Գերության մատնվածի փրկությունը ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գերության մատնվածի փրկությունը

Շատերն համամիտ կլինեն այն կարծիքին, որ թմրամոլությունը չարիք է: Կարծում եմ՝ «բազմավաստակները» ևս կհամաձայնեին այս մտքի հետ, թեկուզ` ներքուստ: Այսօր վիճակագրությունը փաստում է, որ ամբողջ աշխարհում թմրամոլությունն իր ճիրաններում է ընդգրկում ավելի ու ավելի մեծ սահմաններ: Թմրամոլներից շատերը, ովքեր անհուսալիորեն հանձնվել են այդ չարիքին, իրենք էլ գիտեն, թե մոտակա ապագայում, վերջին հաշվով, ինչ է «շողում» իրենց: Եվ, ակնհայտորեն, եզակիներին է հաջողվում իրենց փրկել անելանելի թվացող վիճակից, պարզ ասած` մահվան ճիրաններից: Այդպիսի մեկի հետ ծանոթացա պատահմամբ: Մեզ ծանոթացրեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի նախկին հոգևոր սպասավորներից մեկը, ով արդեն երկար ժամանակ է, ինչ թոշակառուի կարգավիճակում է:

Ծանոթությունից հետո մենք բավականաչափ զրուցելու հնարավորություն ունեցանք: Զրուցակիցս, սակայն, չուզեց, որ առայժմ որևէ տեղ իր անունը հրապարակվի, ուստի նրան պայմանականորեն կանվանեմ Գառնիկ: Գառնիկը պատրաստվում է Գյումրիում հիմնել թմրամոլությունից ազատվելու վերականգնողական կենտրոն և համոզված է, որ դրանով մեծ օգուտ կտա ինքնասպառ ու արատավոր կյանքի խարանն ընտրած մարդկանց: Ասեմ, որ զրուցակիցս հռետորական շնորհ ուներ: Նրան առանց կլանվելու, առանց ասածի իմաստի խորության մեջ թափանցելու, անհետաքրքրությամբ լսելն անհնար էր:

Գառնիկը ծնվել է Գյումրիում, երեք եղբայրներից կրտսերն է: Փոքր է եղել, երբ իրենց ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան: Ընտանիքի տղամարդիկ գործունյա ջիղ ունեն, հիմնել են սեփական բիզնեսը, որը տարեցտարի բարգավաճել է: Այնպես որ, նրանք հաջող բիզնես վարող, բարեկեցիկ ու հարգարժան ընտանիքի համարում են ունեցել: Բայց երևի իրենց բիզնեսի մրցակիցներից մեկը միայն չէր կարողանում հանդուրժել այդ իրողությունը:

Գառնիկը պատմում է, որ երբեք որևէ ցանկություն բավարարելու խոչընդոտ չի ունեցել: Նրան ընտանիքում սիրել են որպես կրտսերի և ոչինչ չեն խնայել իր համար. «Բայց գալիս է ժամանակ, երբ ուզում ես ինքդ քեզ ինչ-որ բան ապացուցել, օրինակ՝ ինչը շատ կարևոր է մի որոշակի տարիքում, դու կարող ես քո կյանքում ինքնուրույն կողմնորոշվել: Այդպես սկսվեցին իմ շփումներն այդ քաղաքի, այսպես ասած, «ոսկե երիտասարդության» հետ: Նրանց մեջ հատկապես առանձնանում էր Մոնախ մականունով մեկը, ով իր մականունը ստացել էր ճարտար լեզվի համար, նրա պեսներին մեզ մոտ ասում են, թե լեզվով օձը բնից կհանի»:

«Ոսկե երիտասարդներն» իրենց հախուռն, խրախճանքներով շռայլ ապրելակերպի հորձանուտն առան Գառնիկին: Հետո Մոնախը նրա համար պիտի բացեր, իր համոզմամբ, առավել «երանավետ դղյակի» դուռը. «Սա այլ աշխարհ է, եղածի հետ անհամեմատելի», նկարագրել էր նա: Գառնիկը հետո միայն պիտի մտածեր, թե ի՞նչ երանավետություն, որը սոսկալի վնաս պիտի բերի իր կյանքին: Սկզբում կասկած չուներ, որ ցանկության դեպքում, այսինքն` երբ ձանձրանա, մեկից-մեկ կարող է հրաժարվել «դրախտի» բանալիներից: Սակայն կողմնակի հայացք գցելով իր վիճակին, զգում էր, որ օրեցօր անվերահսկելի է դառնում: Ներարկիչը կլանել էր նրա էությունը: Իր «ես»-ը այլևս ոչինչ էր, ներարկիչը` ամենազոր: Ասում է. «Ու որքան խորն էր գիտակցումս, թե այսպես ապրել չի լինի, միևնույն է, ոչինչ չէի կարողանում փոխել գոյությանս մեջ: Մտատանջություններս անսահման էին, սակայն ուժերս, կամքս էին սահմանափակ»: Սատանայական հուսահատություն էր բույն դրել մեջը:

«Դա սարդոստայն է,- ասում էր ինձ Գառնիկը,- մեկ անգամ ընկար, հաշվիր, որ այնտեղից դուրս գալու հավանականությունը չնչին է: Հայրս ու եղբայրներս ինչեր ասես չձեռնարկեցին՝ ինձ փրկելու համար, բայց ամեն ինչ ապարդյուն էր: Որոշեցին Ռուսաստանի փակ քաղաքներից մեկի բուժհաստատությունում ինձ լավ մասնագետի ձեռքն հանձնել: Այսպիսի քաղաքներում, ըստ էության, հիմնականում գիտական աշխարհի մարդիկ են ապրում և ռազմական կամ այլ գաղտնի բնույթի աշխատանքներ են իրականացնում: Այստեղ ուղեղս անջատեցին` արհեստական կոմայի մեջ գցեցին, որպեսզի, կոպիտ ասած, ջնջեին դրա բացասական պարունակությունը: Ու ի՞նչ. երբ կոմայից դուրս բերեցին, առաջին խոսքս ի՞նչ էր… Թմրադեղի անունն էր… Ու աղաչեցի, որ այն ինձ ներարկեն»:

Հիշում եմ՝ տարիներ առաջ մի նարկոլոգի և Գյումրու եկեղեցիներից մեկի քահանայի մամուլի ասուլիսը՝ թմրամոլության թեմայով: Քահանան պատմում էր, թե Գյումրիում թմրամոլության զոհ դարձածների հարազատներն հիմնականում ուզում են թաքցնել հանգուցյալի մահվան իրական պատճառները, մահվան այլ տարբերակներ են հորինում, որպեսզի հնչի նրա հոգու հանգստության համար առաքված աղոթքը: Ասում էր. «Այդ հարազատները պարզորոշ գիտակցում են, որ թմրամոլությունը հայ քրիստոնյայի համար մեղք է, անուղղակի ինքնասպանություն և հույս են տածում, որ գուցե այնտեղ` երկնքում, մեղավորին հոգու փրկության աղոթքը փրկի»: Իսկ նարկոլոգը, իմ այն հարցին, թե հնարավո՞ր է բացարձակ բուժել թմրամոլին, պատասխանեց. «Հիվանդներին նարկոդիսպանսեր պառկեցնում ենք բացառապես իրենց սեփական կամքով: Այս դեպքում հիվանդի` բուժվելու անձնական որոշումը պարտադիր է, որովհետև, եթե ինքը չնպաստի իր բուժմանը, արդյունքն ընդհանրապես զրոյական կլինի: Բայց անգամ այսպիսի դեպքերում դարձյալ վերջնական բուժման երաշխիք տալն անհնար է: Շատ բան կախված է նրանից, թե այդ մարդն հետագայում ինչպիսի հանգամանքների հետ կառնչվի: Նա, ըստ էության, մնում է խոցելի: Օրինակ` բավական է հայտնվի նյարդային խզման եզրին և անկումը դարձյալ անխուսափելի է: Ուստի, պետք է շատ զգույշ լինել նման մարդկանց նկատմամբ, հնարավորինս ապահովել նրանց հոգեկան անդորրը»:

Ինչևէ, վերադառնամ Գառնիկին: Նա սկսել է այցելել այդ ռուսական քաղաքում գործող հայկական եկեղեցի, ուր հնչում էր Աստծո խոսքը: «Մտերմացել էի հոգևորականի հետ և հաճախ էինք խոսում քրիստոնեության, ապաշխարության մասին: Հենց այդ հոգևորականին հաջողվեց բացել աչքերս, և ես կարողացա Աստծո ապավինությամբ բուժվել: Իսկ երբ մարդ հոգեպես ու իրեն սնուցող գաղափարներով է վերափոխվել ու հավատում է ճշմարիտ վերափոխման զորությանը, նրան դժվար է հունից հանել,- պատմում է Գառնիկը և խոստովանում, որ միայն Աստծո շնորհիվ հնարավոր եղավ իր փրկությունը,- գլխումս, հոգումս առկայծում եղավ, որ երբեք ուշ չէ, կարելի է փրկվել: Ամուսնացա, երեխաներ ունեցա, վերադարձա Գյումրի: Մերոնք հիմա էլ Ռուսաստանում են, բայց ապահով են ինձ համար»:

Գառնիկի հայրը հետագայում պարզել էր, որ Մոնախը ուղղակի կապ է ունեցել իր բիզնես-մրցակցի ընտանիքի հետ և վստահ էր, որ որդուն «ասեղին նստեցնելը» նախապես գծված պլան էր` իրենից վրեժխնդիր լինելու համար: «Մի օր հեռուստալուրերով հայտնեցին, որ Մոնախին դանակահարել էին այդ մարդու տան շեմին: Երբ նա բացել էր դուռը, Մոնախը վերջին շնչում էր եղել ու ոչինչ չէր հասցրել ասել»,- պատմում է Գառնիկը: Այդ սպանությունը չբացահայտված մնաց: Ըստ քրեագետների, մարդասպանը պրոֆեսիոնալ է եղել և ոչ մի հանցանշան չէր թողել: Այդպես էլ անհայտ է մնացել, թե ում պատվերով էր նա զրկվել կյանքից: Բայց մի օր Գառնիկը հարցրել է հորը՝ կասկածներ չունի՞, թե ում ձեռքի գործը կարող էր լինել դա: Հայրը միայն ուսերն է թոթվել, ու այդ թեման առմիշտ փակվել է:

«Ամեն մարդ իր ուրույն ճանապարհն ունի և, երբ հասկանում ես, կամ թեկուզ մտքի պոչով ընկալում, որ խարխափելով ես այն անցնում, պետք է ամեն կերպ ջանաս ետ կանգնել, փոխել այդ ուղին, ընտրել ճշմարիտը ու միայն դրանից հետո արդեն կկարողանաս համոզված ասել, որ դու այլևս նախկին դիմազուրկ արարածը չես, որ հայտնվել էր անշնչության եզրին ու կրկնում էր` «Սա ինչ-որ նզովք է»: Աշխարհում միլիոնավոր մարդիկ ապրում են չապահովագրված, նզովյալ կյանքով, բայց պետք է հավատալ, խորը հավատալ, որ դա դեռ վերջը չէ, և ամեն մեկին կտրվի»,- ասաց Գառնիկը մեր զրույցի վերջում:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
763