«Գործ տվող» հասկացությունը պետք է հանենք մեր մեջից ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Գործ տվող» հասկացությունը պետք է հանենք մեր մեջից

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2018 թվականի ընթացքում մարզում արձանագրված հանցավորության վիճակը, դատախազության կողմից կատարված աշխատանքները:

Գողություն

Կարեն Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց, որ բնակարանային գողությունների թիվն աճել է, իսկ բացահայտման թիվը՝ նվազել. «Եթե մենք 2017թ-ին ունեինք 71 բնակարանային գողություն, ապա 2018-ին արձանագրվել է 91, ընդ որում բացահայտման ցուցանիշը կազմում է 22 տոկոս: Այս հանգամանքն ինձ շատ է մտահոգում… Հիմնականում թիրախ են հանդիսանում նրանք, ովքեր ունեն ոսկեղեն, գումար: Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեպքի վայրերի իրերի զննությունը, իրեղեն ապացույց հանդիսացող առարկաները հափշտակվել են հենց կոնկրետ տեղից։ Այսինքն, հանցագործներն իրազեկված են եղել գողոնի կոնկրետ տեղակայման մասին: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնականում գողություններ են տեղի ունեցել այն բնակարաններում, որտեղ անձինք ժամանակավորապես կամ մշտապես բնակություն չեն հաստատում: Անգամ, երբ բնակարանատերերն եղել են հարսանիքում…»: Ըստ դատախազի, բնակարանային գողություններ հիմնականում արձանագրվել են Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքներում։ Ըստ դատախազության քարտեզագրման, Գյումրիում ռիսկային են հանդիսանում «Անի» և «Մուշ» թաղամասերը: Դատախազի կարծիքով, գողությունների ձեռագիրը գրեթե նույնն է. հիմնականում մուտք են գործում բնակարանների մուտքերի դռան փականները կամ պատուհանների փեղկերը կոտրելու եղանակով, և ենթադրում է, որ գործում են 2-3 հանցավոր խմբեր:

Կոռուպցիա

Շիրակի մարզում կոռուպցիոն հանցագործությունների գրանցման և բացահայտման աճ է գրանցվել։ Ըստ դատախազի, 2017-ին հարուցվել էր 43 քր.գործ, իսկ 2018-ին՝ 138 քր.գործ (աճ շուրջ 650 տոկոսով): Դատի են տրվել 9 անձ: Պատրաստվում են ևս մի քանիսին դատի տալ: Կոնկրետ հարուցված քրեական գործերով վնասի չափը կազմել է 48 միլիոն 600 հազար դրամ, որից վերականգնվել է 46 միլիոն 700 հազարը:

Հարցին, թե Շիրակի մարզի դատախազի միջնորդությամբ եղե՞լ են պաշտոնանկություններ, դատախազը նշեց, որ իր միջնորդությամբ աշխատանքից ազատվել է թիվ 40 դպրոցի տնօրենը, որին մեղադրանք առաջադրվեց և խափանման միջոց ընտրվեց կալանքը, չնայած հետո խափանման միջոցը փոխարինվեց: Դրանից հետո միջնորդություններ են ներկայացվել կոնկրետ դպրոցների տնօրենների կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, և մարզպետի որոշումներով նշված անձինք տարբեր բնույթի կարգապահական պատասխանատվությունների են ենթարկվել: «Վերջերս միջնորդագիր է հասցեագրվել Շիրակի մարզպետին՝ քննարկելու Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանի հետագա պաշտոնավարման հարցը: Նախաքննության ընթացքում փաստվել է, որ տվյալ տնօրենի կողմից կատարվել է 2 դրվագ դիտավորյալ հանցավոր արարքներ՝ պաշտոնական դիրքի չարաշահում ու պաշտոնական կեղծիք։ Նշված հանցագործությունները տվյալ անձը կատարել է տևական ժամանակ: Այդ հանցագործության մեջ ներգրավել է շուրջ 25 աշխատողների։ Քրեական գործի քննության ընթացքում տվյալ սուբյեկտը վերականգնեց պետությանը հասցված վնասը, տվեց խոստովանական ցուցմունք, ընդունեց իր մեղքը: Նույն բովանդակությամբ ցուցմունքներ տվեցին նաև դասատուները և փոխտնօրենը։ Այս պարագայում ես նպատակահարմար համարեցի քրեական գործի վարույթը կարճել ոչ արդարացնող հիմքով։ Այսինքն, մենք փաստեցինք, որ տվյալ դպրոցի տնօրենը կատարել է հանցանք, բայց ես նպատակահարմար չգտա դատել՝ այն պատճառաբանությամբ, որ այս փուլում և՛ իրեն, և՛ 25 ուսուցչի դատելն աննպատակահարմար էր. ո՞նց եք պատկերացնում՝ մի դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք»:

Շիրակի պետական համալսարանում, Շիրակի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, Երևանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում ևս գործեր կան հարուցված:

«ՇՊՀ-ում ունենք հարուցված քր.գործեր, որոնք քննիչի կողմից միացվել են մեկ վարույթում: Նաև ունենք մեղադրյալ՝ ներգրավված անձ, բայց քանի որ քր.գործը գտնվում է ապացույցների հավաքման փուլում ու չնայած ձգձգվում է, սակայն հիմնական պատճառը կապված է մասնագիտական ստուգման և փորձաքննության եզրակացության արդյունքներից: ՇՏՀ-ում ևս ունենք հարուցված քր.գործ՝ կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության, տալու ապացույցներով: Այս պահին դարձյալ կատարվում է նախաքննություն: Կարծում եմ, մոտակա օրերին նույնպես բավարար ապացույցներ կունենանք որոշակի անձանց մեղադրանք առաջադրելու համար: Կոնսերվատորիայում տեղի ունեցած չարաշահումների, կաշառք ստանալու, տալու, միջնորդության, յուրացման հատկանիշներով՝ ևս համապատասխան գործողություններ են կատարվում և մեղադրանք շուտով կառաջադրվի: Նույնն էլ թիվ 37 դպրոցի գործին է վերաբերում: Գիշերուզօր աշխատելու ենք կոռուպցիոն գործողությունները բացառելու համար»:

Թե ինչու են շատացել կոռուպցիոն հատկանիշներով քր.գործերն ու բացահայտումները, դատախազը բացատրեց. «Քաղաքացիների բողոքների հիման վրա, ապացույցներ ունենալու շնորհիվ է և, եթե բողոքներին չհետևենք, ապա կկորցնենք վստահությունը դատախազության հանդեպ, և այլևս ոչ մեկը հաղորդում չի տա հանցագործության մասին: Բացի այս, վերջապես պետք է մարդկանց մեջից հանել «գործ տվող» հասկացությունը. այսինքն, հանցագործություն տեսնելով, չհայտնես, որովհետև կարող են քեզ պիտակավորել «գործ տվո՞ղ»… Ես գտնում եմ, որ ցանկացած օրինապահ քաղաքացի պետք է հայտնի հանցագործության մասին»:

Կեղծիք

Լրագրողները հետաքրքրվեցին, թե «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի՝ հանցագործության մասին հայտարարությունները որ չափով են նկատի առնվել: «Մեր կողմից նախապատրաստվել են նյութեր ինձ ներկայացված դիմումի հիման վրա: Մենք պարզել ենք, որ 2011-13թթ. կազմվել են ակտեր, որոնցում արտացոլվել են այն տվյալները, թե կոնկրետ հասցեներում ապամոնտաժվել են տնակները: Բայց քննությամբ մենք հիմնավորել ենք հակառակը, ապացուցվել է կեղծ փաստաթուղթ կազմելու և պաշտոնական դիրքը չարաշահելը՝ մոտ 8-9 տնակի: Մյուս դեպքով, որ մեկ ընտանիքի տրվել է մի քանի բնակարան, դեռ նման ապացույցներ չեն հիմնավորվել»:

Մարմնավաճառություն

«2017 թվականին պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար դատի էինք տվել երեք անձի, 2018 թվականին՝ երկու անձի։ Այս ցուցանիշը նույնպես մտահոգիչ է. մենք լավ գիտենք նշված հանցագործության տարածվածությունը մարզում: Ես գրություն եմ գրել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին ու նշված գրությանը կից ուղարկել եմ մարզի տարածքում գործող հյուրանոցային համալիրների հասցեները, որպեսզի արդյունավետ աշխատանք տանեն՝ նշված դեպքերը բացահայտելու համար։ Խնդիրը գիտեք որն է, հիմնականում դատի են տրվել այն անձինք, որոնք հավաքարար, մենեջեր, մատուցողուհի են եղել, բայց այս դեպքում քրեական պատասխանատվությունից խուսափել են հյուրանոցների սեփականատերերը և տնօրենները։ Գաղտնիք չէ, որ նրանք ևս ներգրավվածություն ունեն, կոնկրետ նյութական շահ հետապնդել են նրանք։ Իմ կողմից համապատասխան հանձնարարությամբ խնդիր է դրվել բացահայտել նրանց կողմից կատարված արարքները։ Մեր առաջնային խնդիրը պետք է լինի այս հանցագործության դեմ պայքարը։ Խնդիր եմ դրել նշված անձանց հանցավոր գործողությունները բացահայտելը, քանի որ, էլի եմ կրկնում՝ հիմնական նյութական շահ հետապնդողներն եղել են տնօրենները»։ Հարցին, թե միջնորդություն ներկայացրե՞լ են նման հյուրատները փակելու, որոնք որպես հասարակաց տներ են ծառայում, դատախազը տեղեկացրեց, որ երկու հյուրատուն արդեն փակել են։

Թմրամոլություն

Եվ 2017, և 2018 թվականներին Շիրակի մարզում թմրամոլության բարձր ցուցանիշ է գրանցվել։ Դատախազն այս առումով ևս մտահոգություն հայտնեց, թեև նշեց, որ օպերատիվ մարմինների կողմից դրական աշխատանք տարվել է՝ նշված անձանց հայտնաբերելու ու ներկայացնելու վարույթն իրականացնող մարմիններին։ Ըստ դատախազի, Գյումրիում ամենատարածվածը մարիխուանան է։ Կարեն Գաբրիելյանը թմրամիջոցների իրացման մի օրինակ բերեց. հանցագործությունը կատարել էր գյումրեցի մի կին, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Գործի նյութերով հիմնավորվել է, որ նշված անձին արտերկրից ուղարկել են թմրամիջոցներ՝ դեղահաբերի տեսքով, որոնք իրացրել է Գյումրիում։ Նշված անձին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և այդ քրեական գործը մոտակա օրերին կուղարկվի դատարան։

print
318