Գյումրու պատմական միջուկը պետական աջակցության կարիք ունի ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գյումրու պատմական միջուկը պետական աջակցության կարիք ունի

Հարցազրույց Գյումրու գլխավոր ճարտարապետ ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Գասպարյան, ահազանգեր են հնչում, որ Կումայրի պատմաճարտարապետական միջուկում գտնվող շենքշինությունները փլուզման եզրին են: Համայնքապետարանն ի՞նչ է մտածում, ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում:

— Քաղաքաշինական ամենակարևոր ծրագրերից մեկը հենց պատմա-ճարտարապետական կենտրոնի պահպանումն ու վերականգնումն է և սերունդներին փոխանցելը: Մենք մշտապես ինչ-որ ծրագրերի ուղղությամբ մտածում ենք, մի քանիսին մասնակցել ենք. օրինակ՝ Եվրամիության ծրագիրը, որը մոտ 2 տարի առաջ էր, կոնցեպտուալ մոտեցումները մշակեցինք, սակայն ֆինանսական դոնորներ չհայտնվեցին: Ինչպես գիտեք, նախանցած տարի սկիզբ առավ պատմական միջուկի փողոցաշինական ծրագրերը…

Նկատի ունեք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությո՞ւնը. «Կումայրի» արգելոցթանգարանի տարածքը տուրիստական գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, իսկ առաջին ներդրողն էլ հենց Կարեն Կարապետյանն էր:

— Այո, հիմնվեց «Կումայրի վերածնունդ» հիմնադրամը: Իմ կարծիքով, դա հիանալի նախաձեռնություն էր: Սակայն ներկա դրությամբ հիմնադրամի գործունեությունը, պարզ ու հասկանալի պատճառներով, դադարել է…

Այսինքն, քանի որ Հայաստանում իշխանափոխություն եղավ, դա՞ նկատի ունեք: Մինչդեռ Կարեն Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե կարևոր չէ, որ ինքն այլևս վարչապետ չէ, ինքը Գյումրին այնքան է սիրում, որ կշարունակի:

— Այո, ասել է նման բան, բայց այս պահին այս հիմնադրամը սառեցված վիճակում է: Ամեն դեպքում, մենք չենք հանձնվել, նորից դիմել ենք կառավարությանը: Վերջերս քաղաքապետ Սամվել Բալասանյանը դիմեց նաև հանրապետության նախագահին, որպեսզի մեր քաղաքը ներառվի ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմամշակութային քաղաքների ցանկում: Մենք արձագանքներ ստացել ենք մշակույթի նախարարության, տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից, որ պատրաստ են օժանդակելու, աջակցելու, որ գործընթացն ավարտին հասցվի: Ինչպես գիտեք, պատմական միջուկի միջանկյալ փողոցների փողոցաշինությունը շարունակվում է, մի քանի օրից, եղանակների կարգավորման հետ, այդ աշխատանքները մեծ թափով կշարունակվեն: Ճիշտ հասկացեք, ահռելի գումար է պահանջվում, և մենք կանգնած ենք ֆինանսական միջոցների բացակայության առջև: Պատմական միջուկի գոտիավորման աշխատանքներն ավարտված են, ուղարկված են կառավարության հաստատմանը: Մենք ջաքեր չենք խնայում՝ պահպանելու պատմական հուշարձանները, ամենօրյա հսկողություն է սահմանված, որովհետև, գիտենք, որ մեծ մասին փլուզման վտանգ է սպառնում:

Դեռևս տարիներ առաջ պատմական միջուկի կառույցների մասին արդեն իսկ մտահոգություններ էին հնչում, բայց, քանի որ դրանք մեծամասամբ մասնավոր սեփականություն են հանդիսանում, չէր թույլատրվում որևէ շինարարական աշխատանքներ իրականացնել: Ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը:

— Տեսեք, մենք որ իրականացնում էինք «Կումայրիի վերածնունդ» ծրագիրը, դրանում ներառված էին հենց բնակիչները, սեփականատերերը:

Նկատի ունեք, որ համամասնորեն մասնակցությո՞ւն պիտի ունենային:

— Այո, համամասնությամբ պիտի աշխատեինք, և շատերը տվել էին իրենց համաձայնությունը, որոշ մասն էլ մինչ օրս մտածում է… Մարդիկ իրենց պապերից ժառանգություն են ստացել, բայց, քանի որ չէին կարողանում պահպանել, դրա համար մենք համագործակցություն էինք առաջարկել: Բացի այդ, նրանք կարող էին այդ շենքերի շահագործումից անգամ եկամուտներ ստանալ: Այսինքն, եթե շենքը փոխանցում էին հիմնադրամին, ֆոնդն այն վերցնում էր, վերականգնում, ապա որևէ նպատակով օգտագործում:

Այդ դեպքում սեփականության իրավունքը պահպանվելո՞ւ էր:

— Եթե օտարում էին, բնականաբար, ոչ, բայց եթե համագործակցում էին այն մասով, որ շենքը վերականգնումից հետո ինչ-որ նպատակի էր ծառայելու, ապա բնակիչը կունենար իր շահեկան բաժնեմասը, տանը նստած իր դիվիդենտները կստանար:

Հիշում եմ, մի անգամ քաղաքապետն ասաց, որ ինչոր իտալացի ճարտարապետների հետ կա պայմանավորվածություն, որ վերջիններս հետաքրքրված են Գյումրու պատմական միջուկով, որ կուզենային գալ, ռեստավրացիաներ անել:

