Գյումրիում դեղապատ ստենտավորումը կիրականացվի 850 հազար դրամով ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում դեղապատ ստենտավորումը կիրականացվի 850 հազար դրամով

Լավ նորություն Գյումրու բժշկական կենտրոնից. այսուհետ սրտի դեղապատ ստենտավորումը կիրականացվի 850 հազար ՀՀ դրամով՝ նախկին 1մլն 100 հազար դրամի փոխարեն: Այսինքն՝  բժշկական ծառայության արժեքը նվազում է 250 հազար դրամով: Այս փոփոխությունը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից:

Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի վստահեցմամբ, էժանացումը բնավ չի ազդի որակի վրա, չի տուժելու բժշկի աշխատավարձը, այլ կատարվում է զուտ մատակարարների հետ ձեռք բերված պայմանավորվածության և կենտրոնի եկամուտների հաշվին: «Ի դեպ, ասեմ, որ այս ծառայության արժեքը բացառիկ է ամբողջ հանրապետության տարածքում: Գիտեք, որ երևանյան կլինիկաները 1մլն 100 հազար դրամից իջեցրել են մեկ միլիոն դրամ։ Շիրակի մարզը սահմանամերձ է Վրաստանին, ունենք բազում օրինակներ, երբ մեր հանրապետությունից գնում են հարևան հանրապետություն՝ ստենտավորման, որտեղ գինը 750-800 հազար դրամ է։ Մենք ընտրեցինք այս գինը, ինչը մեզ թույլ կտա ունենալ շատ մինիմալ եկամուտ, բայց նաև կունենանք հնարավորություն՝ քանակ ապահովելու, քանակի հաշվին էլ ունենալ ոչ թե եկամուտների կորուստ, այլ ավելացում: Նորից եմ կրկնում, որակը չի զիջի, ինչպես նախկինում օգտագործել ենք, մենք օգտագործելու ենք ո՛չ հնդկական, ո՛չ չինական, այլ բարձր որակի եվրոպական և ամերիկյան ստենտներ, որոնք լավագույնն են համարվում աշխարհում: Գիտենք, որ մեր մարզի սոցիալական վիճակը ծանր է, սա կնպաստի, որ մեր բնակչությունը ժամանակ ու ավելորդ ֆինանս չծախսի՝ Վրաստան հասնելու համար, նաև կնպաստի, որ մեր ծառայությունից օգտվեն նաև ՀՀ այլ մարզերից»,- պարզաբանեց Ա.Իսահակյանը:

Հիշեցնենք, որ նախկինում կառավարության «Կյանքի ստենտ» ծրագրով իրականացվում էր ոչ դեղորայքային ստենտավորում, սակայն, ըստ բժշկի, Առողջապահության նախարարությունում հուշագիր են ստորագրել մատակարարների հետ, որ «Կյանքի ստենտ» ծրագիրը շարունակելու են իրականացնել դեղապատ ստենտներով: Չնայած, եթե բժշկի ցուցումով ոչ դեղապատ ստենտ պետք է արվի, ուրեմն այդպես կլինի:

Բացի այս, Արմեն Իսահակյանը բացատրեց, որ վիրահատությունից հետո, հետագա հետազոտությունները կազմակերպելը բնակչի համար արդեն հեշտ կլինի, նշեց նաև՝ եթե հանրապետության այլ վայրերից Գյումրի գան վիրահատվելու, Գյումրի բժշկական կենտրոնը պատրաստ է հիվանդին ու խնամողին տրամադրել առանց վարձավճարի, առանձին պայմաններով հիվանդասենյակ, որպեսզի ապահով մնան Գյումրիում։

Ստենտավորման հին պարտքեր ունեցողներին սա չի վերաբերում, քանի որ նախկին գնով արդեն հարկային ու աշխատավարձային պարտավորություններն իրականացվել են, իսկ նոր գնի պարագայում էլ այլևս զեղչի մասին խոսք լինել չի կարող: Զեղչ կլինի, եթե երկու ստենտ է արվելու: «Եթե Վրաստան գնացողների թիվը կրճատվի և մնան մեզ մոտ՝ ստենտավորվեն, մենք եկամուտ չենք կորցնի: Եվ ես հավաստիացնում եմ, որ մոտակա ժամանակահատվածում Հայաստանում գները կմոտենան Վրաստանի գներին, եթե հնարավոր լինի, նույնիսկ կիջնի, որպեսզի արդեն Վրաստանից մեզ մոտ գան ստենտավորման համար: Դուք պատկերացրեք, թեկուզ ամսեկան Գյումրիից 10 հոգի գնա Վրաստան, 10 միլիոնը գնում է Վրաստանի բյուջե։ 10 միլիոնի հետ նաև կողմնակի ծախսեր են առաջ գալիս, որոնք ծախսվելու են հարևան հանրապետությունում. մեր համար սա ընդունելի չէ։ Լավ կլինի, որ այդ նույն բնակիչը իր ծախսերն անի մեր խանութներում, մեր դեղատներում»,- ասում է Ա.Իսահակյանը:

print
445