ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրու բյուջեից փողը գնաց Սեւան

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, Գյումրու քաղաքապետարանը, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, տորթեր և շամպայն բաժանեց Գյումրիում գործող կառույցներին՝ հանրակրթական դպրոցներ, մշակութային օջախներ, բուհեր, բուժհաստատություններ և այլն՝ այդ կերպ շնորհավորելով կառույցների կին աշխատակիցներին:

Տորթերի և շամպայնների ձեռքբերումն ավագանու որոշմամբ էր: Տորթերի ձեռքբերման համար նախապես հայտարարված մրցույթին մասնակցել է 3 կազմակերպություն՝ «Շուշան Տեխնիկս» ՍՊԸ, «Մարիա Քեյք Ֆեքթորի» ՍՊԸ և Ա/Ձ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի»: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Մարիա Քեյք Ֆեքթորի» ՍՊԸ-ն (Սևան): Գյումրու քաղաքապետարանը ձեռք է բերել 3 չափի տորթեր՝ մեծ, միջին և փոքր, ընդհանուր 252 հատ (2300 կգ)՝ 1մլն 800 հազար դրամի:

Շամպայնի ձեռք բերման համար հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ կազմակերպություն` ԱՁ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի» և ճանաչվել հաղթող:

Ձեռք է բերվել 218 շիշ շամպայն (164 լիտր)՝ 300 հազար դրամի:

Նախորդ տարի, մարտի 8-ի կապակցությամբ, Գյումրու քաղաքապետարանը 3 մլն դրամ էր հատկացրել, որից 2 մլն 100 հազար դրամի չափով քաղցրավենիք (տորթեր) էր գնվել «Անուշարան» հրուշակեղենի գործարանից, 400 հազար դրամի շամպայն, 300 հազար դրամի բացիկներ և 200 հազարի՝ ծաղիկներ:

Դեռևս նախորդ տարվա փետրվարի 19-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ խոսակցություն եղավ, թե ինչու 3մլն է ծախսվում Կանանց միջազգային տոնի համար, և ինչու հենց «Անուշարան»-ից է ձեռք բերվում քաղցրավենիքը: ԶԼՄ-ներն էլ մշտապես անդրադառնում էին այս թեմային: Ինչին ի պատասխան, նախ քաղաքապետը հայտարարեց, որ հաջորդ անգամ «Անուշարանն» ընդհանրապես չի մասնակցի մրցույթին, իսկ քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն էլ նեղսրտել էր, որ կանանց տոնի կապակցությամբ հաճելի անակնկալ է՝ պետական կառույցների կին աշխատակիցների համար: Փաստորեն, 2019-ին Մարտի 8-ի միջոցառման համար մրցույթ է անցկացվել, որին, Սամվել Բալասանյանի խոստմանը համաձայն, չի մասնակցել «Անուշարանը»: Բայց, այնուամենայնիվ, հարց առաջացավ. բանն այն է, որ նախորդ տարիներին այս միջոցառման համար ձեռք բերված տորթերը Գյումրիում գործող արտադրամասից էր, ասել կուզի, ֆինանսական շրջանառությունը մնում էր մեր քաղաքում: Իսկ  այս տարի հայտարարված մրցույթին չէր մասնակցել մարզային և ոչ մի արտադրող: Բացի այդ, բազմաթիվ կանանց կարծիքով, ովքեր օգտվել էին թե նախկին տարիների, թե այս տարվա տորթերից, «Անուշարանի» տորթերն անհամեմատ համեղ էին:

print
222