— Մեր քաղաքը մշտապես եղել է բոլորի ուշադրության կենտրոնում՝ իտալացիների, ռուսների, ֆրանսիացիների… Մեր պատմական ժառանգության նկատմամբ միշտ էլ շատ դրական ու հետաքրքրական վերաբերմունք է եղել:

Ասում են՝ շատ լավն էլ լավ չէՀիմա դրան եկանք. բոլորը հետաքրքրված են, բոլորն ինչոր բան ուզում են, բայց արի ու տես, որ սայլը տեղից չի շարժվում, պատմական կորիզի շենքերը վտանգված են:

— Հա, բայց ամեն անգամ եկել ու դեմ ենք առել ֆինանսների բացակայության խնդրին:

Շիրակի մարզից ընտրված պատգամավորների հետ այս հարցով բանակցություններ եղե՞լ են, որպեսզի խորհրդարանում բարձրաձայնեն այս խնդիրը:

— Այնքան որոշումները չեն, որքան պետական հոգածություն է օր առաջ պետք, մեզ պետության կողմից աջակցություն է պետք: Թեկուզ մասնավորին էժան, ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու ուղղությամբ որոշումներ կայացվեն, օգնության ձեռք մեկնեն: Մի ժամանակ կար նման պրակտիկա, երբ պետությունն օժանդակում էր մարդկանց՝ թեկուզ ֆասադների վերականգնման համար: Ինչ խոսք, հասկանալի է, որ ցանկացած մարդ էլ կուզենար ցածր տոկոսադրույքներով վարկեր՝ իր տունը վերականգնելու համար, բայց այստեղ պատմական արժեք ներկայացնող շինությունների մասին է խոսքը: Եվ բնակիչը բնավ մեղավոր չէ, որ ինքն այդ շինության ժառանգակիրն է, սակայն ֆինանսական հնարավորությունները չեն ներում, որպեսզի ինքնուրույն կարողանա այն պահպանել:

Ինչ խոսք, չեմ կարող Ձեզ հետ համամիտ չլինել, որ պետական աջակցություն է հարկավոր, և սա այն դեպքում, երբ ամեն անգամ շեշտվում է զբոսաշրջության զարգացմանը զարկ տալը, եկամուտներ ակնկալելը: Հիմա, ասենք, լրատվամիջոցները, քաղակտիվիստները հարցը բարձրաձայնեցին, կարծում եք դա բավարա՞ր է: Ի՞նչ է, քաղաքով ոտքի կանգնենք, փողո՞ց փակենք

— Չեմ կարծում, որ դրանով հարցը կլուծվի, որ փողոց փակելը դա լավագույն լուծումն է, այո, սա ակտուալ թեմա է, ԶԼՄ-ին զուգահեռ նաև հասարակական կազմակերպություններն ու սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերն են այս մասին խոսում: Կայքերից մեկում մի նյութ աչքովս ընկավ, որ Երևանի հետ համեմատություն էին տարել, ու մեր մասին դրական էին արտահայտվել այն առումով, որ մենք մինչև հիմա պահպանել ու փորձեր անում ենք հետագայում էլ պահպանելու: Որքան գցում-բռնում եմ, իմ կարծիքով, այս խնդրի լուծումը պետական աջակցության մեջ եմ տեսնում: Տեսեք, երբ որ Կարեն Կարապետյանն այս գործին խառնվեց, շատ արագ ոչ թե սայլը տեղից շարժվեց, այլ շոգեքարշն արագընթաց առաջ գնաց…

Մեկ այլ հարցի անդրադառնանք. ավագանու վերջին նիստի օրակարգում էր «Կումայրի պատմամշակութային արգելոցթանգարանի» հարցը, որի ֆոնդային մաս կազմող շուրջ 6000 ցուցանմուշ պատրաստվում եք վերադարձնել ու քաղաքապետարանի առաջին հարկը որպես թանգարան ծառայեցնել: Մինչ այդ որտե՞ղ էին գտնվում դրանք:

— Դրանք գտնվել են մի քանի նկուղներում, և արգելոց-թանգարանի հոգածության ներքո էր:

Անկեղծ ասած, ինձ համար սա հայտնագործություն էր, կարծում էի, թե ցուցանմուշները պահպանվում են Շիրակի երկրագիտական թանգարանում կամ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում:

— Այո, սա շատերի համար հայտնագործություն էր, բայց փաստն այն է, որ 6000 ցուցանմուշով ֆոնդ կազմող թանգարան ունենք: Երբ վերջերս սկսեցինք աշխատանքներ տանել, տեսանք, որ այս ֆոնդը շատ անմխիթար վիճակում է. պատկերացրեք, ցուցանմուշների մեջ կան գորգեր, կարպետներ, որոնք խունացումից վնասվել են: Մեր մասնագետներն արդեն իսկ մշակում են, վերականգնման աշխատանքներ են տանում և կարծում եմ, սա լավագույն լուծումն էր, որ քաղաքապետարանի նկուղային հարկը վերածենք «Գյումրի քաղաքի պատմության թանգարանի», նաև կենտրոնական գրադարանն ենք տեղափոխելու, և պատկերասրահ ունենալով, կարող ենք ցուցադրություններ կազմակերպել: Բավական աշխուժություն կապահովի: Սա սուբվենցիոն ծրագիր է, որ պետության հետ համամասնության սկզբունքով, կուզենանք առաջ տանել՝ (ծրագրի արժեքը 100 մլն ՀՀ դրամ է կազմում, որից 60 միլիոնը համաֆինանսավորման տեսքով ներդնելու է համայնքը,- հեղ.):

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
331