Գյումրին ներդրումների համար գրավիչ կլինի, եթե արտոնյալ պայմաններ տրվեն ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրին ներդրումների համար գրավիչ կլինի, եթե արտոնյալ պայմաններ տրվեն

«Մեդիա երկխոսության կենտրոնում»՝ «Շիրակի մարզի խնդիրները շիրակցի օրենսդիրների դիտակետից» խորագրով քննարկում էր: Սակայն պատգամավորներից եկել էին միայն «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:

Վարդևան Գրիգորյանը նշեց, որ մեր մարզը երկու գերակա խնդիր ունի՝ գործազրկություն, որից բխում է երկրորդը՝ աղքատության բարձր ցուցանիշը. «Աղքատությունը կրճատելու համար մարդը պետք է աշխատանք ունենա, պիտի կարողանանք նպաստառուի կարգավիճակից հանել, հասցնել հարկատուի կարգավիճակի: Իսկ այսօր աշխատատեղեր ստեղծելը ողջ հանրապետության համար է դժվար լուծելի խնդիր, մեր մարզի համար՝ առավել ևս: Ներդրողները նախ հաշվարկ են անում. որտեղ է բնակչությունն ավելի վճարունակ, որտեղ է կումունիկացիաներն ավելի լավ: Այդ իսկ պատճառով ներդրողների համար Երևանն առավել նպաստավոր տարածք է, քան Գյումրին: Իսկ Գյումրին ներդրման համար գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ են արտոնյալ պայմաններ, որի մասին դեռ 1999թ-ից ենք բարձրաձայնում, թե եկեք Գյումրին դարձնենք ազատ տնտեսական գոտի: Բայց, ազատ տնտեսական գոտուն բոլոր, նաև ներկայիս կառավարությունները միշտ դեմ են եղել՝ տարբեր պատճառաբանություններով: Կարծում եմ, իշխանությունները պետք է սրան ուշադրություն դարձնեն»: Իսկ պատգամավորական 6-ամսյա գործունեությունից նշեց, որ ամեն շաբաթ պարտադիր ընտողների հետ հանդիպումներ են կազմակերպում, խնդիրներ վերհանում, և գտնում է, որ պատգամավորի աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է նաև տեղական իշխանություններով, որ հնարավոր լինի գլոբալ խնդիրները բացահայտելն ու լուծման ճանապարհներ առաջարկելը:

Նազելի Բաղդասարյանը նկատեց, որ նախ պետք է հասկանանք, թե ինչու համար է պատվիրակված պատգամավորը և ինչ լիազորություններ ունի. «Խնդիրները երկու հատվածի պետք է բաժանել. մեկը լոկալ՝ որպես տարածքային ցուցակով ընտրված պատգամավոր, և օրենսդիրում աշխատող պատգամավոր, որ ողջ Հայաստանի տարածքի խնդիրներով ևս պետք է զբաղվես: Կարելի է 3-րդ խումբ էլ նշել. լինելով խորհրդարանական կառավարման երկիր, մենք հասկանում ենք, որ խորհրդարանին է վերապահված երկրի կառավարման ղեկը, չեմ վախենա ասել, որ մենք պետակաշինության կարևոր հիմքերում ենք, որովհետև այնպիսի օրենսդրական նախադրյալներ պետք է ստեղծենք, որպեսզի պարոն Գրիգորյանի ասածի պես, բիզնեսը կարողանա զարգանալ, որպեսզի զսպման և հակակշռման մեթոդները գործեն, որոնք տարիներ շարունակ խախտված են եղել: Իսկ ինչ մնում է գործունեությանը, ապա ես նույնպես հանդիպումներ եմ կազմակերպում, քաղաքացիների խնդիրները լսում: Նշեմ, որ շատ ու շատ խնդիրներ կան «նպաստ» համակարգում, որը վերևից ներքև կոռուպցիայի մեջ թաղված է: Հաջորդը՝ բժշկասոցիալական-փորձագիտական ոլորտում է, որը նույնպես երկար տարիներ կոռուպցիոն ռիսկերով է հագեցած եղել: Ինձ հաջողվել է խնդիրների մի որոշակի մասի լուծումներ գտնել, նաև ընտրողների հետ հանդիպումներից առանձնացնում ես նմանատիպ խնդիրները և խնդրակազմը փաթեթավորում, որպեսզի հասկանաս, թե որին օրենսդրական փոփոխություն է հարկավոր, որին այլ: Նաև դատաիրավական համակարգից ու կադաստրից ունեմ շատ բողոքներ: Եվ ԱԺ-ում այս պահին մեկ օրինագիծ ունեմ շրջանառության մեջ դրված, երկրորդը մոտ օրերս կներկայացնեմ»:

Բանախոսները խոսեցին նաև անցումային արդարադատությունից, վեթինգից, գործիքակազմի իրացման և արդյունավետության մասին: Նշեցին, որ ՀՀ Սահմանադրությունում գոնե փոփոխություններ են պահանջվում, էլ չենք ասում՝ լրիվ փոփոխություն: Ասացին, որ այս տարվա աշնանը նոր հակակոռուպցիոն մարմին կստեղծվի, որը նույնպես կմասնակցի վեթինգի գործընթացներին:

Պատգամավորները խոսեցին նաև Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված խնդրից: Վ.Գրիգորյանը՝ որպես նախկին ռեկտոր, ավելի մանրամասն ներկայացրեց խնդրո առարկան, նշեց բոլոր հիմնարկներում որպես նորմ դիտարկվող բարոյահոգեբանական մթնոլորտը, կարևորեց ՇՊՀ- առկայությունն այս տարածաշրջանում և մատնանշեց 85-ամյա կենսագրությունը: Իսկ Ն. Բաղդասարյանը նշեց, որ ավելի շատ լրատվամիջոցների սխալ մեկնաբանության արդյունքում է նման լարվածություն առաջացել, մինչդեռ նախարարի արտահայտած մտքի մեջ պետք էր նկատել «եթե»-ն:

Դարձյալ հարց բարձրացվեց քաղաքի քարուքանդ ճանապարհների, կապալառու կազմակերպության պասիվ աշխատանքի, պատվիրատուի՝ իմա քաղաքապետարանի ոչ խիստ մոտեցման, ժամկետների մեջ տեղավորվելու ու չտեղավորվելու դեպքում տույժ ու տուգանքների մասին: Պատգամավորները նշեցին, որ պետական բյուջեում նախկինում հայտարարված 40 մլն դրամի շեմը բարձրացվել է, 62 մլն-ի է հասցվել՝ միջհամայնքային ու գյուղամիջյան ճանապարհների կառուցման համար: Իսկ Տարածքային կառավարման նախարարն էլ հայտարարել է, որ մոտ 300 կմ ճանապարհ պարտադիր կկառուցվի:

Գյումրիի կիսակառույցների մասին խոսելիս, Ն.Բաղդասարյանն ասաց, որ մի շատ տարօրինակ բան է բացահայտվել. պարզվում է, քաղաքի բոլոր կիսակառույցները սեփականատերեր ունեն: Ու երբ ներդնողներ են հայտնվում, որոնց հետ կապեր են հաստատվում, բերում են Գյումրի, որպեսզի այս կամ այն կիսակառույցը վերցնեն, գործընթացն հենց այդ պահից խափանվում է՝ անհայտ սեփականատերերի պատճառով: Պետք է օրենքի խիստ պահանջով անբարեխիղճ սեփականատերերից վերցնել տարածքները, որոնք տարիներ շարունակ նույն տեսքով մնացել են, հատկապես քաղաքի կենտրոնական մասի կիսաքանդ շինությունները, որոնք գցում են քաղաքի տեսքը:

«Շրջապատի» հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում տարիներ ձգվող 3-րդ, 4-րդ աստիճանի վթարային համարվող 90-ից ավել շենքերին ու, բնականաբար, բնակիչներին, պատգամավորները պատասխանեցին, որ վերջերս Քաղաքաշինության կոմիտեում այդ հարցը բարձրաձայնվել է, միևնույն ժամանակ նշեցին, որ նախորդ իշխանությունները մեր վթարայիններին ի հակադրում բերել են Երևանի 80-ից ավել վթարային շենքերը: Ասացին, որ դա լուրջ, գլոբալ լուծում պահանջող հարց է, որ որոշակի գումարներ նախատեսվելու են տնակներում բնակվող անօթևանների համար, խոստացան նորից կառավարությանը դիմել վթարայինների մասով: Ն.Բաղդասարյանն ասաց, որ Քաղաքաշինության կոմիտեում հանդիպման ժամանակ վարչապետը հանձնարարական է տվել պարոն Վերմիշյանին, որպեսզի ուսումնասիրելով միջազգային փորձը, վթարայինների խնդրին լուծում գտնեն: Այնուամենայնիվ, խոստացան հետևողական լինել:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
1,211