Գյումրեցի ծրագրավորողները մրցակցային են ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գյումրեցի ծրագրավորողները մրցակցային են

Հարցազրույց «Brain Fors» ընկերության հիմնադիր ԳՈՒՐԳԵՆ ՂԱՐԻԲՅԱՆԻ հետ:

Գուրգեն, խոսենք, ժամանակակից մասնագիտությունից՝ ծրագրավորումից, քանզի այն այսօր ամենապահանջվածներից մեկն է: Դուք Երևանից տեղափոխվեցիք Գյումրի և հիմնեցիք Brain Fors» («Ուղեղի հնարավորություն») ընկերությունը, որն արդեն 2-ամյա գործունեություն է ծավալում Գյումրիում:

— Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները ոչ միայն ծրագրավորման ոլորտում են, այլ ցանկացած ոլորտում, և ցանկացած գործունեություն փորձում է նոր տեխնոլոգիաներ ինտեգրել՝ համակարգչային, հեռախոսային հավելվածներ՝ սկսած տաքսի ծառայություններից ու առևտրային ցանցերի ստեղծումից, վերջացրած բժշկությունով: Այսօր անգամ հարյուրավոր կիլոմետրերի վրա հնարավոր է դարձել հետևել հիվանդի առողջական վիճակին, բարձր որակավորում ունեցող բժիշկները կարող են օն-լայն հետևել պացիենտի կարդիոգրամային:

Այսինքն, կարելի է փաստել, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ինովացիոն տեխնոլոգիաները 21-րդ դարի «բումն» են:

— Նախորդ դարում արդյունաբերությունն էր, այս դարում ՏՏ-ն:

Գյումրիում կառուցվեց ՏՏ կենտրոն, այս ոլորտում մեկ տասնյակից ավել ընկերություններ հիմնվեցին: Մի՞թե Գյումրիում այն պահանջված է:

— Պահանջարկը, իրոք, մեծ է և սա զարմանալի չէ: Ճիշտ է, Երևանը՝ համեմատած Գյումրու հետ, ավելի զարգացած է, և այնտեղ լուրջ մրցակցային դաշտ է ստեղծվել, բայց Գյումրիում դրական տենդենցով է զարգանում, պատվերների խնդիր չկա, իսկ մասնագետների պահով անգամ Երևանի ու Գյումրու միջև մրցակցային դաշտ է ստեղծվել: Պետք է փաստեմ, որ գյումրեցի մասնագետները բարձր են գնահատվում իրենց ունակություններով:

Այսօր շատ է խոսվում ծրագրավորման լեզուներից. կներեք, եթե ոչ մասնագիտական հարց տամ. ո՞ր լեզուներն են պահանջված:

— Չկա «ամենապահանջված լեզու» հասկացություն, այլ կան ծրագրավորման լեզուներ, որոնք կիրառվում են տարբեր գործածության մեջ: Այսօր այս ոլորտը զարգանում է շատ արագ տեմպերով, մինչ կհասցնես մեկ լեզվին լիարժեք տիրապետել, ներմուծվում է մեկ այլ լեզու:

Տարիներ առաջ բուհերը պատրաստում էին, օրինակ, մեծ թվով մանկավարժներ ու ճարտարագետներ, բայց հիմա աշխատաշուկայում նրանց պահանջարկը նվազել է: Այսօր երիտասարդները ձգտում են մասնագիտանալ ՏՏ ոլորտում: Ի՞նչ ես կարծում, նրանք էլ նույն բախտին չե՞ն արժանանա, ինչ մանկավարժներն ու ճարտարագետները:

— Հնարավոր է: Եթե ծրագրավորողն իր վրա չաշխատի, իր մասնագիտական որակները չբարձրացնի, մնա, ասենք, մեկ լեզվի տիրապետման տիրույթում, ապա նա այլևս պահանջված չի լինի: Բացի այդ, ռոբոտացման դարաշրջանում ձեր նշածի հավանականությունն ավելի է սրվում. օրինակ, եթե մեկ ռոբոտը 5 մարդու փոխարեն կարող է արդյունք ապահովել, նույնը ծրագրավորման պարագայում: Ասենք, համակարգչային իքս ծրագիրը կարող է դուրս մղել հարյուրավոր վեբ-ծրագրավորողների, քանի որ ավտոմատացված կերպով այն կիրականացնի պահանջը: Դրա համար շեշտեցի, որ նրանք, ովքեր ուզում են մնալ այս բնագավառում, պետք է մշտական զարգացման, ուսուցման, ինքնակրթման տենդենցի մեջ լինեն:

Գուրգեն, ի լուր աշխարհի, խնդրում եմ, ի՞նչ կլինի, արհեստական ինտելեկտով կիբորգներ չստեղծեքվախենալու է:

— (Ծիծաղում է)… Պրոգրես կա, բայց մոտակա 20-30 տարում չեմ կարծում, որ հասնեն դրան: Իհարկե, տեխնոլոգիաներ կան, որոնք որևէ բնագավառում զարգանում են ու դուրս մղում մարդուն:

Ըստ տարբեր ցուցանիշների, Հայաստանում ծրագրավորողների աշխատավարձերը բարձր են, դա այդպե՞ս է:

— Այդպես է: Նշեմ, որ իրականում պատվերները դրսից են: Եվ ոչ թե Հայաստանում է պահանջված այս մասնագիտությունը, այլ… Մանրամասնեմ, մեր բիզնեսմենները դեռ չեն մտածում իրենց բիզնեսի ավտոմատացման մասին: Իսկ Եվրոպան և Ամերիկան, պաշտոնական տվյալներով, ունեն ծրագրավորողների 2 մլն թափուր աշխատատեղ և, բնականաբար, իրենց աշխատուժը փորձում են գտնել նաև մեր նման երկրներում:

Երևի նաև էժան աշխատուժն է իր դերը խաղում

— Այո, դա էլ կա: Եթե Եվրոպայում կամ Ամերիկայում ամենացածր աշխատավարձը ժամում 20 դոլար է, ապա, եթե մեզ մոտ նման թվերով պատվերներ իջեցնեն, բնականաբար, մեզ համար ստացվում է բարձր վարձատրություն՝ մեր կյանքին համահունչ: Իսկ իրենց մոտ 20 դոլարից ցածր աշխատուժ պահելու իրավունք չունեն: Նրանց մոտ պահանջարկ է առաջանում, իսկ մեզ մոտ աշխատուժի բավարարում: Նորից եմ կրկնում, Հայաստանը դեռ այդ մակարդկին չի հասել, քանի որ բիզնեսները դեռ ավտոմատացված սիստեմին չեն անցնում: Դրա համար ներքին բիզնեսներում մեր պահանջարկն ավելի քիչ է, քան արտաքին շուկայի համար: Մեր բիզնեսմենները դեռ չեն մտածում իրենց գործունեության ոլորտը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին, ու դրա համար նրանք լճացում կապրեն: Իսկ ծրագրավորողների աշխատավարձը բարձր է, քանի որ գնահատվում է մարդու ուղեղի կարողությունները: Բայց սա ևս հարաբերական է. մարդու կարողությունները պետք է զուգակցվեն աշխատասիրության հետ: Ամենքը վարձատրվում են՝ ըստ իրենց ուղեղի ճկունության ու հնարավորության:

Մեր ծրագրավորողները մրցակցայի՞ն են եվրոպականի կամ ամերիկյանի հետ:

— Դեռ ոչ: Պատկերավոր այսպես փորձեմ բացատրել. կա ճարտարապետ, ով նախագծում է պրոյեկտը, նկարագրում դետալները, մասնիկները, որ դրանք հավաքելով, նոր միայն վերջնական արդյունք է ներկայացնում: Եվ կան այն մարդիկ, ովքեր այդ փոքր դետալների կոդերն են գրում, կոպիտ ասած՝ «ծրագրավորման բանվորներ»: Հիմա Հայաստանում կարելի է ասել մենք այդ բանվորների մակարդակում ենք, ովքեր մանր դետալներն են սարքում, կոդերը գրում: Կան ճարտարապետներ, սակայն մեծ թիվ չեն կազմում: Իսկ այսօր մեր ուսումնական հաստատություններում տրվող կրթությունը չի կարող արագացված տեմպերով պատրաստել ճարտարապետին, այլ կարող է պատրաստել կոդ գրողներին:

Գուրգեն, ինձ շատ է հետաքրքրում. մի՞թե մեկ կամ երեք ամսում հնարավոր է ծրագրավորող դառնալ. համացանցում, սոցկայքերում հաճախ նման գովազդների ենք հանդիպում: Եվ նրանք, ովքեր այդ եռամսյա կուրսերն են անցնում, իրենց ծրագրավորողներ են հայտարարում, դա նորմա՞լ է:

— Նրանք, ովքեր մաթեմատիկայից հեռու են, անհնար է, որ մեկ կամ երեք ամսում ծրագրավորող դառնան: Իսկ 6 ամսում, հնարավոր է, եթե նախնական գիտելիքներ ունեն: Ծրագրավորման մեջ տարբեր աստիճանների, մակարդակների գործեր կան: Կա գործ, որտեղ ավելի շատ դիզայներական ճաշակ է պահանջում, կա, որն ուղղակի համբերություն է պահանջում, գոնե մեկ տարվա աշխատանքային փորձ պետք է ունենաս, որպեսզի կարողանաս քեզ դրսևորել:

Լավ, վերադառնանք «Brain Fors»-ին. գնահատեք Ձեր ընկերության ներկա վիճակը, բիզնեսի հիմնման պահից ձեր ռազմավարական պլանը հեռահա՞ր էր, հասե՞լ եք կամ գերակատարե՞լ եք ձեր ծրագրերը:

— Գործունեության հետ կապված ասեմ, որ հիմնման շրջանը շատ բարդ էր. քանի դեռ ընկերությունը համբավ չուներ, մասնագետներ ներգրավելու ժամանակ բարդություններ առաջ եկան: Բայց այսօր մենք հասել ենք այն կետին, որ շատերն են ուզում մեզ հետ աշխատել, համագործակցել: Այս հարցում մեզ օգնեց նաև Տեխնոպարկում գործունեություն ծավալելը. մեր գրասենյակը այս տարածքում է: Մենք անմիջական շփում ունենք ուսանողների հետ, ովքեր Տեխնոպարկում են անցնում ուսումնական կուրսերը: Վերջերս համագործակցության հուշագիր ենք ստորագրել «Microsoft» ինովացիոն կենտրոնի վերջերս հայտարարած ծրագրի շրջանակում, ինչը մեզ մեծ հնարավորություններ է տալիս՝ մեր առջև դրված խնդիրների հաղթահարման գործում: Մեզ հնարավորություն են տվել գնելու անհրաժեշտ գույքն ու տեխնիկան, դասընթացներ ենք կազմակերպելու, որի շնորհիվ հնարավոր կլինի գտնել այն մասնագետներին, ովքեր մի քանի ամիս վերապատրաստվելուց հետո, կարող են օգտակար լինել մեր բիզնեսում: Մեր ռազմավարությունը հեռահար էր, այս կետից սկսած եռամյա պլան ենք մշակել ու համատեղ ուժերով կփորձենք իրականացնել հետագա ծրագրերը:

print
2,530