Գյումրեցի Գոռ Հարոյանը «Տարվա ամենաերիտասարդ գործարար» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գյումրեցի Գոռ Հարոյանը «Տարվա ամենաերիտասարդ գործարար»

Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի ունեցած Ֆրանսիայում հայկական առևտրի պալատի 25-ամյակին նվիրված միջոցառման և մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա ամենաերիտասարդ գործարար» անվանակարգին է արժանացել գյումրեցի, «Farell» զուգագուլպաների համաշխարհային բրենդի հիմնադիր, դիզայներ ԳՈՌ ՀԱՐՈՅԱՆԸ:

Գոռ Հարոյանը ծնվել է Գյումրիում՝ 1990թ. հունվարի 2-ին: Սովորել է թիվ 7 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն են հաստատել Ֆրանսիայում: Սովորել է քոլեջում՝ հաշվապահական հաշվառում բաժնում, ապա բարձրագույն կրթություն ստացել՝ բիզնեսի կառավարում որակավորմամբ: Ավարտելուց հետո, Գոռն ու ընկերներից մեկը՝ ազգությամբ արաբ Սահիմ Հանթլաուն որոշում են միասին բիզնես ձեռնարկել. կանացի զուգագուլպաների արտադրություն: Հիմնում են Farell ապրանքանիշը, որը կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում է ձեռք բերում Ֆրանսիայում: Հետագայում Farell ապրանքանիշը, բացի զուգագուլպաներից, նաև լողազգեստների և աքսեսուարների լայն տարածում ու մեծ համբավ ձեռք բերելով, ընդլայնվում է՝ շուրջ 300 վաճառակետերի ցանց ունենալով ողջ աշխարհում: Farell-ի զուգագուլպաները 2014 թվականից զարդարվում են Սվարովսկու քարերով:

— Գոռ, շնորհավորում ենք նոր տիտղոսի՝ «Տարվա ամենաերիտասարդ գործարարի» կապակցությամբ: Farell-ն ի՞նչ մեկնաբանություն ունի:

— Շնորհակալություն: Անվան շուրջ երկար ենք մտածել: Ի վերջո, քանի որ մեր արտադրանքը կանանց համար է, ապա անգլերեն For Her (կանանց համար) բառակապակցությունը մի փոքր ձևափոխելով` ստացանք Farell:

— Իսկ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ձեր բրենդից օգտվում են հանրահայտները:

— Այո, այս մասին բազմիցս եմ խոսել: Շատ հայտնի աստղեր օգտվում են մեր ապրանքանիշի արտադրանքներից:

— Գործընկերդ ազգությամբ արաբ է: Երևի ուսանողական ընկերդ է:

— Մինչ գործընկերներ դառնալը, մենք վաղուցվա ընկերներ ենք եղել: Շատ լավ ու իրար հասկացող ընկերներ, չնայած աշխատանքի բերումով երբեմն բուռն քննարկումներ ենք ունենում, բայց, ի վերջո, հաղթում է համերաշխությունը:

— Օտարության մեջ ինչպե՞ս հաջողվեց ինտեգրվել, հաստատվել:

— Բնականաբար, հեշտ չի եղել: Սակայն իմ բնավորությունն է ինձ օգնել, որ կարողանամ ինքնահաստատվել. սիրում եմ շփվել, նոր ծանոթություններ հիմնել, կենսուրախ եմ: Կարծում եմ, այս հատկանիշներն այն բանալին է, որ բացում է օտար հասարակությանը ինտեգրվելու դուռը:

— Ինչպիսի՞ն է քո առօրյան, աշխատանքից դուրս:

— Ամուսնացած եմ, կինս ևս գյումրեցի է: Ներկայում իմ առօրյան նրան նվիրելն է. ընտանեկան մթնոլորտ ստեղծելը, ընդհանուր հետաքրքրություններ գտնելը, ընկերների, հարազատների ընդունելը, հյուրասիրելը, տարատեսակ միջոցառումների մասնակցելը, ճանապարհորդելը… Այսպիսին է մեր առօրյան: Ասեմ նաև՝ ես գուրման եմ, սիրում եմ համեղ կերակրատեսակներ ուտել, տարբեր երկրների խոհանոցներով եմ հետաքրքրված:

— Եթե Հայաստանում լինեիք, կարիերայի ընթացքը, հնարավորությունները ինչպե՞ս կգնահատեիք:

— Ցանկացած մարդ, ցանկացած վայրում էլ իր ճակատագրի ուղին ունի՝ հաջողություններով ու ձախողումներով ընթացող… Կարծում եմ, եթե նորաձևության ոլորտում ինձ չկարողանայի դրսևորել, այլ ոլորտ կընտրեի, իմ աշխատասիրության ու նպատակասլացության շնորհիվ միևնույն է՝ հաջողություններ կունենայի:

— Մեծն Ճակատագի՞րն է մարդու կյանքի ընթացքը կառավարում, թե՞ մարդն է իր ճակատագիրը ստեղծում:

— Ճակատագրին չհավատալ չեմ կարող, այն ի վերուստ է տրված մեզ, բայց մենք մեր որոշումներով և վարքով երբեմն կարող ենք շեղել ընթացքը: Մեկը մյուսի հետ փոխկապակցված է:

— Է՞լ ինչ մրցույթների եք մասնակցել, կամ որտե՞ղ եք ներկայացրել Ձեր բրենդը, ինչպիսի՞ ընդունելության եք արժանացել:

— Մրցույթների՝ որպես այդպիսին, չենք մասնակցել: Այս անգամ էլ մրցույթ չէր, այլ՝ մրցանակաբաշխություն, և ինձ տիտղոս շնորհվեց: Ապրանքանիշի բարձր որակի և մեր աշխատասիրության շնորհիվ, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով` արդեն երեք անգամ մասնակցել ենք Փարիզում անցկացվող ամենամյա «WHO’S NEXT» ցուցահանդես-վաճառքին, որտեղ աշխարհահռչակ շատ ապրանքանիշերի կողքին ներկայացել ենք մեր նոր հավաքածուներով: Մասնակցել ենք նաև արտասահմանյան բազմաթիվ այլ ցուցահանդեսների:

— «Տարվա երիտասարդ գործարար». այս տիտղոսը ինչպիսի՞ զգացումներ է առաջացրել քեզ մոտ, տիտղոսի հետ ինչպե՞ս ես վարվելու…

— Տիտղոսի արժանանալը դա մեծ գնահատական էր ինձ համար, իմ աշխատանքի գնահատականն էր: Աննկարագրելի ոգևորություն է: Մրցանակս որպես շատ թանկ նվեր կպահեմ ու կփոխանցեմ երեխաներիս:

— Քո ֆեյսբուքյան էջում հանրահայտ հայերի հետ լուսանկարներ տեսա…

— Այո, հանրահայտ մարդկանց հետ հիմնականում հաջողվում է ծանոթանալ տարատեսակ միջոցառումների ժամանակ, դրանից հետո էլ երբեմն ծանոթությունը վերածվում է ընկերության: Հաճախակի են նման առիթներ լինում, հետո հյուրընկալվում կամ հակառակը:

— Ինչպիսի՞ն է Ֆրանսիայում հայ համայնքը:

— Ֆրանսիայի հայկական համայնքի մասին կարող եմ ասել, որ շատ համախմբված է, մարդիկ  միշտ սատարում են միմյանց: Առհասարակ, Ֆրանսիայում, թե ամենուրեք հայի բնավորության մասն է՝ իր հայրենակցին օգնելն ու սատարելը: Հայկական սփյուռքի բաղկացուցիչ մասը կազմող Ֆրանսիայի հայկական համայնքը ևս ապահովում է հայկական սփյուռքի կայունությունն ու համախմբվածությունը:

— Իսկ ինչպիսի՞ն են հայ երիտասարդները Ֆրանսիայում:

— Մենք՝ հայերս, առհասարակ, շատ աշխատասեր ենք: Շատ հայտնի հայ երիտասարդների եմ ճանաչում, շատերի հետ ընկերներ ենք, կարող եմ ասել, որ որքանին գիտեմ, դեռ շատերին էլ իմանալու եմ ապագյում:

— Գործունեության ոլորտը տարածելու ի՞նչ ծրագրեր ունես:

— Ծրագրերն ամեն բացվող օրվա հետ արթնանում են ինձ հետ և պտտվում են գլխումս, սակայն ծրագրերից սիրում եմ խոսել այն ժամանակ, երբ դրանք այլևս ծրագրեր չեն, այլ իրականություն են դարձած:

— Գյումրիին կարոտո՞ւմ ես: Կապ կա՞ ծննդավայրի հետ:

— Գյումրիին չկարոտել անհնար է, քանի որ նախ ծննդավայրս է, ապա մանկության ամենավառ ու քաղցր հուշերը կապված են Գյումրիի հետ: Իհարկե, կապ կա, և այն միշտ կլինի:

— Ինչպիսի՞ն կուզենայիր տեսնել Գյումրին:

— Գյումրին կուզենայի տեսնել շենացած, երիտասարդացած, անհոգ կյանքով ու ուրախ առօրյայով լեցուն:

print
4,950