Գյումրու աղբը նոր «տեր» կունենա ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրու աղբը նոր «տեր» կունենա

Մայիսի 5-ին տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը: Առկա էր օրակարգային 16 հարց, որոնց «Բալասանյան խմբակցության» ավագանիները սովորության համաձայն «կողմ» քվեարկեցին:

Ավագանին հաստատեց 3 միլիոն 700 հազար դրամի շրջանակներում գրենական պարագաներ ձեռք բերելու մասին որոշումը: Նախատեսվում է այդ պարագաները բաժանել նախադպրոցական այն երեխաներին, ովքեր ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներում: Երեխաների ընդհանուր թիվը հասնում է մեկ հազարի:

Քաղաքապետարանը համայնքային բյուջեից՝ որպես սոցիալական աջակցություն, 1 միլիոն 400 հազար դրամ կհատկացնի 139 ընտանիքի:

Ավագանին հաստատեց մի որոշում, ըստ որի, Գյումրին կունենա «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ: Այս կառույցի նպատակն է՝ իրականացնել Գյումրու վարչական տարածքի աղբահանում, սանիտարական մաքրում, բարեկարգում, կանաչապատում, փողոցների գծանշում, շահագործում: Համայնքային բյուջեից սնվող այս հիմնարկը ունենալու է 339 աշխատակից, իսկ աշխատավարձի բյուջեն կազմելու է մոտ 348 միլիոն դրամ: Նորաստեղծ հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Մկրտիչ Թորոսյանը:

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանի փոխանցմամբ՝ այս հիմնարկը ստեղծվում է ՀՀ կառավարության հանձնարարականով:
Մոտ 6,5 միլիոն դրամ կհատկացվի համայնքային 22 ոչ առևտրային կազմակերպության, որպեսզի վերջիններս համալրվեն շենքի և գույքի պահպանության համար նախատեսված անվտանգության ազդանշանային համակարգերով:

16 օրակարգային հարցերը սպառելուց հետո, Սամվել Բալասանյանը զեկուցեց, որ ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թվականի հունիսի 5-ին, որը կլինի այս նստաշրջանի վերջին նիստը: Հուլիս և օգոստոս ամիսները կլինեն արձակուրդային: Վերջում քաղաքապետն իր խմբակցության ավագանիներին հորդորեց պասիվ չլինել և մասնակցել Գյումրիում տեղի ունեցող համայնքային միջոցառումներին:

ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

print

753