«Գիտե՞ք, գյումրեցիներն ամեն փոսն ընկնելիս, ինչ-որ ձեւով ձեզ «հիշում են» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Գիտե՞ք, գյումրեցիներն ամեն փոսն ընկնելիս, ինչ-որ ձեւով ձեզ «հիշում են»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած աշխատանքային շրջայցից հետո հանձնարարական էր իջեցվել՝ հանդիպել, քննարկել Գյումրիում ընթացող փողոցաշինության վիճակի հետ կապված խնդիրները: Հետամուտ լինելով վարչապետի հանձնարարականին, Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Գյումրիում ընթացող փողոցաշինության թեմայով: Մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներ, Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, նախագծողներ, շինարարներ, կոմունալ ծառայությունների տնօրենները: Քննարկումը թեժ ընթացք ունեցավ, անգամ պատասխանատուների նյարդերը մի քանի անգամ տեղի տվեցին:

Մարզպետը նշեց, թե քաղաքի 180կմ ճանապարհային ենթակառուցվածքներից 80կմ-ն այս պահին որևէ ծածկ չունի, ինչը հանրային մեծ դժգոհություն է առաջացրել: Այդ իսկ պատճառով շահագրգիռ կողմերին հրավիրել են, որպեսզի, եթե այս փուլում բացթողումներն այլևս իրավիճակ են, ապա գոնե հաջորդ փուլի՝ թվով 34 փողոցների շինաշխատաքնները կազմակերպելիս նման իրավիճակ չստեղծվի:

Խոսքը փոխանցվեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ալբերտ Մարգարյանին, որը թվարկեց այն հարցերի ցանկը, որոնք դառնալու են քննարկման առարկա. 1.Շինարարական աշխատանքների կազմակերպման նախագծերն առկա՞ են, թե՞ ոչ: 2.Ծրագրի իրականացման խումբ գործո՞ւմ է, թե՞ ոչ: 3.Պայմանագրային ժամկետների և աշխատանքների կատարման ժամկետների հարցի քննարկում: 4. Նախագծերում և շինաշխատանքներում բացթողումների քննարկում, որոնց մեջ մտնում են բազալտե եզրաքարերի ստանդարտներին անհամապատասխանությունը, կառուցապատման նիշերի փոփոխության հարցը, վերակառուցվող փողոցների ջրահեռացման համակարգերի կառուցման հարցը: 5. Վերակառուցվող փողոցների մայթերին տեղադրված ժամանակավոր տաղավարների հեռացման քննարկում:

Վահագն Վերմիշյանն նախ քննադատեց և՛ պատվիրատուին (Գյումրու քաղաքապետարան), և շինկազմակերպություններին. «Առաջինը նախագծման առաջադրանքի մեջ չի նշել, որ, օրինակ, Տիգրան Մեծ փողոցը, որը բավական բանուկ է, պետք է ժամանակավոր միջոցառում կազմակերպեր, որպեսզի մարդիկ կարողանային անցնեին: Սա ամբողջ աշխարհում նորություն չի: Իսկ երկրորդը՝ կապալառուի մասին է. կա շինարարական էթիկա հասկացություն. երբ դու մտնում ես ձմեռ, իսկ հոկտեմբերի 10-ից Գյումրիում սկսվում են ցրտերը, ապա ճանապարհների քանդման աշխատանքները սկսելը հոկտեմբերից առնվազն… սխալ էր»:

Սամվել Բալասանյանն ընդունելով քննադատությունը, նշեց, որ 2-րդ փուլում նման բացթողումներ չեն լինի: Նաև ասաց, որ իր ձեռքի տակ կա նախագծի հավելվածը, որում նշված է, թե ինչպիսի միջոցառումներ են նախատեսված եղել քաղաքացիների համար. «Ես բազմաթիվ անգամ ներողություն եմ խնդրել մեր բնակչից, որ ժամանակավոր անհանգստություն ենք պատճառում: Բայց քաղաքում, որ կան անանցանելի տեղեր, դրա մեղավորը հենց շինարարն է: Այն հանձնարարականը, որ տրված է՝ կատարված չէ, իսկ դա շինկազմակերպությունների մեղքով է, դա Տիգրան Մեծ փողոցն է, դա Նժդեհի փողոցն է, դա Վազգեն Սարգսյան փողոցն է, և այսպես շարունակ… Ինչո՞ւ պիտի շինարարի փոխարեն ես պատասխանեմ, որ մի բան էլ քաղաքականացվեր»:

 

Քաղշինկոմի սև ցուցակը

Խոսք տրվեց նախագծողին: Ճաննախագիծ ինստիտուտի տնօրեն Սամվել Բադալյանը ներկայացրեց, որ նախագիծը կազմվել է ըստ պատվիրատուի կողմից եղած առաջադրանքի: Այն ուղարկվել է Եվրոբանկին՝ պատվիրատուին, ներկայացվել է փորձաքննության, դրական եզրակացություն են ստացել: Այնպես է հաշվարկված եղել, որ 2018թ. նոյեմբերին պետք է շինարարությունն ավարտված լիներ: Վահագն Վերմիշյանն ընդհատեց. «Ես չեմ ուզում հիմա ինչ-որ մեկին ահաբեկեմ, ուղղակի զգուշացնում եմ բոլոր շինարարներին, նախագծողներին, և հատկապես փորձաքննություն անցկացնողներին՝ քաղշինկոմիտեում շատ լուրջ ենք վերաբերվելու լիցենզավորման խնդրին: Այն կազմակերպությունները, որոնք շինարարության նախագծման կամ փորձաքննություն անցկացնելու ժամանակ վրիպումներ են թույլ տվել, ուղղակի կընկնեն սև ցուցակ: Եվ այստեղ ոչ թե շինկազմակերպությունների կամ նախագծողների հարցը կլինի նշված, այլ կոնկրետ ֆիզիկական անձանց, որպեսզի վաղը չձևափոխեն իրենց ՍՊԸ-ները և անցնեն ուրիշ ընկերության անդամ դառնան: Սա շինարարական էթիկայի, նախագծողի խնդիր է: Մենք մեր տունն ենք սարքում: Եթե նման վերաբերմունք կա, էդ առնետներին պետք է վերացնենք, որպեսզի ոտքի տակ չընկնեն: Լուրջ, ազնիվ շինարարներ են պետք, և ազնիվ տեխհսկողներ: Էսօր ի՞նչ է կատարվում: Նայում ես արժեքը շինմոնտաժային աշխատանքների, մեկ էլ տեսնում ես՝ տեխհսկումը մի չնչին գումարով շահել է: Դա ի՞նչ է նշանակում: Կարող է ընդհանրապես գումար էլ չվերցնի: Վաղը մյուս օրը գնում նստում է շինարարի վզին, սկսում է ցեմենտ, ավազ ու արմատուրա կամ գումար գողանալ: Սա պետք է վերացվի: Չկա աշխարհում նման բան, երբ դու և՛ նախագիծ ես անում, և՛ տեխհսկումը, դա բերում է շինարարական որակի անկման, իսկ որակը թիվ մեկ պարամետրն է մեր ազգային քաղաքաշինական քաղաքականության»:

 

«Ձեր մասին լավ բան չեն հիշում»

«Սիսիանի Բուատ» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Գևորգյանը ոտքի կանգնեց: Վ.Վերմիշյանը հարցրեց, թե ինչն էր իրենց ստիպել, որ մայիսից սկսելու փոխարեն, նոյեմբերից են սկսել: Վերջինս պատճառաբանեց, որ ինչ-ինչ աշխատանքների պատճառով է եղել, սակայն շինարարին սաստեց Վահագն Վերմիշյանը՝ նշելով, որ այս շինկազմակերպությունը սև ցուցակ է ընկնում.  «Դուք հասկանում եք, չէ՞, որ եթե անգամ օգոստոսից սկսեիք, էդ պարզ ծավալը (խոսքը Տիգրան Մեծ փողոցին է վերաբերում) մեկ-մեկուկես ամսում ավարտած կլինեիք: Հիմա կարող եք շատ պատճառաբանություններ ասել, հասկանում եք, չէ՞, որ քաղաքի համար մեծ անհարմարություն ստեղծեցիք, և այդ անհարմարությունը բերեց ժողովրդի դժգոհությանը: Դուք նոյեմբեր ամսից սկսում եք փողոց քանդել՝ հասկանալով, որ ո՛չ նոյեմբերի վերջին, ո՛չ դեկտեմբերին, հունվար, փետրվար, մարտ ամիսներին, ապրիլի կեսից նոր սկսվում է աշխատանքի սեզոնը, մեղք չէ՞ բա էդ ժողովուրդը: Ճիշտ էր վարչապետի դիտողությունը… Ճիշտն ասած, ինձ համար անսպասելի էր, որ դրա վրա ինքը ուշադրություն կդարձնի, բայց նույնիսկ դա նկատեց: Եթե ինքը նկատեց, եկել էր հյուր, բա էդ ժողովուրդը, որն ամեն օր էդ տեղով անցնում է, ի՞նչ է ձեր մասին ասում: Բա դուք մեղք չե՞ք, ձեր մասին էդպես բաներ են ասում: Ես ուզում եմ հորդորել բոլորիդ, որ մյուս անգամ նման բան անելուց հասկանաք, որ ձեր արածի հետևում մարդիկ են կանգնած: Քանի մարդու ոտք է ոլորվել, քանի կրունկ է կոտրվել էդ ճանապարհի վրա, էդ ամեն կրունկ կոտրելուց ինչ-որ մի բան հիշում են, չէ՞, ձեր մասին, լավ բան չեն հիշում»:

 

«Էս քաղաքը տեր ունի՞, թե՞ անտեր է»

Խոսելու հերթը կոմունալ ծառայություններինն էր: «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչ Արա Եղիկյանն ասաց, որ իրենք 2017-ից են պարտավորություն ստանձնել: Որպես մեծ բացթողում կամ խնդիր մատնանշեց ներքին ցանցի քարտեզի բացակայությունը: Քննադատեց նախագծողին, որ չունեն նման քարտեզներ, որի պատճառով, շինարարության ընթացքում խառը հարցեր են առաջանում: Հայտարարեց, որ իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում երբևէ նման խնդրի չէր հանդիպել. «Այնպես չպիտի լինի, որ գանք շինարարի տեղը շինարար աշխատենք, պատվիրատուի տեղը՝ պատվիրատու: Մենք աշխատելու ենք հստակ պայմանագրի կետերով, և որևէ պարտավորություն չունենք որևէ նախագծի իրականացրած թերությունների ու բացթողումների արդյուքնում կատարենք 100 մլիոն դրամի ծախս: Թող լուծումները ժամանակին անեիք: ՎԶԵԲ-ն ու Համաշխարհային բանկը Երևանում ուրիշ կանոնակարգով է աշխատում, Գյումրիում՝ ուրի՞շ… Մենք չնախատեսված վթարների վերացման պարտավորություն չունենք: Երբ այդ աշխատանքները որպես ծավալ կձևակերպվեն, որի դիմաց վճարում կլինի, նոր կանենք այդ աշխատանքը»:

Քաղաքապետն արձագանքեց. «Մենք նամակ ենք գրել Տարածքային զագացման նախարարություն և փոխվարչապետին: Էսօր նորից  զանգել եմ, ճշտելու, թե ո՞վ պետք է էդ ծախսն անի: Նույնն էլ ՀԷՑ-ն է ասում՝ ես որևէ բան չեմ անելու, արեք, կաբելները գնեք, փոսը փորեք: Բայց չի կարող էդպես լինել, քանի որ խրամուղի տերն իրենք են, շահագործման տերն իրենք, հիմա ո՞վ է անելու դա: Հիմա էս հարցը շատ կարևոր է, պարոն Վերմիշյան, և պետք է քննարկել, թե ո՞վ է անելու»:

Ու սկսվեց վիճաբանություն Սամվել Բալասանյանի և Վահագն Վերմիշյանի միջև:

Վ.Վերմիշյան.- Ես հիմա կասեմ՝ ով է անելու… Դո՛ւք եք անելու: Տան տերը Դուք եք:

Ս.Բալասանյան.- Չկա էդպիսի բան, բանկը թույլ չի տալիս:

Վ.Վերմիշյան.- Չկա էդպիսի բան… Դե ուրեմն տանը տեր ա պետք, որ անի:

Ս.Բալասանյան.- Ես կփոխվեմ, տանը տեր բերեք, թող անի: Տան տերը դուք բերեք:

Վ.Վերմիշյան.- Ես տան տեր բերող չեմ, ես շինարար եմ, ճարտարապետ եմ: Էս քաղաքի տերն ո՞վ ա, տեր ունի՞, թե անտեր եք թողել:

Ս.Բալասանյան.- Բայց ինչի՞ եք վիրավորում…

Վ.Վերմիշյան.- Չեմ վիրավորում: Եթե բանկը որոշել է, որ ոչ մի մասնավորի չպետք է վճարեք, նշանակում է, որ պրոբլեմ կա դրա տակ: Դուք էլ չլինեք, մեկ ուրիշը լինի, նա պիտի անի»:

Ս.Բալասանյան.- Հիմա ի՞նչ, կոյուղին էլ մենք պիտի փոխե՞նք: Չի կարող նման բան լինել, որովհետև տրված է ջրահեռացում, ասֆալտապատում:

Վ.Վերմիշյան.- Դուք ձեր քաղաքում կոմունիկացիաների տեղերը գիտե՞ք:

Ս.Բալասանյան.- Շա՜տ լավ, ես փոսերով գիտեմ մեր քաղաքը: Ես մտածել էի, որ էս հարցը շատ կարևոր է, և դրա համար նամակ էի հղել, թե ով պետք է անի: Ասում եք՝ թող տերն անի: Տերը ո՞նց անի: Տերը եթե անի, մեկ փողոց կանի էս 14.6 միլիոնով ու կվերջանա, իսկ տիրոջ խնդիրն էն է, որ 40 կմ անի: Ոչ թե գնա «Վեոլիա Ջրի» սկսած կիսատ գործն անի:

«Վեոլիա Ջրի» ներկայացուցիչ.- ՎԶԵԲ-ը երկակի ստանդարտներով է աշխատում. Երևանում թույլ տալիս է, որ կոմունիկացիաները փոխվեն, նախագիծը դառնա փող, իսկ Գյումրիում դա թույլ չի տալիս:

Ս.Բալասանյան.- Արեք ձեր գործը: Ո՞վ պիտի անի… Կամ էլ՝ պետությունը պիտի ներդրումային ծրագիր անի: Ամեն քայլափոխի ասում եք՝ փողը, փողը: Ասում ես՝ բարձրավոլտ քցեք, չեն քցում, հիմա որ վթար լինի, ո՞նց պիտի լինի, փողոցը քանդե՞նք: Սաղ փողը դնենք Վեոլիա Ջրի ու ՀԷՑ-ի վթարները վերացնե՞նք: Հազիվ 14,6 են տվել: Արեք, ձեր գործն է, ձեր կոյուղին սարքեք, ՀԷՑ-ն էլ թող վթարները վերացնի, ոչ թե քցեք քաղաքի վրա, քաղաքն էլ «տեր չունենա», չի կարելի, չէ՞:

Լարված խոսակցությանը միջամտեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը. «Պետք է բոլորդ էլ հավաքվեք, այս խնդիրները լուծեք, ո՞նց կլինի, ասեք՝ պիտի այսպես լինի, կամ պիտի փող տաք, նոր կանեմ… Եթե ուզում ենք Գյումրիում լավ փողոցներ ունենալ, պիտի ամենալավն արվի, ու ոչ մեկն էլ մեծ եկամուտներ չպիտի ակնկալի»:

Վահագն Վերմիշյանն մատնանշեց, թե Գյումրին միշտ եղել է ամեն ինչի ավանգարդը, առաջատարը, ցուցիչը, այնպես որ, առաջին անգամն է, որ այսպես հիմնավոր փողոցներ են կառուցվում: Լավ կլինի, որ այնքան ամեն ինչ լավ արվի, որպեսզի դա դարձյալ բոլորի համար ընդօրինակելի լինի:

Ամփոփելով քննարկումը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց. «Այս քննարկումը, կարծում եմ, չէինք ունենա, եթե չունենայինք իրականության փոփոխություն: Շինաշխատանքները նախագծվել, ծրագրավորվել, մրցույթները կազմակերպվել ու անցկացվել են հին Հայաստանում, հիմա նոր իրականության մեջ ենք հայտնվել, իսկ խնդրի լուծման համար ավելի գլոբալ մոտեցումներ են պետք: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նոր սխալներից զերծ մնանք, բոլորս պետք է համատեղ աշխատենք: Կարծում եմ, որ այս աշխատանքային խմբում շատ ճիշտ կլինի, եթե ներկայացուցիչ լինի քաղաքաշինության պետական կոմիտեից, մենք աշխատանքների համակարգումը վստահենք մասնագետի, որը կլինի կապող օղակ աշխատանքների իրականացման բոլոր շահագրգիռ կողմերի միջև»:

Ս.Մ.

print
632