Գյումրին որպես Եվրասիական շուկան սպասարկելու կենտրոն է հանդես գալու ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրին որպես Եվրասիական շուկան սպասարկելու կենտրոն է հանդես գալու

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Իսրայել-Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ Գյումրիում լոգիստիկ ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ: «Լոգիստիք Էֆ Թի Զի» ՍՊԸ-ին, կառավարության համաձայնությունից հետո, կտրամադրվի Մարմաշեն խճուղու աջ և ձախ կողմերից 335 հեկտար հողատարածք՝ կենտրոն հիմնելու համար:

Նախ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կարևորեց իսրայելական ընկերության մուտքը Շիրակի մարզ, մասնավորապես, Գյումրի. «Հաջողության դեպքում մենք կկարողանանք էապես փոխել թե՛ Շիրակի մարզի, թե՛ Գյումրի քաղաքի, թե՛ ամբողջ Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը՝ դնելով ամուր հիմքի վրա, նոր ու որակյալ աշխատատեղերի ստեղծմամբ՝ կզարգացնենք ՀՀ-ի տնտեսական կապերն արտաքին աշխարհի հետ»:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում նշեց. «Մենք աշխատել ենք, ահագին երկար ճանապարհ ենք անցել՝ անցած տարվա հոկտեմբերին հանդիպելուց հետո… Ինձ համար կարծես հեքիաթ է՝ միանգամից այդքան աշխատատեղեր ու մի մեծ հողատարածքի պահանջ, որը տրամադրելու ենք ընկերությանը, ինձ համար նաև հետաքրքիր է: Փոխըմբռնման համաձայնագիր ենք ստորագրելու: Կարծում եմ՝ լուրջ կետեր են ներառվել փաստաթղթում, համապատասխան ընկերությունների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու, ներկայացնելու ենք կառավարությանը, որպեսզի կարողանանք առաջ գնալ: Հայտնի ընկերությունների մուտքը Գյումրի շատ եմ կարևորում, իսկ Գյումրին էլ ասես խաչմերուկ լինի Եվրոպա-Հայաստան-Ռուսաստան հատվածի համար»:

Բազմաթիվ հարցեր էին առաջացել լրագրողների մոտ: Նախ՝ ի՞նչ է իրենից ներկայացնելու կենտրոնը: Քաղաքապետը ներկայացրեց. «Հոկտեմբերին ինձ մոտ եկան Իսրայելի առևտրի պալատից: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որպեսզի մենք հողատարաքներ տրամադրենք, որպեսզի իրենք «Լոջիստիկ կենտրոն» կառուցեն, որտեղ իրենց մասնակցությունն են ունենալու համաշխարհային ճանաչում ունեցող բրենդները: Նրանք սկզբում ուզում էին 370հա հողատարածք, նախօրոք ուսումնասիրել էին Մարմաշենի աջ և ձախ կողմերը և զարմանալի էր, որ իրենք արդեն կողմնորոշված էին, թե որ հատվածն են ուզում վերցնել: Ինձ համար ինչ-որ տեղ անհավատալի էր, որ 5.000-10.000 աշխատատեղի մասին էր խոսվում: Այսինքն՝ ընկերություններ են գալու, բնականաբար, իրենց աշխատողներ են հարկավոր, իսկ աշխատողներ, իհարկե, կլինեն Գյումրիից: Կադաստրից հանելով համապատասխան տարածքները, ի վերջո ստացանք 4 կտորից կազմված 335 հեկտար հողատարածք՝ Մարմաշենի խճուղու աջ և ձախ կողմերում: Իսկ դուք գիտեք, որ այս տարածքներում հիմնականում շինարարական աղբ է կուտակված, քանդված շենքեր, որոնք չեն օգտագործվում: Դե, պարզ է, որ կառավարությունը տեղյակ է, և մենք այս հուշագիրը ստորագրելու ենք: Այստեղ և կառավարությունը, և մենք՝ մեր կողմից պարտավորություններ ունենք, այսինքն, օդանավակայանից մինչև Մարմաշենի այս հատվածն ապահովվենք բարվոք ճանապարհով՝ 14 կմ ճանապարհ ենք կառուցելու, Երևանյան խճուղուց շրջանցիկ ճանապարհ է լինելու, որը միանգամից հասնելու է «Մուշ», «Բուլվարային» թաղամասեր»:

Ժամկետների մասին քաղաքապետը նշեց, որ նախ Կառավարության համաձայնությունն է պետք, ապա 3 ամիս հետո, հնարավոր է սկիզբ դրվի: Այսինքն հերթով, յուրաքանչյուրն իր պարտավորությունն է կատարելու: Պարտավորության մեջ է մտնում նաև ազատ տնտեսական գոտու հայտարարումը, քանի որ այս ընկերությունը միանգամից մեծ գործ է ներդնելու:

Հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ գործունեություն է ծավալվելու, ի՞նչ են արտադրելու կամ ստեղծելու, պատասխանեց. «Այն, ինչ հնարավոր է օդանավակայանով փոխադրել. դեղերի փաթեթավորում, ապրանքներ, որոնք այստեղ կփաթեթավորվեն ու օդանավով կտեղափոխվեն այլ երկրներ»:

«Իսկ ինչո՞ւ Գյումրին ընտրվեց»,- հարցին, Ցվի Կան-Տորը պատասխանեց. «Այս տարածաշրջանն ընտրվել է այն բանի համար, որ ծառայելու է Եվրասիական միության տնտեսական շուկային, ոչ միայն Հայաստանին, շուկան լինելու է հենց Եվրասիական տարածաշրջանը: Հենց դրա համար էլ այս տարածաշրջանի որպես տարանցիկ հատված Գյումրին է ընտրվել, մանավանադ, որ նաև ունի օդանավակայան, Հայաստանն էլ ԵՏՄ անդամ է»:

Ինչ վերաբերում է համապատասխան մասնագետների հարցին, պարոն Կան-Տորը մեկնաբանեց. «Առկա աշխատուժը բավարար է ծրագիրը սկսելու համար: Նաև վերապատրաստման կուրսեր են նախատեսված. կգան արտասահմանյան մասնագետներ, որոնք և աշխատելու են ազատ առևտրի գոտում և իրականացնելու են աշխատուժի վերապատրաստում»:

Ինչ ասել է՝ Լոգիստիկ կենտրոն, բացատրությունը հետևյալն էր. «Ծրագրի նպատակն է՝ ստեղծել ազատ տնտեսական գոտի այն խոշոր ցանցային ընկերությունների համար, հիմնականում լոգիստիկ գործունեություն իրականացնող, որոնք զբաղվում են էլեկտրոնային առևտրով, ինչպես, օրինակ՝ «amazon», «ebay» կամ զբաղվում են օդային փոխադրումներով, նաև ընկերություններ, որոնք  իրականացնում են դեղերի փաթեթավորում, կենցաղային կամ էլեկտրոնային սարքավորումների հավաքում: Իսկ այս ընկերություններն ունեն ֆիլիալներ կամ կենտրոններ աշխարհի տարբեր երկրներում, և իրենց կենտրոնների միջոցով սպասարկում են իրականացնում տվյալ տարածաշրջանում: Գյումրին Հայաստանում որպես Եվրասիական շուկան սպասարկելու կենտրոն է հանդես գալու:

Իսկ թե որքան գումար են նախատեսել ծախսել, Կան-Տորը ոչ հստակ պատասխան տվեց. «Վերջնական ներդրումային գումարների մասին պարզ կլինի, երբ խոսենք մյուս ընկերությունների հետ, սակայն այնքանով պարզ է, որ կլինի մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող»

print
726