՞նչ է արվել այս ընթացքում ու ի՞նչ անելիքներ կան առաջիկայում:

— Գործնականում շատ բան չի արվել: Բնական է, ամեն տարի Հայաստան գալուց, Գյումրի այցելում եմ, բայց որ ասեմ՝ ինչ-որ ծրագրեր են առաջարկվել կամ իրագործվել, սխալ կլինի: Ես առաջին օրվանից ասացի՝ եթե մենք ստեղծենք քույր-քաղաք հարաբերություններ, դա չի նշանակում, որ ես՝ որպես քաղաքային խորհրդի անդամ կամ որպես քաղաքապետ, ինչ-որ ծրագրեր եմ մշակելու: Դա իմ իրավասությունների մեջ չի մտնում, որքան էլ ուզեմ: Հետևաբար, ստեղծվեց «Գյումրի-Գլենդել քույր քաղաք» հասարակական կազմակերպությունը, որը պետք է դրանով զբաղվեր, բայց դեռևս ոչ ոք ոչ մի ծրագիր չի ներկայացրել, հետևաբար ոչինչ չի արվել: Այն պահը, երբ այս կազմակերպությունը և՛ Գյումրիում, և՛ Գլենդելում ավելի գործունյա կդառնա, այդ ժամանակ կկարողանանք խոսել ծրագրերի իրականացման մասին:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

print
910